Մարդը հասնում է կատարելության՝ ինքնակամ կատարելով բարի գործեր, բայց ոչ բարի գործերի միջոցով, որոնք ստիպողաբար է անում։
Երեխան ի վիճակի չէ դեմ գնալ ջրում խաղալու, լճում լողալու ցանկությանը, ուրախության վիճակը թույլ չի տալիս նրան մտածել այն մասին, որ նա կարող է ընկնել և խորտակվել։ Նա հետաքրքրությամբ «խաղում է» այնպիսի խաղալիքների հետ, ինչպիսիք են ածելին, դանակը, ասեղը, մկրատը, անգամ չպատկերացնելով այն վտանգների մասին, որոնք դրանք պարունակում են։ Եվ քանի որ այդ իրերը նրա համար մեծ ձգողական ուժ ունեն, նա դիմադրում է, բողոքարկում, երբ մայրը փորձում է խլել դրանք իր ձեռքից։
Մայրերը շատ հաճախ նման իրավիճակը գնահատում են որպես «մանկական կամակորություն»։ Ցանկանալով փոխել երեխայի պահվածքը՝ նրանք հանդիմանում, պատժում են նրան, բռնի կերպով ճնշում են գործադրում, ինչն էլ ավելի է ուժգնացնում կամակորությունն ու խախտում է բարոյական կարգերը։
Մայրը բռնի կերպով վերցնում է երեխայի ձեռքից դանակը, դնում տեղն ու ասում, որ նման բաներով խաղալ չի կարելի։ Բայց մի քանի րոպեից նա տեսնում է, որ երեխան կրկին վերցրել է դանակը և վրդովված գոռում է․ «Հենց հիմա ցած դիր։ Անհասկացո՛ղ։ Քանի անգամ քեզ պետք է ասեմ, որ նման բաներով չի կարելի խաղալ»։ Երեխայի համար շատ դժվար է ետ կանգնել առաջացած ցանկությունն անհապաղ կատարելուց և ենթարկվել մոր պահանջներին, այդ իսկ պատճառով նա առանց ամաչելու ասում է․ «Ես ուզում եմ խաղալ։ Հանգիստ թող ինձ։ Ավելի լավ է գործերովդ զբաղվիր»։ Իհարկե, այս տեսարանը կավարտվի նրանով, որ երեխային կպատժեն։ Բայց հետզհետե, երբ ապտակներն ու նախատինքները դադարեն օգնել, իսկ իրավիճակն էլ ավելի բարդանա, այս ամենին ստիպված կլինի խառնվել հայրը։ Այս բախումների և կոնֆլիկտների կործանիչ հետևանքները հասկանալի են բոլորին։
Երեխայի կամակորությունը կանխելու համար առաջարկում ենք կիրառել որոշ դաստիարակչական մեթոդներ, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը՝ առանց դաժանության դիմելու։
1․ Փոքր երեխաներն իրենց բնույթով անհանգիտ են, աշխույժ։ Նրանց պետք է հնարավորություն տալ զարգացնելու իրենց ֆիզիկական կարողությունները՝ վարժությունների ու գիմնաստիկայի միջոցով։ Մայրերն, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները լուռ ու հանգիստ նստեն՝ գործում են Աստծո կողմից տրված մանկական բնույթին հակառակ և այդպիսով փորձելով լուծել երեխաների հետ փոխհարաբերություններում առկա դժվարությունները՝ առերեսվում են մի խնդրի հետ, որն իրենց ուժերից վեր է։ Հարկավոր է երեխային հնարավորություն տալ ավելի շատ շարժվելու, նրան բավարար չափով ազատություն տրամադրել, որպեսզի նա ինքը կարողանա տարբեր իրավիճակների փորձ ձեռք բերել, և առանց անհրաժեշտության նրան խաղից չկտրել։ Երեխաներին բավարար է իրենց տիրապետության տակ ունենալ մի քանի խաղալիք կամ մի քանի իր։ Բոլոր ծնողները, եթե մի փոքր մտածեն, կկարողանան (հաշվի առնելով տան եկամուտը) ավպահովել իրենց երեխային իր տարիքին և հետաքրքրություններին համապատասխան խաղալիքներով։ Խաղալիքները չպետք է չափազանց թանկ լինեն․ փայտե քառակուսի, խորանարդիկ, թղթե թերթիկներ, մատիտներ, տուփեր, տիկնիկներ, մեքենաներ և դրանց նման էլի ինչ-որ բաներ միանգամայն կարող են զբաղեցնել երեխային։
2․ Երբ երեխան սկսել է ինչ-որ վտանգավոր գործով զբաղվել, խորհուրդ ենք տալիս ծնողներին ուժ չգործադրել, այլ փորձել արագ ու կտրուկ շեղել նրա ուշադրությունն ինչ-որ այլ բանի վրա՝ լարվածությունը թուլացնելու համար։ Օրինակ,եթե երեխան վերցրել է ածելին, վախի ազդեցության տակ նրա վրա գոռալու կամ ածելին ձեռքից խլելու, և դրանով իսկ նրանում զայրույթ առաջացնելու փոխարեն հարկավոր է երեխային մեկ այլ բանով հետաքրքրել։ Կոնֆետները կամ վառ գույնի գնդակը կարող են շեղել երեխայի ուշադրությունը այդ վտանգավոր զբաղմունքից։
3․ Սակայն եթե երեխան չի զբաղվում որևէ անթույլատրելի բանով, ապա մայրը չպետք է նրան կանգնեցնի կամ խստություն ցուցաբերի։ Օրինակ, երեխան գորգի վրա նստած պոկում է թերթի մաքուր էջերը։ Այդ զբաղմունքի միակ տհաճ բանը լինելու է սենյակը մաքրելը։ Մայրերին խորհուրդ չի տրվում գոռալ երեխայի վրա, բարկանալ կամ նրան խաղից կտրել։ Հարկավոր է երեխային խելամիտ ազատություն տալ։ Չափազանց խստությունը, խաղից կտրելն ու սահմանափակումները երեխային դարձնում են նյարդային, հանդուգն, կամակորություն են առաջացնում անգամ այն դեպքերում, երբ երեխան գիտի, որ ճիշտ չէ։ Երեխաների մոտ թշնամական վերաբերմունք է առաջանում դաստիարակության հարցում և նման դեպքերում նրանք ասում են․ «Իմ մայրը միշտ իմ դեմ է»։ «Ինչ անում եմ, ինձ արգելում է», «Ինձ չեն սիրում իմ տանը»։ Եթե ատելության այդ զգացումը սկսի աճել, ապա երեխայի մոտ ծնողների նկատմամբ բացասական դիրքորոշում կձևավորվի, ինչն իր հերթին նրան համառության կդրդի իր վատ պահվածքի մեջ և կունենա վտանգավոր հետևանքներ։
4․ Երեխաները սիրում են վազել, աշխույժ խաղեր խաղալ մաքուր օդին, ծնողների հետ զբոսնելու գնալ։ Երբ երեխաները մեծանում են բնական պայմաններում, խաղում են, չեն ենթարկվում ո՛չ հրմշտոցների հոր և մոր կողմից, ո՛չ անպատճառ սահմանափակումների, նրանք կսովորեն տիրապետել իրենց, կառավարել իրենց զգացմունքները և կամակորություն չանել։