Բահաուլլայի կյանքը մարդկության հոգևոր պատմության մեջ առանձնանում է որպես ճշմարտության, տոկունության և համաշխարհային միասնության կոչի վեհ օրինակ։ Անթիվ զրկանքների, բանտարկությունների և աքսորի միջով անցնելով՝ Նա մարդկությանը փոխանցեց նոր դարաշրջանի պատգամը՝ հիմնված սիրո, արդարության և բոլոր ժողովուրդների եղբայրության վրա։ Այս պատմությունը ներկայացնում է Բահաուլլայի կյանքի դժվարին, բայց լուսավոր ուղին և այն ուժը, որով Նրա հայտնությունը շարունակեց տարածվել՝ հաղթահարելով ամեն խոչընդոտ։
Մի անգամ Պարսկաստանի ուլեմները որոշեցին մի իմաստունի՝ Մուլլա Հասան Ամու անունով, հանձնարարականով ուղարկել Բահաուլլայի մոտ։ Այդ մարդը հայտնվեց Սուրբ Ներկայությամբ և ուլեմների անունից ներկայացրեց մի շարք հարցեր, որոնց Բահաուլլան պատասխանեց, որից հետո Հասան Ամուն ասաց․ «Ուլեմներն առանց տատանվելու ընդունում են Բահաուլլայի գիտելիքներն ու բարեգթությունը և համաձայն են այն բանի հետ, որ գիտության մեջ Նա հավասարը չունի։ Անկասկած է նաև այն, որ Նա երբևէ չի սովորել ու այդ գիտելիքները ձեռք չի բերել»։ Բայց դրա հետ մեկտեղ ուլեմները հայտարարում են․ «Մեզ դա քիչ է, մենք չենք կարող ընդունել Նրա առաքելության ճշմարիտությունը՝ հիմնվելով նրա իմաստության ու բարեպաշտության հիման վրա։ Եվ այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք մեզ հրաշք ցույց տալ, որպեսզի բավարարված լինենք և հանգստացնենք մեր սրտերը»։
Բահաուլլան պատասխանեց․ «Չնայած դուք իրավունք չունեք նման բան խնդրել, քանզի Աստված կարող է փորձության ենթարկել Իր արարածներին, բայց նրանք չեն կարող փորձության ենթարկել Աստծուն։ Աստծո գործը թատերական ներկայացում չէ, որը կարելի կլինի խաղալ ցանկացած ժամանակ և որում հնարավոր կլինի փոփոխություններ մտցնել մարդկանց ցանկությամբ, սակայն Ես կկատարեմ ձեր պահանջները։
Ուլեմները պետք է հավաքվեն և ընդհանուր համաձայնությամբ մի որևէ հրաշքի անուն տան, և գրավոր հաստատեն, որ այդ հրաշքի հայտնությունից հետո նրանք կդադարեն կասկածել ինձ, և որ բոլորը կընդունեն ու կհաստատեն Իմ Գործի ճշմարիտությունը։ Թող նրանք հաստատեն այդ թուղթն ու Ինձ ուղարկեն։ Եթե հրաշքը կատարվի, նրանք կասկած չեն ունենա, իսկ եթե ոչ, Մենք ստախոսներ կհամարվենք»։ Ուսյալ այր Հասան Ամուն ոտքի ելավ ու պատասխանեց․ «Սրան ոչինչ պետք չէ ավելացնել»,- հետո համբուրեց Օրհնյալի ծունկը, չնայած նրան, որ Նրան հավատացողների շարքին չէր պատկանում և գնաց։
Նա հավաքեց ուլեմներին և նրանց փոխանցեց սուրբ ուղերձը, նրանք խորհրդակցեցին ու հայտարարեցին․ «Այս մարդը կախարդ է։ Իսկ եթե կարողանա կախարդություն անել և այդ ժամանակ մենք չենք կարողանա հերքել դա»։ Եվ նրանք հրաժարվեցին իրենց մտադրությունից։ Բաղդադում Իրանի դեսպանը, անհանգստանալով Բահաուլլայի աճող փառքի պատճառով, գործողություններ ձեռնարկեց քաղաքից Նրա վտարման համար։ Նա հասավ իր նպատակին։ Բաղդադի նահանգապետը, ով խորապես հիանում էր Բահաուլլայով և արդեն անտեսել էր Նրան վտարելու մասին հինգ հրամանագրերը, վեցերորդ անգամ երկմտելով՝ ենթարկվեց և հայտարարեց սուլթանի՝ Բահաուլլային Կոնստանտինոպոլ արտաքսելու մասին հրամանը։ Բաղդադում դա վրդովմունքի պայթյուն առաջացրեց։ Նրա տան շուրջբոլորը հավաքվել էին հարյուրավոր մարդիկ, ովքեր լաց էին լինում ու վշտանում Նրա արտաքսման համար։ Այնքան մարդ էր հավաքվել, որ Բահաուլլան ստիպված էր տեղափոխվել գետի մյուս ափին գտնվող այգին։
Այդ այգում, որը հետագայում ստացավ Ռիզվան (Դրախտ) անունը, Բահաուլլան անցկացրեց 12 օր՝ 1863թ-ի ապրիլի 21-ից մինչև 1863թ-ի մայիսի 2-ը։ Այդ օրերը բահայիների համար տոն են, քանզի Ռիզվանի այգում Բահաուլլան առաջին անգամ հայտարարեց բոլորին այն մասին, որ Նա Նա է, Ում մասին հայտարարել էր Բաբը։ Երջանկությունն ու հրճվանքը համակեց հավատացյալներին։
«․․․Հիրավի, եկել է այն Օրը, երբ մարդկությունը կարող է տեսնել Ավետյացի Դեմքը և ականջալուր լինել Նրա Ձայնին։ Աստվածային Կանչը տարածվել է աշխարհի վրա և Նրա Դեմքի լույսը փայլատակել է մարդկության հայացքներում։ Այժմ մարդկանցից յուրաքանչյուրին հարկավոր է իրենց սրտերի հուշատախտակից ջնջել դատարկախոսության չնչին հետքն անգամ և տեսնել սեփական՝ մաքուր ու անաչառ մտքով Նրա Հայտնության նշանները, Նրա առաքելության ապացույցները, Նրա Փառքի նշանները։
Բահաուլլայի հետևորդներից մեկը պատմում էր, որ ամեն օր՝ արևածագից առաջ, այգեպանները թփերից վարդեր էին կտրում, որոնք աճում էին այգու չորս ճանապարհների երկայնքով, բերում ու դնում էին օրհնյալ վրանի կենտրոնում՝ գետնին։ Եվ վարդերի կույտերն այնքան ահռելի էին, որ երբ Նրա ուղեկիցները հավաքվում էին առավոտյան թեյի համար, ծաղիկների վրայով նրանք չէին տեսնում մեկը մյուսին։ Իր ձեռքով Բահաուլլան այդ վարդերը բաժանում էր նրանց, ում Նա ամեն առավոտ ուղարկում էր քաղաք, որպեսզի ծաղինկները հանձնեն արաբ ու պարսիկ ընկերներին․․․ Մարդկանց ամբոխները հոսում էին դեպի Նա՝ հրաժեշտ տալու և Նրա առջև խոնարհվելու համար։ Բաղդադի ազնվականներն ու նահանգապետը եկել էին՝ Նրան իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար։
Ամեն անգամ, երբ Բահաուլլան և Բահայի համայնքը նոր վայր էր տեղափոխվում, բնակիչները նրանց թշնամաբար էին դիմավորում, և ամեն անգամ աստիճանաբար նրանք դառնում էին ամենաազդեցիկ ու հարգված մարդիկ։ Ինչով էլ որ իրենց կյանքի ապրուստը վաստակեին համայնքի անդամները, աստիճանաբար նրանց գործունեությունը ծաղկում էր և հիացմունքի էին արժանում բահայիների առատաձեռնությունն ու բարձր բարոյական արժեքները։
Եվ ամեն անգամ կառավարությունը նրանց մի նոր վայր էր արտաքսում՝ կարծելով, որ այդկերպ Բահաուլլայի հավատը կկասեցվի և Նրա Ճշմարտության լույսը կմարի։
Սակայն արդյունքը ճիշտ հակառակն էր։ Հավատը սկսեց տարածվել և նրա տված կայծը բոցկլտոցի վերածվեց։ Սկզբում այն տարածվեց միայն Իրանի տարածքում, բայց Բահաուլլայի արտաքսումը նպաստեց նրա տարածմանը նաև այլ երկրներում։ Այդ ժամանակ նրա թշնամիները սկսեցին ասել․ «Բաղդադը Իրանից բավականաչափ հեռու չէ։ Հարկավոր է Նրան ավելի հեռու վայր արտաքսել»։ Ահա թե ինչու կառավարությունը որոշեց Բահաուլլային ուղարկել Կոստանդնուպոլիս: Եվ կրկին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա չբերեց Հավատի թուլացմանը: Եվ կրկին թշնամիներն ասացին. Կոնստանտինոպոլիսը մի վայր, որտեղ խաչվում են տարբեր ժողովուրդների ու ցեղերի ուղիները։ Այնտեղ շատ պարսիկներ են լինում։ Այս միտումներից ելնելով՝ հաջորդ արտաքսման վայրը դարձավ Ադրիանապոլիսը։ Բայց և այնտեղ կրակը շարունակեց բոցկլտալ։ Եվ այդ ժամանակ հակառակորդները հայտարարեցին․ «Այս վայրերից և ոչ մեկը չկարողացավ դիմադրել Նրա ազդեցությանը։ Հարկավոր է Նրան ուղարկել մի այնպիսի վայր, որտեղ Նա անօգնական կդառնա և Նրա ընտանիքն ու հետևորդները կկոտրվեն ահարկու սարսափների առջև»։ Եվ ընտրությունը կանգ առավ Աքքայում գտնվող բանտի վրա, որտեղ բանտարկված էին մարդասպանները, գողերն ու ավազակները։
Աքքա քաղաքը գտնվում էր Օսմանյան կայսրության ծայրամասում, և կիրառվում էր որպես բանտարկության վայր։ Կայսրության բոլոր անկյուններից այնտեղ էին ուղարկում ամենասարսափելի հանցագործներին։ Աքքայի և՛ ջուրը, և՛ անգամ օդը շատ կեղտոտ էին, տարածքն աղտոտված էր հիվանդություններով ու տարատեսակ միջատներով։ Աքքայի մասին ասում էին, որ եթե թռչունն անգամ նրա վրայով անցնի, մեռած կընկնի ցած։
Երկար, ծովային ճանապարհից տանջված տեղ հասնելով՝ նրանք թշնամաբար ընդունվեցին բնակիչների ամբոխի կողմից, ում ասել էին, որ բահայինները սարսափելի հանցագործներ են։ Ամբոխը նրանց վրա քարեր էր նետում, թքում ու հայհոյանքներ գոռում։
Մզկիթի աստիճաններից կարդացին Բահաուլլայի և Նրա ընկերակիցների ցմահ վտարման հրամանը։ Բնակիչներին արգելված է նրանց հետ որևէ կոնտակտի մեջ մտնել։ Բանտարկության ռեժիմը չափազանց խիստ էր և բահայիներն անգամ զրկված էին իրար հանդիպելու հնարավորությունից: Իսկ անձամբ Բահաուլլային փակեցին մի կեղտոտ, անձրևների ու քամու համար բաց մի բանտախուց։ Մնացածին տեղավորեցին հարևան մի քանի խցերում։ Առաջին գիշերը նրանց չտվեցին ո՛չ ուտելիք, ո՛չ ջուր։ Երկուսից բացի մնացած բոլորը հիվանդացան դիզենտերիայով, երեքը մահացան։
Իրանի և այլ երկրների բահայիները չգիտեին, թե որտեղ է Բահաուլլան, և արդյոք Նա ողջ է, քանի որ աքսորի վայրը գաղտնի էր պահվում։ Սակայն երբ Նրա մասին լուրը հասավ նրանց, նրանք ճանապարհվեցին դեպի Աքքա։ Սկզբում նրանք չէին կարողանում քաղաք մտնել և ժամերով կանգնում էին քաղաքի դարպասների առջև՝ հուսալով գոնե մի ակնթարթ տեսնել Նրան բանտախցի պատուհանից։ Ոմանք իրենց հետ բույսեր էին բերել։ Անապատով ճանապարհվելու ժամանակ հրաժարվելով ջրից՝ նրանք իրենց հետ բերում էին այն ու ջրում այդ բույսերը։ Այդպես ստեղծվեց Աքքայի քաղաքային պատի երկայնքով ընկած այգին։
Քիչ-քիչ Աքքայում տեղի ունեցավ այն, ինչ նախկինում եղել էր Բաղդադում, Կոստանդնուպոլսում, Ադրիանապոսում։ Բանտապանն ու քաղաքի կառավարությունը սկսեցին գիտակցել Բահաուլլայի անմեղությունը, Նրա մեծությունն ու Նրա անձի յուրահատկությունը։ Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի տղան, ձեռք բերեց քաղաքացիների համընդհանուր սերն ու հարգանքը։ Բանտապանը սկսեց Աբդուլ-Բահայի մոտ ուսման ու դաստիարակման ուղարկել իր որդուն, իսկ նահանգապետը հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգնել դատապարտվածներին։ Ի պատասխան՝ Բահաուլլան խնդրեց վերանորոգել քաղաքի ջրատարը։
Բահաուլլան շատ էր տանջվում առանց բնության։ «Ես արդեն ինը տարի է բուսականություն չեմ տեսել։ Բնության սիրտը հոգու աշխարհն է, մինչդեռ քաղաքը մարմնական կյանքի»։ Իններորդ տարում սուլթանի հրամանը փաստացի անտեսվում էր բանտային ղեկավարության ու քաղաքի կառավարության կողմից, և Աբդուլ-Բահան ընտանիքի համար քաղաքից դուրս վարձեց սկզբում ոչ մեծ մի տուն, իսկ հետո՝ մի գեղեցիկ ագարակ Բահջիում՝ Աքքայից ոչ հեռու գտնվով ոչ մեծ մի վայրում։
Չնայած պաշտոնապես Բահաուլլան բանտարկյալ էր համարվում, ոչ ոք չխոչնդոտեց նրանց Բահջի տեղափոխվելուն։ Նա Աքքայում այնպիսի ազդեցություն ու հեղինակություն ուներ, որ մեկ անգամ չէ, որ նահանգապետը Նրան խնդրել է այցելել իրեն։ Եվ երբ խնդրանքը բավարարվել է, նա այնքան ապշած էր Օրհնյալ Գեղեցկության տեսքով, որ ողջ այցի ընթացքում շփոթությամբ ու ակնածանքով կանգնած մնաց շեմին։
Բահաուլլան ու Նրա ընտանիքը ապրում էին հասարակ ու համեստ։ Օրհնյալ Գեղեցկությունը ողջ օրերն ու անգամ շաբաթներ էր անցկացնում այգում՝ աղոթքի ու մտորումների մեջ, Սուրբ գրքեր ու գրվածքներ գրելով։
Պրոֆեսոր Էդվարդ Բրաունը, ով Քեմբրիջի համալսարանի հայտնի արևելագետներից էր, 1890թ-ին Բահաուլլային Բահջի այցի գնաց։ Ահա թե ինչ է գրել նա իր այցի մասին․ «Դեմքը, որ ես տեսա, անհնար է մոռանալ և չափազանց բարդ է նկարագրել։ Այդ խորաթափանց աչքերը, թվում էր՝ թափանցում էին մինչև հոգու խորքը․ Զորությունն ու հեղինակություննը արտացոլվում էին լայն ճակատին։ Խորը կնճիռները, որը պատել էր երեսը, մատնում էին տարիքը, որը հակասում էր ձյութի պես սև մազերի ու մորուքի հետ, որն անասելի շքեղությամբ իջնում էր գրեթե մինչև գոտին։
Պետք չէր անգամ հարցնել, թե ում ներկայությամբ եմ ես գտնվում։ Ես խոնարհվեցի Նրան, ով հանդիսանում էր սիրո ու պաշտանքի առարկա, ում կարող էին նախանձել թագավորներն ու ում անհույս հայացքով կարող էին նայել կայսրերը։
Քնքուշ, հպարտությամբ լի ձայնով Նա ինձ առաջարկեց նստել և այնուհետև ասաց․ «Փառք Աստծո, որ հասար այստեղ․․․ Դու եկել ես այցելելու բանտարկյալին ու աքսորյալին․․․ Մենք աշխարհին միայն բարին ենք կամենում և ժողովուրդներին միայն երջանկություն։ Չնայած մեզ անվանում են հանգստության խռովարարներ, անկարգությունների հրահրողներ, ովքեր արժանի են կապանքների ու աքսորի։
Նրանում, որ բոլոր ժողովուրդները գան մեկ ընդհանուր հավատի և որ բոլոր մարդիկ եղբայրներ դառնան, նրանում, որ մարդկության զավակների միջև սիրո և միասնության կապերը ամրանա, իսկ կրոնական բաժանումները վերանան, որտե՞ղ է այստեղ վտանգը․․․։
Բայց այդպես էլ կլինի, այս բոլոր անպտուղ վեճերն ու ավերիչ պատերազմները անցյալում կմնան, վրա կհասնի «մեծագույն խաղաղությունը»։ Դա չէ՞ արդյոք պետք ձեզ Եվրոպայում։ Դա չէ՞ արդյոք կանխատեսել Քրիստոսը։ Սակայն մենք տեսնում ենք, որ մեր արքաներն ու կառավարիչները առատությամբ իրենց հարստությունը վատնում են մարդկային ռասսայի ոչնչացման վրա, քան նրա, ինչը երջանկություն կբերեր։ Այս պատերազմները, արյունահեղությունները, վիճաբանությունները կավարտվեն և բոլոր մարդիկ կդառնան ինչպես մեկ մարդկային ընտանիք․․․
Թող չհպարտանա նա, ով սիրում է իր հայրենիքը, թող փառավորվի նա, ով սիրում է ողջ մարդկային ցեղը»։
Այսպես հանգիստ ու հասարակ անցկացրեց Օրհնյալ Գեղեցկությունն Իր կյանքի մայրամուտը՝ մինչև 1892 թ-ի մայիսի 28-ը, երբ Նա գնաց դեպի հավերժություն 75 տարեկան հասակում։ Նրա կողմից թողված վերջին հուշատախտակների մեջ հայտնվում է Նրա Կամքն ու Կտակը, որը գրվել ու կնքվել է Նրա սեփական ձեռքով։
Այս կտակով Աբդուլ-Բահան նշանակվեց Իր Հոր իրավահաջորդ և Նրա ուսմունքի մեկնաբան:
«Նայիր նախկին սերունդներին։ Վկա եղիր, թե ինչպես ամեն անգամ, երբ Աստծո ողորմածության Ցերեկային Լամպն Իր Հայտնության լույսն էր թափում աշխարհի վրա, մարդիկ ելնում էին Նրա դեմ և հերքում Ճշմարտությունը։ Նրանք, ովքեր համարվում էին ժողովրդի առաջնորդներ, անփոփոխ կերպով ձգտում էին իրենց հետևորդներին հեռու պահել Նրանից, Ով Աստվածային անսահման առատաձեռնության Օվկիանոսն էր»։
Բահաուլլայի անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է Լույս, Գեղեցկություն։ Դա է պատճառը, որ Նրան հաճախ անվանում են Օրհնյալ Գեղեցկություն։