Սովորություն ձևավորելը պարզապես ինքնակառավարման տեխնիկա չէ, այլ ներքին վերածնունդի ուղի․ մարդու հոգու մեջ կա ուժ, որը կարող է արձագանքել փոփոխության կոչին, իսկ այդ ուժը սնվում է ավելի բարձր՝ ստեղծագործ ու բարի աղբյուրից։ Վատ սովորությունները հաղթահարելու ամենաարդյունավետ ճանապարհը հաճախ դրանք ուժով «կտրելը» չէ, այլ դրանց տեղը արժանի և իմաստավոր գործողություններով լցնելը՝ ընթերցանություն, ծառայություն, երեխաների հետ կապ, ինքնաճանաչում։ <<Կյանքի գաղտնիքը>> գրքի այս հատվածը շեշտում է, որ ժամանակակից քաղաքային կյանքը հաճախ հեռացնում է մարդուն իր իրական էությունից՝ նրան դարձնելով հոգեպես ավելի խոցելի, մինչդեռ կյանքի փորձությունները պահանջում են հոգևոր կարգապահություն, դիմացկունություն ու արժանապատվություն։ Եթե մարդը կարողանա այն ուժը, որը երբեմն բացահայտվում է միայն պատերազմում կամ ծայրահեղ վիճակներում, դարձնել իր խաղաղ օրերի սովորությունը, ապա նրա կյանքը կլցվի ամրությամբ, խորությամբ և ներքին հաղթանակներով:
Եթե դուք համարում եք, որ ձեզ անհրաժեշտ է զարգացնել որոշակի սովորություն, մտածեք այն մասին, որ ձեր մեջ թաքնված է հիասքանչ մի ուժ՝ ձեր հոգին, որը պատրաստ է արձագանքել ձեր կոչին, իսկ նրա ետևում կա մեկ այլ, շատ ավելի հզոր, բարի, ստեղծագործ ուժ՝ դա Տիեզերքի Ուժն է, Աստծո Զորությունը, ձեր կատարելագործման և զարգացման աղբյուրը, որը կօգնի լիովին բացահայտել ձեր ողջ ներուժը։ Հրեք ձեզ դեպի նոր վիճակի անցնելուն։ Առաջին փորձերը կարող են անհաջող լինել, քանզի քեզ առաջ շարժվել ստիպելու համար ստիպված կլինեք հաղթահարել իներցիայի ուժը։ Սակայն յուրաքանչյուր քայլ դեպի առաջ կուղեկցվի էներգիայի հզոր ալիքով, ավելի ու ավելի հեշտ կլինի մտնել այս նոր վիճակի մեջ և վերջիվերջո, այն սովորություն կդառնա։ Երբ ձեր մեջ վատ սովորություն եք հայտնաբերում, փորձեք ազատվել դրանից։ Հնարավոր է, ամենահեշտ ճանապարհը ուղղակի այն դուրս մղելն է՝ փոխարինելով այն ինչ-որ ավելի լավ բանով։ Ենթադրենք, մենք որոշել ենք մեր միջից արմատախիլ անել խաղամոլության հանդեպ կիրքը, կամ մեծ դժվարությամբ վաստակած գումարը ձիերի վրա խաղադրույք կատարելու սովորությունը։ Դուք կարող եք հեշտացնել ձեր առաջադրանքը, եթե զարգացնեք ձեր մեջ մեկ այլ սովորություն՝ կարդալ արժեքավոր գրքեր կամ խաղալ ձեր երեխաների հետ՝ նրանց մեջ սերմանելով օգտակար սովորություններ։ Իսկ միգուցե դուք կորոշեք ձեր ժամանակի մի մասը նվիրել նրանց, ովքեր կարիքի մեջ են, կամ օգնել նրանց նյութապես։ Ամենից առաջ զարգացրեք ձեր մեջ սովորություններ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել ինքներդ ձեզ, իրապես և խորը վայելել կյանքը և մոտենալ Միասնական Արարչին, Ով սիրում է մեզ այնպես, ինչպես ոչ մի մարդկային արարած չի կարող սիրել։
Եկեք խոսենք մի սովորության մասին, որը բացակայում է գրեթե բոլոր քաղաքաբնակների մոտ՝ ուժեղ և դիմացկուն լինելու մասին։ Քաղաքաբնակները, չնայած իրենց փորձվածությանը, շատ առումներով շատ ավելի թույլ են այն մարդկանցից, ովքեր ապրում են բնությանը մոտ, անպայման չէ ֆիզիկապես, ավելի շուտ բարոյապես։ Իրականում, քաղաքաբնակները փախչում են կյանքից, նրանք ծարավ են զվարճանքների ու կամ ինչ-որ այլ բանի, միայն թե մոռացության մեջ ընկնեն։ Նրանք այնքան են փափագում իրենց հիվանդ հոգիների համար փրկության միջոց գտնել, որ դա երբեմն տհաճության զգացողություն է առաջացնում։ Քաղաքը վայր է, որտեղ կարելի է մոռանալ ամեն ինչ: Արհեստական միջավայրը, կյանքի արագ տեմպը, բազում զվարճանքների բազմազանությունը, այս բոլորը մարդկանց հեռացնում է իրենց իրական էության ճանաչումից, ի տարբերություն գյուղաբնակ մարդկանց, ովքեր ապրում են ավելի հանգիստ, չափված կյանքով՝ բնության հետ շփման մեջ։
Կյանքն իր բուռն գործունեությամբ և էներգիայով երբեմն կտրուկ շրջադարձեր է կատարում։ Տխրությունը, տառապանքը, հիվանդությունը, մահը ակնհայտ ազդեցություն ունեն յուրաքանչյուր մարդու վրա, անկախ նրանից նա միլիոնատեր է, թե աղքատ։ Եթե մենք ի վիճակի չենք խորը ապրումներ ունենալ՝ լինի դա ուրախություն, թե հոգեկան ցավ, նշանակում է՝ որպես մարդկային արարած մենք ինչ-որ բանում թերզարգացած ենք, քանզի զգալու ունակությունը բնորոշ է բոլոր կենդանի էակներին։ Յուրաքանչյուրի մոտ լինում են այնպիսի պահեր, երբ կյանքը հանկարծակի դաժան հարված է հասցնում նրանց։ Նա, ով չի կարողանում կանգուն մնալ փորձությունների կրակի մեջ և չայրվել, ով չի կարողանում ընդունել իր բաժին տառապանքը մարդուն վայել արժանապատվությամբ, ով չի կարողանում ընդունել իր բաժին ցավը՝ առանց թաքնվելու կամ դրանից փախչելու, բաց է թողնում ճակատագրի կողմից իրեն տրված ամենակարևոր կարողությունը` իր մեջ հոգևոր կարգապահություն զարգացնելու հնարավորությունը։
Մարդիկ պետք է ձգտեն զարգացնել ոչ միայն լավ, առողջ սովորություններ, նրանք պետք է ձգտեն ներքին աղբյուրից ստանալ այն հոգևոր ուժն ու քաջությունը, որոնք կօգնեն ըստ արժանվույն դիմակայել և դիմանալ կյանքի փորձություններին։
Որքան վիրավորական է, որ հաճախ միայն էքստրեմալ իրավիճակներում, այնպիսին, ինչպիսին պատերազմն է, երբ լարվածությունը, որում ապրում ենք, հասնում է իր գագաթնակետին, մարդիկ իրենց մեջ հայտնաբերում են թաքնված հզոր պաշարներ, որոնց գոյության մասին նրանք անգամ չէին կասկածում։ Մահացու հոգնած՝ նրանք ուժ են գտնում վեր կենալու և առաջ շարժվելու։ Սարսափելի վտանգի առջև նրանք հանկարծ ցուցաբերում են հազվագյուտ հոգու կորով։ Պատերազմի սարսափները ստիպում են նրանց հոգեպես հավաքվել և շարունակել պայքարը, և նրանք պայքարում են այնպիսի համառությամբ ու քաջությամբ, որի մասին երբեք չէին երազել խաղաղ ժամանակներում։ Սա այն փոքրիկ օգուտն է, որը բերում է մեզ պատերազմը։ Այն մեզ դարձնում է դիմացկուն, ստիպում է ուղղվել ողջ հասակով մեկ և ասել․ «Ես կարող եմ դիմանալ և ես կդիմանամ»։ Այս բնածին դիմացկունությունը, որն աննկատ է խաղաղ ժամանակներում, փաստում է մարդկային հոգու ուժի մասին։ Ամենօրյա, ենթագիտակցական հերոսությունը մարդկանց համար սովորություն է դառնում։ Ինչ հրաշալի աշխարհ կարելի կլիներ կառուցել, եթե մարդու այս բոլոր հատկանիշները դրսևորվեին խաղաղ ժամանակներում, եթե հոգու դիմացկունությունն ու ամրությունը, որը ծնվում է վտանգի ու տառապանքի րոպեներին, սովորություն դառնային և օգնեին մեզ արժանապատվորեն դիմակայել կյանքի դժվարություններին։
Հատված <<Կյանքի գաղտնիքը>> գրքից