Արդարության Համաշխարհային Տունը հանդիսանում է Բահայի հավատի գլխավոր ղեկավար մարմինը, այն առաջին անգամ ընտրվել է 1963թ: Սա ղեկավարման խորհրդակցական մարմին է, կազմված է 9 հոգուց: Ընտրությունները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ աշխարհում գոյություն ունեցող բոլոր Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչների կողմից: 1963թ. գարնանը Ռիզվան այգում հիշարժան իրադարձությունների հարյուրամյա հոբելյանի տոնակատարության օրերին, որտեղ Բահաուլլան իր աշակերտներին առաջին անգամ բացահայտեց իր առաքելությունը, կայացան Արդարության Համաշխարհային Տան ընտրությունները: Ընտրություններում մասնակցեցին 56 Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչներ, իսկ 1998թ-ից դրանց սկսեց մասնակցել նաև Հայաստանի բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը: 2018թ մասնակցող երկրների թիվը հասավ 160-ի, իսկ պատվիրակների թիվն առավել քան 1300-ի:
Արդարության Համաշխարհային Տան առաջին կազմի ընտրությունները բահայիների համար դարձան հսկայական նշանակություն ունեցող իրադարձություն: Առաջին անգամ, հարյուր տարվա պայքարից, հետապնդումներից, պարբերաբար ծագող ներքին պառակտումներից հետո Բահայի համայնքին, վերջապես, հաջողվեց ժողովրդավարության հիման վրա կազմակերպված ընտրությունների ճանապարհով ձևավորել հավատի գործերի ղեկավարության մշտական գործող մարմին:
Արդարության Համաշխարհային Տան ընտրությունները բնորոշվում են մի շարք ուշագրավ առանձնահատկություններով: Քվեարկությունը գաղտնի է: Ավելին, բահայիների ուսմունքով արգելվում է թեկնածուների նախնական առաջադրումը: Յուրաքանչյուր ընտրող իր ընտրական թերթիկի մեջ գրում է ինը անուն: Ձայների հաշվարկից հետո ընտրված են համարվում այն ինը անդամները, ում անունները գրված են առավել մեծ քանակով ընտրաթերթիկների մեջ: Այն դեպքում, երբ վերջին` իններորդ տեղի թեկնածուները հավաքել են միևնույն քանակի ձայներ, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն այդ թեկնածուների մասնակցությամբ: Այդպիսի համակարգում բացառվում է թեկնածուների նախնական առաջադրումը և ընտրարշավը. քվեարկողներին տրվում է ընտրության առավելագույն ազատություն: Բացի այդ, նշված համակարգը թույլ չի տալիս դրսևորվելու իշխանատենչ ամբիցիաներ, որոնք անխուսափելի են ընտրությունների այլ կերպ կազմակերպման դեպքում: Ենթադրվում է, որ համայնքի հասուն անդամներից յուրաքանչյուրը, ում անվանել են ընտրողները, ընդունակ և պատրաստ է կատարել Արդարության Համաշխարհային Տան անդամի պարտականությունները: Ընտրությունները համընկնում են Ռիզվան տոնին և անցկացվում են ամեն տարի ապրիլի վերջին: Ընտրված անձինք աշխատանքը սկսում են ընտրություններից անմիջապես հետո կամ մոտակա ժամանակում և կատարում են իրենց գործառույթները հինգ տարվա ընթացքում:
Բահայի հավատի բոլոր ինստիտուտների որոշումներն ընդունվում են խորհրդակցությամբ: Այսինքն կարծիքների անկեղծ, սակայն բարյացակամ փոխանակումը ճշմարտության պարզման և իսկական համերաշխության նվաճման նպատակով: Այդ առիթով բահայի գրվածքներում ասվում է.
ՙՙԽորհրդակցության սկզբունքը, որը կառավարման կառուցվածքի հիմնական օրենքներից մեկն է, պետք է կիրառել բահայիների գործունեության բոլոր տեսակների նկատմամբ, որոնք շոշափում են Հավատի կոլեկտիվ շահերը, քանզի հատկապես համագործակցության և գաղափարների մշտական փոխանակման միջոցով կարելի է լավագույնս պաշտպանել և ապահովել Գործի շահերը: Անձնական նախաձեռնությունը, ընդունակությունները և հնարամտությունը, թեև առանց դրանց անհնար է զարգանալ, բոլորովին բավական չեն այդպիսի հսկայական խնդրի կատարման համար, եթե չկա կոլեկտիվ փորձի հարստությունը և մարդկանց խմբի իմաստությունըՙՙ:
Արդարության Համաշխարհային Տան ստեղծումը` մի մարմնի, որն օժտված էր Բահայի համայնքին վերաբերող բոլոր հարցերի լուծման իրավասություններով, վկայում էր այն, որ Բահայի հավատը ցանկացած կրոնի համար ամենակրիտիկական շրջանում պահպանել էր իր միասնությունը` իր պատմության առաջին հարյուրամյակում, երբ բոլոր կրոնները գրեթե անխուսափելիորեն պառակտվել էին: