Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Եղբորս կարճ կյանքը:  Ցավը ուղղորդել նպատակների իրագործմանը
Հոդվածներ

Եղբորս կարճ կյանքը: Ցավը ուղղորդել նպատակների իրագործմանը


Ես Կիանն եմ, 17 տարեկան եմ և ապրում եմ Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ 2020 թվականի մայիսին ուղեղի հազվադեպ քաղցկեղից մահացավ իմ 19-ամյա եղբայր Հայդնը, և ես պայքարում եմ նրա մահը հաղթահարելու համար:


Տորոնտոյի և Նյու Յորքի հիվանդանոցներում շուրջ 10 ամիս տևած քաղցկեղի բուժումից հետո, նրա մահն ամբողջովին ջախջախեց ինձ և ընտանիքիս: Այդ ժամանակից ի վեր, վերջին երկու տարիները լցված են բազմաթիվ վերելքներով և վայրէջքներով: Չնայած այս ամենին, «Ցավը` նպատակ» արտահայտությունն օգնեց ինձ։ Ի՞նչ է սա նշանակում:

 

Այս կարճ արտահայտությունը օրինակ դարձավ, թե ինչպես եմ ես ձգտում ապրել իմ կյանքի մնացած մասը: Ինչպես յուրաքանչյուր ոք, ով անցնում է խորը կորստի միջով, ես զգում եմ ահռելի մեղքի զգացում և հոգևոր ցավ: Երբեմն կարող է թվալ, թե դա չափազանց շատ է տանելու համար: Ցավս ակտիվ նախագծերի վերածելը բուժվելու իմ լավագույն միջոցն է: Հայդնի մահից հետո ես փորձեցի թերապիա, դեղամիջոցներ, մեդիտացիա, արվեստ և այլն: Թեև գիտեմ, որ այս բաներն օգնել են ուրիշներին, անկեղծ ասած, նրանցից ոչ մեկն ինձ չի օգնել: Կարևոր էր միայն ինչ-որ բան ստեղծելու ֆիզիկական միջոցը և իմ ստեղծածը գործարկելը: Ահա թե ինչու եմ ուզում կիսվել ցավը նպատակին ուղղորդելու տեսակետով բոլորիդ հետ, քանի որ այն օգնեց ինձ բուժվել:

 

Հայդնի մահից երեք ամիս անց ես մորս հետ մեքենայով գնում էի Օտտավայից Տորոնտո։ Այս ճամփորդությունը մեզ համար շատ դժվար էր Տորոնտոյի հիվանդանոցներում քաղցկեղից բուժվող Հայդնի հիշողությունների պատճառով։ Ճանապարհին կանգ առանք զբոսնելու, մեքենայից իջա ու գետնին տեսա մի խճաքար։ Դրա վրա գրված էր «Դու կարևոր ես»: Այդ պահին հիշեցի Ալբերտ Շվեյցերի այս մեջբերումը. «Պատահականությունը Աստծո անանուն մնալու միջոցն է»։ Ես դա ընդունեցի որպես նվեր և նշան, որը ինձ քաջալերում էր նոր բան սկսել:

 

Դեռ Օտտավայում ես գործարկեցի YouMatterYouth.org-ը՝ երիտասարդական հագուստի գիծ, որտեղ տպված է «Դուք կարևոր եք» վերնաշապիկների, սպորտային վերնաշապիկների, հեռախոսների պատյանների և կպչուն պիտակների վրա: Ցավոք, ամեն ինչ լավ չգնաց, և մենք դեռ մի քանի տուփ ապրանք ունենք իմ ընկերների տներում: Կորոնավիրուսի ժամանակ ապրանքներ վաճառելը հեշտ չէր, շատ դպրոցներ փակվել էին, և ուսուցումը հիմնականում տեղափոխվել էր առցանց։ Ես կորցրի գումար և շատ հիասթափված էի, քանի որ YouMatterYouth-ի ցանկացած վաճառք նպատակ ուներ գումար հավաքել երիտասարդների հոգեկան առողջության համար:

 

Այնուամենայնիվ, նախագիծն ինձ ստիպեց հասկանալ, որ Հայդնի կարճ կյանքն արդարացնելու միակ միջոցը սեփականն ավելի լիարժեք ապրելն է։ Ինչ-որ բանի վրա աշխատելը ի պատիվ մեկի, ով լքել է այս աշխարհը, մեծ թե փոքր, կարող է բացասական մտքերն ուղղել դեպի դրական գործողություն: Երբ մենք ինչ-որ բան ենք անում նրանց անունից, դա կարծես թե նրանց ետ է բերում Երկիր և ստիպում է մեզ զգալ, որ նրանք վերադարձել են:

 

Եղբայրս՝ Հայդնը, բահայի էր և չէր վախենում մահից։ Մահից առաջ նա նամակ գրեց՝ հավաստիացնելով ինձ, որ նույնիսկ երբ իր հոգին հեռանա այս ֆիզիկական աշխարհից, նա կլինի իմ կողքին՝ ինձ օգնելու համար: Ես դա այնքան էլ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ աշխարհն ավելի խորհրդավոր է, քան մենք պատկերացնում ենք, և որ հոգևոր կապերը, որոնք մենք դարբնում ենք աղոթքի միջոցով փորձելով սնուցել մեր հոգին, իսկապես կարող են օգնել մեզ հաղթահարել մեր փորձությունները և դժվարությունները: Բահայի ուսմունքները տվեցին ինձ այս խորհուրդը, հատկապես Աբդուլ-Բահայի այս մեջբերման միջոցով.

 

Աղոթքի մեջ տեղի է ունենում դիրքերի, վիճակների միաձուլում։ Աղոթեք նրանց համար, ինչպես նրանք են աղոթում ձեզ համար: Երբ դուք ինչ որ բան չգիտեք և շփոթված եք, նրանք կարող են ձեզ խորհուրդներ տալ, եթե դժվարությունների հանդիպեք:

 

2020 թվականի հոկտեմբերին ես և ծնողներս լքեցինք Կանադան և տեղափոխվեցինք Բալի, Ինդոնեզիա: Չնայած էական փոփոխություններին՝ եղբորս հեռանալը դեռ հետապնդում էր ինձ։ Ես այստեղ պայքարեցի դպրոցում և անցա ցավոտ ու մութ ժամանակների միջով:

 

Բայց 2021 թվականի ամռանը որոշեցի ստեղծել Haydn ոսկերչական բիզնեսը՝ նախագծելով և պատրաստելով զարդեր Բալիի արհեստավորների հետ: Haych Jewelry-ում զարդերը հիմնականում պատրաստված են  արծաթից ու բամբուկից, մենք ոգեշնչվում ենք պարզ դիզայնով, ճարտարապետության և զարդերի հանդեպ Հայդնի սիրուց: Չգիտեմ՝ սա է արդյոք իմ առաքելությունը, բայց ես քայլ առ քայլ գնում եմ դեպի նպատակս, որպեսզի գտնեմ ինձ և թույլ տամ, որ դա ինձ մոտիվացնի։ Ես գիտեմ, որ դրա համար պետք է ակտիվ և շարժուն լինեմ, և որ անցյալից կառչած մնալը և ինքս ինձ խղճալը տարբերակ չէ, քանի որ դա միայն ավելի շատ տխրության է հանգեցնում:

 

Տասնինը կարճ կյանք է: Թվում է, թե անարդար է, որ եղբայրս այդքան երիտասարդ է մահացել, և դա ճիշտ չէ: Այնուամենայնիվ, ես հասկացա, որ Հայդնի մահից հետո հարմարավետ զգալու միակ միջոցը սեփական կյանքն ավելի մեծ նպատակներով ապրելն է: Հայդնի կորուստն ինձ համար փորձություն էր, կարծես ինձ խնդրել էին բարձրանալ Էվերեստը: Բահայի միջազգային համայնքի այս հայտարարությունը օգնեց ինձ հաղթահարել դա, թեև գրված էր ռասիզմի վերացման թեմայով. «Շարունակենք հիվանդության անալոգիան, որքան տհաճ է ախտանիշը, այնքան ավելի հզոր է մեր մոտիվացիան՝ պայքարելու հիվանդության դեմ»։

 

Տառապանքն առեղծված է, և աշխարհի կրոնների Սուրբ գրվածքները, այդ թվում՝ բահայիների, կարծես թե չեն փորձում թաքցնել դա: Փոխարենը, նրանք մեզ ասում են, որ օգտագործենք մեր տառապանքն ավելի օգտակար լինելու և աշխարհում մեր ուրույն ներդրումն ունենալու համար: Ինչպես գրել է Աբդուլ-Բահան. «Ավելին, այս տառապանքները մեծ առաջընթացի պատճառ կդառնան»։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ