Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բամբասանք և չարախոսություն 
Հոդվածներ

Բամբասանք և չարախոսություն 

Մեծերը հաճախ նկատում են, որ երեխաները բուռն ցանկություն են ունենում լինել «նորություններ տարածող»։ Նրանք ձգտում են պատմել այլոց այն ամենը, ինչ տեսել ու լսել են, երբեմն՝ չափազանցնելով իրադարձությունները։ Օրինակ, մեծ քույրը դպրոցից տուն է վերադառնում։ Փոքրը փայլող աչքերով վազում է նրան ընդառաջ, և, այրվելով անհամբերությունից, պատմում է ընտանեկան նորությունները։ «Ընկերուհիդ պատահական մեր տուն էր եկել։ Նա պատմեց, որ դու դպրոցում խնդիրներ ունես, դու վատ գնահատական ես ստացել, ու ուսուցիչը շատ դժգոհ է եղել։ Մայրիկն ու հայրիկը հետո երկար վիճում էին ու բարկանում քեզ վրա» և այլն։

 

Իսկ եթե երեխան զգուշանա ծնողներից, նման գործերը գաղտնի կանի։ Օրինակ, երբ մայրը սենյակից դուրս գա, երեխան մի ակնթարթում բոլոր նորությունները կհաղորդի հակառակ կողմին։

 

«Նորությունը հաղորդելու» այրող ցանկությունը բնորոշ է բոլոր երեխաներին։ Նրանք, իհարկե, բամբասելու մտադրություն չունեն այդ բառի ամբողջական իմաստով, նրանցից ոչ ոք նպատակ չի դնում խեղաթյուրել իրադարձությունները, զրպարտել մերձավորին, պարզապես նրանք ցանկանում են պատմել ամեն ինչ, ինչ իմացել են, որովհետև դա նրանց հետաքրքիր և ուշադրության արժանի է թվում։

 

Սակայն եթե «նորությունները հայտնելու» հակումը ժամանակի ընթացքում չի անցնում, այդ դեպքում քիչ-քիչ չարախոսությունը, զրպարտությունը և բամբասանքը նրա համար սովորական բան կդառնան, և հետագայում նրա համար չափազանց դժվար կլինի դրանցից ազատվելը։ Մենք կարող ենք ձեզ առաջարկել մի քանի խորհուրդներ, որոնք կարող են կանխել բացասական բարոյական հատկանիշները երեխայի մոտ։

 

1․ Ծնողները (հատկապես մայրերը) պետք է երեխաներին խորհուրդ տան խուսափել այդ դատապարտելի հատկանիշներից՝ օգտագործելով տարատեսակ օրինակներ ու պատմություններ, ակնառու կերպով ցույց տալ նրանց անզսպության կործանիչ հատկությունները։ Հարկավոր է երեխաների ուշադրւթյունը հրավիրել այն բանի վրա, որ նրանք կարող են տուժել, եթե դառնան ինչ-որ մեկի դատարկ խոսակցությունների, պարապ հորինվածքների առարկան։

 

2․ Խորհուրդ ենք տալիս ծնողներին լինել զգույշ ու զուսպ և քամահրանքով  չխոսել այլոց մասին իրենց երեխաների ներկայությամբ։ Իսկ եթե երեխաները փորձում են լուրեր տարածել, անբարյացկամորեն են արտահայտվում ինչ-որ մեկի մասին, ապա ծնողները պետք է հաստատուն, բայց հանգիստ խնդրեն նրանց փոխել խոսակցության թեման՝ մատնացույց անելով նրանց, որ քննարկվել կարող են միայն մարդկանց դրական հատկանիշները, իսկ բամբասանքը մեղք է և չարախոսությունն՝ անթույլատրելի։ Այլ խոսքերով ասած՝ ծնողները ոչ իրենք պետք է բամբասեն, ոչ էլ թույլ տան անել դա իրենց երեխաներին։ 

 

3․  Որոշ ծնողներ, չունենալով մանկավարժական որոշակի գիտելիքներ, իրենք են երեխաներին սովորեցնում չարախոսել, բամբասել և զրպարտել։

 

Օրինակ, մայրը սովորեցնում է իր փոքր աղջկան ուշադիր լսել և իրեն փոխանցել այն ամենը, ինչ հայրն ասում է իր բացակայության ժամանակ։ Երեխան դեռ փորձ չունի, որպեսզի ճիշտ կողմնորոշվի այդ իրավիճակում, նրա դիտարկումները ոչ միշտ են վերաբերվում գլխավոր իրադարձություններին, իսկ հորինելու հակումը հաճախ ավելի ուժեղ է, քան ողջամտությունը։ Մանկական երևակայության թռչունը կարող է թռչել և բարձրանալ այնքան վերև, որ այն ամենը, ինչ երեխայի մտքին է գալիս, բարձր է արտասանվում։ Մայրը հորինվածը որպես ճշմարտություն է ընդունում՝ հավատալով անհիմն երևակայությանը և սրտում վիրավորանք է պահում հոր նկատմամբ։

 

Բամբասելու, բողոքելու, չարախոսելու սովորությունը հանգեցնում է ողբալի հետևանքների ինչպես երեխայի, այնպես էլ նրա շրջապատի համար։ Երեխան կհասկանա, որ իր պահվածքը աննպատակ է, երբ նրան շրջապատող բոլոր մարդիկ (ծնողները, ուսուցիչները, մեծերը) բամբասանքը անտեսելու հստակ դիրք զբաղեցնեն և հրաժարվեն լսել դրանք։ Միայն այսկերպ կարելի է կանխարգելել այս արատի տարածումը հանրության մեջ։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ