Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակի կառավարումը։ Դա սեփական ժամանակը ճիշտ կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և ամեն ինչ ժամանակին անելու կարողությունն է։
Այսօրվա հասարակության մեջ մենք հաճախ ենք լսում, որ մարդկանց մեծ մասը տառապում է ժամանակի պակասից։ Շատերն են փորձում սկսել պլանավորել իրենց օրը, բայց դա միշտ չէ, որ ստացվում է, քանի որ կյանքի հագեցած ռիթմը խափանում է բոլոր ծրագրերը։
Այս գաղափարը գեղեցիկ կերպով արտահայտված է նաև Աբդուլ-Բահայի հետևյալ խոսքերում.
«Մի կորցրեք ձեր թանկագին ժամանակը անպտուղ զբաղմունքների մեջ։ Ձեր կյանքը նվիրեք այն ամենին, ինչը օգուտ է բերում մարդկությանը և նպաստում է աշխարհի բարելավմանը»։
Երեխաների հետ իրավիճակն այլ է. մեզ թվում է, թե երեխան ծանրաբեռնված չէ աշխատանքով և տնային գործերով, և որ այս խնդիրն իրեն չի վերաբերում։ Սա սխալ կարծիք է. այս խնդիրը երեխաներին հաճախ ավելի ուժեղ է վերաբերում, քան մեզ։
Ինչու՞
Փորձեք հիշել ձեր մանկությունը, դրանից ամենահիշարժան պահերը։ Հավանաբար դրանք շատ են եղել, և եթե սկսեք հիշել, դժվար կլինի կանգնեցնել հիշողությունների շարանը։
Իսկ եթե ձեր երեխային նմանատիպ հարց տաք մի քանի տասնամյակ հետո, նրա հիշողությունները մի քանի անգամ ավելի քիչ կլինեն, քան ձերը։ Ամեն ինչ այն պատճառով է, որ ժամանակակից աշխարհը գերհագեցած է տեղեկատվությամբ։
Օրինակ երեխան դպրոցից եկել է բարձր գնահատականով, ուրախացել է դրանով տան ճանապարհին, եկել է ձեզ պատմել է, դուք գովել եք նրան, ապա նա սկսել է խաղալ համակարգչային խաղ, և վե՛րջ... Նա ամբողջովին տեղափոխել է իր ուշադրությունը դեպի հաղթանակն ու հաջողությունը վիրտուալ աշխարհում՝ դրանով իսկ ջնջելով ստացած գնահատականից բխող կենդանի տպավորություններն ու հույզերը։ Եվ այդպես կատարվում է գրեթե միշտ։ Ժամանակակից երեխան, ով գտնվում է տեղեկատվության հսկայական հոսքի մեջ, այլ կերպ է սկսում ընկալել իրականությունը, և, համապատասխանաբար, այլ կերպ է ընկալում ժամանակը։
Չէ՞ որ ձեզ հետ էլ է հաճախ այդպես լինում, երբ հենց նոր եք մտել սոցիալական ցանց, ձեզ թվում է, թե անցել է 20-30 րոպե, բայց իրականում անցել է 2-3 ժամ։
Կարևոր է երեխային սովորեցնել ճիշտ ընկալել ժամանակը և ուշադրությունը կենտրոնացնել գլխավորի վրա, ապրել այստեղ և հիմա։ Եթե դուք կարողանաք դա անել, արդյունքը երկար չի սպասեցնի, և դուք մի քանի անգամ կբարձրացնեք ձեր երեխայի կյանքի որակը։