Երբ ընտանիքում կամ դպրոցում որևէ խնդիր է առաջանում, մեծահասակները սովորաբար փորձում են հնարավորինս արագ լուծում գտնել։
«Ի՞նչ անենք, որ նա ժամանակին տուն գա»։
«Ինչպե՞ս անենք, որ երեխաներն այլևս չվիճեն»։
«Ի՞նչ կանոն սահմանենք, որ սա չկրկնվի»։
Հաճախ մեծահասակն ինքն է որոշում՝ ինչ պետք է անել, իսկ երեխային մնում է միայն հետևել այդ որոշմանը։
Բայց եթե ցանկանում ենք, որ երեխան աստիճանաբար սովորի պատասխանատվություն, համագործակցություն և ինքնուրույն որոշումներ ընդունել, նրան անհրաժեշտ է ոչ միայն իրագործել պատրաստի լուծումները, այլև սովորել դրանք գտնել։
Խնդիրներ լուծելու կարողությունը նույնպես հմտություն է, և այն զարգանում է միայն այն ժամանակ, երբ երեխան հնարավորություն է ստանում գործնականում կիրառել այն։
Երբ երեխան վատ է վարվել, մենք հաճախ մտածում ենք. «Ի՞նչ անենք նրա հետ»։
Այս ձևակերպումն արդեն իսկ երեխային դարձնում է խնդրի օբյեկտ։ Մեծահասակները քննարկում և որոշում են, իսկ երեխան պետք է կատարի։
Մոտեցումը փոխվում է, երբ հարցնում ենք. «Ի՞նչ կարող ենք անել այս խնդիրը լուծելու համար»։
Օրինակ՝ եթե դեռահասը պարբերաբար պայմանավորված ժամից ուշ է տուն վերադառնում, կարելի է անմիջապես նոր արգելք սահմանել կամ զրկել նրան հաջորդ հանդիպումից։
Բայց կարելի է նաև, երբ բոլորը հանգիստ են, քննարկել. «Մեզ համար կարևոր է իմանալ, որ դու ապահով ես։ Քեզ համար կարևոր է ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Ի՞նչ տարբերակ կարող ենք գտնել, որը հաշվի կառնի երկուսիս կարիքները»։
Երեխային ներգրավելը չի նշանակում թույլ տալ նրան որոշել ամեն ինչ։ Ծնողը շարունակում է ունենալ սահմաններ և պատասխանատվություն։ Պարզապես երեխան հնարավորություն է ստանում հասկանալ, որ լավ լուծումը պետք է հաշվի առնի ոչ միայն իր, այլև մյուս մարդկանց կարիքները։
Մի դասարանում աշակերտներից մեկը՝ Աննան, առանց թույլտվության վերցրել էր Ալեքսի մատիտը։ Դասարանական ժողովի ժամանակ երեխաներին առաջարկեցին մտածել, թե ինչպես արձագանքել կատարվածին։ Առաջին առաջարկները պատժիչ էին.
«Թող ընդմիջմանը մնա դասարանում»։
«Թող նրա սեղանը տեղափոխեն»։
Թեև Աննայի անունը չէր հնչում, բոլորը գիտեին, թե ում մասին է խոսքը։ Աղջիկն ավելի ու ավելի էր լռում, գլուխը կախ նստած էր և ակնհայտորեն իրեն վատ էր զգում։ Այդ պահին երեխաներին առաջարկեցին փոխել հարցը։
Ոչ թե՝ «Ի՞նչ պետք է լինի Աննայի արածի հետևանքը», այլ՝ «Ի՞նչը կարող է օգնել, որ հաջորդ անգամ նման խնդիր չառաջանա»։
Առաջարկներն անմիջապես փոխվեցին. «Նա կարող է հաջորդ անգամ թույլտվություն հարցնել»։
«Կարող ենք դասարանում ընդհանուր մատիտների տուփ ունենալ»։
«Կարող է ինչ-որ բան առաջարկել փոխանակելու համար»։
Աննան նույնպես փոխվեց։ Նա այլևս այն երեխան չէր, որի համար ամբողջ դասարանը պատիժ էր մտածում։ Նա դարձել էր քննարկման և լուծման մասնակից։
Վերջում Աննան և Ալեքսն ընտրեցին ամենապարզ տարբերակը՝ հաջորդ անգամ Աննան մատիտ վերցնելուց առաջ թույլտվություն կհարցնի։ Այսպիսի մոտեցումը երեխային շատ կարևոր ուղերձ է փոխանցում. «Դու սխալ ես արել, բայց շարունակում ես մեզանից մեկը լինել։ Սխալը կարելի է ուղղել»։
Երբ երեխան սխալի պատճառով իրեն մերժված չի զգում, նրան ավելի հեշտ է պատասխանատվություն ստանձնել և մտածել իր հետագա վարքի մասին։
Երբ երեխաներին առաջին անգամ խնդրում ենք լուծումներ առաջարկել, դրանցից մի քանիսը կարող են պատժիչ, անիրագործելի կամ նույնիսկ ծիծաղելի լինել։ Դա բնական է։ Կարևոր է սկզբում թույլ տալ տարբեր գաղափարներ արտահայտել, իսկ հետո միասին գնահատել դրանք։
Կարելի է հարցնել.
Արդյո՞ք այս լուծումը կապված է իրական խնդրի հետ։
Հարգալի՞ց է բոլորի նկատմամբ։
Իրագործելի՞ է։
Կօգնի՞, որ խնդիրը հետագայում չկրկնվի։
Օրինակ՝ եթե երեխաները վիճում են համակարգչից օգտվելու համար, կարող են առաջարկել.
«Երկու համակարգիչ գնենք»։
«Ոչ ոք չօգտվի»։
«Հերթով օգտագործենք»։
«Ժամանակացույց կազմենք»։
Պետք չէ անմիջապես հայտարարել, թե որ առաջարկն է սխալ։ Կարելի է միասին քննարկել դրանց առավելություններն ու դժվարությունները և ընտրել այն տարբերակը, որը իրատեսական է ու ընդունելի բոլորի համար։
Այս գործընթացում երեխան սովորում է ոչ միայն սեփական ցանկությունն արտահայտել, այլև գնահատել տարբերակները և հաշվի առնել ուրիշների շահերը։
Մի տարրական դպրոցում առաջին և երկրորդ դասարանների աշակերտները խաղահրապարակում հաճախ էին վիճում խաղալիս։ Ուսուցիչները փորձում էին վերահսկել իրավիճակը, բայց կոնֆլիկտները շարունակվում էին։
Դասարանական ժողովի ժամանակ երեխաները սկսեցին քննարկել, թե ինչու է խաղն այդքան հաճախ վեճի վերածվում։ Նրանք նկատեցին, որ խնդրի մի մասը հենց խաղի կանոնի մեջ էր։
Հաղթողը շարունակում էր խաղալ, իսկ պարտվողը գնում էր հերթի վերջը։ Այսինքն՝ որքան շատ էիր հաղթում, այնքան երկար էիր մնում խաղադաշտում։ Բոլորը ցանկանում էին հաղթել, իսկ հերթում սպասող երեխաները երկար ժամանակ խաղալու հնարավորություն չէին ստանում։
Երկրորդ դասարանցի Քեյթին առաջարկեց փոխել ընդամենը մեկ կանոն՝ յուրաքանչյուր խաղից հետո և՛ հաղթողը, և՛ պարտվողը գնան հերթի վերջը։ Այդ դեպքում հաղթելու համար խաբելու կամ վիճելու պատճառը զգալիորեն նվազում էր և ավելի շատ երեխաներ էին հասցնում խաղալ։
Ուսուցիչները սկզբում կասկածում էին, որ երեխաները կընդունեն նոր կանոնը։ Բայց այն աշխատեց։ Կոնֆլիկտները նվազեցին, իսկ երեխաները հատկապես հպարտ էին, որ լուծումը գտել էին իրենք։
Այս փորձը նրանց ցույց տվեց, որ խնդրի առաջ կանգնելիս պարտադիր չէ սպասել, մինչև մեծահասակը գա և ասի՝ ինչ անել։ Կարելի է հասկանալ խնդրի պատճառը, առաջարկել տարբերակ, փորձարկել այն և անհրաժեշտության դեպքում նոր լուծում գտնել։
Երբ խոսում ենք երեխայի մասնակցության մասին, երբեմն առաջանում է մտավախություն. «Ուրեմն երեխան ինքն է որոշելու բոլոր կանոննե՞րը»։ Ոՙչ։
Կան հարցեր, որոնց պատասխանատվությունը շարունակում է մնալ մեծահասակի վրա՝ հատկապես երեխայի անվտանգության, առողջության և ուրիշների իրավունքների հետ կապված հարցերում։
Բայց նույնիսկ հստակ սահմանների դեպքում երեխային կարելի է ներգրավել լուծման որոնմանը։ Օրինակ՝ ծնողը կարող է ասել. «Առավոտյան դպրոց գնալը քննարկման ենթակա չէ։ Բայց մենք ամեն առավոտ վիճում ենք պատրաստվելու պատճառով։ Եկ մտածենք՝ ինչ կարող ենք փոխել, որպեսզի առավոտներն ավելի հանգիստ անցնեն»։
Այս դեպքում մեծահասակը պահպանում է անհրաժեշտ սահմանը, բայց երեխային հնարավորություն է տալիս մասնակցել այն խնդրի լուծմանը, որտեղ իր կարծիքն իսկապես կարող է նշանակություն ունենալ։
Մի օր ծնողը կամ ուսուցիչը կողքին չի լինելու։ Երեխան ինքն է բախվելու խնդիրների և ստիպված է լինելու որոշումներ ընդունել։ Այդ պահին նրան պետք է կարողանալ հարցնել ինքն իրեն.
«Ո՞րն է իրական խնդիրը»։
«Ի՞նչ տարբերակներ ունեմ»։
«Իմ որոշումն ինչպե՞ս կազդի ուրիշների վրա»։
«Ո՞ր լուծումն է իրատեսական»։
«Եթե այն չաշխատի, ի՞նչ կարող եմ փոխել»։
Այս կարողությունը չի ձևավորվում չափահաս դառնալու օրը։ Այն զարգանում է մանկության ընթացքում՝ ընտանեկան փոքր խնդիրների, վեճերի, խաղերի և ամենօրյա որոշումների միջոցով։ Այդ պատճառով երեխային խնդրի լուծմանը ներգրավելը պարզապես նրա կարծիքը հարցնել չէ։ Մենք նրան աստիճանաբար սովորեցնում ենք մտածել, լսել ուրիշներին, լուծումներ գտնել և պատասխանատվություն ստանձնել սեփական որոշումների համար։