Մերի Մաքսվելի «Կյանքի գաղտնիքը» գրքում կյանքի գլխավոր իմաստներից մեկը ներկայացվում է ոչ թե պարզապես ապրելը, այլ՝ հասկանալը, որ ապրում ենք նպատակային իրականության մեջ և մշտապես ձևավորում ենք մեր ներքին մարդուն։ Գրքի միտքը պարզ է, բայց շատ խոր․ երբ մարդը իր գոյությունը համարում է պատահականություն, նա սկսում է ապրել առանց նպատակի, իսկ երբ հասկանում է, որ ինքը մի մեծ ամբողջության մասն է և ունի իր տեղն ու առաքելությունը, նրա վերաբերմունքը ժամանակի, ընտրությունների և ինքնակազմակերպման նկատմամբ փոխվում է։ Կյանքը դառնում է ոչ թե օրերի պատահական շարք, այլ մի ճանապարհ, որի ընթացքում մարդը <<պատրաստում է իր ուղեբեռը>>՝ ներքին որակներ, գիտակցություն, ազնվություն և հոգևոր հասունություն։ Ստորև բերված հատվածը հենց այդ գաղափարն է զարգացնում՝ ցույց տալով, թե ինչու է քաոսը սկսվում անտեղյակությունից, ինչպես է մահվան իրական ընկալումը փոխում մարդու ապրելու ձևը, և ինչն է իրականում մնում մեզ հետ, երբ արտաքին ամեն ինչ՝ դիրք, պատիվ, կերպար, վերանում է։
Աշխարհում տիրող քաոսի գլխավոր պատճառներից մեկը նրանում է, որ մարդիկ, մեծմասամբ համարում են, որ իրենց կյանքը պատահականություն է, ոչ թե որոշակի պլանի մի մասը։ Նրանք ապրում են անտեղյակության մեջ՝ չմտածելով նյութի գոյության մեծագույն և բոլորովին էլ ոչ պատահական օրենքի մասին․ յուրաքանչյուր արարված ավազահատիկ որոշակի կառուցվածքի բաղկացուցիչ մասն է, և նա այդ կառուցվածքում իր որոշակի տեղն է զբաղեցնում՝ ուղորդելով իր գործառույթները միայն իրեն բնորոշ ձևով։ Այսպես էլ մարդը պետք է իրեն զգա որոշակի պլանի հիման վրա ստեղծված մեկ ամբողջության մաս և պետք է գիտակցի, որ նրանում զբաղեցնում է իրեն հատկացված տեղը և կատարում է միայն իրեն բնորոշ ֆունկցիաներ։ Ինչպես արդեն նշվել է` երկրային կյանքը, եթե խոսենք գոյության ամբողջության պլանում նրա գործառույթների մասին, կարելի է համեմատել ներարգանդային զարգացման շրջանից դուրս գալու հետ, երբ հոգու մեջ՝ մոր արգանդում գտնվող բիոլոգիական սաղմի պես, զարգանում է այն ամենը, ինչը նրան անհրաժեշտ կլինի հաջորդ կյանքում՝ այն կյանքում, որը սկսվում է ծնվելուց հետո, իսկ հոգու ծննդյան պահը հենց մահն է։ Հույն առակագիր Եզոպոսը գրեթե երկու հազար տարի առաջ իր խրատական առակներից մեկում համեմատում է մրջյունի և մորեխի վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Մրջյունները ողջ ամառ առանց հանգստի աշխատում են, իսկ ձմռանը սնվում են այն պաշարով, որը ժամանակին հավաքել են։ Իսկ մորեխն ապրում է անհոգ, այսօրվա օրով, չմտածելով ապագայի մասին, և երբ վրա է հասնում ձմեռը՝ ստիպված է սոված մնալ։ Այս առակի բարոյական խրատը մեկնաբանությունների կարիք չունի։
Մահը սովորաբար գալիս է անսպասելի, առանց զգուշացնելու։ Մենք ապրում ենք՝ չիմանալով, թե երբ կգա ժամը և կսկսվի մեր ճանապարհորդությունը դեպի անհայտը։ Մահը մեզ անակնկալի է բերում, որպես կանոն, մենք ընդհանրապես հակված չենք լինում ճանապարհ ընկնելու։ Իհարկե, մենք մեր ժամանակը լիովին այլ կերպ կկառավարեինք՝ ամենայն լրջությամբ գիտակցելով, որ երկրի վրա մնալու օրերը ոչ միայն երբեք չեն կրկնվելու, այլ նաև մեզ անգնահատելի հնարավորություն են ընձեռում նախապատրաստվելու ճամփորդությանը։ Եթե մենք հասկանայինք, որ ճանապարհ մեկնելու համար որոշ բաներ է պետք վերցնել մեզ հետ, իսկ դա կարելի է անել միայն մեկ անգամ, և այդ մեկ անգամը հիմա է, այս կյանքում, այս աշխարհում։ Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ պետք է մելանխոլիայի մեջ ընկնել և անընդհատ մտածել մահվան մասին՝ որպես ինչ-որ դժբախտության, որը վաղ թե ուշ կհասնի մեզ, կամ որպես միակ ամենակարևոր բանի, որը բացառում է որևէ այլ բանի նկատմամբ հետաքրքրությունը։ Մենք՝ բանական էակներս, պետք է գիտակցենք, որ կյանքն անցողիկ, նպատակասլաց գործընթաց է, որ մենք սլանում ենք օրերի ու տարիների միջով՝ հաստատուն կերպով մոտենալով մեր նպատակակետին, որ այս կետից մենք սկսում ենք դեպի նոր կյանք մեր ճանապարհորդությունը։ Մենք (անկախ նրանից՝ դուր է գալիս դա մեզ, թե ոչ) տարանցիկ տոմս ունենք, և մինչ կյանքի հոսքը տանում է մեզ, պետք է ողջամիտ լինենք, պետք է հասցնենք նախապատրաստել այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ կլինի ապագայում՝ վայրեջք կատարելիս, քանզի մեր իրավասության մեջ չէ ինքնաթիռի մեկնումը հետաձգելը, և ցավոք մենք չենք կարող հետ վերադառնալ վերցնելու համար այն ամենը, ինչ մոռացել ենք։
Մահվան մասին միտքը մարդու մոտ չպետք է վախի զգացողություն առաջացնի, այն պետք է նրան հաճելի լինի։ Ցավոք, մարդկանց մեծ մասի համար դա այդպես չէ, և հիմնական պատճառն այն է, որ նրանք չունեն բավարար գիտելիքներ մարդու իրական բնույթի մասին, նրանք իրենց հոգին չեն ընդունում որպես իրենց իրական «ես»-ի մի մաս։ Մարդը շփոթում է այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են հոգին ու մարմինը, ուղեղն ու միտքը։ Գիտակցելով, որ մարմինը մահկանացու է և գրեթե ոչինչ չիմանալով իրենց հոգևոր էության մասին (և դրա հետ մեկտեղ որևէ հատուկ ջանք չգործադրելով այն հասկանալու համար), նա մահվանը վերաբերվում է վախով և թերահավատությամբ։ Նա դրան նայում է որպես կյանքի վերջին տուրքի և հետևաբար փորձում է այս կյանքից վերցնել որքան հնարավոր է շատ։ Մշտապես բավարարված չլինելով՝ նա ագահորեն նետվում է կյանքի հորձանուտը, որովհետև նրա գիտակցության խորքում ապրում է միտքն այն մասին, որ առջևում վերջն է, չգոյությունը, իսկ եթե անգամ դա վերջը չէ, ապա ինչ-որ անհայտ ու սարսափելի մի բան է։ Եթե միայն ինչ-որ մեկը կարողանար համոզել նրան, որ անգամ այն բանից հետո, երբ սիրտը կդադարի բաբախել, նա կպահպանի իր ես-ը և առաջվա պես կգիտակցի իր ով լինելը։ Մահը հիշեցնում է իրավիճակ, երբ մարդը, անցնելով իր տան մի սենյակից մյուսը, իր հետևից ամուր փակում է դուռը։ Հետմահու կյանքն աննյութական է։ Ֆիզիկական պաճույճը դեն նետելուց հետո մարդու հետ մնում է միայն այն, ինչ նա կլանել է իր մեջ որպես անհատ, և միայն այս ուղեբեռով նա կարող է շարունակել ապրել։ Մահվան գալուստով ամփոփվում է ողջ կյանքը, և մարդը այլևս ոչինչ չի կարող ավելացնել կամ ուղղել։ Եթե միայն ինչ-որ մեկը կարողանար նրան համոզել դրանում, մարդը երկրի վրա իր օրերն այլ կերպ կապրեր՝ մտածելով ապագա կյանքի մասին, վախենալով ոչ թե մահից, այլ նրանից, թե ինչ կբացահայտվի իր մասին իր մահից հետո։ Մարդիկ, ովքեր լուրջ են վերաբերվում ամուսնությանը, սովորաբար նախապես պատրաստվում են դրան։ Տղամարդը, որպես կանոն, հոգ է տանում բնակարանի մասին՝ ցանկանալով իր ապագա ընտանիքին ապահովել գոնե նվազագույն նյութական բարեկեցությամբ։ Իր հերթին կինը նույնպես ձգտում է օժիտ ստեղծել։ Նման մարդիկ շտապ հարսանիք չեն կազմակերպում, նրանք սպասում են, մինչև պատրաստ լինեն դրան։ Բայց չէ՞ որ մահը շատ ավելի լուրջ փոփոխություն է մեր կյանքում, քան ամուսնությունը, և դրա հետ մեկտեղ այն անսպասելիորեն է տեղի ունենում։ Այդ իսկ պատճառով էլ պետք է նախապես պատրաստվել դրան։
Միակ բանը, որ տանում ենք մեզ հետ այս կյանքից, մեր անձնական հատկանիշներն են, այսինքն մի շատ հստակ բան։ Գտնվելով այս աշխարհում՝ մենք կարող ենք ստեղծել ինքներս մեր այսպես ասած «իմիջը», փոխել արտաքինը, կանգնել մարդկանց առջև որոշակի կերպարով, թաքցնել իրական զգացմունքներն ու մտքերը։ Մեր պահվածքի մեջ բերածո շատ բաներ կան։ Ցածրահասակ մարդիկ սիրում են բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի ավելի բարձրահասակ երևան։ Հագուստն օգնում է մեզ քողարկել մեր թերությունները, քաղաքավարի արտահայտությունները երբեմն քողարկում են սուտը կամ ծածկում հոգևոր աղքատությունը: Մենք խաբում ենք միմյանց և հաճախ՝ նաև ինքներս մեզ: Մենք զվարճանում ենք մեր անմեղ խորամանկություններով: Բայց մահը գալիս է և պատռում է մեր վրայից այս ամբողջ փայլփլուն բաները: Ընկերների թվացյալ հարգանքը, շողոքորթների քծնանքը, պատիվը, որին արժանի չէինք, այս ամենը անհետանում է, կարծես հագուստը հանել են մեր վրայից: Մենք մտնում ենք նոր կյանք այնպիսին, ինչպիսին իրականում կանք: Ուրեմն ինչո՞ւ չնայել ինքներս մեզ և չմտածել այն մասին, թե ովքեր ենք: Ինչո՞ւ նախապես չաշխատել ինքներս մեզ վրա, մինչև այս անդառնալի անցման ժամանակը գա: