Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մովսեսի առաջնորդությունը և մեծ ելքը
Հոդվածներ

Մովսեսի առաջնորդությունը և մեծ ելքը

Մովսեսի կյանքը մարդկության պատմության մեջ առանձնանում է որպես ազատության, հավատքի և աստվածային առաջնորդության հզոր օրինակ։ Նրա միջոցով Աստված ազատագրեց Իսրայելի որդիներին ստրկությունից և առաջնորդեց նրանց դեպի նոր կյանք ու նոր ուխտ։ Այս պատմությունը բացահայտում է Մովսեսի առաքելության ամենանշանակալի դրվագները՝ նրա դիմակայությունը Փարավոնին, ժողովրդի առաջնորդումը դժվար ճանապարհով և այն հոգևոր դասերը, որոնք մինչ այսօր շարունակում են ոգեշնչել մարդկանց։                                   

 

Մովսեսն ու Փարավոնը

 

Երբ Մովսեսը եկավ Եգիպտոս, քաղաքի շինարարությունն արդեն ավարտվել էր, իշխանության էր եկել նոր Փարավոն։ Մովսեսը լավ գիտեր այդ մարդուն։ Երբ նա ապրում էր Փարավոնի արքունիքում, երիտասարդ արքան դեռ երեխա էր։ Մովսեսի հետ միասին նրանք որսի էին գնում, խաղում էին, խոսում։ Եվ ապագա Փարավոնը մեծագույն համակրանքով էր վերաբերվում նրան։

 

Բայց իշխանությունը փոխել էր այս մարդու բնավորությունը, դարձրել էր դաժան և անարդար։ Նա ուներ հարյուրավոր ստրուկներ, և եթե մարդիկ չէին ցանկանում կատարել նրա հրամանները, նա ուղղակի սպանում էր նրանց։ Նա շատ հարուստ էր, ապրում էր հիասքանչ դղյակում և ահռելի քանակությամբ հարստություն և հիասքանչ հագուստներ ուներ։ Երիտասարդ Փարավոնը իրեն երկրի վրա իջած իսկական Աստված էր համարում։ Նա մեծ թշնամանքով վերաբերվեց Մովսեսին, քմծիծաղով ու կասկածամտությամբ նայեց նրան։

 

-Թույլ տուր իմ ժողովրդին լքել Եգիպտոսը,- խնդրեց Մովսեսը,- իմ ժողովուրդը չի կարող խոնարհվել Իր Աստծուն՝ ապրելով նման պայմաններում։

 

-Ո՞վ է այդ Աստվածն, ով ուղարկել է քեզ, Մովսե՛ս։ Միգուցե ես աշտարակ կառուցեմ ու բարձրանամ դեպի երկինք, որպեսզի այնտեղ հանդիպե՞մ Քո Աստծուն։ Ինչպես կարող ես դու հայտարարել, որ քո Աստված ավելի շատ զորություն ունի, քան ես ու իմ աստվածները։ Ո՛չ, ես երբեք թույլ չեմ տա քո ժողովրդին լքել Եգիպտոսը։

 

Մովսեսը դրան այսպես պատասխանեց․

 

-Մեր Աստված արևը չէ, և ոչ էլ Նեղոս գետը։ Մեր Աստված ոչ օձ է, ոչ էլ ցուլ, որոնց արձաններին երկրպագում են քո ենթակաները։ Մեր Աստված տիեզերքի Արարիչն է՝ բոլոր տեսանելի և անտեսանելի աշխարհների Ստեղծողը։ Բայց Մովսեսի ոգեշնչված ելույթը չհուզեց Փարավոնին։ Քանզի միայն մաքուր սիրտը, որն ազատ է նախապաշարմունքներից ու սնահավատություններից, կարող է ականջալուր լինել Աստծո Կանչին։

 

Այդժամ Մովսեսն ասաց Ահարոնին․

 

-Մենք ոչնչով չենք կարող օգնել Եգիպտոսի ժողովրդին, բայց Եգիպտոսից Իսրայելի Որդիներին հանելը մեր սուրբ առաքելությունն է։ Մովսեսն ասաց Փարավոնին, որ Եգիպտոսին սարսափելի աղետներ են սպասվում և որ իր ժողովրդին Փարավոնը կարող է փրկել միայն իսրայելցիներին հեռանալ թույլ տալու համաձայնությամբ։

 

Բայց Փարավոնը միայն ծիծաղեց և ասաց, որ չի հավատում Մովսեսին։ Այդժամ Մովսեսն ասաց, որ նա ուղարկված է Աստծո կողմից, և եթե Փարավոնը չենթարկվի Իրեն, բոլոր եգիպտացիները խոցերով կպատվեն։ Բայց Փարավոնն ասաց, որ չի հավատում նրան, և ինչպես հայտնի է, բոլոր եգիպտացիները խոցերով պատվեցին, բայց Իսրայելի Որդիները՝ ոչ։ Այդ ժամանակ Փարավոնն ասաց Մովսեսին․

 

-Լավ, եթե հեռացնես խոցերը, ես բաց կթողնեմ Իսրայելի Որդիներին։

 

Եվ այդ ժամանակ Մովսեսը հեռացրեց խոցերը, բայց Փարավոնն ասաց, որ բաց չի թողնի իսրայելցիներին։ Եվ այդ ժամանակ Աստված հրամայեց Մովսեսին մորեխների հսկայական պարս ուղարկել եգիպտացիների վրա։ Եվ Աստված Մովսեսի միջոցով այլ սարսափելի աղետներ ուղարկեց՝ մորեխներ, սարսափելի կարկուտ, միլիոնավոր գորտեր։ Եվ ամեն անգամ Փարավոնը խոստանում էր բաց թողնել Իսրայելի Որդիներին և ամեն անգամ խախտում էր խոստումը։

 

Եվ այդժամ, ի վերջո, Աստված ասաց Մովսեսին․

 

-Ասա՛ Փարավոնին, որ ես հրեշտակ կուղարկեմ եգիպտական ողջ աշխարհի վրա, և նա կսպանի ամեն ընտանիքի առաջին զավակին։ Եվ Մովսեսն ասեց Փարավոնին դրա մասին, և ասաց նա Իսրայելի Որդիներին այդ օրը մնալ իրենց տներում, և նշան անել իրենց դռների վրա, որպեսզի հրեշտակն իմանա, որ այդ տները պետք չէ մտնել։ Ամեն բան եղավ հենց այնպես, ինչպես ասել էր Մովսեսը, և մինչև օրս Իսրայելի Որդիների հետնորդները հիշում են այդ օրը և այն անվանում Հրեական Պահք։

 

Երբ Փարավոնն իմացավ, թե ինչպիսի սարսափելի բաներ կկատարվեն իր հետ, եթե նա չենթարկվի Աստծուն, նա ասաց Մովսեսին, որ Իսրայելի Որդիները կարող են գնալ։

 

Վերջապես Մովսեսը հաղթանակ տարավ Փարավոնի նկատմամբ։ Այդ ժամանակ իսրայելցիներն արդեն ամբողջովին պատրաստ էին լքել Եգիպտոսը։ Նրանք պատրաստվել էին այդ օրվան երկար ամիսներ և անգամ տարիներ։ Եգիպտոսից հեռանալուց առաջ Մովսեսը դիմեց նրանց ոգեշնչող խոսքերով։ Նա խոսեց նրանց հետ Աստծո Կամքի, իրենց ճանապարհի նպատակի մասին։

 

Ժողովրդին հեշտությամբ առաջնորդելու համար Մովսեսը նրանց բաժանեց տասներկու ցեղերի։ Բոլոր ցեղերի ցեղապետներին հավաքելով՝ նա խոստում տվեց նրանց, որ Իսրայելի Որդիներն անպայման կհասնեն Ավետյաց երկիր՝ Քաանան։ Իսրայելի Որդիների՝ Եգիպտոսից հեռանալը տեղի ունեցավ գարնանը։ Իսրայելցիներին միացան նաև որոշ եգիպտացիներ, ովքեր հավատացին Մովսեսին։ Երբ իսրայելցիները լքում էին Եգիպտոսը, Փարավոնը փորձեց կրկին խախտել իր խոստումը և իր զորքին ուղարկեց նրանց ետ վերադարձնելու։

 

Մովսեսն ու Կարմիր ծովը 

 

Իսրայելի որդիները մոտեցան Կարմիր ծովի ափերին։ Նրանք չգիտեին ինչպես անցնել այն, քանի որ չունեին նավակներ և չկար ժամանակ՝ դրանք պատրաստելու համար, քանի որ Փարավոնի զորքն արդեն մոտենում էր։ Եվ այդ ժամանակ նրանք գնացին Մովսեսի մոտ ու հարցրին նրան՝ ի՞նչ անել։ Մովսեսն ասաց, որ Աստված կօգնի իրենց, որովհետև Նա երբեք դժբախտության մեջ չի լքի նրանց, ում սկսել է օգնել։ Սա լսելով՝ Իսրայելի Որդիները թեթևություն զգացին։

 

Մովսեսն իր հետ երկար գավազան ուներ։ Նա մոտեցավ ափին ու ջրերից վեր բարձրացրեց այն։ Եվ անմիջապես չոր ճանապարհ ընկավ Կարմիր ծովի երկայնքով, և Իսրայելի բոլոր Որդիներն անցան մյուս ափ, նրանցից և ոչ մեկի ոտքերն անգամ չթրջվեցին։ Փարավոնի զինվորները մոտեցան ափին ու փորձեցին անցնել այն ճանապարհով, որը ստեղծել էր Մովսեսը, բայց երբ նրանք հասան դրա կեսին, ճանապարհն անհետացավ և նրանք բոլորը ջրի տակ անցան ու խեղդվեցին։ Այսպես Իսրայելի որդիները փրկվեցին Փարավոնից և այդ ամենը Աստծո օգնության շնորհիվ։ Մովսեսն ասաց նրանց, որ նրանք պետք է շնորհակալ լինեն Աստծուն։ Եվ հենց ափին նրանք շնորհակալություն հայտնեցին Աստծուն և խնդրեցին նրան շարունակել օգնել իրենց և երբեք մենակ չթողնել։

 

Անապատում

 

Եվ այսպես, հիմա նրանք պետք է մտածեին, թե ինչպես հասնեն Ավետյաց Երկիր՝ Քանան։ Նրանց երկար ճանապարհ էր սպասվում և այդ ճանապարհը հոգնեցուցիչ էր լինելու։ Բայց նրանք կրկին ճանապարհ ընկան՝ իրենց շատ երջանիկ զգալով, որովհետև գիտեին, որ Աստված օգնում է իրենց։ Եվ նրանք գնում էին օր ու գիշեր, շաբաթ առ շաբաթ, ամիսներ առ ամիսներ և անգամ տարիներ, բայց դեռևս չէին հասնում Քանանի Երկրին։

 

Ժամանակն անցնում էր և նրանք ավելի էին հոգնում։ Նրանցից ոմանք անգամ սկսեցին տրտնջալ ու ասել որ այլևս Աստծո օգնության կարիքը չունեն։ Այդ ողջ ժամանակի ընթացքում Մովսեսը նրանց հետ էր, ոգեշնչում էր նրանց, օգնում էր այն ժամանակ, երբ նրանք շատ էին հոգնում, որպեսզի շարունակեն ճանապարհը։ Բայց նրանք փնթփնթում էին անգամ Մովսեսի վրա և կոպիտ էին վերաբերվում նրան՝ մոռանալով, որ նա Աստծո Դեսպանորդն է, ով դուրս է բերել նրանց Եգիպտոսից։

 

Մի անգամ նրանք երեկոյան պառկեցին քնելու՝ հոգնած ու բարկացած, որովհետև այդ օրը կրկին ոչ մի ուտելու բան չկար։ Մովսեսը ասաց նրանց, որ հանգիստ քնեն, ու կտեսնեն, որ Աստված հոգ կտանի նրանց մասին։ Բայց նրանք ուշադրություն չդարձրին նրա խոսքերին։ Պատկերացրեք, թե որքան երջանիկ էին նրանք հաջորդ առավոտ, երբ արթնացան ու տեսան գետնին հիասքանչ, սպիտակ հաց։ Նրանք հաճույքով կերան այն ու կրկին ճանապարհ ընկան։

 

Նրանք դա անվանեցին երկնքից ուղարկված Մանանա, իսկ Մովսեսը պատմեց նրանց, որ այդ հացն Աստված է ուղարկել նրանց, որպեսզի ցույց տա, որ Նա չի մոռացել իրենց մասին։ Մի անգամ, չոր ու ավազոտ անապատում, որտեղ չկային ոչ մի տեսակի ծառեր, դաշտեր կամ գետեր, միայն ավազ և քարեր, նրանք կորցրել էին ջուր գտնելու վերջին հույսը։ Եվ նրանք գնացին Մովսեսի մոտ ու սկսեցին տրտնջալ։ Բայց Նա պատասխանեց․ «Աստված կօգնի ձեզ, եթե դուք խնդրեք Նրան»։ Բայց նրանք սկսեցին աղերսել Մովսեսին, որպեսզի նա իրենց փոխարեն խնդրի Աստծուն, քանի որ նրանք ամաչում էին անձամբ անել դա։

 

Եվ այդ ժամանակ Մովսեսը դիմեց Աստծուն, հետո ճամփա ընկավ դեպի բարձր սարն ու հարվածեց նրան իր գավազանով։ Եվ անմիջապես, մաքուր, սառը ջուրը սարից ներքև սկսեց հոսել, և Իսրայելի Որդիները կարողացան և՛ հագեցնել ծարավը, և՛ լողանալ։ Բայց ժամանակը գնում էր, իսկ Քաանան երկրին նրանք ոչ մի կերպ չէին հասնում։ Եվ սկսեցին նրանք ավելի ու ավելի տրտնջալ, և սկսեցին շատ վատ արարքներ գործել։ Նրանցից ոմանք ասացին, որ ավելի լավ կլիներ երբեք չլքեին Եգիպտոսը, ինչը նրանց կողմից ահռելի անշնորհակալություն էր, եթե հիշենք, թե ինչպես էին նրանք խնդրում Փարավոնին բաց թողնել իրենց, և որքան տանջանքներ էր տարել Մովսեսը՝ նրանց հետ միասին։ Նրանցից ոմանք էլ ասացին, որ այլևս չեն հավատում Աստծուն:

      

 Մովսեսն ավարտեց իր առաքելությունը

 

Իսրայելի Որդիները քառասուն տարի թափառեցին անապատում, մինչև հասան Ավետյաց երկիր։ Այդ ժամանակվա ընթացքում եգիպտական փարավոնների իշխանությունը թուլացավ։ Նրանք կորցրին Քաանանի փոքր թագավորությունների հանդեպ նախկին տիրակալությունը, ուր ճանապարհվել էին իսրայելցիները։ Կորցնելով եգիպտական փարավոնների աջակցությունը՝ այս թագավորությունները թուլացան և դրանք զավթելը դյուրին դարձավ։ Եվ հենց այս հողերի վրա իսրայելցիները պետք է կառուցեին իրենց երկիրը, որը հիմնված էր Մովսեսի Հայտնության վրա։

 

Այս քառասուն տարիների ընթացքում Մովսեսին հաջողվեց միավորել ժողովրդին և նրանում դաստիարակել Աստծո հանդեպ հավատ։ Իսրայելի Որդիներին մեծ ապագա էր սպասում։ Այս բոլոր տարիների ընթացքում Մովսեսը ոչ մի րոպե չլքեց իր ժողովրդին։ Նա ոգեշնչում, աջակցում, հանգստացնում էր մարդկանց։ Նրանց հետ կիսեց և՛ ուրախությունը, և՛ դժբախտությունը։ Հմտորեն ղեկավարեց բոլոր տասներկու տոհմերը և մշտապես խնդրեց Աստծուն ներել իսրայելցիներին, ովքեր միշտ չէ, որ ենթարկվում էին Աստծո պատվիրաններին։

 

Շատ բան ստիպված եղավ տանել Մովսեսը։ Բազում տարիների պանդխտության ընթացքում շատերը երես թեքեցին նրանից՝ զղջալով, որ լքել են Եգիպտոսը։ Շատերը մտածում էին, որ Նա իշխանություն ու հարստություն է փնտրում։ Նրան հեգնեցին, դավաճանեցին, բայց չնայած այս բոլոր դժբախտություններին ու անհաջողություններին՝ Մովսեսը շարունակեց իր սիրելի ժողովրդին տանել դեպի Ավետյաց երկիրը՝ դեպի երջանկություն։ Մի անգամ, երբ Մովսեսը մեկուսացել էր սարերում, մարդիկ բոլոր ոսկյա զարդերից ոսկե ցլիկ պատրաստեցին և սկսել երկրպագել նրան՝ ինչպես Աստծուն, մոռանալով Մովսեսի՝ կուռքերին պաշտելու արգելքի մասին։

 

Անգամ Մովսեսի հավատարիմ աշակերտները՝ Ահարոնն ու Մարիամը, չէին կարողացել կագնեցնել մարդկանց։ Իսկ Մովսեսը սարից իջել էր նրանց մոտ՝ ձեռքերի վրա բերելով քարե սալիկների վրա դաջված Աստծո տասը պատվիրանները, որոնք անձամբ Աստված էր թելադրել նրան։ Մովսեսը ջարդեց այդ քարե սալիկները, իսկ Նրա հոգին լաց եղավ մարդկանց արարքների համար։

 

Որոշ ժամանակ անց Մովսեսը նորից սար բարձրացավ։ Շուտով Աստվածային տասը պատվիրանները կրկին հայտնվեցին մարդկանց, ովքեր այս անգամ պատրաստ էին իրենց կտակը կնքել Աստծո հետ։ Մովսեսն ասաց մարդկանց․  «Եթե դուք հստակորեն հետևեք այս կտակին, մեծ ժողովուրդ կդառնաք»։ Իսկ երբ իսրայելցիները մոռանում էին իրենց խոստման մասին ու վատ էին վարվում, Մովսեսն օգնություն ու ներում էր աղերսում Աստծուց։ Եվ Աստված երբեք չլքեց իսրայելցիներին։

 

Որպեսզի մարդիկ չմոռանան Աստծո մասին, կառուցեցին շարժական տաճար՝ աղոթքների ու Սուրբ Գրվածքները կարդալու համար։ Տաճարն իրենից ներկայացնում էր ընդարձակ վրան, որը կարված էր ամենանուրբ կտորներից։ Արծաթից ու ոսկուց կառուցվեց տապան, որտեղ դրվեցին սուրբ քարե սալիկները՝ տասը պատվիրաններով։ Հետագայում այս պատվիրաններին ավելացան այլ հոգևոր և սոցիալական օրենքներ: Եվ այս բոլորը դարձավ Նոր Աստվածային կրոնի հիմքը, որը Աստված փոխանցեց Մովսեսի՝ Նրա ոգեշունչ Դեսպանորդի միջոցով։

 

Մովսեսն այդպես էլ ոտք չդրեց Քաանան՝ ավետյաց երկիր։ Այդպիսին էր Աստծո Կամքը։ Բայց իր կյանքի վերջին րոպեներին Նեբո լեռան բարձրությունից Նա տեսավ երկիրն ու հասկացավ, որ տեղ է հասցրել իր ժողովրդին և կատարել է իրեն վստահված առաքելությունը։ «Եվ ասաց Աստված Մովսեսին․ «Բարձրացիր Նեբո լեռան վրա, որը Մոաբում է՝ Երիքովի դիմաց, և նայիր Քաանանի երկրին, որը Ես տալիս եմ Իսրայելի Որդիների տիրակալությանը։ Եվ մահացիր այն լեռան վրա, որը կբարձրանաս և միացիր քո ժողովրդին․․»։ 

 

Եվ ասաց նրան Աստված․ «Ահա այն երկիրը, որը խոստացել էի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով՝ քեզնից սերվածներին կտամ այն։ Ես թույլ տվեցի քեզ քո աչքերով տեսնես այն, բայց նրա վրա դու ոտք չես դնի»։

 

Եվ մահացավ այնտեղ Մովսեսը՝ Աստծո ծառան, Մոաբի հողերում՝ Երիքովի դիմաց, և անգամ մինչև օրս ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված Նա։ Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մահացավ, բայց Նրա տեսողությունը անգամ չէր վատացել, և նրա տոկունությունը չէր պակասել։ Եվ երեսուն օր սգացին Նրա մահը Իսրայելի Որդիները Մոաբի դաշտավայրերում, և վերջացան Մովսեսի սգո լացի երեսուն օրերը։ Եվ Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, ում Տերը ճանաչեր երես առ երես, այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիր, և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։

 

 «Վերադարձեք  Իսրայել։ Երբ ժամանակը գա, Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման նոր մարգարե կհայտնի ու Իր խոսքերը նրա բերանը կդնի, և նա կասի ձեզ այն ամենը, ինչ Աստված նրան կհրամայի»։

 

Սրանք Մովսեսի վերջին մարգարեական խոսքերն էին։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ