Կյանքում կան պատմություններ, որոնք առաջին հայացքից թվում են պարզ ու նույնիսկ մանկական, բայց ժամանակի ընթացքում բացվում են որպես խոր խորհրդանշական պատկերներ։ Դրանք մեզ չեն տալիս պատրաստի պատասխաններ, փոխարենը դնում են հայելու առաջ և ստիպում վերանայել մեր ընկալումները՝ հաջողության, առաջնորդության, ճանաչման և իրական արժեքների մասին։ Հաճախ մենք կարծում ենք, թե մարդիկ մեզ են հետևում, որ մեր ներկայությունն է որոշիչ, մինչդեռ մոռանում ենք ամենակարևորը՝ այն լույսը, որը ժամանակավորապես վստահվել է մեզ։
Վերջերս այս մտքերի շուրջ մտածելիս ես հիշեցի մի պատմություն, որը կարդացել էի Վիլիամ Սիրզի «Աստված սիրում է ծիծաղ» գրքում։ Այդ պատմությունը ոչ միայն խոր տպավորություն էր թողել ինձ վրա, այլ նաև տարիների ընթացքում ամեն անգամ նոր իմաստ էր ստանում, հատկապես երբ առնչվում էի պատասխանատվության, ծառայության կամ ինքնագոհության թեմաներին։ Այն պարզ ձևով, բայց շատ դիպուկ ցույց է տալիս, թե ինչքան փխրուն կարող է լինել մարդու դիրքը, երբ նա սկսում է իրեն նույնացնել լույսի հետ՝ մոռանալով, որ ինքն ընդամենը կրողն է, ոչ թե աղբյուրը։
Այս պատմությունը պապը պատմում է թոռանը՝ առանց մեծ խրատական խոսքերի, բայց այնպիսի պատկերավորությամբ, որ ամեն դրվագ կարծես կենդանանում է աչքերիդ առաջ։ Տարիներ առաջ սա պարզապես հետաքրքիր պատմություն էր թվում, բայց հետո վերածվեց մտորումների հիմքի՝ աշխարհի, մարդկանց և իմ սեփական տեղը հասկանալու համար։
Եվ հենց այդ հիշողությունն է, որ ինձ տարավ դեպի Վիլիամ Սիրզի գրքից հիշված այս պատմությունը, որը տպավորվել էր իմ մեջ․
<<Կար չկար, մի փոքրիկ տղա կար։ Իր ընտանիքի հետ միասին նա մոլորվել էր խավարի հովտում։ Իսկ հետո, լրիվ պատահական, նա մի լապտեր գտավ։ Եվ երբ նա վառեց դա, խավարի հովտում գտնվող յուրաքանչյուր ոք տեսավ լույսն ու մոտեցավ։ Եվ ճանապարհը լուսավորելով փոքրիկ տղան մարդկանց տարավ իր ետևից խավարի հովտից դեպի լեռնային արահետ։ Առաջին հարյուրը հետևեց նրան, հետո հազարը, հետո տասը հազարը։ Ետ նայելով նա տեսավ, որ գնալով ավելի ու ավելի շատ մարդ է հետևում իրեն։ Եվ ինչքան շատ էին նրանք լինում, այնքան նա ավելի ու ավելի գոհ էր մնում իր գործից։ Նա ավելի հաճախ սկսեց հետ նայել, որպեսզի տեսնի, քանի քանիսին է խավարից դուրս հանում՝ այնպես հպարտ էր նա, որ այդքան շատ մարդ է գնում իր հետևից։ Բայց նա սայթաքեց ու վայր գցեց լապտերը, որն անմիջապես վերցրեց կողքից քայլողներից մեկը։ Ամբոխը քայլեց նրա վրայով՝ բարձրանալով լեռան գագաթ և թողնելով նրան փոշու մեջ ընկած։ Չէ՞որ ամբոխը նրա հետևից չէր գնում, այդպես չէ՞։ Նրանք գնում էին լույսի հետևից, իսկ նա թողնվեց խավարում ընկած>>։ -Էդպիսին է աշխարհը, տղա՛ս,- ասաց պապս,- Սա խավարի հովիտն է։ Եթե դու լույս ձեռք բերես, երբեք չսայթաքես և չթողնես այն։ Եվ միշտ հիշիր, որ դու քեզնով շատ բան չես ներկայացնում, եթե լույս չես տալիս։ Մենք նման ենք օդապարիկի, և հոգին, որը լույս է տալիս յուրաքանչյուրիս մեջ, նման է օդապարիկի մեջ եղած օդին։ Մինչև հոգին չի լցնում օդապարիկը, դա ուղղակի ճմրթված ու անպետք մի բան է>>։