Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Վրեժխնդրության և արդարադատության սահմանները
Հոդվածներ

Վրեժխնդրության և արդարադատության սահմանները

Գոյություն ունեն երկու տեսակի պատժամիջոցներ՝ առաջին միջոցը վրեժխնդրությունն է, մյուսը՝ պատիժը: Մարդուն իրավունք չի տրվում վրեժ լուծել, բայց հասարակությանը տրված է իրավունք պատժել հանցագործին, և այդ պատիժը ուղղված է հանցագործությունների կանխարգելմանն ու նախազգուշացմանը, որպեսզի ուրիշները չհամարձակվեն անել նման բան: Նման պատիժն իրականացվում է մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց այն վրեժխնդրություն չէ, վրեժը ծառայում է սրտի բարկության հագեցմանը և հակադրում է մեկ չարությունը մյուսին:

 

Դա անթույլատրելի է, քանզի մարդը վրեժ լուծելու իրավունք չունի: Բայց եթե հանցագործներին ամբողջությամբ ներեին, ապա աշխարհում անկարգություն կտիրեր: Այսպիսով,  պատիժը կենսական նշանակություն ունեցող կարևոր միջոց է, որն ապահովում է մարդկանց անվտանգությունը մարդկային համայնքներում, բայց նա, ում նկատմամբ նեղացնողը չարություն է գործել՝ վրեժ լուծելու իրավունք չունի: Ընդհակառակը, նա պետք է ների նեղացնողին, և չարություն չպահի նրա նկատմամբ, քանզի դա վայել է մարդուն:

 

Մարդկային համայնքները պետք է պատժեն ճնշողին, մարդասպանին, ոճրագործին, որպեսզի զգուշացնեն և ետ պահեն մյուսներին նման հանցագործություններից: Բայց ամենակարևորն այն է, որ մարդկանց պետք է դաստիարակել այնպես, որ նրանք երբեք հանցանք չգործեն, քանզի յուրաքանչյուր մարդու կարելի է այնքան լավ դաստիարակել, որ նա հեռու մնա և խուսափի հանցանք գործելուց, և հենց հանցագործությունը նրա համար մեծագույն պատիժ ու սարսափելի տանջանք կլինի: Եվ այդ ժամանակ աշխարհում պատժելի հանցագործություններ չեն լինի:

 

Եկեք խոսենք այնպիսի բաներից, որոնք իրական են այս աշխարհի համար: Գոյություն ունեն բազում թեորիաներ և բարձրագույն տեսություններ այս հարցի վերաբերյալ: Բայց նրանք գործնական կիրառություն չունեն, այդ իսկ պատճառով պետք է խոսենք նրա մասին, ինչը իրագործելի է:

  

Օրինակ, եթե ինչ որ մեկը ոտնձգություն է կատարում մեկ այլ մարդու նկատմամբ, նրան վիրավորանքներ է հասցնում և վնասում է նրան, և վիրավորվածը պատասխան հարված է հասցնում, սա վրեժ է և արժանի է դատապարտման: Եթե Ամրի որդին սպանի Զաիդի որդուն, ապա Զաիդը իրավունք չունի սպանել Ամրի որդուն, իսկ եթե նա դա անի, սա կլինի վրեժ: Եթե Ամրը անպատվի Զաիդին, Զաիդն իրավունք չունի անպատվել Ամրին, իսկ եթե նա դա անի, դա կլինի վրեժ, և այս դատապարտելի է: Ոչ, ընդհակառակը, նա պետք է բարությամբ պառտասխանի չարին, և ոչ միայն ների, այլև հնարավորության սահմաններում փորձի ծառայել նրան: Այսպիսի պահվածքն արժանավայել է մարդուն, քանզի ինչի՞ է նա հասնելու վրեժխնդրության միջոցով: Երկու գործողություններն էլ հավասար են, եթե մեկն արժանի է դատապարտման, ապա մյուսը նույնպես արժանի է հավասարապես: Միակ տարբերությունը նրանում է, որ մեկը կատարվել է ավելի վաղ, իսկ մյուսն՝ ավելի ուշ:

 

Բայց հասարակությունն իրավունք ունի ապահովել իր համար ինքնապաշտպանություն և անվտանգություն, ավելին, հասարակությունը չի գործում մարդասպանի նկատմամբ ատելությունից կամ թշնամանքից ելնելով, նա պատժում է նրան և բանտ է նստեցնում միայն պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով: Դա չի արվում մարդասպանի նկատմամբ վրեժխնդրությունից ելնելով, այլ արդարադատության իրականացման համար, որը կծառայի հասարակության պաշտպանությանը: Եթե հասարակությունն ու սպանվածի ընտանիքը ներեին ամեն ինչ և չարությանը պատասխանեին բարությամբ, ապա դաժան մարդիկ անընդհատ կվնասեին մյուսներին, և սպանությունները չէին դադարի: Վատ մարդիկ, գայլերի նման կվերացնեին Աստծո հոտի ոչխարներին: Հասարակությունը չարություն չի պահում և վրեժ չի լուծում պատիժը սահմանելիս, նա չի ցանկացնում հագեցնել սրտի բարկությունը, նրա նպատակն է պատիժը սահմանելով պաշտպանել այլ մարդկանց, որպեսզի վայրագություններ չկատարվեն:

 

Ուստի, երբ Քրիստոսն ասում էր. «Ով խփում է աջ այտիդ, դեմ տուր նրան և երկրորդը», Նա ուզում էր մարդկանց սովորեցնել հրաժարվել անձնական վրեժխնդրությունից: Նա ի նկատի չուներ, որ եթե գայլը հարձակվել է ոչխարի հոտի վրա և պատրաստվում է պատառոտել նրանց, ապա հարկավոր է թույլ տալ նրան դա: Ոչ, եթե Քրիստոսը իմանար, որ գայլը մտել է ոչխարների մոտ և պատրաստվում է պատառոտել ոչխարներին, միանշանակ հաստատ է, որ Նա կկանխեր դա:

 

Ինչպես Ամենաողորմած Տիրոջը բնորոշ է ամենի ներումը, այնպես էլ բնորոշ է նաև արդարությունը: Աշխարհի գոյության վրանը հենված է արդարության սյունի վրա, ոչ թե ամենի ներման: Մարդկային կյանքի շարունակությունը կախված է արդարությունից ոչ թե համաներումից: Այսպիսով, եթե ներկայումս հանցագործներին ներելու մասին օրենքները կիրառվեին բոլոր երկրներում, ապա կարճ ժամանակի ընթացքում աշխարհում կտիրեր անկարգություն և մարդկանց կյանքի հիմքերը կխարխլվեին: Օրինակ, եթե Եվրոպայի կառավարիչները չդիմակայեին տխրահռչակ Աթիլլային, ապա նա կենդանի չէր թողնի ոչ մի մարդու:

 

Որոշ մարդիկ նման են արյունարբու գայլերի. Եթե նրանց պատիժ չի սպառնում, նրանք սկսում են սպանել մարդկանց՝ իրենց զվարճանքի և հաճույքի համար: Պարսից իշխաններից մեկը սպանել է իր դաստիարակին սեփական զվարճանքի համար՝ հրճվանքի ու սպորտի: Աբասսիդների հայտնի Մութավաքքիլը, կանչելով նախարարներին, խորհրդականներին և պաշտոնյաններին, հանդիպման կեսին իր ներկայությամբ բացեց կարիճների տուփը և հրամայեց բոլորին չշարժվել: Երբ կարիճները խայթում էին այդ մարդկանց, նա ուրախությունից ծիծաղում էր:

 

Այսպիսով, կատարենք եզրակացություն: Մարդկային համայնքները կառուցվում են արդարության հիման վրա, ոչ թե համաներման: Եվ Քրիստոսը, սովորեցնելով ներում և համաներում, ի նկատի ուներ ոչ թե այն, որ եթե ձեր երկրի վրա հարձակվել են թշնամիները և այրում են ձեր տները, կողոպտում են ձեր ունեցվածքը, բռնություն են ցուցաբերում ձեր կանանց, երեխաների, հարազատների նկատմամբ, ոտնահարում են ձեր պատիվը, ապա դուք պետք է խոնարհություն ցուցաբերեք չարագործների դիմաց և թույլ տաք դաժանությունն ու բռնությունը: Ո՛չ, Քրիստոսի խոսքերը վերաբերվում են երկու մարդկանց՝ մեկը մյուսի նկատմամբ վերաբերմունքին: Եթե մեկը վիրավորի մյուսին, վիրավորվածը պետք է ների: Բայց հասարակությունը պետք է պաշտպանի արժանապատիվ մարդուն: Այսպես, եթե ինչ որ մեկը սկսի վիրավորել և ճնշել ինձ, վնասել ինձ, չարիք և բռնություն կիրառել իմ նկատմամբ, ես դիմադրություն ցույց չեմ տա և ես կներեմ նրան: Բայց եթե ինչ որ մեկը ցանկանա վիրավորել Արարատին, ես իհարկե թույլ չեմ տա դա: Չնայած չարագործը չմիջամտելը կգնահատեր որպես ծառայություն, Արարատի նկատմամբ դա արդար չէր լինի: Եթե հիմա, հենց այս պահին, ինչ որ մեկը թրով ներխուժեր այստեղ՝ մեզ մոտ, և ցանկանար բռնություն գործադրել, վիրավորել, կամ սպանել ձեզ, ապա ես անկասկած թույլ չէի տա նրան դա անել: Եթե ես թողնեի ձեզ նրա ողորմածությանը, սա կլիներ ոչ թե արդարություն, այլ նրա ոտնահարում: Բայց եթե նա անձամբ ինձ վնաս պատճառեր, ես կներեի նրան:

  

Հարկավոր է ասել նաև հետևյալի մասին: Մարդկային համայնքները գիշեր ու ցերեկ զբաղված են նրանով, որ կազմում են քրեական օրենքների օրենսգրքեր, հորինում ու մշակում են նոր միջոցներ և պատժի ձևեր: Կառուցվում են բանտեր, ստեղծվում են շղթաներ ու կապանքներ, ընտրվում են աքսորի ու վտարման տարածքներ, հորինվում են տարատեսակ խոշտանգումներ ու տանջանքներ, մինչդեռ հասարակությունը ենթադրում է, որ այս միջոցներով կարելի է ուղղել հանցագործներին, մինչդեռ, իրականում սրա հետևանքով տեղի է ունենում բարոյականության ոչնչացում և բնավորության խեղաթյուրում:

 

Հասարակությանը պետք է ընդհակառակը՝ գիշեր ու ցերեկ ուրախանալ և մեծագույն եռանդով չարչարվել մարդկանց դաստիարակության բարելավման համար, որ օր օրի աճեն գիտելիքն ու կրթությունը, որպեսզի մարդիկ ձեռք բերեն առաքինություններ, հետևեն բարոյական սկզբունքներին և խուսափեն մեղքից, որպեսզի հանցագործություններ չկատարեն: Ներկայումս, սակայն, գերակշռում է հակառակ միտումը: Հասարակությունը անընդհատ զբաղված է քրեական օրենքների խստացմամբ, պատժիչ միջոցների կատարելագործմամբ, մահապատժի և ֆիզիկական ազդեցության գործիքների մշակմամբ, բանտարկության և աքսորի տեղերի կառուցմամբ: Հասարակությունն ապրում է նոր հանցագործությունների սպասումով: Դա բարոյալքող ազդեցություն է ունենում մարդկանց վրա:

 

Բայց եթե հասարակությունը վերցներ զանգվածների կրթության գործը, ապա օր օրի կրթությունն ու ուսումը կբարձրանար, հորիզոնները կընդլայնվեին և հասկացողությունները կխորանային, ընկալունակունակությունը կսրվեր, սովորույթները կբարելավվեին և բարոյական կարգերը կվերականգնվեին, մի խոսքով, բոլոր այս կատարելությունները կզարգանային և հանցագործությունները ավելի քիչ կլինեին:

 

Ապացուցված է, որ քաղաքակիրթ ժողովուրդների շրջանում հանցագործությունները ավելի քիչ են, քան ոչ քաղաքակիրթների մոտ, այսինքն, այն ժողովուրդների մեջ, ովքեր զարգացրել են ճշմարիտ քաղաքակրթությունը՝ Աստծո քաղաքակրթությունը (նկատի ունի քաղաքակրթություն, որը միավորում է բոլոր հոգևոր և նյութական կատարելությունները): Քանի որ տգիտությունը հանցագործության պատճառներից մեկն է, ապա գիտելիքի և կրթության բարձրացման հետ հանցագործությունը նվազում է: Տեսեք, թե որքան հաճախ են սպանությունները Աֆրիկայի բարբարոս ժողովուրդների շրջանում: Պատճառն ակնհայտ է: Որովհետև դաստիարակությունն ու առաքինությունը արգելում են դա:

 

Ուստի, հասարակությունները պետք է ձգտեն հանցագործությունների կանխմանը, ոչ թե անողոք պատժիչ միջոցներին:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ