Մարդկության պատմության ընթացքում ամենախոր և հիմնարար հարցերից մեկը եղել է Աստծո գոյության հարցը։ Արդյո՞ք տիեզերքը պատահականության արդյունք է, թե՞ այն ունի գիտակից և կատարյալ Աղբյուր։ Արդյո՞ք մարդու գոյությունը սահմանափակ նյութական զարգացումների հետևանք է, թե՞ այն մատնանշում է իրենից վեր մի Իմաստության։
Փիլիսոփաները, աստվածաբանները և գիտնականները տարբեր ժամանակներում փորձել են պատասխանել այս հարցին՝ հիմնվելով բանականության, փորձառության և ներքին ճանաչման վրա։ Աստծո գոյության ապացույցները կարելի է բաժանել արտաքին դիտարկման վրա հիմնված փաստարկների և ներքին փորձառության վրա հիմնված վկայությունների։ Առաջինները վերաբերում են աշխարհի կարգավորվածությանը, պատճառահետևանքային կապերին, կախյալ և անկախ գոյության տարբերությանը։ Երկրորդները վերաբերում են մարդու ներքին աշխարհին՝ հոգու, խղճի, գեղեցկության և կատարելության զգացողությանը։
Աբդուլ-Բահայի ներկայացրած մտքերը պատկանում են առաջին խմբին․ դրանք կառուցված են տրամաբանական դիտարկումների վրա և հասանելի են յուրաքանչյուր մտածող մարդու համար։ Նրա փաստարկները ցույց են տալիս, որ կախյալ և փոփոխական աշխարհը ինքնին մատնանշում է Անկախ և Կատարյալ Սկզբի գոյությունը։ Թուլությունը վկայում է ուժի մասին, աղքատությունը՝ հարստության, տգիտությունը՝ գիտության, իսկ արարածը՝ Արարչի։
Այս մտքերը չեն սահմանափակվում միայն կրոնական հավատքով. դրանք հրավեր են բանական խորհման, դիտարկման և ներքին արթնացման։ Երբ մարդու ներքին տեսողությունը բացվում է, արտաքին ապացույցները դառնում են ավելորդ. բայց մինչ այդ, բանականությունը կարող է առաջնորդել դեպի այդ ճանաչումը։
Ստորև ներկայացվում են Աբդուլ-Բահայի խոսքերը՝ Աստծո գոյության մասին տրամաբանական և խորհրդածական մեկնաբանությամբ։
Աստծո գոյության հիմնական ապացույցներից և վառ վկայություններից մեկն այն է, որ մարդն ինքն իրեն չի ստեղծել. նրա արարիչն ու ստեղծողը իրենից դուրս ինչ-որ մեկն է: Անշուշտ և միանշանակ՝ մարդու արարիչը նման չէ մարդուն, քանզի մի էակ, որ զորությամբ օժտված չէ, չի կարող արարել մեկ այլ էակ: Արարիչը՝ ստեղծողը, պետք է ունենա բոլոր կատարելությունները, որպեսզի արարի: Արդյո՞ք հնարավոր է, որ ստեղծագործությունը կատարյալ լինի, իսկ արարիչը՝ ոչ: Արդյո՞ք հնարավոր է, որ նկարը գլուխգործոց լինի այն դեպքում, երբ նկարիչը կատարելության չի հասել իր արվեստում: Չէ որ դա իր արվեստն է, իր ստեղծագործությունը: Եվ ավելին, նկարը չի կարող նկարչի նման լինել. հակառակ դեպքում նկարն ինքն իրեն կստեղծեր:
Որքան էլ որ նկարն անթերի լինի, նկարչի հետ համեմատ այն ծայրահեղ թերի է: Կախվածության մեջ գտնվող աշխարհն անկատարության աղբյուր է: Աստված է կատարելության սկիզբը: Կախյալ աշխարհի անկատարություններն ինքըստինքյան հանդիսանում են Աստծո կատարելության ապացույցը: Օրինակ, երբ նայում ենք մարդ արարածին, տեսնում ենք, որ նա թույլ է: Եվ հենց այս թուլությունն է Հավերժական Ամենազորի զորության ապացույցը, քանզի եթե ուժ չլիներ, չէր լինի և թուլություն, ուստի այս թուլությունից ակնհայտ է դառնում, որ աշխարհում գոյություն ունի ուժ:
Բացի այդ, կախյալ աշխարհում կա աղքատություն, իսկ ուրեմն հարստությունը նույնպես անխուսափելիորեն գոյություն ունի, քանի որ աղքատությունը հայտնվել է աշխարհում: Կախյալ աշխարհում կա տգիտություն, և կա պարտադիր կերպով նաև գիտություն, որովհետև հայտնաբերվել է տգիտությունը, քանի որ, եթե չլիներ գիտություն, չէր լինի և տգիտությունը: Տգիտությունը դա գիտության բացակայությունն է, իսկ եթե չլիներ գոյությունը, չէր լինի և անգոյությունը: Ակնհայտ է, որ ամբողջ կախյալ աշխարհը ենթարկվում է օրենքներին և կանոններին, որոնց այն չի կարող չենթարկվել: Նույնիսկ մարդը ստիպված է տեղի տալ մահվան անխուսափելիությանը, քնի անհրաժեշտությանը և այլ վիճակներին, այսինքն կարելի է ասել, որ մարդը որոշակի առումներով դառնում է ուղղորդվող, և պարտադիր կերպով, ուղղորդման այս վիճակը ենթադրում է ուղղորդողի առկայություն: Քանի որ կախյալ էակներին բնորոշ հատկությունը դա կախվածության վիճակն է, և այդ կախվածությունը էական անհրաժեշտություն է հանդիսանում, ուստի պետք է լինի նաև անկախ էակ, որի անկախությունը իր էությունն է: Նույնկերպ, նայելով հիվանդ մարդուն, կարելի է եզրակացնել, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կա, որ առողջ է, քանի որ եթե չլիներ առողջ վիճակը, հնարավոր չէր լինի տարբերակել անառողջ վիճակը: Այսպիսով, պարզ է դառնում, որ կա Հավերժական Ամենակարողը, ով տիրապետում է բոլոր կատարելություններին, քանզի եթե Նա չտիրապետեր բոլոր կատարելություններին, Նա կնմանվեր Իր ստեղծած արարածներին:
Եվ այսպես՝ ամենուրեք գոյություն ունեցող աշխարհում. արարված ամենաչնչին բանն անգամ ապացույցն է արարչի գոյության: Օրինակ, հացի այս կտորը ցույց է տալիս, որ կա մի մարդ, որն այն թխել է: Փառք Տիրոջը: Ամենափոքր բաների ամենաչնչին փոփոխությունն ապացուցում է արարչի գոյությունը, ուրեմն հնարավո՞ր է արդյոք, որ այս հսկայական տիեզերքը, որն անվերջ է, ինքն իրեն արարեր և հանդիսանար նյութի և բաղադրիչների զարգացման արդյունք: Որքան ակնհայտորեն սխալ է այս ենթադրությունը: Այս ակնհայտ փաստարկները թույլ հոգիների համար են. բայց եթե բացվեր ներքին տեսողությունը, կհայտնվեն հարյուր հազարավոր հստակ ապացույցներ: Այսպես, օրինակ՝ երբ մարդն իր մեջ հոգի է զգում, նրան պետք չէ դրա գոյության ապացույցը, իսկ նրանց, ում հոգու շնորհը շրջանցել է, անհրաժեշտ է ներկայացնել արտաքին բնույթի փաստարկներ: