Ի՞նչն է ճշմարիտ Ադամի պատմության մեջ և այն բանի, թե ինչպես նա համտեսեց գիտելիքի ծառի պտուղից:
Աստվածաշնչում գրված է, որ Աստված Ադամին բնակեցրեց Եդեմի այգում, որպեսզի նա մշակի նրան և հոգ տանի նրա մասին և ասաց նրան. <<Այգու յուրաքանչյուր ծառից կարող ես ուտել, բացի բարու և չարի ճանաչման ծառից, քանզի եթե համտեսես նրանից, դու կմեռնես>>: Հետո ասվում է, որ Աստված քուն տվեց Ադամին, վերցրեց նրա ողերից մեկը և ստեղծեց կնոջը և տվեց նրան Ադամին ուղեկից: Հետո օձը գայթակղեց կնոջը փորձել այդ ծառից՝ ասելով. <<Աստված արգելել է ձեզ փորձել այս ծառից, որպեսզի չբացվեն ձեր աչքերը և դուք չճանաչեք բարին և չարը>>:
Այդ ժամանակ Եվան կերավ այդ ծառից և տվեց Ադամին, ով նույնպես կերավ, նրանց աչքերը բացվեցին և իմացան նրանք, որ մերկ են, և ծածկեցին իրենց մարմինը տերևներով: Դրանով նրանք բարկացրին Աստծուն: Աստված ասաց Ադամին. <<Չե՞ս կերել արդյոք դու արգելված ծառից>>: Ադամը պատասխանեց. <<Եվան գայթակղեց ինձ և ես կերա>>: Աստված սկսեց նախատել Եվային, իսկ Եվան պատասխանեց. <<Օձը խաբեց ինձ և ես կերա>>: Դրա համար օձը անիծվեց, թշնամանքը դրվեց օձի և Եվայի և նրանց սերունդների միջև: Եվ ասաց Աստված. <<Մարդը դարձել է ինչպես Մեզնից մեկը, իմանալով բարին ու չարը, հանկարծ չլինի այնպես, որ նա ուտի կյանքի ծառից, և սկսի հավիտյան ապրել>>: Եվ Աստված կյանքի ծառի մոտ պահակ դրեց:
Եթե այս պատմությունը բառացիորեն հասկանանք, ինչպես դա անում է հավատացյալների մեծամասնությունը, ապա այն իրոք արտառոց դեպքերի շարքից է: Բանականությամբ հնարավոր չէ հասկանալ սա, հավատալ սրան կամ պատկերացնել սա, քանզի նկարագրված իրադարձությունները և դրանց պատումները, ինչպես նաև այս պատմության մեջ գործող մարդկանց խոսքերն ու նախատինքները ընդհանրապես չեն համապատասխանում բանական մարդու գաղափարներին և առավել չեն համապատասխանում նրան, ինչը վայել է Աստվածությանը, այն Աստվածությանը, որը ստեղծել է այս անսահման տիեզերքը՝ իր կատարյալ տեսքով և բնակեցրել է այն անհամար բնակիչներով՝ օժտված անթերի սարքավորումներով, ուժով և կատարելությամբ:
Եկեք մի փոքր խորհենք. եթե այս պատմության հեղինակությունն իր բառացի իմաստով վերագրվեր իմաստուն մարդու, ապա միանշանակ ցանկացածը կարող էր կասկածել ոչ միայն դրանում, այլ անգամ նրանում, որ պատմության մտահղացումն ու կառուցվածքը գալիս է մտավոր զարգացած մարդուց: Ուստի գիտելիքի ծառից կերած Ադամի ու Եվայի պատմությունը և նրանց վտարումը դրախտից հարկավոր է դիտարկել միայն խորհրդանշական իմաստով: Նրանում պարփակված է աստվածային գաղտնիքները և անանցողիկ ճշմարտությունը, և այս պատմությունը կարելի է մեկնաբանել ամենահիասքանչ կերպով: Միայն գաղտնիքների մասին տեղեկացվածներն ու Ամենակարող Գավիթին մոտ գտնվողները գիտեն նրա գաղտնիքները: Այսպիսով, այս Աստվածաշնչյան տողերը ունեն բազում նշանակություններ:
Մենք կպարզաբանենք դրանցից մեկը. Ադամը նշանակում է մարդու աստվածային ոգին, իսկ Եվան՝ նրա մարդկային հոգին: Քանզի Սուրբ Գրությունների որոշ տեղերում, որտեղ հիշատակվում են կանայք, նրանց մասին խոսվում է որպես անձի հոգու մասին: Չարի և բարու ճանաչման ծառը նշանակում է մարդկանց աշխարհը, քանզի հոգևոր և աստվածային աշխարհը կատարյալ բարության և բացարձակ լույսի աշխարհ է, իսկ մարդկանց աշխարհում կա լույս և խավար, և չար և բարի, որոնք դիմակայում են մեկը մյուսին:
Օձը նշանակում է նվիրվածություն մարդկային աշխարհին: Հոգու այս նվիրվածությունը մարդկային աշխարհին, Ադամի հոգին և ոգին բերեց ազատության աշխարհից դեպի կախվածության աշխարհ և ստիպեց նրան փոխանակել Միասնության Թագավորությունը մարդկային աշխարհի հետ: Երբ Ադամի հոգին և ոգին մտան մարդկանց աշխարհ, նա լքեց ազատության դրախտը և հայտնվեց կախվածության աշխարհում: Անմեղության ու բացարձակ բարության բարձրունքից նա իջավ բարու և չարի աշխարհ:
Կյանքի ծառը գոյություն ունեցող աշխարհի բարձրագույն մակարդակն է, որտեղ բացահայտվում է Աստծո Խոսքը, դա բարձրագույն Հայտնիչն է: Այդ իսկ պատճառով էր այդ մակարդակը պաշտպանված, ազնվագույն և բարձրագույն Հայտնիչի գալուստով այս ավելի պարզ և ակնհայտ դարձավ: Քանզի Ադամի մակարդակը աստվածային կատարելության տեսքի և արտացոլման հետ կապված կարելի է համեմատել սաղմնային վիճակի հետ, Քրիստոսի մակարդակը՝ հասունության և գիտակից տարիքի վիճակի հետ, իսկ Մեծագույն Լուսավորության ծագումը՝ բուն էության և որակների կատարելագործման վիճակի հետ: Ահա թե ինչու է բարձրագույն դրախտում կյանքի ծառը ծառայում որպես բացարձակ մաքուր սրբության կենտրոնակետ, այսինքն՝ Աստծո բարձրագույն Հայտնիչ: Ադամի ժամանակներից մինչ Քրիստոսի ժամանակները Հայտնիչները քիչ են խոսել հավերժական կյանքի և աստվածային կատարելությունների մասին: Կյանքի այս ծառը համապատասխանում է Քրիստոսի էության մակարդակին, Նրա հայտնության միջոցով այն տնկվեց և զարդարվեց հավերժական պտուղներով: Մտածեք այն մասին, թե ինչպես է այս ամենն ամբողջությամբ համապատասխանում իրականությանը: Քանզի Ադամի հոգին և ոգին կապված լինելով մարդկային աշխարհի հետ, լքեց ազատության աշխարհը և մուտք գործեց կախվածության աշխարհ, և նրա հետնորդները շարունակեցին կախվածության մեջ լինել: Հոգու և ոգու այս մեղսավոր կապը մարդկային աշխարհի նկատմամբ հետնորդները ժառանգել են Ադամից, սա է հենց օձը, որը մշտապես բնակվում է Ադամի հոգիների և հետևորդների մեջ և գտնվում է նրանց հետ թշնամանքի մեջ: Այս թշնամանքը տևում է անդադար: Քանզի կապն աշխարհիկի հետ հանդիսանում է հոգու անազատության պատճառը, և այս անազատությունը հենց այն մեղքն է, որը Ադամից անցել է նրա սերնդին: Հենց այս կապվածության պատճառով է, որ մարդիկ զրկվել են իրենց հոգևոր էությունից և բարձր դիրքից:
Երբ Քրիստոսի աստվածային շունչը և Մեծագույն Լուսավորչի սուրբ լույսը տարածվեց ողջ աշխարհով, այնժամ մարդկանց էությունը, այսինքն նրանց, ովքեր դարձան Աստծո Խոսքին և լիությամբ ստացան Նրա առատաձեռնություններից, ազատվեցին այդ կախվածությունից և մեղքից, ստացան հավերժական կյանք և միացան ազատության աշխարհին: Մարդկանց էությունը մաքրվեց մարդկային աշխարհի արատներից և զարդարվեց Աստծո Արքայության առաքինություններով: Ահա թե որն էր Քրիստոսի խոսքերի իմաստը. <<Ես տվեցի Իմ արյունը աշխարհի կյանքի համար>>, այսինքն <<Ես վերցրեցի Ինձ վրա բոլոր այդ փորձությունները, տառապանքները, վշտերը և նույնիսկ մեծագույն տանջանքները, որպեսզի հասնեմ այս նպատակին, մեղքերի թողությանը (ինչը նշանակում է հոգիների անջատումը մարդկային աշխարհից և նրանց ձգտումը դեպի աստվածային աշխարհ), որպեսզի կարողանան բարձրանալ հոգիները, որոնք կդառնան երկրի աղը և կառաջնորդեն մարդկությանը, և ի հայտ կբերեն Բարձրյալի Թագավորության կատարելությունը>>:
Նկատեք, որ եթե հետևենք <<Գրքի Մարդկանց>> (Աստվածաշնչի) ավանդույթներին, մեկնաբանելով վերջինիս իմաստը միայն արտաքին, էզոթերիկ մակարդակի վրա, ապա կստացվի բացարձակ անարդարություն և լիակատար կանխորոշում: Եթե Ադամը մեղք է գործել՝ մոտենալով արգելված ծառին, ապա ո՞րն էր փառահեղ Աբրահամի մեղքը, և ինչումն էր կայանում Մովսեսի՝ Աստծո Զրուցակցի մեղավորությունը: Ի՞նչ մեղք էր գործել Նոյ Մարգարեն, և ո՞րն էր Հովհաննես Արդարինը: Ինչու՞մ են մեղավոր Աստծո Մարգարեները, և ո՞րն էր Հովհաննես Անմեղսունակի մեղավորությունը: Կարո՞ղ էր Աստծո արդարությունը թույլ տալ, որ այս լուսավորյալ Հայտնիչները Ադամի գործած մեղքի պատճառով դժոխքում տանջանքներ կրեին մինչ այն պահը, երբ եկավ Քրիստոսը և Իր զոհաբերությամբ փրկեց նրանց հրեշավոր տանջանքներից: Նման ենթադրությունը հակասում է ցանկացած օրենքի և չի կարող ընդունվել ոչ մի ողջամիտ մարդու կողմից:
Ո՛չ, այս պատմության իմաստը, ինչպես արդեն ասվել է, հետևյալն է. Ադամը հոգին է, Եվան՝ ոգին, Ծառը մարդկային աշխարհն է, իսկ օձը՝ այն կապվածությունն է մարդկային աշխարհի հետ, որի մեջ պարփակված է մեղքը և որը պարուրել է Ադամի հետնորդներին: Քրիստոսն Իր աստվածային շնչով փրկեց մարդկանց այս կապվածությունից և դրանով իսկ փրկեց մարդկանց այս մեղքից: Ադամի մեղքը համապատասխանում է Նրա մակարդակին: Չնայած այս կապվածությունը տվել է նաև լավ արդյունքներ, այնուամենայնիվ, հավատարմությունը երկրային աշխարհի, հոգևոր աշխարհի համեմատ համարվում է մեղք: Այն, ինչ արդարների համար բարի գործ է համարվում, Մտերիմների համար մեղք է: Այս հաստատված է: Եվ այսպես, մարմնական ուժը ոչ միայն թերի է, ի համեմատություն հոգևոր ուժի, վերջինիս համեմատ այն թուլություն է: Նման կերպ, ֆիզիկական կյանքը Աստծո արքայությունում հավերժական կյանքի համեմատ դիտարկվում է որպես մահ: Այդպես Քրիստոսը ֆիզիկական կյանքը անվանեց մահ, ասելով. <<Մահացածներին թողեք իրենց մեռելներին թաղելը>>: Չնայած այն մարդիկ օժտված էին ֆիզիկական կյանքով, բայց Նրա աչքերում այդ կյանքը նման էր մահվան:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից