Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Սպառողականությունից դեպի ստեղծում
Հոդվածներ

Սպառողականությունից դեպի ստեղծում

Երբ մարդը ապրում է միայն ձեռք բերելու տրամաբանությամբ, նա անխուսափելիորեն հայտնվում է անընդհատ չլցվող պահանջների շղթայի մեջ․ մեկ ցանկությունը կատարվում է, բայց անմիջապես ծնվում է մյուսը, և հոգին մնում է նույնքան դատարկ։ Կյանքի գաղտնիքը գրքում առաջարկվող հակառակ ուղին շատ պարզ է, բայց նաև շատ ազատագրող․ մարդը առողջ է, երբ տալիս է, երբ իր էներգիան հոսեցնում է գործի մեջ, երբ աշխատում է ոչ միայն հանուն փողի կամ հարմարավետության, այլ հանուն արժանապատվության, ստեղծագործելու ուրախության և մարդկանց օգտակար լինելու գիտակցության։ Ստորև ներկայացվող հատվածը հենց այդ տալու փիլիսոփայությունն է բացատրում՝ ցույց տալով, թե ինչու է աշխատանքը հոգեբանական անհրաժեշտություն, ինչու է սպառողականությունը հոգու հիվանդություն, և ինչպես կարող է նույնիսկ ամենահասարակ գործը վերածվել կյանքի իմաստի, եթե այն դառնում է ծառայություն։

 

Այն ամենն, ինչ մենք ունենք կյանքում, անիմաստ է, եթե ակնհայտ արդյունքներ չի տալիս, երջանկության ու բավարարվածության զգացում չի բերում, չի օգնում մեր ունակություններն ավելի խորը զարգացնելուն, այսինքն, չի հանգեցնում նրան, որ մեր կյանքն ավելի ներդաշնակ ու օգտակար դառնա։ Մարդիկ, չհաշված հազվադեպ հանդիպող բացառությունների, փնտրում են այն, ինչ չունեն։ Նրանց կա՛մ անհրաժեշտ է այլ աշխատանք, կա՛մ բարձր եկամուտ, կա՛մ նոր կենցաղային ագրեգատ, որը հարմարավետություն կապահովի։ Սակայն, ստանալով այն, ինչ ուզում են, նրանք հազվադեպ են հանգստանում։ Նրանք, սովորաբար, խաղում են խաղալիքով մեկ-երկու անգամ, իսկ հետո մի կողմ են շպրտում և մոռանում, որովհետև արդեն հայտնվել է ցանկության նոր առարկա։ Եվ սա տեղի է ունենում ոչ միայն հոգևոր քաղցից տառապող անհատականության ներքին անհամաձայնության պատճառով, ամենից հաճախ դա կապված է այն բանի հետ, որ մարդը չունի իր հոգուն մոտ զբաղմունք։ Մենք չենք կարող հարգել ինքներս մեզ, եթե ամբողջությամբ չենք նվիրվում գործին։ Հաճախ, աշխատանքը մեզ ոչ մի ուրախություն չի պարգևում և դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք տառապում ենք «սպառողականություն» կոչվող սարսափելի հիվանդությամբ։ Որպես կանոն՝ մենք ձգտում ենք վերցնել, և շատ հազվադեպ ենք տալիս։ Արդյունքում տեղի է ունենում ինքնաթունավորում, անհատականության որոշակի խցանում, որովհետև նրա հնարավորությունները մնում են չպահանջված։ Աղբյուրի նման մենք պետք է տանք մեր էներգիան՝ ինքներս մեր ներսից նոր ուժեր վերցնելով, և դրանում է կայանում կյանքի տրամաբանությունը։ Առանց ֆիզիկական վարժությունների մկանը թուլանում է, և ընդհակառակը, որքան ավելի շատ է նա ծանրաբեռնվում, այնքան ավելի ուժեղ է դառնում։ Դա լիովին համապատասխանում է կյանքի բնականոն ռիթմին։ Պայքարը, էներգիայի արտանետումն առաջացնում է էներգիայի նոր ալիք և միևնույն ժամանակ լավագույնս կոփում է։ Որքան շատ եք դուք անում, այնքան ավելի շատ եք կարողանում անել։

 

Չկա ոչ մի կասկած, որ պատճառը, որ ժամանակակից մարդիկ երբեմն հպարտություն չեն զգում իրենց կատարած աշխատանքի համար և այդքան քիչ են հաճույք ստանում դրանից, կայանում է մեր աշխատանքի ավտոմատացված լինելու մեջ։ Ցանկացած բանի մեջ, որը մարդը պատրաստում է սեփական ձեռքերով, լինի դա ավել, գորգ, աթոռ, թե կավե կճուճ, հոգուց մի մասնիկ է դրվում, ինչ-որ բան անգիտակցաբար նրանից անցնում է նրա պատրաստած առարկային, հենց այն պատճառով, որ նա դա սեփական ձեռքերով է պատրաստել, սովորաբար՝ սեփական օգտագործման, իր ընտանիքի կամ իր գյուղի համար։ Սակայն, դժվար թե նրան հետաքրքրեր աշխատանքը, որը կայանում է ահռելի մեքենայի վրա լծակը քաշելու մեջ և նայելու, թե ինչպես են դրոշմվում դետալները, կամ թե խառատահաստոցի վրա աշխատելը, երբ մեծ քանակությամբ հոսքի մեջ պատրաստվում են աթոռների ոտնակները։ Այդ դեպքում աշխատանքի գործընթացն այնքան անանձնական է, որ մեքենայական արտադրության անվերջ շղթային ձեր մասնակցությունը թվում է աննշան ու անարդյունավետ։ Դա այն գինն է, որը ստիպված ենք վճարել այն նոր ազատության համար, որը տրվել է մեզ մեքենայացման շնորհիվ։ Աշխատավոր մարդու բեռը զգալիորեն թեթևացնելու համար մենք ստիպված ենք եղել զոհաբերել ինքնահարգանքի այն չափաբաժինն ու այն բավարարվածությունը, որը զգացել են մեր պապերը՝ աշխատելով իրենց ձեռքերով։ Ինքնահարգանքը ետ վերադարձնելու և հաճույքով աշխատելու համար, որն ինքնին այս աշխարհի երջանկության ամենամեծ աղբյուրներից մեկն է, մենք պետք է մի փոքր այլ կերպ նայենք այս խնդրին։ Աշխատանքը մեզ անհրաժեշտ է ոչ միայն ապրուստի միջոց ձեռք բերելու համար, այն մեզ հոգեբանորեն է անհրաժեշտ։ Մենք մեր էությամբ աշխատասեր ենք, ճիշտ այնպես, ինչպես մեղուներն ու մրջյունները, և մենք երբեք չենք կարող մեզ առողջ զգալ, եթե չաշխատենք՝ կարևոր չէ որտեղ, ածխի հանքում, աստղագիտական լաբորատորիայում, նվագախմբում՝ աշխատանքը մեզ օգտակար է, այն անփոխարինելի է։ Եթե մենք սա յուրացնենք, մեր ամենօրյա աշխատանքը կկատարենք ավելի մեծ պատրաստակամությամբ ու եռանդով։ Եթե մենք սովորենք հիանալ աշխատանքի արդյունքի կատարելությամբ և ամբողջապես սկսենք ձգտել դրան, մեր աշխատանքը կսկսի մեզ շատ ավելի մեծ բավարարվածություն պարգևել։ Բայց նույնիսկ սա մեզ համար բավարար չէ, և սա այնքան էլ այն չէ, ինչ անհրաժեշտ է, քանզի նման կերպ վարվելով մենք ինքնահանգստացմամբ ենք զբաղվում։ «Ես սա այսպես կանեմ, որովհետև ինձ այսպես է դուր գալիս»։ Աշխատանքը, որը մարդը կատարում է միայնակ, և որի արդյունքը ոչ ոք չի տեսնում, չի կարող ամբողջական բավարարվածություն բերել, ինչպես չի կարող երջանիկ լինել այն մարդու կյանքը, ով կուսակրոնության ուխտ է տվել, քանզի նա երբեք չի կարողանա հասնել հոգևոր կատարելության, որը կարելի է գտնել միայն քեզ նմանների շրջապատում։ Աշխատանքը պետք է դիտարկել որպես հասարակությանը ձեր կողմից անձնական նվեր․ «Ընդունեք սա իմ կողմից, լավագույն մաղթանքներով, սա արել եմ ես՝ Ջեյմս Սմիթս, և անչափ հպարտանում եմ դրանով»։ Աշխատանքը ձեր ներդրումն է այլոց, և իհարկե, ձեր սեփական կյանքի բարելավման գործում։ Այլ կերպ ասած դա ձեր ծառայությունն է մարդկությանը: Ձեզ դրա համար կարող են վճարել չափազանց քիչ, կամ չափազանց շատ, դա կարող է լինել քաղաքային աղբ հավաքողի շատ անշնորհակալ գործ, կամ ականազերծողի չափազանց վտանգավոր աշխատանք, բայց եթե դուք դա անում եք արժանապատվությամբ, այն գիտակցությամբ, որ դա ձեր ներդրումն է հասարակության կյանքում, որ դուք դա անում եք լավ, որ դուք ինչ-որ փեթակի միջի բոռ չեք, այլ ազնիվ աշխատող, ով իր հացը վաստակում է սեփական քրտինքով, ապա դուք չեք կարող դա անելիս բավարարվածության զգացողություն չունենալ։

 

Թույլ մի տվեք ձեզ կանգ առնել ձեռք բերվածի վրա, որպեսզի չնմանվեք առվի մեջ լճացած ջրին, որն, ի վերջո, նեխում է և սկսում վատ հոտեր արձակել։ Զգացեք, որ ձեր ներսում աղբյուրներ են ցայտում, որոնք սնվում են թեկուզև անհայտ, բայց անսպառ ակունքներից։ Ձեր առաքելությունը առվի նման մշտապես շարժման մեջ լինելն է, այսպես թե այնպես, ավել կամ պակաս, տալով այն, ինչ դուք ունեք, այդկերպ ձեր ներդրումն ունենալով մարդկության կյանքում։ Ուղղակի մի աշխատեք, ծառայեք մարդկանց։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ