Ռուս մեծ գրող և մտածող Լև Տոլստոյը նշել է. «Մարդու կյանքը նրա մարմնական գոյությամբ չի սահմանափակվում։ Մարդու իսկական կյանքը նրա հոգու կյանքն է»։ Այս միտքը մեզ հիշեցնում է, որ մարդու արժեքը, երջանկությունն ու առաջընթացը չեն որոշվում միայն արտաքին պայմաններով կամ նյութական ձեռքբերումներով։ Իրական զարգացումը տեղի է ունենում ներաշխարհում, երբ հոգին, հաղթահարելով նյութական աշխարհի սահմանափակումները, ձգտում է դեպի ճշմարտություն, սեր և Աստծուն մոտենալու ճանապարհը։ Նույն միտքն արտահայտել է նաև Աբդուլ-Բահան, երբ «Փարիզյան զրույցներ» գրքում նշել է․
Աստված Իր ողորմածությամբ մեզ կանխազգալու ունակություն է տվել, որոշակի ապացույցներ է ընձեռել մարմնի, հոգու և ոգու միջև եղած տարբերությունների մասին:
Մենք տեսնում ենք, որ ցուրտը, շոգը, տանջանքները և այլ նման բաները առնչվում են միայն մարմնին և չեն դիպչում հոգուն:
Որքան հաճախ ենք տեսնում մարդկանց, որ աղքատ են, հիվանդ, վատ հագնված, գոյության միջոցներ չունեցող, բայց հոգեպես ուժեղ են․ ինչպիսին էլ լինեն նրանց ֆիզիկական տանջանքները, նրանց ոգին մնում է ազատ և առողջ։ Եվ այս ամենի կողքին, որքան հաճախ ենք տեսնում հարուստ մարդկանց, որ ֆիզիկապես ուժեղ են և առողջ, բայց հոգեպես մահացու հիվանդ են:
Խորաթափանց մտքի համար բացահայտ ճշմարտություն է այն, որ մարդու հոգին մեծապես տարբերվում է նրա ֆիզիկական մարմնից:
Հոգին անփոփոխ է, անխորտակելի: Հոգու կատարելագործումը և զարգացումը, նրա ուրախությունն ու վիշտը կախված չեն նրա ֆիզիկական մարմնից:
Եթե ընկերը մեզ ուրախություն կամ ցավ է պատճառում, եթե պարզվում է՝ սերն իսկական է կամ կեղծ, սա հոգուն է դիպչում: Եթե մեր սիրելիները հեռու են մեզնից, տառապում է մեր հոգին, իսկ հոգու տխրությունը կամ անհանգստությունը կարող է ազդել մարմնի վրա:
Այսպիսով՝ եթե հոգին սնվում է սուրբ առաքինություններով, մարմինը ևս ուրախանում է: Եթե հոգին խրված է մեղքերի մեջ, մարմինը տանջվում է:
Երբ մենք ճշմարտության, հավատարմության, մտերմության և սիրո ենք հանդիպում, մենք երջանիկ ենք, իսկ եթե ստի, ուխտադրժության և կեղծիքի ենք հանդիպում, մեզ դժբախտ ենք զգում:
Այս բոլորը վերաբերում են հոգուն և մարմնական հիվանդություններ չեն: Այստեղից ակնհայտ է դառնում, որ հոգին մարմնի նման ունի իր սեփական անհատականությունը: Բայց եթե փոփոխության է ենթարկվում մարմինը, հոգին փոխվելու կարիք չունի: Այսպես՝ եթե դուք կոտրում եք արևով լուսավորված ապակին, այն վերածվում է մանր բեկորների, մինչդեռ արևը շարունակում է լուսավորել: Եթե կոտրվում է վանդակը, որի մեջ թռչուն կա, նա անվնաս է մնում: Եթե ջարդվում է լամպը, կրակը կարող է շարունակ այրվել վառ բոցով:
Նույնը վերաբերում է և մարդկային հոգուն: Չնայած մահը ոչնչացնում է նրա մարմինը, բայց այն իշխանություն չունի նրա հոգու վրա:
Մարդու հոգին ֆիզիկական մարմնի մահից հետո պահպանում է մաքրության նույն աստիճանը, որին այն հասել է ֆիզիկական մարմնի մեջ իր կյանքի ընթացքում, և նրանից բաժանվելուց հետո այն մնում է ընկղմված աստվածային ողորմածության օվկիանոսում:
Այն պահից, երբ հոգին լքում է մարմինը, որ անցնի երկնային աշխարհ, նրա զարգացումը հոգևոր է դառնում և այդ զարգացումը Աստծուն մոտենալն է:
Ֆիզիկական աշխարհում զարգացումը ենթադրում է աճ՝ անցում կատարելագործման մեկ աստիճանից մյուսին: Անօրգանական հատկություններով օժտված հանքանյութն անցում է կատարում դեպի բուսական արքայությունը, բույսն իր կատարելություններով հանդերձ անցնում է այլ աստիճանի՝ դեպի կենդանական աշխարհը, և այդպես մինչև մարդկային ցեղին հասնելը: Այս աշխարհը լի է թվացյալ հակասություններով․ արքայություններից յուրաքանչյուրին (հանքային, բուսական, կենդանական) բնորոշ է կյանքի որոշակի ձև: Կարևոր չէ, որ մարդու հետ համեմատած հողն անկենդան է թվում, այնուհանդերձ այն ապրում է իր յուրահատուկ կյանքով: Այս աշխարհում, ամեն ինչ ապրում ու մահանում է և վերակենդանանում է կյանքի այլ ձևերով, սակայն հոգու աշխարհում ամեն ինչ այլ կերպ է:
Հոգին մի աստիճանից մյուսը չի զարգանում, այն աստվածային առատաձեռնության և ողորմածության շնորհիվ մոտենում է Աստծուն:
Ես անկեղծ աղոթում եմ, որ մենք բոլորս կարողանանք լինել Աստծո արքայության մեջ և Նրա կողքին: