Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպես խոսել, որ լսեն
Հոդվածներ

Ինչպես խոսել, որ լսեն

Ամուսինները կարող են երկար խոսել նույն հարցի մասին և զրույցի վերջում զգալ, որ միմյանց չեն հասկացել։ Մեկը փորձում էր բացատրել իր դժվարությունը, իսկ մյուսը նրա խոսքի մեջ մեղադրանք էր լսում։ Կամ մեկը դեռ ներկայացնում էր իր միտքը, երբ մյուսն արդեն շտապել էր եզրակացություն անել։ Կարևոր է տեսնել, թե ինչպես ենք արտահայտում մեր մտքերը և ինչպիսի պատրաստակամությամբ ենք լսում դիմացինին։

 

Զրույցների ընթացքում ձևավորվող սովորությունները նշանակություն ունեն հարաբերության որակի համար։ Երբ խոսքը հիմնված է սիրո և հոգատարության վրա, մարդիկ հնարավորություն են ստանում արտահայտելու նաև դժվար մտքերը՝ պահպանելով հարգանքը միմյանց հանդեպ։ Բահաուլլան բարի խոսքն անվանում է «իմաստության և ըմբռնման լույսի աղբյուր»։ Այս բնորոշումն օգնում է մտածել խոսքի նպատակի մասին՝ որքանով է այն նպաստում ըմբռնմանը և ինչպիսի միջավայր է ստեղծում զույգի միջև։

 

Լսելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է մարդը փորձում ասել։ Երբ նա խոսում է, մեր մտքում կարող են արդեն ձևավորվել պատասխաններ, առարկություններ կամ ենթադրություններ։ Եթե դրանց հետևենք այնքան արագ, որ ընդհատենք նրան, հնարավոր է չհասկանանք նրա միտքն ամբողջությամբ։ Բահայի գրվածքներում հանդիպում ենք այս հորդորին. «Լսեք ներքին ըմբռնման ականջով»։ Այն հրավիրում է լսել հասկանալու պատրաստակամությամբ՝ տեղ տալով դիմացինի ասելիքին։

 

Այդ պատրաստակամությունը կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ լսածը մեզ անսպասելի կամ հակասական է թվում։ Մարդու խոսքում նկատված անհամապատասխանությունը կարող է դառնալ մի բան, որի վրա ամբողջությամբ կենտրոնանում ենք։ Սակայն արժե նախ պարզել, թե ինչ էր նա նկատի ունեցել։ Լսելու ընթացքում հանգստություն պահպանելը և կտրուկ ենթադրություններից զսպվելն օգնում են ավելի լավ հասկանալ նրա տեսանկյունը։ Երբ միտքը մեզ պարզ չէ, ճշտող հարցը կարող է զրույցը շարունակելու հնարավորություն տալ։

 

Մեր ընկալման վրա ազդում են նաև այն մտքերը, որոնցով մոտենում ենք զրույցին։ Եթե նախապես համոզված ենք, որ կողակիցը նոր առիթ է գտել մեզ քննադատելու, նրա խոսքերը կարող ենք հենց այդ կերպ մեկնաբանել։ Այդ ժամանակ ուշադրության կենտրոնում հայտնվում է մեր ենթադրությունը։ Ուստի օգտակար է նկատել՝ ինչ գիտենք դիմացինի մտադրության մասին և ինչն ենք ինքներս ավելացնում նրա ասածին։

 

Նույնը վերաբերում է այն մտքին, թե դիմացինը մեզ չի հասկանում։ Կարող ենք կանգ առնել «Ինչո՞ւ նա ինձ չի հասկանում» հարցի վրա կամ փորձել ավելի ուշադիր նայել տեղի ունեցող շփմանը։ Օրինակ՝ ինքներս մեզ հարցնել՝ արդյոք բավականաչափ պարզ եմ արտահայտել միտքս, և արդյոք հասկացել եմ նրա արձագանքը։ Փոխադարձ ըմբռնման համար կարևոր են թե՛ արտահայտվելու, թե՛ լսելու մեր ջանքերը։

 

Առօրյա գործերում այդ սովորությունները տեսանելի են դառնում։ Օրինակ՝ կինը կարող է զգալ, որ ամուսինը տան հարցերով զբաղվում է պակաս եռանդով, և արտահայտել իր հիասթափությունը։ Այդ պահին արժե ուշադրություն դարձնել, թե որքան պարզ է քննարկվում դժվարությունը և ինչ է լսում մյուս կողմը։ Զրույցը կարող է օգնել ավելի լավ հասկանալ իրավիճակը, եթե երկուսն էլ պատրաստ են պարզելու, թե ինչն է մտահոգում դիմացինին՝ առանց անմիջապես մեղադրանքի կամ արդարացման անցնելու։

 

Մեկ այլ դեպքում ուսուցիչը հայտնում է, որ երեխան չի կատարել տնային առաջադրանքը։ Ծնողները խոսում են այդ մասին, բայց նրանցից մեկը սկսում է զգալ, որ մյուսն իրեն է մեղադրում։ Այդպիսի պահին կարևոր է հասկանալ՝ արդյոք խոսքը իսկապես մեղադրանք էր պարունակում, թե այդպես ընկալվեց։ Այս տարբերությունը պարզելը թույլ է տալիս ուշադրությունը վերադարձնել քննարկվող դժվարությանը։ Հակառակ դեպքում երեխայի առաջադրանքի մասին զրույցը կարող է վերածվել ամուսինների միջև նոր թյուրըմբռնման։

 

Զրույցի ընթացքի հանդեպ զգոնությունը վերաբերում է նաև նրա տևողությանը։ Երբ քննարկումը երկար է ձգվում և արդեն ուշ է, ամուսիններից մեկը կարող է անհամբերություն ցուցաբերել։ Նման իրավիճակում արժե նկատել, թե ինչ է կատարվում խոսելու և լսելու մեր պատրաստակամության հետ։ Զգուշությունն ու համբերատարությունն օգնում են, որ երկար քննարկումը չվերածվի կտրուկ խոսքերի փոխանակման։

 

Երկուսն էլ պետք է ունենան լսելու հնարավորություն։ Եթե զրույցի ընթացքում մեկը մշտապես խոսում է կամ ընդհատում մյուսին, վերջինիս ասելիքը կարող է ամբողջությամբ չարտահայտվել։ Առօրյա շփման մեջ արժե նկատել՝ արդյոք տեղ ենք տալիս կողակցի խոսքին և լսում ենք այն մինչև վերջ։ Դիմացինին արտահայտվելու հնարավորություն տալով՝ ավելի ամբողջական պատկերացում ենք ստանում նրա մտքերի ու մտահոգությունների մասին։

 

Շփման բարելավումը կապված է նաև մեր մտքերի ու մտադրությունների հետ։ Խոսքերը կարող են արտաքինից բարի լինել, բայց նրանց մեջ պահպանվի կասկածամտություն։ Այդ պատճառով անհրաժեշտ է մտածել այն վերաբերմունքի մասին, որն ուղեկցում է մեր ասելիքը։ Երբ փորձում ենք հասկանալ, աջակցել և պահպանել հարաբերության մեջ հոգատարությունը, այդ ձգտումները պետք է արտահայտվեն նաև նրանում, թե ինչպես ենք լսում։

 

Փոխադարձ ըմբռնումը ձևավորվում է այս փոքր, կրկնվող ջանքերի ընթացքում։ Հստակ արտահայտված միտքը, մինչև վերջ լսված խոսքը և ժամանակին ճշտված ենթադրությունը կարող են զույգին օգնել ավելի լավ հասկանալ միմյանց։ Այդ աշխատանքի նպատակը հարաբերության մեջ այնպիսի շփում զարգացնելն է, որտեղ երկու մարդկանց ասելիքն էլ ուշադրության է արժանանում։ Երբ խոսելն ու լսելը ծառայում են այդ նպատակին, զրույցը դառնում է փոխադարձ հոգատարության առօրյա արտահայտություն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ