Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մանկական եսասիրություն
Հոդվածներ

Մանկական եսասիրություն

Սերը, հարգանքը, որը յուրաքանչյուր մարդ զգում է ինքն իր հանդեպ որպես անհատ, դրդում է նրան պահպանել և հսկել իր Ես-ը, պաշտպանել սեփական շահերը խուսափել ցանկացած զզվելի և կործանարար  բաներից։ Այդ սերը մեզ տրված է Ամենակարողի կողմից և ծառայում է մարդկային ցեղը պահպանելու համար։

 

Եթե բնազդային սերը սեփական անձի հանդեպ դուրս չի գալիս չափավորության սահմաններից, ապա այն օգտակար է և գովասանքի արժանի։ Բայց եթե Աստծո արգելքներին հակառակ այն անցնում է սահմանները և մարդուն դարձնում է եսասեր և եսակենտրոն, ապա արդյունքը կլինի ամբողջական անտարբերությունը մյուս մարդկանց նկատմամբ և նրանց շահերի անտեսումը։ Մեծագույն գրողներն ու ուսուցիչներն իրենց ստեղծագործություններում մեզ համար գիտելիքի մեծ մարգարիտներ են թողել, այդ թվում նաև եսասիրական վարքագծի անպարկեշտության ապացույցներ։

 

Փոքր երեխաների մտքի գործընթացի առանցքը հանդիսանում է սեփական անձի հանդեպ ուժգին սերն ու դժգոհություններից խուսափելու ձգտումը։ Նրանք իրենց համարում են համընդհանուր ուշադրության կենտրոնը և մտածում են, որ ողջ աշխարհը ստեղծված է նրանց համար, բոլորը պետք է լսեն իրենց ու հնազանդվեն։ Երեխան, սովոր լինելով, որ շրջապատն իր հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, պահանջում է իր բոլոր ցանկությունների բավարարումը։

 

Փոքր երեխաների շատ գործողություններն ու խոսքերը մեծերի համար քիչ նշանակություն ունեն, անգամ մեզ տարօրինակ են թվում, չնայած երեխաների համար դրանք տրամաբանական են, հասկանալի և կապված են տարիքի, զարգացման ընթացքի որոշակի ժամանակաշրջանի հետ։

 

Երեխան տեսնում է, որ մայրը պահարանի մեջ շոկոլադ ու թխվածքաբլիթներ է դրել։ Նա վստահաբար բացում է դռները, վերցնում և ուտում է այն, ինչ ուզում է, չհասկանալով, որ եթե ծնողներն այնտեղ են դրել քաղցրավենիքը, ուրեմն որևէ պատճառ կա։ Մայրն ու հայրը «հիմար» երեխայի արարքը համարում են սխալ և պատժի արժանի։

 

Փոքրիկ աղջիկը որոշում է իր տիկնիկի համար զգեստ կարել։ Նա առանց վարանելու վերցնում է մոր մոտ եղած ցանկացած իրեն անհրաժեշտ նյութն ու սկսում է զգեստը ձևել։ Երբ մայրը հայտնաբերում է, թե ինչ է տեղի ունեցել, նա բարկանում է ու սկսում է բղավել դստեր վրա, հարցնելով, թե ինչպես նա կարող էր նման բան անել։ Երեխան շվարած, լիովին անկեղծ պատասխանում է․ «Ինձ դա պետք էր», հետո, մի փոքր մտածելով, ավելացնում է․ «Ինձ դա պետք էր և ես այն վերցրի»։

 

Դաստիարակների ու ծնողների հիմնական խնդիրն է վայրկենական ցանկությունների բուռն հեղեղին ճիշտ ուղղություն տալ և չթողնել, որ «սեփական անձի հանդեպ սերը» վերածվի եսակենտրոն պահվածքի։ Ահա այս հարցին վերաբերվող մի քանի պրակտիկ առաջարկ․

 

1․ Ծնողները պետք է նրբանկատորեն և անընդմեջ բացատրեն երեխաներին, որ այլ մարդիկ ևս լիովին իրավունք ունեն օգուտ քաղելու Բարձրյալի և Ամենասեր Արարչի ստեղծագործություններից, հետևաբար ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հոգ տանի այլոց մասին, օգնի և ծառայի նրանց։

 

2․ «Մի ցանկացիր ուրիշներին այն, ինչ ինքդ քեզ չէիր ցանկանա» ոսկե կանոնը հարկավոր է մշտապես կրկնել երեխաներին և կիրառել այն գործնականում։ Հարկավոր է զգուշությամբ հիշեցնել երեխաներին այն դեպքերում, երբ նրանք հաշվի են առնում միայն սեփական կարիքները,  շահերը, զգացմունքները, բարոյական չափանիշների պահպանման կարևորության մասին։

 

3․ Ամնակարևորը, երեխաների մեջ չբորբոքել սեփական անձի հանդեպ սիրո այն կրակը, որն այրվում է երեխայի ներսում։ Ոչինչ այնքան չի փչացնում երեխայի բնավորությունը, բացասաբար չի ազդում նրա ինքնագնահատականի վրա, որքան ծնողների անզուսպ հիացմունքը․ «Մեր երեխան իսկապես եզակի է։ Դուք չեք հավատա, թե ինչքան ընդունակ է նա, ամեն ինչին ստեղծագործաբար է մոտենում։ Տեսեք, թե ինքան զարգացած է ֆիզիկապես։ Իսկ ինչպիսի ժպիտ ունի»։ Չվաստակած գովասանքն ու հիացմունքը հանգեցնում են գոռոզության և ինքնահավանության: Երեխայի մոտ կարող է առաջանալ ուրիշներին գերիշխելու, իր շահերն ու հայացքները նրանց պարտադրելու միտում։

 

Իմաստուն ծնողներն ընդունում են այն փաստը, որ երբ երեխային ոգևորում, քաջալերում են, ապա նա վաղ տարիքից հասկանում է բարոյական սկզբունքների համակարգը, գիտակցելով, որ նրա յուրաքանչյուր արարք կառաջացնի կամ գովասանք, կամ պատիժ, և եթե նա անի ինչ -որ բան, որն արժանի կլինի հավանության, ապա նրան կպարգևատրեն, իսկ եթե կշտամբանքի արժանի լինի` կպատժեն։

 

Երեխաները կարող են ջանալ իրենց պահվածքի մեջ շեղումներ թույլ չտալ, եթե վաղ տարիքից հասկանան, որ պարգևատրումն ու պատիժը հասարակական կյանքի անբաժանելի մասն է։ Խրախուսումն ու բարեկրթությունը, լավ արարքների համար շնորհակալության արտահայտումը պետք չէ խառնել չափազանցված, անհիմն գովասանքի ու չափից դուրս հիացմունքի հետ, որը մեծ վնաս են հասցնում երեխաների դաստիարակությանն ու քննադատության են արժանի։

 

Եթե դուք հանդիպում եք եսասեր և եսակենտրոն մարդու, իսկ այդպիսիները, ցավոք, հասարակության մեջ բավական շատ են, ապա կարող եք վստահ լինել, որ նրա պահվածքի հիմնական պատճառը սխալ դաստիարակությունն է, հոր և մոր կողմից երեխայի անձի զարգացման պրոցեսի նկատմամբ անուշադրությունը, և որպես դրա հետևանք՝ դալար ծառին ուղղվելու, գեղեցիկ և սլացիկ դառնալուն օգնելու անկարողությունն է։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ