Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդու հոգու զարգացման ճանապարհը
Հոդվածներ

Մարդու հոգու զարգացման ճանապարհը

Գիտակցությունը, խելքը, սիրելու կարողությունը մեր ամենահիասքանչ հատկություններն են։ Դրանք կարելի է համեմատել հայելու հետ․ եթե հայելին շրջես դեպի ներքև՝ դեպի գետին, նրանում կարտացոլվի սևությունը, բայց եթե այն դարձնես դեպի արևը, ապա այն կլցվի այնպիսի շլացուցիչ լույսով, որ նրա անդրադարձրած ճառագայթներից շուրջբոլորը կբռնկվի այն ամենը, ինչը միայն կարող է այրվել։ Հենց մեր այս հատկանիշներն են այն կողմնացույցը, որով մենք պետք է որոշենք մեր ուղին։ Եվ ուրեմն ինչի՞ վրա է պետք ուղղել դրա սլաքը։ Դա կարող է լինել այն անսասան բարձրագույն արժեքը, որն անփոփոխ է, մի տեսակ հոգևոր Հյուսիսային աստղը։ Կամ՝ հերթական վայրկենական նպատակը՝ այսօր դա կարող է լինել նոր մեքենա, վաղը՝ ամառանոց, մյուս օրը՝ մեկ այլ բան։ Ընտրությունը մերն է։

 

Նախքան փորձել հասկանալը, թե ինչպես պետք է իրականում հոգ տանել մեր հոգու կարիքների մասին, եկեք հարցնենք ինքներս մեզ՝ իսկ ո՞րն է նրա նպատակը։ Մարգարեներից բացի ոչ ոք դեռ հստակ պատասխան չի տվել այս հարցին։ Իսկ Նրանցից յուրաքանչյուրն ուսուցանել են, որ Աստված մեզ ստեղծել է, որ մենք ճանաչենք Նրան և գնանք այն ճանապարհով, որ Նա ցույց է տվել մեզ՝ լցված Նրա հանդեպ սիրով և ճաշակելով Նրա անմահությունից։ Ապրելով այս աշխահում՝ մենք չենք կարող լիովին հասկանալ, թե ինչ է անմահությունը։ Դա հասանելի է մեզ ճիշտ այնքան, ինչքան մոր արգանդում գտնվող երեխային է հասանելի այն, թե ինչ է նրան սպասվում, երբ նրա փոքրիկ էությունը հայտնվի այս աշխարհում։ Աստված՝ գոյություն ունեցող ամեն ինչի Արարիչն, աշխարհն ստեղծել է այնպես, որ զարգացման երկար, զարմանալիորեն բարդ, բազմակողմ գործընթացի արդյունքում առաջանա պտուղ, և այդ պտուղը մենք ենք։ Ապրելով երկրի վրա, մենք, ինչպես արգանդում գտնվող երեխան, պատրաստվում ենք այլ աշխարհ այցելության։ Սկզբում մենք ձևավորվում ենք մեր ժամանակավոր, երկրային պատյանում, և ինչպես մոր արգանդում գտնվող երեխայի մոտ, զարգանում է կյանքի երկու մեխանիզմ՝ այն, որը մենք օգտագործում ենք այս կյանքում, և ևս մեկը, որը մեր մարմնական պահանջների բավարարման տեսանկյունից համարվում է անօգուտ։ Մինչ կծկված երեխան բանտարկված է մութ, լույս չթափանցող, հեղուկով լցված պատյանում, անիմաստ է թվում այն, որ նրա մոտ զարգանում են տարբեր օրգաններ։ Եվ իսկապես, ինչի՞ համար է նրան պետք տեսողությունը, երբ շուրջբոլորը մութ է, կամ շնչառությունը, երբ շուրջբոլորն օդ չկա, կամ վերջույթները, երբ չկա շարժվելու հնարավորություն, կամ խոսքի և լսողության օրգանները, չէ՞ որ նա չի կարողանում ո՛չ խոսել, ո՛չ լսել։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ եթե երեխայի ոտքը թերաճ մնա արգանդում, նա հաշմանդամ կծնվի, եթե նրա մոտ տեսողության օրգանը չզարգանա, նա երբեք չի կարողանա տեսնել աշխարհը և այլն։

 

Եթե  դեռ չծնված երեխան կարող լիներ մտածելու, նա կհամարեր իր բոլոր զարգացող օրգանները բացառապես անպետք են և ոչ անհրաժեշտ։ Բայց հենց դրանք են կազմում նրա ապագա կյանքի հիմքը։ Նույնը, մեծ մասամբ, այս աշխարհում տեղի է ունենում մեր հոգու հետ։ Այստեղ, իր ճանապարհի առաջին փուլում, նա պետք է զարգացնի որոշակի հատկանիշներ։ Եթե դա տեղի չունենա, ապա, երբ նա նորից ծնվի, այլ կերպ ասած, երբ նա հրաժեշտ տա իր ֆիզիկական պատյանին և մտնի նոր, հավերժ կյանք, նրան կպակասի մի շատ կարևոր բան՝ նա հաշմանդամ կլինի։

 

Եկեք հարցնենք ինքներս մեզ.որո՞նք են մարդկային այն հիմնական հատկանիշները, որոնք չունեն կենդանիները։ Հնարավոր է, դա մեզ հուշի, թե ինչ հատկանիշներ է հարկավոր զարգացնել այստեղ՝ երկրի վրա, որպեսզի երջանիկ լինենք այս կյանքում և հավերժական երանություն գտնենք մյուսում։ Մարդն օժտված է սիրո պարգևով․ նա սիրում է իր մերձավորներին, իդեալները, գեղեցկությունը, գիտելիքն ու ամենից առաջ՝ իր Արարչին։ Կենդանիները լիովին զրկված են այս պարգևից։ Հետևաբար, սերը մարդկային հոգու անգին հատկանիշներից է, և մարդն իր ողջ երկրային կյանքի ընթացքում պետք է ձգտի զարգացնել այդ հատկանիշը։ Մարդն օժտված է վերլուծական մտածողությամբ, գիտելիքներին տիրապետելու ունակությամբ,  և կրկին՝ նա պետք է կատարելագործի իր մտքի ուժերն այստեղ՝ երկրի վրա, որպեսզի և՛ այս աշխարհում, և՛ դրանից դուրս կարողանա ըմբռնել կյանքի իմաստն ու խորհրդավոր մեխանիզմը։ Մարդն ընդունակ է զգալու, նրան հատուկ է զգացմունքների մի ամբողջ գունապնակ՝ կարեկցանք, խղճահարություն, բարություն, համբերություն, ներողամտություն և նրան անհրաժեշտ է ձեռք բերել այս մարդկային անգին առաքինություններն այս կյանքում, որպեսզի դրանք ծառայեն նրան ապագա կյանքում։ Մարդն ունակ է անձնազոհության, կարող է շատ բան տանել հանուն պարտքի զգացումի, սիրո կամ արդարության։ Այս հատկանիշները մենք նույնպես պետք է զարգացնենք մեր մեջ՝ դրանք դարձնելով մեր առաջնային երկրային կյանքի հիմքը։ Որոշ մարդիկ զարմանալի հատկություն ունեն՝ նրանք ներսից փայլում են, և թվում է, որ նրանց տրված է յուրահատուկ ուրախություն, վստահություն, ըմբռում իրենց գոյության իմաստի և Նրա գոյության իմաստի մասին, ով նրանց կյանքի է կոչել։ Նրանք մյուս մարդկանցից տարբերվում են դրանով՝ ոմանց մոտ նախանձ առաջացնելով, մյուսների մոտ էլ՝ հիացմունք։ Այս ուրախ, հանգիստ ներքին վստահությունը մեր հոգու եզակի հատկությունն է, և այն կարելի է և պետք է զարգացնել այստեղ՝ այս աշխարհում: Մարդկային մեկ այլ անգին հատկություն է հավատը, վստահելու կարողությունը։ Դա սրտի այն համոզմունքն է, որը, ի տարբերություն մտքի զուտ ինտելեկտուալ համոզմունքի, ապացույցների կարիք չունի, այն նման է սիրելու կարողությանը։ Հավատը հրաշագործ ուժ է, որը կարող է մեծ փոխակերպիչ ազդեցություն ունենալ մարդու վրա: Հավատը նույնպես պետք է սնուցել երկրի վրա:

 

«Ճանաչիր քեզ» հավերժական կոչը համարվում է կյանքի հիմնաքարը։ Ճաշակելով Աստվածային անմահությունից՝ մենք ձեռք ենք բերում զարգացման գրեթե անսահման կարողություն։ Իսկական խաղաղությունն ու հրաշքները մեր ներսում են։ Կարդալով Շեքսպիր, հետևելով ֆիզիկոսի փորձերին, ուսումնասիրելով գիտնականի տրամաբանական եզրակացությունները, հայացք գցելով, թե ինչպես է ահռելի մռնչացող ինքնաթիռը շարժվում ըստ տրված ուղղության, մենք հիանում ենք մարդկային մտքի մեծ նվաճումներով։ Եվ որքան հազվադեպ ենք մենք գիտակցում, որ այդ ամենը ծնվել է ինչ-որ մեկի հոգու խորքերում, որ մեր ներսում գոյություն ունի էներգիայի հսկայական աղբյուր, որը մենք պարզապես պետք է կարողանանք օգտագործել և ուղղորդել այն նոր, ստեղծագործական ուղղությամբ։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ