Երիտասարդների մասին հաճախ ասում ենք՝ նրանք մեր ապագան են։ Այս միտքը գեղեցիկ է, բայց երբեմն այն երիտասարդին աննկատ տեղափոխում է ապագա՝ կարծես նրա իրական ներդրումը պետք է սկսվի միայն տարիներ անց։ Իսկ երիտասարդությունը ինքնին կյանքի մի շրջան է, որն ունի առանձնահատուկ ուժ։
Այս տարիքում մարդն ունի մեծ էներգիա, սովորելու կարողություն, նոր գաղափարներ փորձելու պատրաստակամություն և սեփական տեղը աշխարհում գտնելու ցանկություն։
Եթե այդ ուժը միայն ուղղվում է անձնական հաջողության ճանապարհ կառուցելուն, դրա մեծ մասը կարող է չօգտագործվել հասարակության համար։
Երիտասարդի առաջ բնականաբար կանգնած են նաև անձնական կարևոր հարցեր՝ կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապագա ընտանիք։ Բայց այս նպատակները պարտադիր չէ հակադրել հասարակությանը օգտակար լինելու ցանկությանը։ Ընդհակառակը՝ երիտասարդը կարող է իր գիտելիքները, մասնագիտությունն ու զարգացող կարողությունները դիտարկել նաև որպես միջոց՝ իր շրջապատի կյանքում արժեք ստեղծելու համար։
Այդ դեպքում «Ի՞նչ եմ ուզում դառնալ» հարցի կողքին կարող է հայտնվել ևս մեկը՝ «Ինչու՞ եմ ուզում զարգացնել իմ կարողությունները»։
Մենք երբեմն ցանկանում ենք, որ երիտասարդը սկզբում դառնա «պատրաստ», հետո նոր ստանձնի իրական պատասխանատվություն։ Բայց պատասխանատվությունը սովորելու հիմնական ճանապարհը հենց պատասխանատվություն ստանձնելն է։ Եթե երիտասարդին վստահվում է որևէ նախագիծ՝ երեխաների հետ աշխատանք, նախաձեռնության կազմակերպում կամ խմբում իրական դեր, նա սկսում է զարգացնել այն կարողությունները, որոնք հնարավոր չէ միայն տեսականորեն սովորել։
Նա սովորում է ժամանակը կառավարել, մարդկանց հետ աշխատել, դժվարության դեպքում լուծումներ գտնել և ընդունել սեփական որոշումների հետևանքները։
Այս փորձառությունները նաև օգնում են երիտասարդին ավելի լավ ճանաչել ինքն իրեն։ Գործելու ընթացքում նա տեսնում է՝ ինչն է իրեն հեշտ տրվում, որտեղ է դժվարանում, ինչպիսի հմտություններ ունի և ինչ պետք է դեռ զարգացնի։ Երբեմն հենց հասարակական կամ ծառայության որևէ փոքր փորձ կարող է օգնել երիտասարդին հասկանալ նաև իր ապագա մասնագիտական հետաքրքրությունները։
Իսկ երբ երիտասարդի ներդրումը իրական արժեք է ստեղծում ուրիշների համար, փոխվում է նաև նրա ինքնընկալումը։ Նա իրեն այլևս չի տեսնում միայն որպես մեկը, ում պետք է սովորեցնել կամ առաջնորդել։ Նա սկսում է հասկանալ, որ արդեն այսօր կարող է պատասխանատվություն ստանձնել և օգտակար լինել։
Երիտասարդին պատասխանատվություն տալը չի նշանակում նրան թողնել առանց աջակցության։ Ընդհակառակը՝ կարևոր է, որ նրա կողքին լինեն մարդիկ, որոնց հետ կարող է խորհրդակցել, ովքեր կարող են օգնել մտորել փորձի շուրջ և անհրաժեշտության դեպքում ուղղություն առաջարկել։
Բայց կա մեծ տարբերություն առաջնորդելու և ամեն ինչ երիտասարդի փոխարեն անելու միջև։ Եթե մեծահասակը մշտապես վերահսկում է յուրաքանչյուր քայլը, ուղղում ամեն որոշում և նախապես լուծում բոլոր դժվարությունները, երիտասարդը քիչ հնարավորություն է ստանում սեփական կարողությունները բացահայտելու։
Իսկ վստահությունը նշանակում է նաև թույլ տալ, որ նա որոշումներ կայացնի, երբեմն սխալվի և հետո փորձի հասկանալ՝ ինչ կարելի էր այլ կերպ անել։ Սխալը այս դեպքում ոչ թե ապացույց է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ, այլ սովորելու բնական մաս։
Մեծահասակի դերը կարող է լինել ոչ այնքան պատրաստի պատասխան տալը, որքան ճիշտ հարցեր տալը։ Ի՞նչ ստացվեց։ Ի՞նչն էր դժվար։ Ի՞նչ կանեիր հաջորդ անգամ այլ կերպ։ Ի՞նչ օգնություն է անհրաժեշտ։ Այսպիսի հարաբերության մեջ երիտասարդը աստիճանաբար սովորում է ոչ միայն գործել, այլ նաև մտածել սեփական գործողությունների մասին։
Երիտասարդության ուժը և հասարակությունը
Պատմության ընթացքում երիտասարդները հաճախ եղել են նոր գաղափարների և փոփոխությունների առաջամարտիկներ։ Դա պատահական չէ։ Երիտասարդությունը այն շրջանն է, երբ դեռ շատ բան հնարավոր է թվում, իսկ գոյություն ունեցող սահմանները միշտ չէ, որ ընդունվում են որպես անփոփոխ։
Երիտասարդները հաճախ ավելի պատրաստ են փորձելու նոր մոտեցումներ, հարցականի տակ դնելու սովորական դարձած պատկերացումները և մտածելու, թե ինչ կարելի է անել այլ կերպ։
Սակայն միայն էներգիան և նորարարությունը բավարար չեն։ Դրանք առավել արդյունավետ են դառնում, երբ միավորվում են գիտելիքի, կարգապահության, պատասխանատվության և ուրիշների բարեկեցության նկատմամբ հետաքրքրության հետ։
Այդ պատճառով հասարակության համար կարևոր հարցը միայն այն չէ, թե ինչ ենք պատրաստում երիտասարդների համար։ Կարևոր է նաև հարցնել՝ ինչպիսի՞ իրական հնարավորություններ ենք տալիս նրանց այսօր մասնակցելու հասարակության կառուցմանը։
Արդյո՞ք երիտասարդին տեսնում ենք հիմնականում որպես դեռ սովորող և փորձ չունեցող մարդու, թե նաև որպես մեկին, ով արդեն ունի գաղափարներ, ուժ և ներդրում ունենալու կարողություն։
Երբ երիտասարդությանը հնարավորություն է տրվում սովորել՝ գործելով, ստանձնել աստիճանաբար աճող պատասխանատվություն և տեսնել սեփական աշխատանքի ազդեցությունը, նրա ներուժը սկսում է ծառայել ոչ միայն իր ապագային, այլև հասարակության ներկային։
Այս իմաստով երիտասարդությունը պարզապես հասուն կյանքին պատրաստվելու շրջան չէ։ Այն կյանքի այն փուլերից մեկն է, երբ մարդը կարող է միաժամանակ ձևավորել ինքն իրեն և ակտիվորեն մասնակցել իրեն շրջապատող աշխարհի ձևավորմանը։