Ձեր երեխան չի՞ ուզում ինչ-որ բան անել։ Եվ դուք զգում եք, որ խնդիրը սովորական համառության մեջ չէ։ Ապա որտե՞ղ է պատճառը։
Ամերիկա չեմ բացահայտի, եթե ասեմ, որ խնդիրը մոտիվացիայի մեջ է։ Եվ սա մեր անձնական եզրահանգումը չէ, այլ ժամանակակից հոգեբանական հետազոտությունների արդյունք է։
Ոչ բոլոր ծնողներն են հասկանում, թե ինչպես է մոտիվացիան ազդում երեխայի առաջադիմության վրա դպրոցում, ստեղծագործական գործունեության և սպորտի հաջողությունների վրա, և ընդհանրապես՝ ինչ-որ բան անելու ցանկության վրա։ Դեպքերի 80%-ում հենց մոտիվացիայի բացակայությունն է պատճառը, որ երեխան չի ցանկանում զբաղվել որևէ ակտիվ գործունեությամբ։
Եկեք տանք երկու հարց.
Ի՞նչ է երեխայի մոտիվացիան։
Արժի՞ արդյոք ուշադրություն դարձնել դրան, և ինչպե՞ս զարգացնել այն։
Ի՞նչ է մոտիվացիան
Եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում մոտիվացիան։ Ահա մոտիվացիայի լավագույն սահմանումներից մեկը.
Մոտիվացիան — դա ինչ-որ բան անելու, հասնելու, առաջ շարժվելու ձգտումն է։
Բնականաբար, յուրաքանչյուր չափահաս հասկանում է, թե ինչ է դա, և ինչպես է դա գործում անձամբ իր հետ։ Չափահասը նաև տեսնում է տարբերությունը ներքին և արտաքին մոտիվացիայի միջև։ Ներքին մոտիվացիան ինքնախրախուսումն է, երբ մենք ինքներս ենք պարգևատրում ինքներս մեզ նպատակներին հասնելու, դժվար խնդիրներ լուծելու համար։ Օրինակ՝ մի ամբողջ շաբաթ վազքի ես գնացել, և պարգևատրում ես ինքդ քեզ սպա այցելությամբ։ Արտաքին մոտիվացիան, երբ մեզ խրախուսում են դրսից, օրինակ՝ պարգևավճարներ աշխատանքում պլանը գերակատարելու համար։
Եվ եթե չափահասների հետ ամեն ինչ պարզ է, և գրեթե յուրաքանչյուր չափահաս քիչ թե շատ պատկերացում ունի, թե ինչ է ուզում, ինչին է ձգտում, ինչի համար է առավոտյան վաղ վեր կենում աշխատանքի, ապա մեծացող զավակի հետ գործերն ամբողջովին այլ կերպ են ընթանում։ Այստեղ գործում են բոլորովին այլ մեխանիզմներ։
Տարբերությունները հիմնված են երեք հիմնական սկզբունքների վրա։
1. Երեխան ինքնուրույն չի կարող մոտիվացնել իրեն
Նրան մշտապես անհրաժեշտ են աղբյուրներ դրսից։ Այդ աղբյուրներն են՝ ծնողները, շրջապատը և, իհարկե, դպրոցը։ Դպրոցում դա գնահատականների համակարգն է, որը, ի դեպ, կառուցված չէ ամենալավ ձևով։
Ուսումնական տարվա սկզբում սովորողը սովորաբար ձգտում է որակով կատարել տնային առաջադրանքները, ստանում է դրական գնահատականներ և անկեղծորեն ուրախանում է դրանցով։ Սակայն մի քանի ամիս անց դուք նկատում եք, որ տնային աշխատանքի կատարման վրա ժամանակն ավելի ու ավելի քիչ է ծախսվում, գնահատականներն ավելի վատանում են, և երեխան մեծ նշանակություն չի տալիս դրանց։ Նա դժգոհությամբ պատմում է, թե ինչ արտաքին գործոններ են խանգարել լավ գնահատական ստանալուն. «Ուսուցիչը անարդար է հատկապես նրա հանդեպ», «Բոլորը արտագրել են, իսկ ինքը՝ ոչ», «Ուսուցիչը անհասկանալի է բացատրում» և այլն։ Դպրոցական համակարգը ոչ միայն դադարում է մոտիվացնել երեխային գիտելիքներ ստանալու համար, այլև ավելի շուտ ապամոտիվացնում է նրան։
Կրակին յուղ եք ավելացնում նաև մենք՝ ծնողներս։ Ինչպե՞ս ենք սովորաբար մոտիվացնում երեխային. «Կանես տնային աշխատանքը՝ կգնաս խաղալու համակարգչով կամ պլանշետով», «Կգնաս զբոսնելու, հենց տնային աշխատանքն անես»։ Այս ձևաչափը ընդհանրապես չի խրախուսում սովորելու հանդեպ սերը, այլ առաջացնում է ցանկություն որքան հնարավոր է արագ (ուրեմն՝ որքան հնարավոր է ցածր որակով) կատարել տնային աշխատանքը և վերջապես գնալ հաճույք ստանալու։
2. Երեխայի արտաքին մոտիվացիան աշխատում է միայն կարճ ժամանակահատվածում
Փորձեք, օրինակ, ուսումնական տարվա սկզբում երեխային խոստանալ ինչ-որ մեծ պարգև հաջող սովորելու համար (դա կարող է լինել նոր բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ, հեծանիվ — այն, ինչը երեխայի համար կլինի շատ մեծ պարգև)։ Երեխան ուրախությամբ կսկսի ջանասիրաբար սովորել առաջին շաբաթը, լավագույն դեպքում՝ առաջին 2-3 շաբաթը։ Հետո դուք կտեսնեք, որ նրա եռանդը մարել է։
Այլ բան է, եթե երեխան սկսի հաճույք ստանալ հենց դասապրոցեսից: Ուսման նկատմամբ ներքին հետաքրքրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ երեխան տեսնում է գիտելիքի կապը իրական կյանքի հետ։ Փորձեք դասերը տեղափոխել առօրյա կյանք. տանը միասին կատարեք պարզ քիմիական կամ ֆիզիկայի փորձեր, դիտարկեք բնության երևույթները, հաշվարկեք գնումների արժեքը կամ ճամփորդության ծախսերը՝ ցույց տալով մաթեմատիկայի կիրառական նշանակությունը։ Ընթերցեք, քննարկեք, խրախուսեք երեխային արտահայտել և հիմնավորել իր կարծիքը, որպեսզի զարգանան նրա խոսքը, տրամաբանությունն ու քննադատական մտածողությունը։ Երբ երեխան զգում է, որ գիտելիքը պարզապես դպրոցական պահանջ չէ, այլ գործիք՝ աշխարհը հասկանալու, խնդիրներ լուծելու և սեփական հնարավորություններն ընդլայնելու համար, սովորելու մոտիվացիան աստիճանաբար դառնում է ներքին և կայուն։
3. Երեխաների մոտիվացիայի թեմայում կա շատ կարևոր հասկացություն՝ մոտակա զարգացման գոտի
Այս հասկացությունը նշանակում է տարբերությունը երեխայի այսօրվա զարգացման մակարդակի և վաղվա նրա ներուժի միջև։ Կարճ ասած, դա տարբերությունն է այն բանի, ինչ երեխան կարող է անել այսօր ինքնուրույն, առանց որևէ ակնարկների, և այն բանի, ինչ երեխան դեռ չի կարող անել մենակ, և որի համար նրան անհրաժեշտ է օգնություն դրսից (ծնողի կամ ուսուցչի)։
Իրականում սա երեխայի ճիշտ դաստիարակության և զարգացման ամենակարևոր հասկացություններից մեկն է։ Շատ կարևոր է ՉՕԳՆԵԼ նրան այն բաներում, որոնք երեխան կարող է անել ինքը: Այս կարողության մեջ է կայանում ճիշտ զարգացման ու դաստիարակության հաջողությունը։
Եթե դուք մանկուց երեխայի փոխարեն կատարեք բոլոր առաջադրանքները, ապա արդյունքում կստանաք անօգնական երիտասարդ տղամարդու կամ աղջկա։ Դա կլինի իր մեջ անվստահ մարդ, որը չի կարողանա քայլ անգամ անել առանց ծնողի օգնության։ Փաստացի, նման օգնությունը հենակներ են, որոնց սովորելը շատ հեշտ է։ Սակայն, հետո առանց դրանց ապրելը շատ դժվար է։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե քանի ճակատագիր է ավերվել այս պարզ սկզբունքի ծնողների կողմից խախտման պատճառով։