Փորձություններն ու տառապանքը մարդու ճանապարհի անբաժանելի մասն են, և հենց դրանց միջոցով է բացվում ներքին աճի հնարավորությունը։ Երբ մարդը ցավին արձագանքում է վիրավորվածությամբ կամ փորձում է փախչել իրականությունից՝ զվարճանքների, մոլեգին զբաղվածության, սնահավատության, հորոսկոպների կամ «արագ փրկության» խոստումների մեջ, նա ժամանակավորապես թեթևանում է, բայց ավելի է կորցնում իր հոգևոր տոկունությունը։ Տեքստը կոչ է անում չվախենալ կյանքի մութ գծերից, այլ հասկանալ դրանց իմաստը՝ որպես բնավորություն կոփող ուժ, որը սովորեցնում է կանգնել փորձությունների առջև՝ արժանապատվությամբ, խիզախությամբ և գիտակցաբար։ Եվ հենց այստեղ է ծագում կարևոր հարցը․ արդյո՞ք տառապանքը պարզապես դժբախտություն է, թե՞ այն կարող է դառնալ այն փորձը, որն օգնում է մարդուն հասունանալ, ուժեղանալ և իր կյանքին տալ ավելի խոր իմաստ։
Ողջ կյանքի ընթացքում մարդը ստիպված է լինում հաղթահարել տարբեր տեսակի դժվարություններ՝ փորձելով մնալ ջրի երեսին։ Անկախ նրանից, թե որքան հեշտ ու ապահովված է մարդու կյանքը, նրա նավարկման ճանապարհին անխուսափելիորեն քարեր են հանդիպում։ Արդյոք գիտե՞ք ինչ-որ մարդու, ով վիշտ չի ունեցել։ Կոտրված սիրտ, անհաջող ամուսնություն, դժբախտ մանկություն, հիվանդություն, աղքատություն, դավաճանություն, մտերիմ մարդու հանկարծակի մահ, հիասթափություն կամ չիրականացված երազանքներ, մի խոսքով, մեր կյանքի ինչ-որ պահի մեզ դժբախտություն է բաժին ընկնում, իսկ երբեմն էլ, թվում է, թե դրանք բոլորը միանգամից թափվում են մեր գլխին։ Սրանում է, սակայն, բացահայտվում կյանքի գործընթացի օրինաչափությունը։
Հաճախ է պատահում, որ մարդը փորձություններին հանդիպում է վիրավորանքի և դժգոհության զգացումով, նա չի փորձում, կամ չի ցանկանում հասկանալ դրանց պատճառը, չի հարցնում ինքն իրեն՝ մի՞թե դրանք իրենց արժանի տեղը չեն զբաղեցնում մեր կյանքում, արդյոք իրենց մեջ որևէ առաքելություն չեն կրում։ Փոխարենը նա այս ու այն կողմ է ընկնում իր բոլոր դժբախտություններից ազատվելու համար դարման գտնելու՝ ողջ ուժով ցանկանալով խույս տալ հարվածներից։ Զվարճանքների մեջ, տենդագին գործունեության ժամանակ նա փորձում է մոռանալ դրանց մասին։
Ոմանք փրկություն են փնտրում կրոնական վարդապետություններում, որոնք ժխտում են տառապանքի և չարի գոյությունը, մյուսներն իրենց մարմինն ու միտքը վերածում են պաշտամունքի առարկայի՝ օգտագործելով որևէ տեսակի դիետաներ կամ խորը շնչառական վարժություններ, իսկ երբեմն էլ, փորձելով հաղթահարել տխրության զգացումը, ընկնում են երազանքների ու երևակայության աշխարհ։ Այսկերպ նրանք փորձում են իրենցից թոթափել այն բեռի մի մասը, որը կյանքը դրել է նրանց ուսերին։
Կյանքից փախուստը՝ «էսկապիզմը», ժամանակակից աշխարհում մարդուն բնորոշ վիճակ է։ Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ կորցրել են քաջությունը, որը նրանց անհրաժեշտ է բարդ խնդիրները լուծելու համար, հետ են վարժվել ճակատագրի աչքերի մեջ ուղիղ նայելու կարողությունից։ Նրանց պակասում է հոգեկան տոկունությունը։ Ոմանք կյանքից ակնկալում են արագ և հեշտ հաջողություն, էժան հաղթանակ, մյուսները պարզապես ցանկանում են մոռանալ։ Սակայն այսօր ոչ միայն առանձին մարդիկ, այլև, թվում է թե ամբողջ երկրներն ու ազգերը, պատրաստ են իրենց պետական քաղաքականության մեջ հետևել նման գծին։
Պատահական չէ, որ այսօր մարդիկ այդքան տարված են հորոսկոպներով։ Բավական ողջամիտ, սթափ մտածողությամբ տղամադիկ, ովքեր ունեն զգալի գործնական փորձ, պարբերաբար իրենց համար հորոսկոպներ են պատվիրում և հաճախ ամբողջությամբ ապավինում են կանխատեսումներին, որոնք նրանց համար կազմում են պրոֆեսիոնալ աստղագուշակները, ովքեր համարձակվում են նայել ապագային, կանխատեսելով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ոչ մի գիտնական, և ժամանակակից պատմության ոչ մի մասնագետ չէր համարձակվի նման բան անել։ Մոգական բյուրեղով, կամ ձեռքի ափով արևելքի գուշակություններ անողները, ճակատագրի նշանները կարդացողները, մեդիումները, կանխատեսողները կամ միստիկները մեզ մոտ բավականին լավ բիզնես են անում, և սա, ա՛յ քեզ պարադոքս՝ արևմտյան քաղաքակրթության հենց ամենակենտրոնում։ Պողոս առաքյալի մոտ ասվում է․ «Հիմա, երբ ես եկել եմ մարդկանց մոտ, ես վերջ եմ դրել մանկական հիմարություններին»։ Թվում է, թե դիզելային շարժիչների, ինքնաթիռների, միջուկային էներգիայի, էլեկտրոնային մանրադիտակների, հեռուստատեսության, արբանյակների, տիեզերական զոնդերի, Լուսնի վրա մարդու վայրէջքի և այլ գիտական նվաճումների դարաշրջանում մարդկության համար ժամանակն է մեծանալ, ետևում թողնելով իր երկարատև մանկությունը և վերջապես մտնել հասունության դարաշրջան։ Մենք, սակայն, ապրելով մեր գերժամանակակից տեխնոլոգիաներով լի մեգապոլիսներում, մխիթարություն ենք փնտրում կռապաշտության ու հորոսկոպների մեջ, օգնության ենք կանչում մեդիումներին ու պայծառատեսներին։ Ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Ինչո՞ւ ենք մենք՝ նման հարստությունների տերերը, մենք, ովքեր ինքներս մեզ անվանում ենք արարչագործության պսակ, ինչու՞ ենք մենք այսքան վատ հարմարվում կյանքին, այսքան վախենում կենսական խնդիրներից, ինչու՞ ենք մենք մանուկների նման այդքան ձգտում օրորված ու հանգստացված լինել։ Ինչու՞ ենք մենք այդքան ցանկանում, որ ինչ-որ մեկը մեզ ինչ-որ լավ բան կանխատեսի, մխիթարի, նույնիսկ եթե դրանք պատրանքային հույսեր են։
Իրականում, ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդիկ երբեմն ցանկություն են ունենում հիմարություններ անել ու ուրախանալ, նրանում, որ նրանք փոքր-ինչ սնահավատ են կամ երեխայի պես միամիտ։ Բայց դա դառնում է վտանգավոր, երբ մարդիկ սկսում են իսկապես հավատալ գուշակություններին ու հորոսկոպին՝ զգալով դրանց կարիքը, դիտարկելով դրանք որպես ապաստան, որտեղ կարելի է թաքնվել իրականությունից, իրենց հույսերը կապելով այն բանի հետ, որը լավագույն դեպքում համարվում է անհիմն ու անտրամաբանական։
Գուշակների հետ մեկտեղ հայտնվել են բազմաթիվ բուժարարներ։ Եթե մարդը մեդիտացիայի, շնչառության, հատուկ սննդակարգի ու տարատեսակ վարժությունների միջոցով կարողանար հասնել երանության, երկիրը կվերածվեր ուտոպիական դրախտի։ Կրկնում եմ, ոչ մի վատ բան չկա մեդիտացիայի կամ հատուկ սննդակարգի, ֆիզիկական վարժությունների և խորը շնչառության մեջ։ Ընդհակառակը, եթե դրանք ուսումնասիրել և ճիշտ կիրառել, դրանք, հնարավոր է որ դառնան վերականգնման հիանալի միջոց։ Բայց ինչն է ստիպում նման բաներով զբաղվող մարդկանց հասնել մոլեգնության, ֆանատիզմի։ Ինչու՞ են նրանք այդքան ցանկանում հավատալ նրան, որ տառապանքը չի հանդիսանում մարդու ճակատագիրը և որ դրանից կարելի է խուսափել։ Այստեղ կարելի է համեմատական անցկացնել մահապատժի հետ, որը փոխարինվում է մարդուն սպանելու ավելի մարդասիրական տարբերակով։ Գերմանիայում, Հիտլերի ժամանակներում, կյանքի հանդեպ նման հայացքները հանգեցեցին սարսափելի երևույթների։ Հաշմանդամների, տարեցների, մտավոր հետամնացների, խեղվածների և հանցագործների ոչնչացումը այնտեղ բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակին։ Այս ամենը, սկսած ապագան գուշակողների քարտերը խառնելուց մինչև մահվան խցիկները, որտեղ ուղարկում էին ոչ լիարժեք և ոչ պիտանի մարդկանց, կյանքի իմաստի և դրա սխալ ընկալման ախտանիշներն են։ Մարդկանց մեծ մասը, բացառությամբ, իհարկե, էքստրիմիստների, խոստովանում են, որ այս կյանքում կա և՛ ցավ, և՛ տխրություն, և՛ տառապանք։ Սակայն տառապանքի հանդեպ մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ։ Ոմանք նրա մեջ տեսնում են կյանքի անհրաժեշտ դրսևորումը, որը որոշակի իմաստ ունի, և կարծում են, որ այն չի կարելի փոխարինել փորձառության որևէ այլ ձևով։ Մյուսները վստահ են, որ տառապանքի մեջ իմաստ չկա և դրանից ամեն կերպ պետք է խուսափել։ Եվ ինչու՞ են երջանկության կտավի վրայի այս մուգ կետերն անխուսափելի։ Արդյո՞ք դրանք որևէ դեր են խաղում մեր բնավորության ձևավորման գործում։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրանց։