Մենք բոլորս գիտենք, որ աշխատանքը զբաղեցնում է ամենակարևոր տեղերից մեկը մարդու կյանքում։ Երբ մարդը հասնում է սեռական հասունության տարիքին և ի վիճակի է սոցիալական պատասխանատվություն կրել, նա պետք է դառնա հասարակության համար օգտակար մարդ և բարության աղբյուր։ Նա չպետք է իր ժամանակը վատնի պարապության, անխռովության վրա և եթե անգամ ապահովված է՝ իրավունք չունի անտեղի ծախսել իր թանկարժեք կյանքը։ Ավելին, նա պարտավոր է զգալի օգուտ բերել յուրայիններին։
Գործի հանդեպ սերը պետք է դաստիարակել երեխայի մեջ ամենավաղ տարիքից, նրան աշխատանքի, նպատակաուղղված գործունեությանը ամբողջովին պատրաստելու համար։
Կասկած չի առաջացնում նաև այն փաստը, որ մտավոր և ֆիզիկական հատկությունները զարգացած չլինելու պատճառով երեխային, որպես հետևանք, կդարձնեն անկարող՝ ցանկացած մասնագիտություն սովորելու հարցում։
Ընտանիքը և դպրոցը փորձում են միահամուռ ուժերով երեխաների մեջ ձևավորել աշխատանքի հանդեպ պատրաստակամություն, բայց, ցավոք, հաճախ դրան բավականաչափ ուշադրություն չի դարձվում։ Այդ իսկ պատճառով մենք կտանք մի քանի խորհուրդներ։
1․ Մայրերը չպետք է խուսափեն երեխաներին իրենց ուժերին հարիր աշխատանքներ հանձնարարելուց։ Պարապությանն ու անգործությանը չի կարելի պատասխանել բարությամբ, կապվածությամբ կամ համակրանքով, քանզի դա անպայման կհանգեցնի բացասական հետևանքների։
Օրինակ, փոքր երեխան՝ չորսից հինգ տարեկան, պետք է ունենա մշտական պարտականություններ, սովորեցվի տան ամենօրյա աշխատանքին (անհրաժեշտության դեպքում, իհարկե, նրան պետք է օգնել)։ Առավոտյան նա լիովին ի վիճակի է հավաքել իր անկողինը, ինքուրույն հագնել շորերն ու կոշիկները, լվացվել առանց որևէ մեկի օգնության, իրեն թեյ լցնել, ճաշից հետո լվալ իր սպասքը։ Սակայն այս ամենը նա պետք է կատարի մոր կամ դաստիարակի հսկողության տակ։ Որոշ երկրների մեծ մանկապարտեզներում կարելի է տեսնել, թե ինչպես են փոքր երեխաները՝ անգամ երեք չորս տարեկանները, իրենց անփորձ ձեռքերով, բայց և ակնհայտ ուրախությամբ ու հրճվանքով, մանկավարժների հսկողության տակ կատարում այս կամ այն աշխատանքը։ Ակնհայտ է, որ երեխաները չպետք է հոգնեն և աշխատանքը չպետք է նրանց դժվարություն պատճառի։ Երեխաներին աշխատանք տալիս պետք է դա անել մեծագույն շրջահայացությամբ, այնպես, որ դա լինի նրանց ուսուցման հիմնական մասերից մեկը։ Աշխատանքային գործունեությունն ինքն իրենով դաստիարակ է, զարգացնում է մտավոր և ֆիզիկական ունակությունները։
Ողջ աշխարհի առաջատար մանկապարտեզներում աշխատանքը համարվում է հիմնական մեթոդը, որը խթանում է երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացումը։ Ծնողներն ու մանկավարժները, սակայն, պետք է հաշվի առնեն երեխաների կարողությունները՝ նրանց զարգացման տարբեր աստիճաններում։
2․ Ծնողները պետք է իմանան, որ այն երեխաները, ում սովորեցնում են դժվարություններին, ում հանդեպ չափից դուրս հոգատար չեն, ավելի կոփված ու տարբեր տեսակի հիվանդությունների հանդեպ առավել կայուն են մեծանում։ Երեխաները կգնան պարապության ու անգործության ճանապարհով, եթե վեց-յոթ տարեկան հասակում նրանց, ինչպես դա հաճախ պատահում է, ընտանիքում թուլ չտան «ձեռքերը կեղտոտել»։ Օրինակ, ճաշից հետո երեխան ուզում է լվանալ ափսեները կամ էլի ինչ-որ տնային գործ անել։ Իսկ ծնողները ջանում են ազատել տնային աշխատանքների անգամ ամենաչնչին մասնակցությունից։ «Բաժակին ձեռք մի տուր, կարող ես կոտրել այն»։ «Մի արա դա, դու կարող ես կեղտոտել մաքուր շորերդ»,- ասում է մայրը։ «Ես իմ ամբողջ կյանքում այդքան աշխատել եմ, ու հիմա, երբ ես այդքան փող ունեմ բանկում, ես չեմ ուզում, որ դու այդ կեղտոտ գործն անես»,- կարող է ասել հայրը։
Նման տեսակի սերն ու կապվածությունը վնասից բացի ոչինչ չի կարող հասցնել, և միանշանակ երեխաներին դժվարություններ ու տառապանք կբերի։ Ֆիզիկական աշխատանքն ամենևին էլ ամոթ չէ, և երեխաներին սովորեցնել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները հարկավոր է մանկությունից։
3․ Լողը, մարմնամարզությունը, երկարատև զբոսանքները, ֆիզիկական գործողությունները երեխաներին կդարձնեն առավել ուժեղ և ամրակազմ, պատրաստ հաղթահարելու բազում բարդություններ։ Աղջիկներն, իհարկե բացառություն չեն, քանզի կյանքի դժվարություններն ընկնում են կանանց ուսերին շատ ավելի մեծ մասշտաբով, քան տղամարդկանց։
Եթե երեխաներին վաղ տարիքից չսովորեցնել տնային աշխատանքներին, ապա ինչպե՞ս նրանք կկարողանան հետագայում տանել պատասխանատվության ծանրությունը, որը նրանց բաժին է հասնում։ Երես տված և քմահաճ երիտասարդ աղջիկը, ով սովոր չէ աշխատել, իր ապագա ընտանիքում կլինի ոչ այլ ոք, քան վրդովմունքի ու տհաճության աղբյուր։ Հետևաբար, երեխաների մեջ պետք է սեր, սովորություն դաստիարակել աշխատանքի հանդեպ և դա խայտառակություն չհամարել։ Այստեղ չի կարող տարբերություն լինել հարուստների ու աղքատների միջև, այն ամենը, ինչ երեխաները կարող են ինքնուրույն անել, պետք է ինքնուրույն անեն։ Չի կարելի երեխաներին պաշտպանել ֆիզիկական աշխատանքից, նրանց փոխարեն կատարել իրենց իսկ պարտականությունները։