Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երաժշտությունն առանց նոտաների
Հոդվածներ

Երաժշտությունն առանց նոտաների

Հայտնի կիթառահար Էրիկ Հարփերը մի առիթով ասել է, որ երաժշտություն ստեղծելիս ապավինում է 12 նոտաներին: Այս 12 նոտաներով  կարելի է ստեղծել գեղեցիկ մեղեդիներ, իսկ դրանք միմյանց շաղկապելով  ստանալ հրաշալի ներդաշնակություններ։ Եթե ձեզ երբևէ խորապես հուզել է երաժշտությունը, եթե զգացել եք, որ ձեր ոգին ճախրում է այս վեհացնող նոտաներից, ապա գիտեք, թե ինչու է Բահաուլլան գրել, որ  երաժշտությունն աստիճան է մեր հոգիների համար, միջոց, որով հոգին կարող է հասնել երկնքի արքայության։

 

Երբ երաժշտություն եմ ստեղծում, այս 12 նոտաները թույլ են տալիս ինձ փոխանցել մարդկային գրեթե բոլոր հնարավոր հույզերը: Որպես կոմպոզիտոր  ես կարող եմ համատեղել հնչյուններն ու ելևէջները, որոնք պատկերում են մարդու հուզական աշխարհը: Անկախ նրանից, տխուր տեսարան է կինոնկարում, թե ուրախ, այս 12 նոտաները հնարավորություն են տալիս ստեղծել երաժշտություն, որը համապատասխանում է այդ պահին ստեղծված հույզերին։ Ըստ Աբդուլ – Բահայի. «… չնայած մեղեդիները նյութական աշխարհից են, այնուամենայնիվ, դրանց ահռելի ազդեցությունը հոգևոր է և այն մեծապես կապված է ոգու թագավորության հետ»:

 

Տասներկու նոտաները կարող են շատ չթվալ, բայց հնարավոր համադրություններն ու հնարավորությունները, թե ինչ կարող ենք ստեղծել, անվերջ են: Յուրաքանչյուր նոտայի հնարավորությունների առավելագույն օգտագործումը մարտահրավեր է ինձ համար: Եթե այդ 12 նոտաները բազմապատկենք գրեթե անսահման թվով գործիքներով, որոնց վրա դրանք կարելի է նվագել, կտեսնեք, թե ինչ ի նկատի ունեմ:

 

Այս տեսանկյունից նոտաներից ոչ մեկը մյուսներից առավել կարևոր չէ: Դրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ դեր և գործառույթ, և եթե բաց թողնվի այս նոտաներից գոնե մեկը, իմ ստեղծած երաժշտությունն ինչ-որ առումով դատարկ կթվա: Ինձ համար մարդկությունը նման է այս տասներկու նոտաներին։ Մեզանից յուրաքանչյուրն իր տեսակով տարբեր է։ Միասին մենք կարող ենք ստեղծել հրաշալի ներդաշնակություններ: Երաժշտական նոտաների նման ոչ մի ցեղ, ռասա կամ ազգություն մյուսներից առավել կարևոր չէ: Յուրաքանչյուր ոք իր ներդրումն ունի մարդկային ցեղի ներդաշնակ ամբողջականության մեջ:

 

Մենք չենք կարող կատարյալ ներդաշնակություն ստեղծել առանց բոլոր նոտաներն օգտագործելու։ Յուրաքանչյուր նոտա թանկ է: Յուրաքանչյուր նոտա եզակի է: Ոչ մի նոտա չի գերազանցում մյուսին: Պատկերացնո՞ւմ եք երաժշտությունն ընդամենը մեկ նոտայով: Դա ձանձրալի ու միօրինակ կլիներ, և երբեք չէր փոխանցի այն բարդ հուզական խճանկարը, որը կա մարդկանց սրտերում: Բահայի գրվածքներում ասվում է.

 

Բազմազանությունը մարդկային ընտանիքում պետք է դառնա սիրո և համերաշխության աղբյուր. այդպես երաժշտության մեջ տարբեր հնչյունների բազմությունը միաձուլվում է կատարյալ ակորդում:

 

 Եթե երբեմն մարդկության վիճակն անհույս է թվում, հիշեք, որ մենք բոլորս պարզապես նույն  երաժշտության նոտաներն ենք:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ