Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բուդդայի վերադարձը և ուսմունքի լույսը
Հոդվածներ

Բուդդայի վերադարձը և ուսմունքի լույսը

Բուդդայի կյանքի փուլը, որը պատրաստվում ենք ներկայացնել այս հոդվածում, առանձնանում է որպես ներքին հաղթանակի և հոգևոր հասունության խորհրդանիշ։ Տուն վերադառնալով՝ նա ոչ միայն վերամիավորվում է իր ընտանիքի հետ, այլ նաև կիսվում է այն ճշմարտություններով, որոնք գտել էր իր որոնումների ճանապարհին։ Այս պատմությունը բացահայտում է սիրո, ներողամտության և հոգևոր ժառանգության ուժը, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ մարդու լուսավորումը փոխել ողջ աշխարհը։ 

 

Բուդդայի Նոր Կրոնի մասին լուրը շատ արագ տարածվեց Հնդկաստանի ողջ տարածքով։ Վերջապես այն հասավ Բուդդայի ծեր Ռաջա հորը։ Ծեր թագավորը երազում էր կրկին տեսնել իր տղային, չնայած որ բարկացած էր նրա վրա անհնազանդության համար։ Չէ՞ որ Բուդդան, նրա կարծիքով, կարող էր դառնալ Մեծագույն Կայսր։

 

Որոշ ժամանակ անց ծեր Ռաջան սուրհանդակի հետ նամակ ուղարկեց Բուդդային․ «Ով, օրհնյալ Բուդդա, քո հայրը փափագում է հանդիպել քեզ հետ, ինչպես շուշանն է արևածագ փափագում»։

 

Բուդդան՝ ուրախանալով հոր նմանակից, այսպես պատասխանեց նրան․ «Արքայազնը, որը մի օր լքել էր իր տունը, որպեսզի Ճշմարտություն ու Լուսավորում գտնի, վերադառնում է՝ իր նվիրական նպատակն իրագործած»։ Այնուհետեև Բուդդան իր աշակերտներից ոմանց հետ ճամփա ընկավ դեպի հարազատ քաղաք։

 

Հենց ծեր հայրը տեսավ տղային, միանգամից ներեց նրան՝ այնքան մեծ էր Բուդդայի դեմքին փայլող երջանկությունը։ Ծեր Ռաջան միանգամից հասկացավ, որ իր տղայի ուսմունքը երջանկության ու ուրախության իրական աղբյուր է բազում մարդկանց համար։ Եվ Բուդդայի կյանքը նրան վեհ ու օրհնյալ թվաց։

 

Հոր հետ հանդիպումից հետո Բուդդան գնաց իր կնոջ՝ Յաշոդհարայի մոտ։ Եվ անասելի զարմացավ՝ իմանալով, որ իր երկար բացակայության ընթացքում նա ամբողջովին հրաժարվել էր շքեղ կյանքից և վարում էր համեստ, հասարակ կյանք՝ շատ ժամանակ տրամադրելով աղոթքին ու խորհրդածությանը։ Նա, ինչպես և Բուդդան, լուսավորյալ էր դարձել։ Եվ Բուդդան նայելով իր կնոջը երջանկություն էր զգում։

 

Մի առավոտ (Բուդդայի վերադարձից անցել էր ընդամենը մի քանի օր) Յաշոդհարան իր որդուն՝ Ռահուլլային հագցրեց լավագույն հագուստը, մոտեցրեց նրան պատուհանին և նրա ուշադրությունը հրավիրեց այգում քայլող Բուդդայի վրա․ «Նայի՛ր, Ռահուլլա, այս սուրբ մարդը քո հայրն է։ Նա տիրում է լիության ու բարեկեցության չորս միջոցներին, ես ինքս դեռ չեմ տեսել դրանք։ Բայց դու նրա ժառանգն ես, և ուրեմն գնա նրա մոտ ու խնդրի տալ քեզ»։

 

Եվ Ռահուլլան լուռ վազեց Բուդդայի մոտ։ Բուդդան, լսելով երեխային, ասաց նրան․ «Կա հարստության ու լիության չորս աղբյուր, դրանք ոսկին ու արծաթը չեն, դրանք թանկարժեք հոգևոր ճշմարտություններն են։ Եվ այս աշխարհի ոչ մի հարստություն չի կարող փոխարինել նրանց։ Եվ եթե դու այնքան հասուն ես, որ կարող ես հասկանալ դրանք, ես պատրաստ եմ կիսվել դրանցով քեզ հետ»։ Եվ այդ պահից սկսած Ռահուլլան դարձավ Բուդդայի աշակերտներից մեկը։

 

Շատ տարիների ընթացքում Բուդդան ու նրա աշակերտները շարունակում էին տարածել Աստվածային Ուսմունքները։ Բուդդան ծերացավ, բայց չնայած դրան՝ շարունակեց իր ոգեշունչ քարոզը։

 

Մի անգամ երեկոյան, երբ Բուդդան իր աշակերտների հետ հանգստանում էր ծառի տակ, նրան մոտեցավ մի դարբին ու ուտելիք առաջարկեց, որը նրա ընտանիքը հոգատարությամբ պատրաստել էր Բուդդայի համար։ Բուդդան առանց որևէ բառ արտասանելու սկսեց ուտել։ Բայց իր աշակերտներին արգելեց դիպչել ուտելիքին։ Պարզվեց՝ ուտելիքը թունավորել էին, իսկ դարբինը դրա մասին ոչինչ չգիտեր։

 

Աշակերտները մահամերձ Բուդդային պառկեցրին երկու ծառերի մեջտեղում և մեկը մյուսի ետևից մոտեցան նրան՝ օրհնություն ստանալու։ Իսկ հետո այլ մարդիկ սկսեցին մոտենալ նրան։

 

Անանդան՝ Բուդդայի ամենամտերիմ ու հավատարիմ աշակերտներից մեկը մի կողմ քաշվեց ու սկեց լաց լինել։ Բուդդան ասաց նրան․ «Լաց մի եղիր, Անանդա։ Ես ոչ առաջին Բուդդան եմ, ոչ էլ վերջինը։ Երբ ժամանակը գա, մեկ այլ Բուդդա կհայտնվի։ Նա մարդկանց կսովորեցնի նույն հավիտենական ճշմարտությունները, որոնք ես էի սովորեցնում։ Նա կլինի Մայտրեյի Բուդդան՝ Բուդդա աշխարհի բոլոր ժողովուրդների համար։

 

Բուդդայի մահից երկու հարյուր տարի անց Հնդկաստանի մեծագույն կայսր Ասոկան դարձավ նրա ուսմունքի հետևորդը։ Ասոկան մասնակցեց միայն մեկ պատերազմում, բայց դրա մասին հիշողություններն այն աստիճան էին տանջում նրա սիրտը,  որ նա հրամայեց խորհուրդ հրավիրել, որտեղ որոշում կայացվեց հնարավոր բոլոր միջոցներով խթանել Բուդդայի ուսմունքը ողջ Հնդկաստանի տարածքում։ Կայսեր ջանքերի շնորհիվ նոր կրոնը բազմահազար հետևորդներ ձեռք բերեց։

 

Իսկ հետո բուդդայականությունը սկսեց տարածվել Շրի լանկայում, Չինաստանում և Ճապոնիայում։

 

Ողջ հազարամյակի ընթացքում Հնդկաստանը ծաղկում ապրեց Բուդդայի ուսմունքների ազդեցության շնորհիվ, որոնք դեպի դրականը փոխեցին այդ երկրում ապրող մարդկանց կյանքի բոլոր ասպեկտները։

 

Հիրավի, Բուդդան լույս հանդիսացավ ողջ Ասիայի համար։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ