Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աստվածահայտնիչների կերպարների ընկալումը և պատմական հիշողությունը 
Հոդվածներ

Աստվածահայտնիչների կերպարների ընկալումը և պատմական հիշողությունը 

Մարդկության պատմության ընթացքում Աստծո Հայտնիչների կերպարները հաճախ ոչ միայն սիրով ու ակնածանքով են պահպանվել, այլև ժամանակի ընթացքում պատվել են մեկնություններով, պատկերացումներով ու նախապաշարմունքներով, որոնք երբեմն մեզ հեռացնում են նրանց իրական էությունից։ Մենք սովոր ենք նրանց դիտել որպես սրբացված ու անհասանելի կերպարներ, որոնց կյանքն ու փորձառությունը կարծես վեր են մարդկային իրականությունից։

 

Սակայն եթե ուզում ենք իսկապես հասկանալ նրանց առաքելությունը, նրանց բերած Ուղերձի խորությունն ու դրա նշանակությունը մեր կյանքի համար, պետք է փորձենք նորից մոտենալ նրանց ոչ թե որպես հեռավոր խորհրդանիշների, այլ որպես կենդանի իրականության մեջ գործած մեծ անհատների։ Ստորև ներկայացվող հատվածը հենց այդպիսի որոնում է՝ փորձ հասկանալու, թե ինչու ենք հաճախ կորցնում Քրիստոսի, Մուհամմադի և մյուս մեծ Հայտնիչների կենդանի կերպարը և ինչու է այդ վերագտնումը կարևոր նաև մեր սեփական ինքնաճանաչման համար։

 

Թերամտության հիվանդությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ Ինչու՞ ենք մենք այդքան հազվադեպ մտածում այն մասին, թե ովքեր են իրականում եղել այնպիսի կերպարներն, ինչպիսիք են Հիսուսը, Մուհամմադը, Մովսեսը։ Նրանք տիրապետել են բարություն արարելու զարմանահրաշ ձիրքի, խորաթափանց մտքի, որը թույլ է տվել Նրանց տեսնել մարդկային հոգու ամենանվիրական էությունը՝ իր ձգտումներով ու կարիքներով, մարդկանց վրա մագնիսական ազդեցությամբ, որի շնորհիվ նրանք, ովքեր ընդունում էին Նրանց իրական մեծությունը, կատարելապես կերպարանափոխվում էին։ Բացի այդ՝ այդ անձնավորություններն օժտված էին յուրահատուկ, ընտրյալներին բնորոշ հմայքով և մարդկանց սրտերը գրավելու ունակությամբ։

 

Հենց այդ պատճառով, յուրաքանչյուրն, ով շփվում էր նրանց հետ, զգում էր, որ դուրս գալով մարդկային «ես»-ի սահմաններից, նա ինքն իրենից վեր էր բարձրանում՝ մասնակից լինելով նոր, մինչ այդ անհայտ կյանքին, որը լցված էր արարչագործական էներգիայով և որ նա պատրաստ է մեծ նվաճումների։ Ինչու՞ ենք մենք Նրանց վերաբերվում որպես ինչ-որ ահռելի աբստրակցիայի, որը լիովին օտար է մեր մարդկային կյանքին, որպես արարածների, որոնցով կարելի է հիանալ հեռավորության վրա, բայց որոնց հետ մենք ոչ մի ընդհանուր բան չունենք։ Ինչու՞ ենք մենք այդքան հաճախ պարզեցնում Նրանց կերպարը՝ չափազանցնելով Նրանց էության ինչ-որ մի կողմը, ներկայացնելով, օրինակ, Քրիստոսին՝ որպես հեզ, տխուր քարոզիչ, Ով բուժում էր մարդկանց և ներում նրանց մեղքերը, իսկ Մուհամմադին որպես արի մարտիկ, գործողության մարդ, ով Իր զորքին տանում էր կռվի։

 

Աստվածահայտնիչների կերպարների մտահայեցականությունը, որը մենք ստեղծել ենք մեր երևակայության մեջ, կարող է լինել այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք այդքան քիչ բան վերցնում Նրանց Ուսմունքներից։ Եթե մենք հավատում ենք, որ Նրանք իսկապես եղել են յուրահատուկ անձինք, ովքեր մարմնավորել են աստվածային ոգին մարդկային մարմնի մեջ, որ Նրանք կրել են Աստծո Ուղերձը և հայտնվել են մարդկանց մեջ, որպեսզի ուղղորդեն նրանց և երկիրն ավելի լավն ու ավելի երջանիկ դարձնեն, ուրեմն մենք պետք է ողջ ուժով ձգտենք որքան հնարավոր է լավ ճանաչել Նրանց, հասկանալ, թե ինչպիսին են Նրանք եղել իրականում, քանզի այդ ժամանակ մենք կկարողանանք ավելի լավ ճանաչել նաև ինքներս մեզ և կյանքի այն արժեքները, որոնք Նրանք հայտնել են Մեզ։

 

Քրիստոնեական ընտանիքի յուրաքանչյուր երեխա ծանոթ է աստվածաշնչյան պատմություններին, որոնց մեջ այդքան մեծ սիրով ներկայացված է Հիսուսի կերպարը։ Այդ պարզ պատմություններից մենք իմանում ենք Նրա մարդկային բարության, տառապողների և կարիքավորների հանդեպ Նրա կարեկցանքի, Նրա անկեղծ սիրո մասին նրանց հանդեպ, ովքեր ուղեկցում էին Նրան Իր ճանապարհին և քարոզում էին Նրա հետ, Նրա խիստ բարեպաշտության մասին, որը Նա Տաճարում ցուցաբերեց դրամափոխների հանդեպ, այն մասին, որ Նա անտեսելով արյունակցական կապը՝ իրական եղբայրներ անվանեց Իր աշակերտներին։

 

Մեր առջև վառ կերպով հառնում  է այն սարսափելի գիշերվա պատկերը, երբ Նա, դավաճանվելով Հուդայի կողմից, միայնակ, ծանր սրտով աղոթում էր Գեթսեմանիում։ Մենք տեսնում ենք անասելի տառապանքի ու նվաստացման պատկերներ, որոնք Նա ստիպված էր կրել Իր կյանքի վերջին օրերին։ Որքան դառն էր Նրա համար, երբ Իր սիրելի Պետրոսը, Իր «Վեմ»-ը, որի վրա Նա երազում էր կառուցել Իր Եկեղեցին, երեք անգամ ուրացավ Իրեն։

 

Որքան միայնակ և բոլորի կողմից լքված էր Նա զգում Իրեն, գամված խաչին՝ երկու այլ խաչերի մեջտեղում, որոնց վրա շղթայված էին երկու ավազակներ։ Խաչեր, որոնց վրա, Իր հանդեպ անվերապահ սիրո պոռթկումով պետք է բարձրանային Նրա երկու ամենասիրելի աշակերտները, բայց հենց Նրանք էլ դավաճանեցին Նրան։ Որքան էլ վառ լինեն այս պատկերները, դրանք ամեն դեպքում պատառիկներ են, և քսան դարերի ընթացքում մենք չենք կարող պնդել, որ ճշմարիտ, իրականում գոյություն ունեցող Քրիստոսը, ում թվում է, թե ճանաչում ենք ավետարանական պատմություններից, եղել է հենց այդպիսի մարդ։

 

Նույնը վերաբերում է նաև Մուհամմադին, չնայած այստեղ մենք ունենք ավելի շատ տեղեկություններ, և Մուհամմադի կյանքն ավելի լիարժեք է նկարագրված պատմական փաստաթղթերում, քան Հիսուսի կյանքը։ Բայց մահվանից հետո Նրա բնավորության գծերը ջնջվել են և Նրա անհատականությունը պարուրվել է ենթադրությունների մշուշով, քանզի շատ ժամանակ է անցել, շատ անգամներ են Նրա գործերն ու արարքները ենթարկվել մեկնությունների, և շատ անգամներ՝ սխալ՝ ինչպես Նրա հետևորդների (բաժանված հակադիր աղանդների), այնպես էլ Նրա թշնամիների կողմից։

 

Եվ ու՞ր պետք է դիմենք, որպեսզի իմանանք, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այս առեղծվածային ֆենոմենը, այս անտեսանելի Արեգակից բխող Շողը, Անտեսանելի Աստծո այս Հայտնիչը, Ուղեկցորդը, որը, ինչպես և մենք, արարված է միս ու արյունից, և դրա հետ մեկտեղ այդքան տարբեր է մեզնից։ Մեզ անհրաժեշտ են իրական ապացույցներ և կենդանի օրինակ այն բանի, ինչը մեր ժամանակներում կանգնած է մեր կողքին, ինչը կասկածի ենթակա չէ։ Կարո՞ղ ենք արդյոք գտնել այն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ