Որքա՞ն հաճախ է ձեզ թվում, որ ձեր երեխայի բոլոր հետաքրքրությունները կենտրոնացած են միայն ինտերնետի վրա։ Զգացե՞լ եք արդյոք, որ հենց երեխան միացնում է իր պլանշետը, նա հեռանում է իրականությունից։ Ասու՞մ է արդյոք երեխան, որ չի ուզում ուտել, չի ուզում զբոսնել գնալու և ընդհանրապես շփվել, քանի որ ինտերնետում ինչ-որ շատ հետաքրքիր բան կա։ Երբ դուք հարցեր եք տալիս՝ «Ի՞նչ էիր անում այնտեղ» կամ «Ի՞նչ նոր բան հայտնաբերեցիր քեզ համար» — կարո՞ղ է արդյոք երեխան պատասխանել։ Եթե գոնե մեկ հարցին դրական պատասխանել եք, ապա ժամանակն է շտկել իրավիճակը։
Այլ բան է, երբ ձեր տանը մշտապես աշխատում է հեռուստացույցը՝ անկախ նրանից, երեխան նայում է այն, թե ոչ։ Մեր երեխաների ողջ կյանքն ուղեկցվում է դրսից եկող տեղեկատվությամբ, որը մենք չենք կարող վերահսկել, քանի դեռ չենք սեղմել «ԱՆՋԱՏԵԼ» կոճակը։
Փորձե՞լ եք երբևէ երեխային ասել, որ ուղիղ մեկ շաբաթ ամբողջ ընտանիքով չեք նայելու հեռուստացույց և չեք մտնելու ինտերնետ։ Պատկերացրե՛ք ձեր զավակի արձագանքը։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, երբ անցկացնեք այս փորձը և մի քանի օրով զրկեք և՛ նրան, և՛ ինքներդ ձեզ այս «նվաճողներից»։
Ի՞նչ է կատարվում երեխայի հետ, երբ նա երկար ժամանակ մնում է ինտերնետում
Ինչպե՞ս է դա ազդում նրա բանականության, հետաքրքրությունների և հուզական ոլորտի վրա։
Առաջինը, ինչը երեխային ձգում է դեպի ինտերնետ (այստեղ մտնում է տարբեր գործունեություն՝ խաղեր, տեսահոլովակների դիտում, տարբեր խմբեր, նամակագրություն և այլն), ազատության զգացումն է։ Ինտերնետի օգտատերը հասկանում է, որ կարող է անել ինչ ուզի, խաղալ տարբեր դերեր։ Նա կարող է արագ անցնել մի գործունեությունից մյուսին, միանգամից կարդալ շատ տեղեկատվություն։
Երկրորդը՝ խիզախության զգացումն է։ Երբ երեխան ինտերնետում է, նրա մոտ վախն անհետանում է, նա իրեն զգում է անպատիժ, կարող է անանուն նամակ գրել ատելի մեկին կամ սեր խոստովանել մեկ ուրիշին։
Երրորդը՝ զգացումն է, որ ամեն ինչ պարզ է և հասանելի։ Ինտերնետային կյանքը թվում է հեշտ և անամպ, իսկ իրական կյանքը, ընդհակառակը՝ բարդ և խնդրահարույց։ Իրական կյանքում պետք է շփվել կենդանի մարդկանց հետ, իսկ դա միշտ չէ, որ շատ պարզ է։ Կյանքում երեխան պետք է զբաղվի ուսումով, կատարի ծնողների պահանջները և այլն։ Համաձայնեք, որ շատ ավելի հեշտ է թաքնվել համակարգչում։
Այս ամենը հանգեցնում է ինտելեկտուալ ոլորտի խախտումների։ Երեխան դառնում է ցրված, մշտապես շեղվում է։ Դասերին ուշադիր չէ, չի հասցնում կատարել առաջադրանքները, նրա տրամաբանական մտածողությունը վատ է զարգանում։
Տուժում է նաև հուզական ոլորտը։ Երեխային ավելի դժվար է հարաբերություններ կառուցել դասընկերների հետ և նոր ծանոթություններ հաստատել։ Նա դառնում է բարկացկոտ, նկատվում է տրամադրության հաճախակի փոփոխություն։ Երբ ծնողները թույլ չեն տալիս մտնել ինտերնետ, նա սկսում է նյարդայնանալ և ագրեսիվ արձագանքել։
Երեխաների համար դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Նրանք հենվում են իրենց ակնթարթային հույզերի վրա։ Երբ ինտերնետում են, նրանք զվարճանում են և հետաքրքրված են, երբ դուրս են գալիս՝ պետք է կատարեն իրենց պարտականությունները։
Հարկ է նշել, որ այս դրսևորումների մեծ մասը բնորոշ է նաև մեծահասակներին։ Տարբերությունը միայն նրանում է, որ մեծահասակի հոգեկանն ավելի կայուն է ի տարբերություն դեռևս չձևավորված մանկական հոգեկանի, ուստի ինտերնետը երեխաների վրա ունի ավելի բացասական ազդեցություն, քան մեծահասակների վրա։
Խնդրի լուծման գործողությունների ալգորիթմը
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երեխան ինքնուրույն չի կարողանում կառավարել այն ժամանակը, որը ծախսում է հեռուստացույց դիտելու և ինտերնետում գտնվելու վրա։ Այդ պատճառով ժամանակի հսկողությունը պետք է անեն ընտանիքի մեծահասակ անդամները, հատկապես սկզբնական փուլում, մինչև երեխայի մոտ սովորություն դառնա ինտերնետում գործունեություն ծավալել՝ պահպանելով կանոնները։
Ուրեմն, ի՞նչ պետք է անել, որպեսզի իրավիճակը փոխվի դեպի լավը։
1. Մտածեք և գրի առեք հեռուստացույցից և համակարգչից (բջջային հեռախոսից, պլանշետից) օգտվելու կանոնները։ Սկզբում այս կանոնները քննարկեք ընտանիքի մեծահասակ անդամների հետ, քանի որ նրանք ևս ցանկալի է, որ դրանք պահպանեն։
2. Պատրաստվեք երեխայի հետ «Հեռուստացույցի երկար դիտման և ինտերնետում երկար մնալու դրական և բացասական կողմերը» թեմայով զրույցին։ Կարևոր է նախապես մտածել ինտերնետում գտնվելու ժամանակի սահմանափակման օգտին փաստարկների մասին։
3. Անցկացրեք զրույց երեխայի հետ, միասին մտածեք ինտերնետից և հեռուստացույցից օգտվելու կանոնները։ Զրույցի ընթացքում հենվեք ձեր նախապես պատրաստած փաստարկների վրա։ Կարևոր է, որ ձեր զավակի մոտ առաջանա այն զգացումը, որ նա ձեզ հետ միասին է ստեղծել այս կանոնները։ Չի կարելի պարզապես պարտադրել ձեր հորինած կանոնները՝ երեխան հատուկ չի պահպանի դրանք։ Այլ բան է՝ միասին մշակված կանոնները։ Այսպիսով դուք սպանում եք երկու նապաստակ. նախ բարձրացնում եք երեխայի ինքնագնահատականը, երկրորդ՝ սովորեցնում եք նրան ընդունել պատասխանատվություն, ընդ որում՝ գիտակցաբար։
4. Հետո անհրաժեշտ է գաղտնաբառ դնել համակարգչի, պլանշետի կամ բջջային հեռախոսի վրա (կամ անջատել դրանց վրայի ինտերնետը)։ Անպայման բացատրեք երեխային, թե ինչու եք դա անում։ Ասացեք, որ վստահում եք նրան, և գաղտնաբառը միայն կօգնի բոլորին ավելի արագ ձևավորել ցանցում սահմանափակ ժամանակ աշխատելու սովորություն։
5. Առաջարկեք երեխային գրի առնել ցանցից օգտվելու շաբաթական ժամանակացույց և կախել այն աշխատասեղանի վերևում։
6. Մտածեք, թե ինչպես կանցկացնեք երեխայի հետ համատեղ ժամանցը և ինչով կզբաղեցնեք նրան ազատ ժամանակ։ Այն ժամանակը, որը դուք խնայել եք, պետք է գնա ոչ թե դասերի, այլ երեխայի համար հաճելի և հետաքրքիր մի բանի վրա։ Ցույց տվեք նրան, որ կարելի է ուրախ ժամանակ անցկացնել առանց էլեկտրոտեխնիկայի։
7. Առաջին երկու շաբաթների ընթացքում հիշեցրեք նրան, որ դուք գտնվում եք նոր փուլում, որը բոլորի համար օգտակար կլինի։ Բացատրեք նրան, թե ինչ առավելություններ ունի իր արածը, և հարցրեք, թե ինքն ինչ դրական կողմեր է նկատում։
Կարող ենք վստահեցնել ձեզ, որ այս ամենն իրագործելի է։ Մենք արդեն անցկացրել ենք 7-ից 17 տարեկան երեխաների համար 40-ից ավելի ճամբարային-թրեյնինգային հերթափոխեր։ Մենք միշտ ունեցել ենք հեռախոսներից և պլանշետներից օգտվելու միևնույն կանոնները։ Կապի միջոցները տրվում էին օրական 1 անգամ՝ 30 րոպեով, և այդ ընթացքում երեխան հասցնում էր կապ հաստատել ծնողների հետ, մանրամասն պատմել անցած օրվա մասին, մտնել սոցիալական ցանցեր և շփվել ընկերների հետ։ Բնականաբար, առաջին 1-3 օրերին գրեթե բոլոր երեխաները ըմբոստանում էին և ասում, որ իրենց չի հերիքում շփման ժամանակը, և որ իրենց կենսականորեն անհրաժեշտ է մտնել ինտերնետ։ Բայց 3-4-րդ օրը ամեն ինչ փոխվում էր՝ երեխաները լիովին հարմարվում էին հագեցած ծրագրին և ի վերջո նույնիսկ մոռանում էին, որ ուզում էին սոցիալական ցանցեր մտնել կամ հեռախոսով խաղալ։
Ուստի վստահությամբ հայտարարում ենք, որ եթե դուք կիրառեք վերը թվարկված գործողությունների ալգորիթմը, ձեր երեխան մի քանի շաբաթից կսովորի նոր կենսակերպին և կդադարի ինտերնետում ավելորդ ժամանակ ծախսել ոչ անհրաժեշտ զբաղմունքների վրա։