Վերջին անգամ ե՞րբ եք խորը և բովանդակալից զրույց ունեցել ինչ-որ մեկի հետ: Չե՞ք ցանկանա, որ նման զրույցները գերակշռեն։ Երբեմն մենք ժամերով խոսում ենք մարդկանց հետ առանց որևէ կոնկրետ թեմայի։ Այս խոսակցությունները կարող են խթանել բարեկամական հարաբերություններին։ Կարճատև զրույցներն օգնում են մեզ անվտանգ շփվել միմյանց հետ առողջ և բարեկամական մթնոլորտում։ Հետաքրքիր է, որ աշխարհում կան երկրներ, որտեղ երկար ժամանակ կարելի է խոսել օրինակ եղանակի մասին, ինչն այցելուներին զարմացնում է և ժամանակի անիմաստ կորուստ համարվում։
Զուգահեռ նրան, որ մարդիկ սովորում են անիմաստ զրույցներ վարել միմյանց հետ կապ պահելու համար, հնարավոր է այդ խոսակցությունները լինեն պառակտող և ատելության կոչ արող։ Այսպիսի վնասակար խոսակցությունները հիմնականում հիմնված են ինչ որ քաղաքական տեսակետի, գաղափարախոսության, ռասայի, դավանանքի և ազգի մյուսների հանդեպ գերազանցության վրա։ Ներկայումս իմաստալից զրույց վարելու արվեստը հանդիպում է ոչ այնքան հաճախ և հաճախ օգտագործվում են վիրավորական բառեր հակադիր կարծիք ունեցողներին վիրավորելու համար: Բահայի գրվածքներում մեծ ուշադրություն է հատկացվում այն բանին, թե ինչու է անհրաժեշտ դրսևորել նրբանկատ և բարեհամբույր վերաբերմունք դիմացինի հետ զրուցելիս։ Բահաուլլան ասել է.
Յուրաքանչյուր բառ օժտված է ոգով, այդ պատճառով հռետորը կամ մեկնաբանը պետք է ընտրի բառերը զգուշությամբ և արտասանի դրանք ժամանակին և տեղին համապատասխան, քանի որ այն ազդեցությունը, որը թողնում է յուրաքանչյուր բառը, հստակ է և ակնհայտ: Վեհագույնն ասում է. մի բառը կարող է նման լինել կրակի, իսկ մյուսը` լույսի և թե՛ մեկի, թե՛ մյուսի ազդեցությունն ակնհայտ է այս աշխարհում:
Սոցմեդիան իր բոլոր առավելություններով հանդերձ, այս խնդրին նոր շունչ է հաղորդել: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին «խոսքի ազատության» պատրվակով ասել այն, ինչ գալիս է մտքին: Արդյունքում, որոշ մարդիկ տրամաբանությունն ու առողջ բանականությունը փոխարինում են անկանոն հուզական պոռթկումներով, որոնք ցավ ու ատելություն պատճառելուց բացի այլ բանի չեն բերում:
Այս երևույթի մեկ այլ կողմնակի ազդեցությունն էլ այն է, որ մարդիկ մերժում են ցանկացած տրամաբանական և գիտական գաղափար, որը չի համընկնում իրենց տեսակետի հետ՝ այն անվանելով «կեղծ»: Թեպետ ապատեղեկատվությունն ու քարոզչությունը ԶԼՄ-ների մասն է կազմում դեռևս թերթերի ստեղծման օրվանից, այն վերջերս հասել է իր գագաթնակետին: Այն մտել է կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում չէին շոշափվել:
Այսպիսով, այլ տեսակետները «կեղծ» անվանելով, մենք խուսափում ենք նոր բան սովորելու կամ խնդիրներին նայելու նոր միջոց գտնելու հնարավորությունից։ Փոխարենը, մենք պետք է սովորենք վարել բովանդակալից զրույցներ, աշխարհը պետք է վերադառնա հաղորդակցության հիմնական սկզբունքներին։ Կառուցողական խոսակցության և խորհրդակցության արվեստ սովորելը կօգնի մեզ լուծել այն խնդիրները, որոնք պառակտում են մեր հասարակությունը: Մենք պետք է միմյանց նայենք ոչ թե որպես թշնամի, այլ ավելի շուտ որպես դաշնակից, և զիջող լինենք միմյանց հանդեպ։ Աբդուլ-Բահան ասել է.
Միավորվեք լիարժեք համաձայնությամբ: Երբեք մի զայրացեք իրար վրա … Սիրեք աշխարհի արարածներին հանուն Աստծո, ոչ հանուն իրենց: Եվ եթե սիրեք նրանց հանուն Աստծո, ապա դուք երբեք չեք զայրանա և վրդովվի նրանց վրա: Մարդկությունն անկատար է: Թերությունները հատուկ են յուրաքանչյուր մարդկային էակին, և դուք չեք գտնի երջանկություն, եթե նայեք հենց մարդկանց: Սակայն, եթե շրջեք ձեր դեմքերը դեպի ձեր Տերը, դուք կկարողանաք սիրել նրանց, կլինեք բարի բոլորի նկատմամբ, քանզի Աստծո աշխարհը կատարելության և անկեղծ կարեկցանքի աշխարհ է:
Խնդիրն այն է, որ մենք մեր էգոն բերում ենք զրույցի մեջ: Հետո այն դառնում է էգոյի և ոչ թե գաղափարների բախում: Աբդուլ-Բահան մատնանշել է մի քանի կետեր այս թեմայի վերաբերյալ.
Մենք պետք է միասին խորհրդակցենք՝ առանց դժգոհության հիմքերի: Դրան կարելի է հասնել, եթե յուրաքանչյուր անդամ բացարձակ ազատությամբ արտահայտի իր սեփական կարծիքը և փաստարկները: Եթե ինչ-որ մեկն առարկում է, նրան ոչ մի կերպ չպետք է նեղացնել, քանի որ ճիշտ ուղին հնարավոր չէ բացահայտել, քանի դեռ խնդիրները լիարժեք չեն քննարկվել միասին։
Բովանդակալից զրույցի և խորհրդակցության բացակայության պատճառը ճիշտ փոխհամագործակցության համար բարոյական և հոգևոր ղեկավարման բացակայությունն է: Աբդուլ-Բահան գրել է որ. «...միասին հավաքվելով` նրանք պետք է ուղղեն իրենց դեմքերը դեպի Բարձրյալի Թագավորություն և օգնություն խնդրեն Փառքի Թագավորությունից: Այնուհետև նրանք պետք է շարունակեն կատարյալ հրաժարման, քաղաքավարության, արժանապատվության, հոգատարության և չափավորության ոգով արտահայտել իրենց կարծիքները: Ցանկացած գործում նրանց հարկ է փնտրել ճշմարտությունը և ոչ թե պնդել իրենց անձնական կարծիքները, քանզի համառությունն ու յուրաքանչյուրի հայացքների հաստատակամությունը վերջ ի վերջո կբերեն երկպառակտության և վեճի, իսկ ճշմարտությունը կմնա թաքնված»:
Ահա Բահաուլլայի մեկ այլ խորհուրդ, ըստ որի, մենք պետք է խոսենք «մեծագույն նրբանկատությամբ և համբերությամբ, որպեսզի մեր խոսքերի քաղցրությունը յուրաքանչյուրին դրդի հասնել այն ամենին, ինչը հարիր է մարդու կարգավիճակին»: Թեև իմաստալից զրույցը կարծես հասարակ արտահայտություն է, սակայն դրա ազդեցությունն ու ներուժը հսկայական են: Ի վերջո, դա շփման համակարգի կառուցման հիմքն է ՝ մարդկության առջև ծառացող անընդհատ աճող և բարդ խնդիրների լուծման համար: