Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխայի վատ վարքի հետևում ի՞նչ է իրականում թաքնված
Հոդվածներ

Երեխայի վատ վարքի հետևում ի՞նչ է իրականում թաքնված

Երբ երեխան գոռում է, հակաճառում, հրաժարվում է կատարել խնդրանքը կամ որևէ բան փչացնում է, մեծահասակի առաջին արձագանքը հաճախ պարզ է․ երեխան վատ է վարվում, ուրեմն պետք է այնպես անել, որ նա դադարեցնի այդ վարքը։ Բայց ի՞նչ կլինի, եթե փորձենք երեխայի վարքին նայել ոչ թե որպես խնդիր, որը պետք է հնարավորինս արագ վերացնել, այլ որպես ազդանշան, որը պետք է հասկանալ։

 

Հաճախ այն, ինչը մենք անվանում ենք «վատ վարք», իրականում կարող է լինել գիտելիքի կամ անհրաժեշտ հմտությունների պակաս, տարիքին համապատասխան վարք, հիասթափություն, հոգնածություն, քաղց կամ ուժեղ հուզական վիճակի հետևանք։ Եվ սա վերաբերում է ոչ միայն երեխաներին։ Մեծահասակները նույնպես բարկության, վիրավորանքի կամ անօգնականության պահին կարող են ասել և անել բաներ, որոնց համար հետագայում զղջում են։

 

Երբ տարիքին համապատասխան վարքը համարում ենք վատ վարք

 

Մեծահասակների ակնկալիքները միշտ չէ, որ համապատասխանում են երեխայի զարգացման հնարավորություններին։ Օրինակ՝ երկու-երեք տարեկան երեխան դեռ նոր է սովորում արտահայտել իր ցանկությունները, կառավարել ուժեղ զգացմունքները և ընդունել այն փաստը, որ միշտ չէ, որ կարող է ստանալ իր ուզածը։ Այդ տարիքում «քմահաճությունը» կամ ուժեղ հուզական արձագանքը հաճախ ոչ թե գիտակցված անհնազանդություն է, այլ երեխայի զարգացման բնական փուլ։

 

Նույն կերպ երեխան կարող է շատ ավելի դյուրագրգիռ դառնալ պարզապես այն պատճառով, որ հոգնած է կամ քաղցած։ Այդ պահին պատիժը չի սովորեցնում նրան կառավարել իրեն։ Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում երեխայի հետ։ Սա չի նշանակում, որ պետք է ընդունել ցանկացած վարք։ Երեխան պետք է սովորի, թե ինչպես կարելի է հասարակության մեջ ընդունելի ձևով արտահայտել զայրույթը, հիասթափությունը, ցանկությունները և անհամաձայնությունը։

 

Բայց սովորեցնելը և պատժելը նույն բանը չեն։ Վատ վարք դրսևորող երեխան հաճախ հուսալքված երեխա է: Երեխայի վարքի հետևում հաճախ թաքնված է շատ ավելի խոր հարց․ «Արդյո՞ք ես կարևոր եմ։ Արդյո՞ք ինձ սիրում են։ Արդյո՞ք ես իմ տեղն ունեմ այստեղ»։ Երբ երեխան չի զգում իր պատկանելությունն ու կարևորությունը, նա կարող է փորձել դրանք ձեռք բերել ոչ արդյունավետ եղանակներով՝ անընդհատ ուշադրություն պահանջելով, պայքարելով մեծահասակի հետ, վրեժ լուծելով կամ ընդհանրապես հանձնվելով։

 

Այս տեսանկյունից վարքը դադարում է լինել պարզապես «վատ» կամ «լավ»։ Այն դառնում է տեղեկություն երեխայի ներքին վիճակի մասին։ Իսկ մեծահասակի պատասխանատվությո՞ւնը: Երեխայի վարքը հասկանալը չի նշանակում մեղադրել ծնողին։ Պատասխանատվությունը մեղք կամ ամոթ չէ։ Ընդհակառակը՝ պատասխանատվությունը նշանակում է հասկանալ, որ եթե մեր արձագանքը նույնպես նպաստում է կոնֆլիկտին, մենք կարող ենք այն փոխել։

 

Երբ երեխան գոռում է, մենք կարող ենք գոռալ ավելի բարձր։ Երբ փորձում է մեզ վիրավորել, կարող ենք վիրավորել նրան։ Երբ հրաժարվում է ենթարկվել, կարող ենք փորձել ավելի ուժեղ վերահսկել։ Այդպես երեխայի և մեծահասակի արձագանքները սկսում են սնուցել միմյանց։ Բայց եթե մեծահասակը փոխում է իր արձագանքը, փոխվում է նաև հարաբերության ընթացքը։

 

Մենք ցանկանում ենք, որ երեխաները սովորեն կառավարել իրենց վարքը։ Սակայն դրա համար առաջին հերթին մենք պետք է կարողանանք կառավարել մեր սեփական արձագանքները։ Հետևաբար, երեխայի դժվար վարքին բախվելիս առաջին հարցը կարող է լինել ոչ թե՝ «Ինչպե՞ս ստիպեմ նրան դադարեցնել սա», այլ՝ «Ի՞նչ է կատարվում երեխայիս հետ, և ի՞նչ է նա փորձում ինձ ասել իր վարքով»։

 

Երբ սկսում ենք փնտրել այս հարցի պատասխանը, կարգապահությունը դադարում է լինել պարզապես երեխայի վարքը վերահսկելու միջոց և դառնում է նրան հասկանալու ու անհրաժեշտ հմտություններ սովորեցնելու հնարավորություն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ