Բահայի ուսմունքներն ասում են, որ Արարիչը կարող է սիրո, կրթության, լուսավորության և առաջխաղացման պարգևներ շնորհել այն էակներին, ովքեր ունակ են հասկանալ և օգտագործել դրանք։
Այն հոգիները, որոնց ներքին էությունը լուսավորված է Աստծո հանդեպ սիրով, նման են լույսի տարածվող շողերի, և նրանք սրբության աստղերի պես փայլում են բյուրեղյա և մաքուր երկնքում: Ճշմարիտ սերը, իրական սերը Աստծո հանդեպ սերն է, և այն մարդկանց ընկալման և երևակայության սահմաններից դուրս է։
«Աբդուլ-Բահայի Գրվածքներ» գրքի այս հատվածում նշվում է, որ սիրո և լուսավորության այս գործընթացում, ինչպես ծնողական սիրո դեպքում, անվերապահ սերն ու օգնությունը պետք է լինեն փոխադարձ: Սա չի նշանակում, որ սերը չի կարող միակողմանի լինել: Իհարկե, մենք կարող ենք քնքշորեն սիրել մեկին, ով մեզ չի սիրում: Սակայն ճշմարիտ հարաբերություններ հաստատելու համար պետք է սկսվի երկկողմանի կամ փոխադարձ գործընթաց: Միայն այդ դեպքում հարաբերությունները կարող են զարգանալ, անկախ նրանից՝ այս սերը գոյություն ունի երկու մարդու միջև, թե Արարչի և արարվածի միջև։
Անկախ նրանից, որ Աստծո հետ մեր փոխհարաբերությունները չեն կարող մեզ հավասարեցնել Աստծուն, միևնույն է այդ հարաբերություններում կա փոխադարձություն: Մի անգամ Բահաուլլան, խոսելով Արարչի անունից, հայտարարեց.
Եթե դու չսիրես ինձ, իմ սերը չի կարող հասնել քեզ։
Աստված երբեք չի մերժում մեր սերը։ Նրա սերը մեր հանդեպ անվերապահ է, անփոփոխ, անսասան և հավերժ:
Ըստ Բահաուլլայի հարաբերությունների կառուցմանը պետք է երկուսն էլ մասնակցեն: Մեր մասնակցությունն այդ չպետք է սահմանափակվի միայն Աստծո՝ մեր հանդեպ ունեցած սերը ճանաչելով: Այն պետք է արտահայտվի նաև համարժեք գործողություններով: Մենք կարող ենք շնորհակալ լինել Աստծուն մեզ ստեղծելու և մեզ թույլ տալու համար ճանաչել Նրա սերը։ Շնորհակալ լինել Աստծուն այն անսահման ուժերի և հատկանիշների համար, որոնցով պոտենցիալ առումով օժտել է մեզ։ Պոտենցիալ առումով, քանի որ այն միայն օգտագործվելու դեպքում կարող է իրացվել։ Մենք կարող ենք նաև գիտակցել, որ Աստծո մեզ վեհանձն է դարձնում: Բահաուլլան Նվիրական խոսքեր գրքում գրում է.
Ո՜վ ոգու որդի: Ես քեզ հարուստ ստեղծեցի, ինչու՞ ես դու ընկնում աղքատության մեջ: Ես քեզ վեհանձն ստեղծեցի, ինչու՞ ես դու քեզ նվաստացնում: Գիտելիքի բուն էությունից Ես քեզ ստեղծեցի, ինչու՞ ես դու Ինձանից բացի ուրիշ գիտելիք փնտրում: Ես քեզ սիրո կավից կերտեցի, ինչպե՞ս ես դու զբաղված ուրիշով: Հայացքդ ուղղիր քո ներսը և կտեսնես, թե ինչպես եմ Ես կենում քո մեջ` ուժեղ, զորեղ, ինքնագո:
Աստծո հետ հարաբերությունների պարզ անալոգիան կարելի է հասկանալ հեռախոսազանգի օրինակի տեսանկյունից: Աստված կարող է զանգ տալ մեզ, և մենք կարող ենք լսել զանգը տարբեր հիշեցումների տեսքով՝ լինի դա սերն ուրիշների հանդեպ, թե բնության գեղեցկությունը: Բայց Աստծո սերը չի կարող մեզ հասնել, քանի դեռ չենք վերցրել հեռախոսը, և պատասխանել զանգին։ Այս տեխնիկան կիրառվում է, երբ մենք երկխոսության մեջ ենք, երբ մենք պատասխանում ենք Նրա զանգին, որպեսզի հաղորդակցությունը լինի փոխադարձ։ Կասկած չկա, որ այս իմաստով է աղոթքը խրախուսվում բոլոր կրոններում։
Որպեսզի Աստծո սերը հասնի մեզ, մենք պետք է գիտակցենք այն։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ընկալունակ լինել և արձագանքել դրան: Աստծո սերը գիտակցելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչն է մեզ գրավում և ինչն է ընկած այդ գրավչության հիմքում: Մենք պետք է իմանանք, թե ինչով է առանձնանում այս զանգը մյուս բոլոր զանգերից։
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ մենք ստեղծվել ենք հենց այն նպատակներին հասնելու համար, որոնք Արարիչը ցանկանում է մեզ համար: Այլ կերպ ասած, աստիճանականությունը, որով մենք սովորում ենք, թե ով ենք և ինչ ենք, ավելի պարզ է դառնում, երբ մենք սկսում ենք լրջորեն ուսումնասիրել Աբդուլ-Բահայի աքսիոմատիկ հայտարարությունը, ով 1912 թ. Վաշինգտոնի մի գրական ընկերությանն ասաց, որ մենք ի սկզբանե ստեղծվել ենք, որպեսզի ձգտենք իրականությունը հասկանալուն։
Գիտությունը առաջին մղումն է Աստծուց դեպի մարդ: Բոլոր ստեղծված արարածները մարմնավորում են նյութական կատարելության ներուժը, բայց մտավոր հետազոտման և գիտական նվաճումների կարողությունը բարձրագույն առաքինությունն է, որը վերապահված է միայն մարդկանց: Այլ արարածներն ու օրգանիզմները զրկված են այս հնարավորությունից և ձեռքբերումներից: Աստված ստեղծել և դրել է մարդու մեջ իրականության նկատմամբ այս սերը: