Բահայի համայնքի ներկայացուցիչը վերջերս մասնակցել է Հայաստանում մարդու իրավունքների և կրոնական ազատության խթանմանը նվիրված հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջեյքոբ ՄաքԳինիսը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: Քննարկման ընթացքում ընդգծվել է կրոնական համայնքների միջև երկխոսության կարևորությունը՝ որպես փոխըմբռնման խթանման և կրոնական ազատությունների պաշտպանության կարևոր միջոց:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի Բահայի համայնքի Հանրային դիսկուրսի գրասենյակի կողմից նախաձեռնված քննարկումների վերաբերյալ: Վերջին երկու տարիների ընթացքում գրասենյակը մշտապես նպաստել է ներառական հարթակների ստեղծմանը, որտեղ քաղաքացիական կազմակերպությունների, լրագրողների, ակադեմիական շրջանակների, կրթական ոլորտի և այլ շահագրգիռ անձանց ներկայացուցիչները միավորվել են՝ կոլեկտիվ մտածողության մեջ ներգրավվելու և հասարակության առաջխաղացմանն ուղղված գաղափարների շուրջ համաձայնություն կառուցելու համար:
Այս հանդիպումները հնարավորություն են տվել խթանել համագործակցությունը, փոխադարձ աջակցությունը և ավելի խորը ըմբռնումը բազմազան մասնակիցների շրջանում: Որպես համախմբված հասարակության կառուցմանը նպաստող ներդրում, այս հարթակները նաև հնարավորություն են տվել ուսումնասիրել հիմնարար հասկացությունները, որոնք համայնքներին ուղղորդում են դեպի ավելի խորը միասնություն, որտեղ համագործակցությունը, փոխադարձ հարգանքը, վստահությունը և ընդհանուր բարօրության համար աշխատելու ընդհանուր մոտիվացիան գերիշխող արժեքներ են։
Հանրային դիսկուրսի գրասենյակի ստեղծած հարթակներում քննարկվել են նաև հետևյալ թեմաները.
- Կանանց զարգացող դերը հասարակությունում
- Ընտանիքի ամբողջականությունն ու դիմացկունությունը արդի ժամանակներում, վստահությունն ու համագործակցությունը ընտանիքների ներսում
- Բարոյական և արժեքների վրա հիմնված կրթության կարևորությունը որպես մարդու իրավունքների վրա կենտրոնացած հասարակության հիմք
Գրասենյակը շարունակում է ստեղծել հարթակներ, որտեղ հանրայի գործիչներն ուսումնասիրում են, թե ինչպես կարող ենք մենք՝ որպես մեր հասարակության անդամներ, միասին նպաստել սոցիալապես և հոգեպես համախմբված հասարակության զարգացմանը, որտեղ ակտիվ քաղաքացիները ոգեշնչվում են մասնակցելու երկրի կոլեկտիվ առաջընթացին։