Մինաս Այվազյանը (1900-1969) սովորել է Ամերիկյան դպրոցում, Իրանում, որպեսզի դառնա բողոքականների հոգևոր հովիվ: Ճակատագրի բերմամբ, կամ թե Աստծո կամքով, կամ էլ և մեկը, և մյուսը, նա Բահայի հավատքին հանդիպեց հայերեն գրված բրոշյուրի միջոցով, որը նրան նվիրել էր կիսագրագետ իրանցի մի կոշկակար, ով բահայի էր: Այն ժամանակ, ինչպես և հիմա, Իրանում արգելված էր բացահայտ կերպով քարոզել Բահայի հավատքը: Կոշկակարը, ով գիտեր, որ Մինասը հայ է, հմտորեն հարցրեց նրան. «Մինաս, ես չեմ կարող կարդալ, բայց ինչ-որ մեկն ասաց ինձ, որ սա լավ բան է: Կարո՞ղ եք կարդալ այն և պատմել, թե ինչի մասին է»:Մինասը վերցրեց բրոշյուրը, կարդաց և հետաքրքրվեց: Նա հաջորդ օրը վերադարձավ և կոշկակարին հարցրեց, թե ինչի՞ մասին է այս հավատքը: Այդ մարդն ասաց, որ չի կարող հարկ եղած կերպով բացատրել, բայց գիտի, թե որտեղ կարելի է գտնել մարդկանց, ովքեր կարող են պատասխանել նրա հարցերին: Մինասը մասնակցեց մի քանի հավաքների և շուտով հայտարարեց Բահաուլլայի նկատմամբ իր հավատի մասին:
Նրա ընտանիքը դժգոհ էր, որ նա դարձել է բահայի: Այն ժամանակ հավատքն ավելի շատ համարվում էր իսլամի աղանդ, ոչ թե ինքնուրույն կրոն: Բացի այդ, հայերը հպարտ էին, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն էր,և նրա համար էլ ավելի դժվար էր ընդունվել ընտանիքի և ընկերների կողմից: Մի անգամ հայրը զանգեց և հարցրեց նրան. «Տղա՛ս, մարդիկ ինձ ասում են, որ դու շուն ես դարձել (այդպես էին այն ժամանակ հայերը վերաբերվում մահմեդականներին), դա ճի՞շտ է»: Մինասը այսպես պատասխանեց հորը. «Ինչ որ մեկը բողոքել է, որ ես կծե՞լ եմ իրեն: Հա՛յր, ինչ ես կարծում, այն բանից հետո, որ ես բահայի եմ դարձել, ես դարձել եմ ավելի լավը, թե՞ ավելի վատը»: Նրա հայրը պատասխանեց. «Տղա՛ս, ես կարծում եմ դու դարձել ես ավելի լավը»: Հետո Մինասն ավելացրեց. «Եթե դա այդպես է, և ոչ ոք չի բողոքել, որ իրեն կծել եմ, ես կարծում եմ լավ է, որ ես դարձել եմ բահայի»: Մինասի կինը՝ Սիրանուշ Արզումանյանը (նրա աղջկական ազգանունը) նույնպես դարձավ բահայի:
Սիրանուշի հայրը (1914–1999) մահացել էր, երբ նա դեռ փոքր էր, և նա շատ վաղ տարիքից սովոր էր զրկանքներին և դժվարություններին: Այս փորձառությունները օգնեցին ձևավորել նրա երկաթե կամքը, վճռականությունն ու համարձակությունը, որոնք նա ցուցաբերեց իր ողջ կյանքի ընթացքում: Այն ժամանակ Իրանում, երբ աղջիկների համար անսովոր էր կրթություն ստանալը, նա գնաց դպրոց, խոսեց տնօրենի հետ և պնդեց, որ իրեն թույլ տան գրել ու կարդալ սովորել: Նա այնքան համառ էր, որ տնօրենը վերջապես համաձայնեց, որ նա կարող է սովորել, իսկ փոխարենը նա կսրբի դպրոցի հատակը և դասերից հետո կօգնի մյուսներին այլ հարցերում: Դպրոցական այդ մի քանի տարիները այն ողջ պաշտոնական կրթությունն էին, որը նա երբևէ ստացել էր (համարժեք է չորս տարվա տարրական դպրոցին): Սակայն դա դարձավ այն հիմքը, որը թույլ տվեց նրան սովորել իր ողջ կյանքի ընթացքում:
Բացի մայրենի լեզվից՝ հայերենից և պարսկերենից, նա խոսում էր նաև թուրքերեն, պորտուգալերեն, մի քիչ ռուսերեն, և մի քիչ իսպաներեն: Երբ նա դեռ 16 տարեկան էր, նա արդեն ամուսնացած էր Մինասի հետ:
Մինասի և Սիրանուշի նկարը
Նրանք տեղափոխվեցին Միան, որը գտնվում էր Թավրիզից ոչ հեռու՝ Իրանի հյուսիսում: Նրանք ապրում էին գյուղական վայրում, որտեղ իրենց նվիրեցին գյուղատնտեսությանն ու մեղվաբուծությանը: Շուտով (1923 թ-ի մայիսի 23-ին) զույգն ունեցավ միակ երեխային, որի անունը դրեցին Գարուն:
1936 թ-ին Իրանում կանանց նկատմամբ հարգանք չկար, նրանք համարվում էին տղամարդկանց սեփականությունը:
Այդ տարի Մինասը ավտովթարի ենթարկվեց և ստիպված եղավ հիվանդանոցում անցկացնել մեկ տարուց ավելի: Այդ հիվանդանոցը պատկանում էր բողոքականներին: Իմանալով, որ Մինասը բահայի է՝ նրանք դիտմամբ մատների արանքով էին նայում նրա բուժմանը, ինչի պատճառով նա քիչ էր մնում մահանար հիվանդանոցային վարակից: Որոշ բահայիններ իմացան այդ մասին և նրան տեղափոխեցին այլ հիվանդանոց՝ հակառակ բժիշկների և հիվանդանոցի անձնակազմի կամքին: Այս հիվանդանոցում Մինասն ապաքինվեց, բայց վթարի պատճառով մնացած ողջ կյանքը կաղեց և չկարողացավ շարժել ձախ ոտքը: Սիրանուշը, որն այն ժամանակ 17 տարեկան էր և ուներ փոքրիկ երեխա, հոգ տարավ ընտանեկան բիզնեսի մասին, մինչև Մինասն առողջացավ և դուրս գրվեց հիվանդանոցից: Այդ ընթացքում գործընկերը շատ անգամներ է ցանկացել օգտագործել Սիրանուշի անտեղյակությունը, սակայն նա միշտ իրենն է պնդել, անկախ նրանից, թե ում հետ է գործ ունեցել: Ընտանիքն ուներ բենզալցակայան և ռեստորան՝ վարորդների համար նախատեսված հյուրանոցում, ինչպես նաև ալկոհոլի արտադրման գործարան:
Մի անգամ նրանց այցելեց Աստծո Գործի Աջերից՝ (Աստծո Գործ Աջեր նշանակվում են այն անձինք, ովքեր ունեն առանձնահակտուկ հոգևոր որակներ և մեծագույն ծառայություններ են մատուցել Գործին) պրն. Սամանդարին: Այդ ժամանակի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց, որ Պահապանը (Շողի Էֆֆենդին) խորհուրդ է տվել բահայիններին չարտադրել և չվաճառել ալկոհոլային խմիչքներ, քանի որ Բահաուլլան բահայիններին հրամայել է զերծ մնալ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց: Ոչ մի վայրկյան չվարանելով, Մինասն ու Սիրանուշը փակեցին գործարանը, և ռեստորանի վրա կախեցին ցուցանակ, որում ասվում էր. «Այս տարածքում արգելված է վաճառել ալկոհոլային խմիչքներ՝ իշխանությունների հրամանով»: Ոստիկանապետը, որը նրանց ընկերն էր, տեսավ ցուցանակը և որոշեց օգնել նրանց: Նա ասաց. «Մինաս, ասա ինձ, թե որն է այն ղեկավարությունը, որը արգելել է ձեզ ալկոհոլային խմիչքներ արտադրել և վաճառել, և ես անձամբ կխոսեմ նրանց հետ»: Մինասը ժպտաց և պատասխանեց. «Նրանց հեղինակությունը չափազանց բարձր է, որպեսզի կարողանաս օգնել»:
Ժամանակի ընթացքում գործարանը փակելու պատճառով նրանց գործերը վատացան, և պարտքերը սկսեցին աճել: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները հասան նրան, որ նրանց ճանաչող բահայիններից մեկը Պահապանին ասաց, որ ընտանիքը բարդություններ ունի: Պահապանը Աստծո Գործի Աջ պրն. Ֆուրուտանի միջոցով լուր ուղարկեց, որ կուղարկի նրանց անհրաժեշտ ցանկացած գումար, որը հարկավոր է պարտքերը փակելու համար: Մինասը խիստ մտահոգվեց այն բանից, որ ինչ որ մեկը անհանգստացրել է Պահապանին իր ֆինանսական վիճակով: Նա Պահապանին նամակ ուղարկեց, որում ասվում էր. «Սիրելի Պահապան, դու գիտես, որ ես ոչ մի ֆինանսական օգնություն չեմ ցանկանում: Միակ բանը, որ ես ցանկանում եմ, այն է, որ դու գոհ լինես ինձնից, և որ իմ ընտանիքի հետագա սերունդները ամուր լինեն իրենց հավատի մեջ»: Պահապանը պատասխանեց, որ ինքն անչափ երջանիկ է, և որ նա կաղոթի Սուրբ Շեմի առջև, որպեսզի Մինասի ցանկությունն իրականանա: 1939 թ-ին Մինասն ու Սիրանույշը պատիվ ունեցան գնալ ուխտագնացության և այցելել Սուրբ Հող, քանի դեռ Պահապանը կենդանի էր:
Սիրանուշը մեկ անգամ չէ, որ նշել է, որ ինքը և իր ընկերներ-ուխտավորները նման էին երեխաների, որոնց չէր բավականացնում հոգևոր հասունությունը, որպեսզի հասկանային Պահապանի ներկայությամբ գտնվելու օրհնությունը: Իրենց հանդիպումներից մեկի ժամանակ Սիրանուշը հարցրեց Պահապանին, թե արդյոք նա գոհ է այն աշխատանքով, որոնք նա և Թեհրանի մյուս բահայիններն արել էին որբերի կացարանի համար, որը նրանք բացել էին: Նա պատասխանեց, որ այո, բայց նա պետք է փորձի կենտրոնանալ մյուս հայերին հավատն ուսուցանելու գործում: Հիշելով այս մասին, Իրան վերադառնալուն պես Սիրանուշը իր սեփական խոսքերով. «…աշխատանք գտավ տղաների համար և ամուսնացրեց աղջիկներին»: Հետո նա ողջ հոգով զբաղվեց այն առաքելությամբ, որը նրան հանձնարարել էր Պահապանը:
Անցավ ավելի քան հիսունհինգ տարի, մինչ նա կարողացավ հայերին՝ իրենց սեփական երկրում հավատք սովորեցնել: Մինասն ու Սիրանուշը միացան իրենց տղա Գարունին, նրա կնոջը՝ Սեդային և իրենց թոռներին, Բրազիլիայում, որպես պիոներներ, որտեղ նրանք ապրեցին շատ տասնամյակներ: Սիրանուշին ուղղված Պահապանի՝ հայերին հավատք սովորեցնելու խնդրանքը միշտ նրա ուշադրության կենտրոնում էր:
Մինասը, Սիրանուշը և Գարունը
Ուր էլ որ նա գնար, միշտ կապ էր հաստատում հայերի հետ՝ այցելելով հայկական ակումբներ, եկեղեցիներ: Մինասը մահացավ Բրազիլիայում՝ 1969 թ-ին: Բրազիլիայում անցկացրած շատ տարիներ անց նա սկսեց ծառայել որպես պիոներ Հարավային Ամերիկայի այլ երկրներում, հատկապես Ուրուգվայում և Արգենտինայում՝ հույս ունենալով ուսուցանել այդ տարածքներում որքան հնարավոր է շատ հայերի (Բրազիլիայի համեմատ):
Ընտանեկան լուսանկար՝ արված Բրազիլիայում՝ 1961 թ-ին:
(Սիրանուշը՝ ձախից, Մինասը՝ աջից: Վերևում Գարունը և Սեդան: Երեխաները. Վերևում ՝ Ջեյկոբը, ձախից՝ Էդմոնդը, աջից ՝ Արմոնդը, և Դիանան, ով նստած է մեջտեղում):
Պիոներ բահայինների այս սերունդը, ովքեր լքել են իրենց երկրները, կանգնել բազում խնդիրների առջև, և Այվազյանները, ովքեր մեկնել են Բրազիլիա ծեր տարիքում, բացառություն չեն: Նրանք թողել են ընտանիքը, երեխաներին, ընկերներին, ողջ կյանքը, իրենց լեզուն, իրենց մշակույթը, որպեսզի ամբողջովին ընկղմվեն օտար երկրի մեջ: Որքան էլ որ այդ դժվար լինի, նրանք դա արել են իրենց մնացած ողջ կյանքի ընթացքում: Միակ բանը, որ ոգեշնչել է նրանց, դա նրանց հավատքն է եղել և վստահությունը Բահաուլլայի այն խոստման հանդեպ, որ Նա տվել է նրանց, ովքեր ոտքի կելնեն հանուն Իր անվան, կլքեն իրենց տները և կհռչակեն Նրա գործը:
Երբ Սիրանուշն իր սեփական խոսքերով ասած՝ «Պատրաստ էր անցնել թոշակի և մնալ թոռնիկների հետ», նա դրա փոխարեն ևս մեկ անգամ ցույց տվեց այն կամքի ուժն ու վստահությունը, որը ցուցաբերել էր ավելի քան հիսուն տարի առաջ, երբ լքել էր Իրանը:
Սիրանուշի նկարը՝ Երևանի բահայինների կենտրոնում
Հայրենիքը՝ Հայաստանը, Սովետական Միության փլուզումից հետո բաց էր ճանապարհորդությունների համար, և նա, առանց մտածելու գիտեր, թե ինչ պետք է աներ: Միակ տարբերությունն այն էր, որ այս անգամ նա մեկնելու էր մենակ, առանց ընտանիքի, գրեթե ութսուն տարեկան հասակում և բազում առողջական խնդիրներով: Հայաստանում նա օգնեց կազմակերպել մի քանի Տեղական Հոգևոր Ժողովներ, ինչը 1996 թ-ին բերեց Հայաստանում առաջին Ազգային Հոգևոր Ժողովի ընտրությանը: Երբ նա եկավ 1992 թ-ին, երկիրը պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, և շատ մարդիկ էին ցանկանում մեկնել երկրից՝ ծանր տնտեսական վիճակի պատճառով: Հավատքի ուսուցման ընդհանուր պայմանները նույնպես այն չէին: Նա, ինչպես ամեն մի Հայաստանի բնակիչ, շատ ձմեռներ անցկացրեց առանց հարկ եղած տնային ջեռուցման, և իր տարիքի կնոջ համար շատ ծանր պայմաններում: Չնայած նա շատ էր զգում իր ընտանիքի կարիքը, նա այդպես էլ չվերադարձավ Բրազիլիա: Նա մահացավ 1999 թ-ի ապրիլին, մի քանի ամիս տառապելով ինսուլտի հետևանքով առաջացած հիվանդություններից: Երբ նա մահացավ Երևանում, Արդարության Համաշխարհային Տունը 1999 թ-ի ապրիլի 9-ին հետևյալ նամակն ուղարկեց Հայաստանի Ազգային Հոգևոր ժողով:
«Սիրելի՛ բահայի ընկերներ, մենք խորապես վշտացանք՝ իմանալով Բահաուլլայի սիրված ծառայի՝ տիկին Սիրանուշ Այվազյանի մահվան մասին: Նրան դեռ երկար կհիշեն իր համարձակության, համառ պիոներական ծառայության և ուսուցման աշխատանքի համար, մեծ մասամբ՝ Բրազիլիայում, Արգենտինայում և վերջապես Հայաստանում, ուր նա մեծ տարիքում գնաց որպես պիոներ՝ իր հայրենակիցներին Բահաուլլայի ուղերձը փոխանցելու համար, մեծագույնս օգնելով Աստծո Գործի առաջընթացին և ջանքեր գործադրելով իր սիրելի Գործի ուսուցման համար: Խնդրում ենք մեր ցավակցությունները հայտնել հուսալքված ընտանիքին և ընկերներին և հավաստիացնել նրանց Աստվածային Շեմին մեր աղոթքների մեջ՝ Աբհա Թագավորությունում նրա անվախ հոգու զարգացման համար:
Խորհուրդ ենք տալիս աղոթքի հանդիպում անցկացնել նրա հիշատակին:
Ջերմ բահայի ողջույններով՝
Արդարության Համաշխարհային Տուն»: