Մի առավոտ, երբ ես վերջացնելով նախաճաշս վեր կացա սեղանի մոտից, հայրս հրամայեց ինձ վերադառնալ։
-Ու՞ր ես որոշել գնալ։
-Պապիկի մոտ։
Հորս ձայնը անողոք էր հնչում. - Հանիր գլխարկդ, դու տանն ես մնում։
-Բայց պապիկը մի քանի ոչխար է տանում տուն, և ասաց, որ հնարավոր է գառներ էլ պահի։
-Դու մնում ես տանը և վերջ։
-Ինչու՞։
-Որովհետև ես եմ այդպես ասում, այ թե ինչու։
Ես չտեսա պապիս մի ամբողջ շաբաթ։ Ես ինքս էի մեղավոր։ Պետք չէր մորս ու հորս պատմել, թե ինչի մասին էինք պապիս հետ խոսում կիրակի երեկոյան, գետից վերադառնալու ճանապարհին։ Ճանապարհին ես հաշվեցի յոթ եկեղեցի և հարցրի պապիս, թե ինչպես կարող է Աստված ամեն կիրակի այցելել բոլոր եկեղեցիները միանգամից։
-Շատ սովորական,- պատասխանեց պապս,- Աստված նման է օդի։ Նա ամենուր է: Դու այստեղ, սայլի մեջ շնչում ես չէ՞, ձիերն էլ դրսում են շնչում։
-Իսկ լինու՞մ է այնպես, որ Աստված որևէ եկեղեցում ավելի երկար մնա, և արդյոք նա բոլորին միանմա՞ն է սիրում։
Պապս մտածեց։
-Չգիտեմ,- ասաց նա,- չեմ կարծում, թե Աստված հիմք ունենա սիրելիներ առանձնացնելու։ Իմ ու քո համար այս մարգարտածաղիկները դեղին ու սպիտակ են, իսկ տերեփուկները՝ կապույտ, և դրանով նրանք տարբերվում են։ Բայց Աստծո համար նրանք ուղղակի ծաղիկներ են, և մինչ նրանք աճում ու ծաղկում են, նա իր քիթը ոչ մի տեղ չի խոթում ու ոչ մեկի ճամփան չի բռնում։
Աստված զորեղ է, միայն թե նրա արարածները նվազեցնում են Նրա մեծությունը։
Երբ ես ճաշի ժամանակ պատմեցի հորս, թե ինչպես է պապս եղեկեղեցիներից ոմանց անվանում խատուտիկ, իսկ մյուսներին տուղտ, նա որոշեց, որ դա բավականին զավեշտալի է։ Հետո ես ասացի, որ պապս կարծում է՝ Աստված շատ բարի ու առատաձեռն է, և Նրա համար մեկ է՝ մարդ որ եկեղեցի կգնա, եթե նա սիրում է Աստծուն ու իր եղբայրներին։ Հորս աչքերը սառցակտորների վերածվեցին:
- Այդ ի՞նչ Աստված է, որի մասին պապդ պատմում է քեզ։
-Նա այնքան հեռավոր և վախենալու չէ, ինչպես եկեղեցում,- պատասխանեցի ես,- ես լսել եմ, թե ինչպես է նա առավոտյան ախոռ մտնելով՝ Աստծուն ասում <<Բարի լույս։ Տեսնում եմ, Դուք գիշերը աչքներդ ձիերի վրա եք պահել։ Չափազանց երախտապարտ եմ, սըր։ Հիմա կարող եք մի փոքր ննջել, իսկ օրվա մնացած մասը ես նրանց մասին հոգ կտանեմ>>։
Ինձ ուղարկեցին քնելու՝ առանց ճաշի։ Հայրս համարում էր, որ պապս ինձ վրա վատ ազդեցություն է թողնում, այդ իսկ պատճառով մեզ արգելված էր հանդիպել մի ամբողջ շաբաթ։ Մայրամուտին անհրաժեշտ էր դուրս սողոսկել սենյակի պատուհանից, սողալ մառանի փայտե տանիքի վրայով և իջնել թխկենու վրայով։ Մայրս ինձնից խոսք էր վերցրել չհանդիպել պապիս և չխոսել նրա հետ, բայց չէր ասել, որ ես չեմ կարող գնալ ախոռի մոտ և նայել նրան։ Ես կանգնել էի ցանկապատի մոտ և նայում էի կերամանների փայտերի միջով, թե ինչպես է պապը ձիերին տանում ջրելու։ Երբ ծեր, թմբլիկ Արքայազնն անցնում էր կողքովս, ես գրեթե դիպա նրան։ Արքայազնը կամաց խրխնջաց և ինձ մոտեցրեց քիթը։ Պապս հայացքը թեքեց ուղիղ դեպի ինձ, բայց նա քաշեց սանձերը․
- Գնա,- հրամայեց նա,- ջրի մոտ գնանք, կերամանի մեջ բան չկա։
Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ պապս երևի նույնպես հրահանգ էր ստացել չշփվել ինձ հետ։ Երբ ձիերն արդեն խմել էին ջուրը և վերադարձել ախոռ, ես Միսսիսիպիի երկայնքով իջա դեպի կամուրջ։ Ես նստեցի այնտեղ և մինչև արևի մայր մտնելը նայում էի ջրին։ Հետևում էի Սվանսոնի փայտանոցի գերաններին, որոնք լողում էին գետի վրայով։ Ես երևակայում էի, որ դրանք հսկայական նավեր են, և որ պապս դրանցից ամենամեծի նավապետն էր, իսկ ես՝ նրա առաջին օգնականը․ և մենք լողում էինք դեպի Նոր Օռլեան՝ գտնելու թաքնված գանձերը։ Արևը վերածվեց մեծ դդմի և գետի ջուրը դարձրեց նարնջի հյութ։
Ես լսեցի ձիու ու սայլի ձայները կամրջի վրա։ Դա պապն էր՝ Արքայազնի հետ։ Ես պահեցի խոստումս, որ տվել էի մորս՝ իջա կամրջի եզրով և թաքնվեցի դրա տակ։ Պապս կանգնեցրեց սայլն ուղիղ իմ վերևում։
-Ո՞վ կա էստեղ,- կանչեց նա։ Ես չպատասխանեցի։ Կարճ ժամանակ անց լսեցի, թե ինչպես է ասում.
- Ննո, ննոո, շարժվի՛ր Արքայազն,- և սայլը կրկին առաջ գնաց։
Հաջորդ առավոտ մեր տան մոտ ես լսեցի պապիս սայլի ձայնն ու վազեցի պատուհանի մոտ։ Ես տեսա, որ նա ինձ ձեռքով է անում, ես նրան նույնպես ձեռքով արեցի։ Նա դուրս եկավ նոր մոխրագույն լծասարքով՝ վրան խնձորներ, և ես հասկացա, որ նա ուզում է ինձ ցույց տալ, թե ինչքան սիրուն տեսք ունեն նրանք։ Երեկոյան ես մորիցս թուղթ ու մատիտ վերցրի, և սկսեցի պապիս նամակ գրել։ Հեշտ չէր շարադրել ինչ պետք է ասեի։ Ես այսպես սկսեցի․ <<Սիրելի պապիկ, ես, իհարկե, շատ կուզենայի գալ քո տուն ու խաղալ․․․>>։ Այստեղ քունս տարավ։ Մայրս եկավ վրայիս ծածկոցն ուղղելու։ Ես արթնացա ու տեսա, որ նա կարդում է նամակը։ Նրա աչքերում արցունքներ կային։ Ես ձևացրի, իբր քնած եմ։ Մայրս կրկին ուղղեց ծածկոցս ու ամուր գրկեց ինձ։ Նա համուրեց ինձ ու նամակը տարավ իր հետ։ Ես դուրս սողոսկեցի անկողնուցս և հայացքս ուղղեցի օդափոխիչին։ Մայրս նամակը ցույց էր տալիս հորս։ Հայրս մոտեցավ հեռախոսին և երկու երկար, երկու կարճ զանգ արեց։ Պապիս էր զանգում։ Ես վերադարձա անկողին։ Այլևս չէի կարողանում ականջներս սրել, որպեսզի լսեմ խոսակցությունը։ Դրանք նույնպես հոգնել էին և աչքերիս պես փակվում էին։ Հաջորդ առավոտ մայրս ասաց, որ ամեն ինչ կարգին է, և որ ես կրկին կարող եմ գնալ պապիս մոտ։ Ինչ-որ մեկը երևի պապիս ասել էր, որ նա նույնպես կարող է գալ ինձ մոտ, որովհետև, երբ ես դուրս վազեցի դարպասներից, տեսա, որ պապիս սայլը՝ Արքայազնին ու Բյութիին լծած, գալիս է մեր ճանապարհով։ Նրանք փոշու գերող ամպեր էին բարձրացնում։
-Փռռռռռռ,- գոռաց պապը սովորականից ավելի բարձր։ Նա մեկնեց ինձ իր ձեռքը,- ես գնում եմ Տեմերեկ-Սվամպի հիվանդ զամբիկին նայելու, ժամանակի հետ ո՞նց ես։
-Կարծում եմ, որ կարող եմ օգնել նրան,- ասացի ես ու նստեցի նրա կողքին։ Պապս ինձ հանձնեց սանձերը։
-Արքայազն, Բյութի, շարժվե՛ք,- գոռացի ես։
Պապս թփթփացրեց ծնկիս, իր երեսի մազերով ճանկռեց դեմքս ու բարձր ծիծաղեց․
-Ահա թե ինչ, տղաս,- ասաց նա ինձ,- Ես կարող եմ խոսել քեզ հետ Աստծո մասին ինչքան ասես, բայց եկեղեցիները ես ու դու հանգիստ կթողնենք։
Մենք անցանք հին լքված Սու-Լայն երկաթուղային կայարանը, մինչ պապս նորից խոսեց: Նա այսպես ավարտեց․
-Կարծում եմ, քեզ միայն մի բան է պետք անել, տղա՛ս՝ ինքնուրույն կարդալ լավ գիրք։ Կտեսնես, թե ինչ դուրս կգա դրանից,- նա գրկեց ինձ, - բայց չդադարես հարցեր տալ և հետևիր քո սրտին, լսու՞մ ես, հակառակ դեպքում երազանքներդ չեն կատարվի։