Միանգամայն բնական է, որ ծնողները խորը հետաքրքրություն են ցուցաբերում իրենց երեխաների դաստիարակության և ուսման նկատմամբ։ Դուք ցանկանում եք, որպեսզի նրանք մեծանան արդար, վեհանձն, հավասարակշիռ և արժանի լինեն հարիր տեղ գրավելու հասարակության մեջ, որպես քաղաքակիրթ և առաջադեմ մտածողությամբ մարդիկ։
Դուք իհարկե չեք սովորեցնում երեխաներին ստել, ինտրիգներ անել, չարախոսել։ Դուք հույս եք ունենում, որ նրանք հարգանք կցուցաբերեն մեծերի նկատմամբ, կհետևեն այն բարոյական սկզբունքներին, որոնց շնորհիվ հնարավոր են դարձել մարդկության ձեռքբերումները, կարտահայտեն այն հոգևոր վեհ հատկանիշները, որոնք այդքան անհրաժեշտ են մարդուն հասարակության մեջ։ Ծնողները պետք է հասկանան: Իրենց հույսերը կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ բարի նպատակները փոխարինվեն կոնկրետ գործերով։ Այլ կերպ ասած, դուք ինքներդ պետք է տիրապետեք անհրաժեշտ հատկանիշների ու կատարելությունների, որ ձեր երեխաները հաջողության հասնեն։ Գիտնականները միանշանակ համաձայնում են այս կարծիքի հետ: Ծնողների խոսքերն ու գործերը մեծ ազդեցություն են ունենում երեխաների վրա: Հենց ծնողներն են ձևավորում բարոյականությունը, վարքագիծը, կյանքի արժեքները, իրենց երեխաների անհատականությունը, իսկ մոր առաքինություններն ու դաստիարակչական մոտեցումը առավել ուժգին են ազդում վերջինիս վրա։ Ինչ էլ որ ծնողներն ասեն, ինչ էլ որ անեն, այդ ամենը մտնելու է երեխայի վարքագծի նկարագրության մեջ՝ նրա Ես-ի նկարագրի։
Շատ մանկական հոգեբաններ կարծում են, որ գրեթե յուրաքանչյուր գործողություն երեխաները յուրացնում են նմանակման ու հետազոտման շնորհիվ։ Այդ իսկ պատճառով մենք երեխայի մեջ, ինչպես հայելու, կարող ենք տեսնել հոր, մոր և նրա հետ շփվող շատերի պահվածքն ու շարժուձևը։
Ծնողների յուրաքանչյուր արարք, նրանց ասած յուրաքանչյուր խոսք նշանակություն է ունենալու երեխաների դաստիարակության և կրթության ընթացքում։ Եթե ծնողներն անկեղծորեն և լրջորեն ցանկանում են, որ իրենց երեխաները մեծանան ճշմարտախոս, չզբաղվեն ինտրիգներով, հավատան աղոթքի ուժին և հենվեն բարոյական սկզբունքների վրա, չաղտոտեն իրենց լեզուն, ապա նրանք իրենց տանը պետք է հրաժարվեն ստից և բամբասանքից, պետք է հետևեն վեհ արժեքներին, այդ ժամանակ երեխաները, ունենալով իրենց աչքերի առջև ծնողների օրինակը, իրենց մտերիմների միջավայրում կգտնեն հոգևորություն, բարեպաշտություն և կապվածություն։
Սակայն եթե դուք ասում եք երեխային, որ սուտ խոսելը վատ է, որ ստախոսն իրեն նվաստացնում է ուրիշների աչքերում, և ինչպես գրել է հայտնի պոետը՝ <<Սուտը մարդուն դարձնում է անարժան, սուտը բերում է նրան խայտառակություն>>, իսկ ինքներդ երեխայի ներկայությամբ սուտ եք խոսում, ապա նա կհասկանա ձեր խոսքերի կեղծավորությունը, և բոլոր խորհուրդներն ու ուղղորդումները անմիջապես կմոռացվեն, <<կչքվեն>>՝ առավոտվա մշուշի նման, որն ահնետանում է արևի առաջին ճառագայթներից։
Օրինակ, հայրը սովորեցնում է երեխային, որ սուտն արատ է, խաբել չի կարելի, պետք է միշտ և բոլորի հետ ճշմարտացի լինել և այլն, իսկ այդ պահին ինչ-որ մեկը տալիս է դռան զանգը, և հայրն ուղարկում է տղային՝ եկվորին ասելու, որ ինքը տանը չէ։ Արդյոք հոր խորհուրդները երեխայի բարոյական վարքագծի վրա դրական ազդեցություն կունենան։
Ինչ էլ որ ասեն ծնողներն իրենց երեխաներին և ինչ էլ որ սովորեցնեն անել, նրանք առաջին հերթին պետք է առօրյա կյանքում շարժվեն նույն բարոյական սկզբունքներով։ Հակառակ դեպքում խորհուրդները, որոնք չեն հիմնվում սեփական օրինակի վրա, կբերեն ոչ այլ ինչի, քան ժամանակի զուր ծախսմանը։
Շատ ծնողներ սխալմամբ կարծում են, որ փոքր երեխաները <<դեռ շատ բան չեն հասկանում>>։ Ընդհակառակը, երեխաների մոտ նմանակման ձգտելու ցանկությանը միանում է հետաքրքրասիրության զգացումը, որն այնքան ուժեղ է, որ մշտապես պահպանում է նրանց մեջ ամեն ինչ իմանալու ու ամեն բան տեսնելու ցանկությունը։ Նրանք բառիս բուն իմաստով կլանում են ծնողների ամեն բառը, փորձում են նմանակել նրանց պարզ գործողությունները և առաջին հերթին՝ ընդօրինակել մեծահասակների վարքագծի ընդհանուր միտումները։
Ոչինչ չի կարող վրիպել այդ զգայուն, ակտիվ, ուշադիր և հետաքրքրասեր արարածի աչքերից, որին չի կարելի մեղադրել խելքի և կարողությունների պակասի մեջ։ Նա ունի իր սեփական տեսակետը, նա մեկնաբանում և դատում է իր հասկացողությանն ու ընկալմանը համապատասխան այն ամենը, ինչ շուրջը լսում և տեսնում է։
Այն պահից սկսած, երբ մենք ջուրը դնում ենք կրակին, այն դանդաղ տաքանում է, իր մեջ է <<ձգում>> տաքությունն այնքան ժամանակ, մինչև հասնի եռման կետին։ Որպեսզի ջուրը վերջապես եփի, անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Նույնը տեղի է ունենում երեխաների հետ, ովքեր վաղ տարիքից իրենց մեջ են հավաքում այն ամենն, ինչ տեսնում ու լսում են շուրջը, և ահա, հասունանում է այն պահը, երբ ողջ հավաքվածը սկսում է արտահայտվել ու պտուղներ է տալիս։
Հայրերն ու մայրերը կարող են վստահ լինել․ երեխաները, եթե անգամ չեն արտահայտում իրենց մտքերը, զգացմունքները, կարծիքը, ուշադիր հետևում են յուրաքանչյուր խոսքին ու գործին՝ հասկանալով ամեն ինչ իրենց աշխարհզգացողությանը համաձայն։ Հաճախ այնպես է պատահում, որ մայրն ու հայրը, մտածելով, որ երեխան քնած է ու ոչինչ չի լսում, իրենց ապահով են զգում և միմյանց հետ խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասին չէին խոսի երեխայի ներկայությամբ։ Դրա հետ մեկտեղ, նրանք, իհարկե, համարում են, որ հարկավոր է փոխադարձաբար ամրապնդել ծնողական հեղինակությունը, չի կարելի երեխայի մոտ բացահայտել դաստիարակության հետ կապված տարբեր տեսակետները, հետևաբար վիճել կամ պայմանավորվել պետք է նրա բացակայության ժամանակ։ Իսկ առավոտյան, երբ երեխան սկսում է կրկնել այն, ինչի մասին իրենք խոսում էին, մայրը հասկանում է , որ նա միայն ձևացրել է, որ քնած է։
Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից