Նորածին երեխան չափազանց հեռու է կատարելությունից։ Դա ոչ միայն անօգնականություն է, այլ իսկապես անկատարություն և անգամ չարի հանդեպ բնական հակում։ Նրան հարկավոր է դաստիարակել, ներդաշնակեցնել, բնական հակումներն ուղղորդել և եթե անհրաժեշտ է, ձևավորել այնպես, որպեսզի ապահովվի նրա ֆիզիկական և բարոյական առողջությունը։
Փոքր երեխաներն իրենց շատ գործողություններ փորձում են գաղտնի կատարել։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց արարքները թաքցնեն մորից և դրանք հանգիստ ավարտին հասցնեն։ Մինչ երեխաների վրա ազդեցություն ունենալը, մանկավարժը պետք է հասկանա այդ պահվածքի պատճառը, ինչը նրան կօգնի ավելի լավ կատարել իր գործը։
Հեղինակի կարծիքով երեխաների գաղտնի արարքները կարող են բացատրվել նրանով, որ բնական բնազդները ստիպում են փոքրիկ երեխաներին ինտենսիվորեն ու ագահաբար ձգտել նրան, ինչն իրենց հետաքրքիր է, ինչը հաճույք է պատճառում և գրգռում է հետաքրքրությունը։ Հաճախ նրանք չեն կարողանում դիմակայել ինչ-որ բան վերցնելու, գտնելու, ստանալու իմպուլսին, օգտագործում են ցանկացած միջոց, որը կիրառելի է նպատակին հասնելու համար, և այդկերպ անտեսում են մեծերի կողմից հաստատված պահանջներն ու արգելքները։
Փոքր երեխան նայում է մրգերով ափսեին։ Նրանց հոտը, գույնը և համը գայթակղում են նրան։ Բնազդն անմիջապես տարբերակներ ու գործողությունների հերթականություն է հուշում։ Ներքին ձայնն ասում է․ «Վերցրու այս գեղեցիկ, կարմիր, հյութալի խնձորը»։
Նա մեկնում է ձեռքը, բայց մայրն անմիջապես հուշում է․ «ձեռք մի տուր, խնդրում եմ, սեղանը հյուրերի համար է գցված, ոչինչ չվերցնես»։
Երեխան հայտնվում է երկու կոնֆլիկտային խնդիրների միջև․ մի կողմից ախորժակը գրգռում է, իսկ մյուս կողմից նա վախենում է պատժից։ Ներքին պայքարը հաճախ ավարտվում է նրանով, որ ցանկությունը իշխում է մայրական զգուշացումներին։ Կարելի է ասել, որ «Չարքը գայթակղում է նրան»․ «Որդիս, դու այնպես ես ուզում փորձել այդ մրգերը, այդ գեղեցիկ խնձորները, հյութալի կեռասները, ախորժալի ծիրանները, բայց դու վախենում ես հետևանքից։ Լավ կլիներ դրանք թաքուն վերցնել, երբ մայրդ չի նայում քեզ, և այդ ժամանակ նա ոչինչ չի իմանա»։ Որոշումը կայացված է և երեխան փորձում է «հիմարեցնել» մորը։ Նա մոտենում է խանութից բերված մրգերի ափսեին, ընտրում է իրեն ամենադուրեկանը։ Հետո վերադառնում է մոր մոտ և իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նրա զգուշացումներն հասել են իրենց արդյունքին։ Մայրը բավարարված է տղայի պահվածքով, նրա «հնազանդությամբ»։
Սակայն հետո, երբ նա մոտենում է ափսեին, նա նկատում է, որ դրանք քչացել են, և նրա կասկածներն ընկնում են աման լվացողի կամ տան աշխատողի վրա։ «Հեզ ու անմեղ» երեխան, մի հանգիստ անկյունից հետևում է ընտանեկան կոնֆլիկտին, չի խոստովանում իր արարքը և համոզում է ինքն իրեն, որ անմեղ է։ «Ես միրգ էի ուզում ու ես կերա։ Եթե մայրս գերադասում է օտար մարդկանց ու հյուրերին ինձնից՝ իր երեխայից, նրանց համար է պահում մրգերը, ուրեմն ինքն է վատ բան անում»։
Ամեն օր երեխան բախվում է իր ուշադրությունը գրավող տարատեսակ իրերի ու իրադարձությունների հետ, փորձում է ներթափանցել նրանց գաղտնիքների մեջ։ Քայլ առ քայլ նա կատարում է փոքրիկ բացահայտումներ՝ հարստացնելով իր գիտելիքների պաշարը։ Երեխան հետաքրքրվել է պատի ժամացույցով, որոնք հավասար ընդմիջումներով երաժշտական գործիքների պես երաժշտություն են նվագում։ Հետաքրքրասիրությունը նրան դրդում է գլուխ հանել այդ տարօրինակ բանից, չնայած նրան արգելված է ժամացույցին ձեռք տալ։ Ընտանքի մեծ անդամների բացակայությունը նրան հնարավորություն է տալիս իրագործել իր մտահղացումը։ Նա գնում է դեպի ժամացույցը, բարձրանում աթոռին և այն տեղից շարժում։ Եվ միայն երկինքը գիտի երեխայի ցանկության մասին, ու այն մասին, թե ինչ է տեղի ունենում ժամացույցի հետ հետո։
Եթե կարճ ձևակերպենք, ապա երեխաների գաղտնի պահվածքի հիմքում ընկած կարևոր պատճառը հանդիսանում է հաճույքի պահանջը։ Մենք մանրամանսորեն կանգ չենք առնի մեծահասակների մոտ այս պահվածքի ուսումնասիրության վրա, քանի որ դրա հիմքում ընկած է միևնույն մոտիվացիան։ Համանման իրավիճակներում մեծերը նմանվում են երեխաներին, և ինչպես և երեխաները, հակված են խախտել բարոյական նորմերը, կրոնական կանոններն ու հրահանգները՝ իրենց կարիքները բավարարելու (կամ հաճույք ստանալու) համար։
Մեզ թույլ ենք տալիս տալ մի քանի խորհուրդներ, որոնք կարող են օգուտ բերել երեխաների գաղտնի պահվածքը կանխելու գործում։
1․ Մայրը, հաշվի առնելով ընտանիքի ֆինանսական վիճակը, պետք է երեխային ապահովի ամբողջական սնունդով, սովորեցնի հիգիենայի և կյանքի առողջ ապրելակերպի։ Այլ խոսքերով ասած, անհրաժեշտ է, որպեսզի երեխան, Աստծո կողմից տրված իրավունքներին համապատասխան ստանա իր բաժինն այն ամենից, ինչ գնվում և տուն է բերվում, լինի դա ուտելիք, թե հագուստ։
Ոչինչ չի կարելի թաքցնել կամ պահել, քանի որ մոր կողմից յուրաքանչյուր գաղտնի գործողություն հանգեցնում է երեխայի կողմից գաղտնի գործողության։ Գաղտնապահությունը չափազանց վարակիչ է․ այն փոխանցվում է մեծերից երեխաներին։ Երբ մայրն, օրինակ տուն միրգ է բերում, ապա նա պետք է երեխային իր բաժինը տա։ Նա պետք է վստահ լինի, որ ստացել է իր բաժինը, իսկ այն ինչ մնացել է՝ ուրիշների համար է։ Խորհուրդ ենք տալիս հրաժարվել երեխաներից քաղցրավենիքը թաքցնելու և այն բանալիով փակելու սովորությունից։ Սակայն մայրերը պետք է հետևեն երեխային, զգուշությամբ ու խոհեմաբար ուղղեն նրան, եթե նա չի կարողանում դիմակայել գայթակղությանն ու խախտում է արգելքը։
Ենթադրենք երեխան պահարանից վերցնում է թխվածք, բլիթ, կոնֆետներ։ Մոր արձագանքը չպետք է կոպիտ և խիստ լինի։ Որպես առաջին քայլ անհրաժեշտ է հանգստություն, իսկ ավելի ուշ, ճիշտ ժամանակ ընտրելով, կարելի է հիշեցնել նրան դրա մասին ու նկատողություն անել։ Մի հին արաբ մտածող ասել է․ «Ինչ էլ, որտեղ էլ որ արգելվի, անհնար է թաքցնել մարդկային ցանկությունը»։ Որքան շուտ երեխան հայտնաբերի, որ իր նկատմամբ ոչ մի անարդարություն չի պլանավորվում, պահարանը շարունակում է բաց մնալ և միրգ ու կոնֆետ վերցնելու նրա ցանկությանը ոչ մի խիստ սահմանափակումներ չեն դրվում, ապա աստիճանաբար «նրա աչքերն այնքան կուշտ կլինեն, որքան փորը» և նա կսովորի ենթարկվել օրենքներին, դիմակայել փորձություններին, իրեն հետ պահել գայթակղություններից։
2․ Երեխաների հետաքրքրասիրությունը բավարարելու համար պետք է բարձրացնել նրանց տեղեկացվածության աստիճանն այն բարդ հարցերում, որոնցում այդ հետաքրքրասիրությունն առաջանում է։ Օրինակ, ծնողները կարող են երեխայի համար էժան ժամացույց գնել, և, եթե նա ցանկանա, մաս-մաս անել այն նրա հետ միասին, կամ դրանք հանձնել նրան, որպեսզի նա ինքը կարողանա ուսումնասիրել, թե դրանք ինչպես են աշխատում։ Այդպիսով, երեխայի հետաքրքրությունը քիչ-քիչ կնվազի, և ծնողները կօգնեն երեխային ամրապնդել պատահաբար առաջացած օգտակար հետաքրքրասիրությունը, որը թվում էր վայրկենական ու անցողիկ։
Մեր կողմից դիտարկված օրինակներն ու դաստիարակչական մեթոդները ծնողներին առաջարկվում են միայն որպես հասարակ և ակնառու խորհուրդներ։ Ծնողներն իրենք պետք է փորձեն փնտրել իրենց երեխայի գաղտնի պահվածքը կանխելու ուղիներ՝ գիտակցված կերպով, ողջախոհությամբ և կուտակած փորձին համապատասխան։