Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ե՞րբ չի կարելի երեխային թողնել իր արարքի հետևանքների հետ
Հոդվածներ

Ե՞րբ չի կարելի երեխային թողնել իր արարքի հետևանքների հետ

Անխուսափելի հետևանքների գաղափարը գրավիչ է․ երեխային անընդհատ պատժելու կամ վերահսկելու փոխարեն թույլ ենք տալիս սեփական փորձով հասկանալ իր ընտրության արդյունքը։ Մոռացե՞լ է մի իր, պետք է փորձի առանց դրա լուծում գտնել։ Գրպանի գումարը ծախսե՞լ է, հաջորդ գնումը պետք է հետաձգի։ Նման փոքր փորձերը կարող են օգնել զարգացնելու պատասխանատվություն, կազմակերպվածություն և խնդիրներ լուծելու կարողություն։ Սակայն այս մոտեցումը կիրառելի չէ ամեն իրավիճակում։ Կան դեպքեր, երբ մեծահասակի պարտականությունը միջամտելն է։ Ահա նման մի քանի դեպք.

 

1. Երբ վտանգված է երեխայի անվտանգությունը

 

Երեխային չենք թողնում մեքենաների ճանապարհին խաղալ, որպեսզի սեփական փորձով հասկանա վտանգը։ Չենք սպասում, որ այրվի կամ վտանգավոր բարձրությունից ընկնի՝ «դաս քաղելու» համար։ Այսպիսի իրավիճակներում նախ պետք է ապահովել նրա անվտանգությունը։ Մեծահասակի գործն է կանգնեցնել վտանգավոր գործողությունը, վերահսկել և աստիճանաբար սովորեցնել։

 

Եթե փոքր երեխային պատժելուց հետո էլ պատրաստ չենք նրան առանց հսկողության փողոց թողնել, խնդիրը պատժի խստությունը չէ։ Երեխան դեռ պատրաստ չէ այդ պատասխանատվությանը։ Պատժով չենք կարող արագ զարգացնել այն հմտությունները, որոնց համար ժամանակ ու փորձ է անհրաժեշտ։ Փոխարենը կարելի է ամեն անգամ միասին փողոց անցնելիս հարցնել․ «Հիմա մեքենան հեռո՞ւ է, թե՞ մոտ», «Քո կարծիքով՝ հիմա անվտանգ է անցնե՞լ»։ Այսպես նա սովորում է նկատել վտանգն ու գնահատել իրավիճակը։ Մինչ այդ հմտությունները բավարար չափով զարգանան, մեծահասակը շարունակում է պատասխանատու լինել նրա անվտանգության համար՝ միաժամանակ սովորեցնելով և վերահսկելով։

 

2. Երբ երեխայի վարքը կարող է վնասել ուրիշներին

 

Եթե երեխան քար է նետում մեկ ուրիշի վրա, չենք կարող ասել․ «Թող տեսնի՝ ինչ կլինի»։ Պետք է անմիջապես միջամտել։ Նույնը վերաբերում է ուրիշի իրերը վնասելուն, մարդկանց ֆիզիկապես վտանգելուն կամ նրանց հիմնական իրավունքները խախտելուն։ Երեխայի ազատ ընտրությունը չի ներառում ուրիշներին վնասելու ազատություն։ Հատկապես փոքր երեխաները միշտ չէ, որ կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքը։ Նրանց անհրաժեշտ են բացատրություն, հստակ սահմաններ և մեծահասակի ներկայություն, որպեսզի իրենց սովորելու ընթացքում ուրիշները չտուժեն։

 

3. Երբ պատասխանատվությունը չի համապատասխանում երեխայի կարողություններին

 

Նույն տարիքի երեխաները կարող են տարբեր չափով պատրաստ լինել ինքնուրույն գործելու։ Կարևոր են զարգացման մակարդակը, նախկին փորձը և այն, թե արդյոք երեխային սովորեցրել ենք անհրաժեշտ հմտությունը։ Եթե նա երբեք ինքնուրույն չի պատրաստել դպրոցական պայուսակը, դժվար է մի օր հայտարարել․ «Այսուհետ քո պատասխանատվությունն է», իսկ հետո պատժել ինչ-որ բան մոռանալու համար։ Նախ պետք է հնարավորություն տալ սովորելու՝ մեր աջակցությամբ։

 

Պատասխանատվությունը կարելի է փոխանցել աստիճանաբար․ սկզբում գործն անում ենք միասին, հետո երեխան նախաձեռնում է, իսկ մենք փոքր աջակցություն ենք տալիս, և վերջապես նա գործում է ինքնուրույն։ Նպատակն է այնքան օգնություն տրամադրել, որքան անհրաժեշտ է հմտությունը սովորելու համար, ապա աստիճանաբար նվազեցնել այն։ Մեկ այլ երեխայի հաջողությունը դեռ չի նշանակում, որ մեր երեխան արդեն նույն պատրաստվածությունն ունի։

 

4. Երբ անխուսաթելի հետևանքը երեխայի համար խնդիր չէ կամ չափազանց հեռավոր է

 

Ծնողը կարող է չմիջամտել սենյակի խառնաշփոթին՝ մտածելով, որ երեխան մի օր կհոգնի դրանից։ Բայց եթե խառնաշփոթը նրան չի անհանգստացնում, այդ փորձը չի սովորեցնում այն, ինչ ակնկալում է ծնողը։ Երեխան իր համար հասկանալի անհարմարություն չի զգում։ Նույնպես որոշ հետևանքներ այնքան հեռավոր են, որ նա դեռ չի կապում դրանք այսօրվա ընտրության հետ։

 

Ատամները խնամելը, անձնական հիգիենային հետևելը կամ տնային աշխատանքը կատարելը չենք կարող թողնել միայն ապագա հետևանքները զգալու հույսին։ Այս դեպքերում անհրաժեշտ են ուսուցում, ընտանեկան կանոններ, սահմաններ և ընտրության հնարավորություն։ Երբեմն պետք է նաև միասին լուծում փնտրել։ Մեծահասակի մասնակցությունն օգնում է երեխային հասկանալ պահանջը և սովորել այն կատարելու համար անհրաժեշտ քայլերը։

 

Իսկ ե՞րբ է անխուսափելի հետևանքը տեղին

 

Այս մոտեցումը տեղին է, երբ երեխան անվտանգ է, ուրիշները չեն տուժում նրանից, նա պատրաստ է տվյալ պատասխանատվությանը, և հետևանքը նրա համար իրական ու հասկանալի է։ Այս պայմանները պետք է դիտարկել միասին։

 

Օրինակ՝ դպրոցականը մոռացել է մի իր, առանց որի այդ օրը կարող է լուծում գտնել։ Կամ ամբողջ գրպանի գումարը ծախսել է և պետք է սպասի հաջորդ գումարին։ Նման իրավիճակներում փոքր անհարմարությունը կարող է սովորելու հնարավորություն դառնալ։ Երեխան տեսնում է իր ընտրության արդյունքը և մտածում՝ հաջորդ անգամ ինչպես վարվել։

 

Ծնողի համար երբեմն դժվար է որոշել՝ երբ միջամտել և երբ հետ կանգնել։ Օգնում է մի պարզ տարբերակում․ պետք է երեխային պաշտպանել այն վտանգներից, որոնց պատասխանատվությունը նա դեռ չի կարող կրել։ Միաժամանակ յուրաքանչյուր փոքր հիասթափություն կամ անհարմարություն հեռացնելու անհրաժեշտություն չկա։

 

Անվտանգ պայմաններում սխալվելը, խնդրի հանդիպելն ու լուծում փնտրելը կարող են օգնել երեխային վստահելու սեփական ուժերին։ Նա աստիճանաբար հասկանում է․ «Ես կարող եմ սխալվել և մտածել՝ ինչպես լուծել խնդիրը»։ Մեր դերն է նկատել նրա իրական պատրաստվածությունը, տալ անհրաժեշտ աջակցությունը և ինքնուրույնության համար տեղ բացել այնքանով, որքանով նա արդեն կարող է այդ պատասխանատվությունը ստանձնել։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ