Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

    Բարոյական դաստիարակության կարևորությունը
Հոդվածներ

    Բարոյական դաստիարակության կարևորությունը

 Մանկավարժները հակված են մտածելու, որ բանավոր խորհուրդները, բարոյականության հիմքերի բացատրությունները երեխաների դաստիարակության մեջ չեն տալիս սպասված արդյունքը, եթե դրանք չեն համակցվում այլ մանկավարժական խորհուրդների հետ։ Սակայն մենք չենք կարող անուշադրության մատնել դաստիարակության այս տեսակը։

 

 Մայրերին և հայրերին հարկավոր է օգտվել բարոյականության զարգացման հիմնական մեթոդից՝ կազմակերպել ընտանիքում պարտադիր և պարբերական զրույցներ։ Ինքնին զրույցները պետք է լավ պլանավորված լիննեն, իսկ քննարկման թեման ամեն անգամ նորը պետք է ընտրվի։ Երեխայի բնավորության կատարելագործման համար անհրաժեշտ բարոյական սկզբունքները ավելի լավ է բացատրել, պատմելով առակներ, կենդանիների մասին պատմություններ, հեքիաթներ, բերելով կյանքից օրինակներ, այս բոլորը գիտելիք են տալիս աշխարհի, պահելաձևի նորմերի մասին, զարգացնում են երեխաների մտածելու ունակություններն ու զգացմունքները։ Վաղ երեկոն երեխաների հետ զրույցի ամենհարմար ժամանակն է, քանի որ նրանք արդեն ազատ են ցերեկվա գործերից, և որպես կանոն, գտնվում են տանը։

 

Անհնար է գերագնահատել մեծերի հետ երեխաների շփումը․ բոլոր ծնողները, յուրաքանչյուրն իր կրթության մակարդակին համապատասխան, ի վիճակի են երեխայի հետ զրույց տանել, քանի որ դա հատուկ գիտելիքներ չի պահանջում։ Ծնողները կարող են երեխաներին միասին հավաքել և մեծագույն սիրով, հատուկ ուշադրություն դարձնելով հասարակության մեջ բարեհաճ վերաբերմունքի ցուցաբերմանը, սովորեցնել նրանց բարոյականության հիմնական սկզբունքները, տալ խորհուրդներ, որոնք նրանց հեռու կպահեն այնպիսի բաներից, որոնք արժանի են պարսավանքի, կկանխեն անցանկալի արարքները և կուղղորդեն բարի գործեր կատարելուն։

 

Ինչպես փորձը ցույց է տալիս, խոսքի ուժով ազդելն օգնում է երեխաների մեջ զարգացնել առողջ բարոյականություն։ Եթե նման քննարկումները պարբերական բնույթ են կրում, ժամանակ առ ժամանակ չեն ընդհատվում և հիմնվում են գիտական սկզբունքների վրա, ապա երեխաները սկսում են գիտակցել բարոյական նորմերը, հետևել ծնողների խորհրդին, և այդ երեկոներն անջնջելի հետք են թողնում նրանց հիշողության մեջ։ Երեխաները կձգտեն ավելի շատ լինել տանը, և նրանց մտքերն ու հոգիները կդառնան ընկալունակ վեհանձն միտումների համար։ Օրինակ, ծնողները, երեխաներին միասին հավաքելով, նրանց իրենց շուրջը նստեցնելով կարող են նրանց պատմել բարոյական պահանջների էության մասին։

 

Դուք գիտեք, որ Աստված է ստեղծել մեզ ու այս աշխարհում ամեն բան Նրա ստեղծածն է։ Նա բարի է բոլորի նկատմամբ, ապաստան է տալիս ու ապահովում ամեն անհրաժեշտ բանով։ Նա միշտ մեզ հետ է։ Ինչ էլ որ անենք, ինչի մասին էլ որ մտածենք, Նա գիտի այդ մասին, քանզի Նրա անուններից մեկն Ամենագետ է։ Աստված մեզ բարին է կամենում և մեզ ուղղորդում է դեպի ճշմարիտ ուղին։ Մենք պետք է հավատանք Նրան, ենթարկվենք Նրա օրենքներին, անենք այն, ինչ Նա պահանջում է մեզնից և չանենք այն, ինչից Նա մեզ ետ է պահում, քանզի մեր երջանկությունը և պատիվը՝ ինչպես այս աշխարհում, այնպես էլ մյուսում, կախված են միայն նրանից, թե ինչպես ենք մենք կատարում Նրա պատվիրանները։

 

Մարգարեներն ասել են, որ մարդը չպետք է վարվի ուրիշների հետ այնպես, ինչպես իրեն դուր չէր գա, որ իր հետ վարվեին։ Ոչ մի բանն այն ամենից, ինչ նա չէր ցանկանա իրեն, չպետք է ցանկանա և ուրիշներին։

 

Դա անվանվում է «կարեկցանք, գթասրտություն», և նշանակում է, որ մենք պետք է մեզ այլ մարդու տեղը դնենք, որպեսզի հասկանանք․ այն, ինչ հաճելի չէ մեզ, հաճելի չէ նաև նրան։

 

Օրինակ, եթե մարդիկ մեր նկատմամբ լավ են վարվում, ապա և մենք պետք է իրենց նկատմամբ նույն կերպ վարվենք և չվիրավորենք նրանց զգացմունքները։ Եթե ձեր դասընկերը ձեզ կոպիտ խոսք է ասել, կամ պատռել է ձեր տետրը, կամ կոտրել գրիչը, դուք իհարկե, դրանից կվիրավորվեք, այնուամենայնիվ, դուք չպետք է նույն կերպ պատասխանեք նրան։ Եթե ձեր ընկերը կարեկցանքի պակասից ելնելով ձեզ վատություն է անում, դուք պետք է նրան բարությամբ պատասխանեք, նրան վերաբերվեք  քաղաքավարությամբ ու ընկերաբար։ Նա ինքը կզղջա, որ վատ է վարվել, կտեսնի, թե որքան սխալ է արել և կդադարի իրեն այդկերպ պահել ինչպես ձեզ հետ, այնպես էլ ուրիշների։

 

Մենք միշտ պետք է նրբանկատ լինենք, չներխուժենք այլ մարդկանց կյանք, չվիրավորենք նրանց պատիվը։ Մենք պետք է սիրենք մարդկանց, նրանց արժանապատվությանը վերաբերվենք նույնքան հոգատարությամբ, որքան մեր սեփականին, քանզի միայն այդժամ մենք կարող ենք լինել մարդկային ցեղի արժանի ներկայացուցիչներ։ Այս հատկանիշներն անվանվում են մարդկային կատարելություններ  և բարոյական առաքինություններ։ Յուրաքանչյուրն, ով չի տիրապետում նման հատկանիշների, երբևէ չի կատարի իր՝ որպես մարդկային արարածի առաքելությունը և կարող է դառնալ անգամ կենդանուց էլ վատը, քանզի կենդանին երբեք չի կատարում այնպիսի արարքներ, որոնք կատարում է բարոյազուրկ մարդը։

 

Մարդկային կատարելություններից մեկը, որն ընկած է յուրաքանչյուր կրոնի հիմքում, ծնողների հանդեպ հարգանքն է։ Այն ներառում է իր մեջ սեր, հնազանդություն, բարություն, ուշադրություն։ Մայրերն ու հայրերը երեխաներին կյանք են տալիս, հանդիպում են շատ դժվարությունների, հանդուրժում են բազում զրկանքներ ու անհարմարություն՝ հանուն իրենց երեխաների երջանկության։ Մանկության, պատանեկության տարիներին և արդեն մեծ լինելով հարկավոր է հարգել ծնողներին, նրանց հանդեպ ուշադրություն ցուցաբերել, փորձել ոչնչով չվիրավորել նրանց սրտերը։

 

Երջանկության և առաջընթացի միայն մեկ ճանապարհ կա այս և մյուս աշխարհում՝ խուսափել վատ գործերից։ Դա նշանակում է, որ այն, ինչ արգելում է Աստված, մենք չպետք է անենք։ Մենք պետք է վարվենք այնպես, ինչպես Նա է մեզնից պահանջում։ Վշտի ու դժբախտության հիմնական պատճառն այն է, որ որոշ մարդիկ իրենց երեսը թեքում են Աստծուց և չեն կատարում Նրա օրենքները։ 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ