ՓԱՐԻԶՅԱՆ ԶՐՈՒՅՑՆԵՐ

1911թ. Աբդուլ - Բահայի ելույթներից

Մաս 1

1. Օտարերկրացիների ու անծանոթների հանդեպ բարյացկամության և կարեկցանքի պարտքը
2. Ճշմարիտ մտքի ուժն ու նշանակությունը կախված է այն գործի կոչելուց
3. Աստված է մեծագույն և կարեկցող բժիշկը և միայն Նա է ընձեռում ճշմարիտ բուժում
4. Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների միջև դաշինքի անհրաժեշտությունը
5. Աստված ամեն ինչ ըմբռնում է, ինքն Անըմբռնելի է
6. Պատերազմների ցավալի պատճառները և խաղաղության ձգտելու յուրաքանչյուրի պարտքը
7. Ճշմարտության արևը
8. Ճշմարտության լույսն արդ շողում է Արևելքի և Արևմուտքի վրա
9. Տիեզերական սեր
10. Աբդուլ-Բահայի բանտարկությունը
11. Աստծո մեծագույն պարգևը մարդուն
12. Ճշմարտության արևը մթագնող ամպերը
13. Կրոնական նախապաշարմունքներ
14. Աստծո կողմից մարդուն տրված շնորհները
15. Գեղեցկությունն ու ներդաշնակությունը բազմազանության մեջ
16. Քրիստոսի գալուստն ավետող մարգարեությունների ճշմարիտ իմաստը
17. Սուրբ Հոգին որպես Աստծո և մարդու միջև եղած միջնորդ ուժ
18. Մարդու երկու էությունները
19. Նյութական և հոգևոր զարգացում
20. Նյութի էվոլուցիան և հոգու զարգացումը
21. Հոգևոր հանդիպումներ Փարիզում
22. Լույսի երկու տեսակներըը
23. Հոգևոր մղումներն Արևմուտքում
24. Զրույց փարիզյան ստուդիաներից մեկում
25. Բահաուլլա
26. Լավ գաղափարները պետք է վերածվեն գործերի
27. Ջրով ու հրով մկրտության ճշմարիտ նշանակությունը
28. Ելույթ «Ալիանս սպիրիտուալիստ» ընկերությունում
29. Հոգու էվոլուցիան
30. Աբդուլ-Բահայի ցանկությունները և աղոթքները
31. Մարմնի, հոգու և ոգու մասին
32. Բահայիները պետք է սրտով ու հոգով ջանան բարելավել աշխարհի պայմանները
33. Չարախոսության մասին
34. Առանց հոգևորության չկա ճշմարիտ երջանկություն և զարգացում
35. Ուրախություն և վիշտ
36. Մարդկային կատարյալ զգացմունքները և առաքինությունները
37. Մարդկանց դաժան անտարբերությունն օտար ժողովուրդների տառապանքների նկատմամբ
38. Մենք չպետք է թևաթափ լինենք մեր սակավ քանակությունից
39. Աբդուլ-Բահայի ելույթը Փարիզի հովիվ Վագների (Ֆուայե-դե Լամ) եկեղեցում
40. Թեոսոֆիկ համայնք, Փարիզ
41. Առաջին սկզբունք. Ճշմարտութան որոնումը
42. Երկրորդ սկզբունք․ Մարդկության միասնությունը
43. Երրորդ սկզբունք. Սեր և բարեկամություն
44. Չորրորդ սկզբունք․ Կրոնի և գիտության միջև կապի ընդունումը
45. Հինգերորդ սկզբունք. Հրաժարում նախապաշարմունքներից
46. Վեցերորդ սկզբունք. Գոյության միջոցները

* * *
Մաս 1

-1-

Օտարերկրացիների ու անծանոթների հանդեպ բարյացկամության և կարեկցանքի պարտքը


1911թ. հոկտեմբերի 16 և 17

Երբ մարդն ապավինում է Աստծուն, նա իր շուրջը միայն արևի լույս է տեսնում: Բոլոր մարդիկ նրա եղբայրներն են դառնում: Թույլ մի տվեք, որ օտարերկրացիներին հանդիպելիս պայմանականությունները պատճառ դառնան նրանց նկատմամբ հակակրանքի և սառը վերաբերմունքի: Նրանց մի նայեք այնպես, ասես կասկածում եք, որ նրանք չարագործներ, գողեր ու անդաստիարակներ են: Դուք երևի գտնում եք, որ ձեզ համար անցանկալի մարդկանց հետ ծանոթանալիս անհրաժեշտ է զգույշ լինել, որ խուսափեք հնարավոր ռիսկերից:

Ես ձեզ խնդրում եմ մտածել ոչ միայն ձեր մասին: Եղեք բարի օտարերկրացիների նկատմամբ, անկախ այն բանից, թե նրանք Թուրքիայից, Ճապոնիայից, Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, թե մի այլ երկրից են եկել:

Օգնեք նրանց զգալ ինչպես իրենց տանը, պարզեք, որտեղ են նրանք հանգրվանել, հարցրեք՝ կարող եք արդյոք ինչ-որ բանով նրանց օգտակար լինել. աշխատեք նրանց կյանքը մի փոքր ավելի երջանիկ դարձնել:

Բարեհամբույր եղեք նրանց նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաստատվում են ձեր նախնական կասկածները, նման բարությունը նրանց կօգնի ավելի լավը դառնալ:

Ի վերջո, ինչու՞ մենք պետք է օտարերկրացիներին վերաբերվենք որպես օտարների:

Ձեզ հանդիպողներին հասկացնել տվեք, որ դուք իսկապես բահայի եք, առանց այդ մասին հայտարարելու:

Կյանքի կոչեք բոլոր ժողովուրդների նկատմամբ բարի վերաբերմունքի մասին Բահաուլլայի ուսմունքը: Ձեր ընկերասիրությունն արտահայտելիս մի բավարարվեք միայն բառերով, թող ձեր սրտերը վառվեն սիրով բոլոր նրանց հանդեպ, ում հետ կհատվեն ձեր ուղիները:

Ով դուք, արևմուտքի ժողովուրդնե՛ր, բարի եղեք ձեր մեջ գտնվող արևելյան երկրներից եկածների հանդեպ: Նրանց հետ խոսելիս մոռացեք ձեր պայմանականությունները, նրանք սովոր չեն դրանց: Արևելքից եկածներին նման վերաբերմունքը սառն ու անբարյացկամ է թվում: Թող ձեր վարվելաձևի մեջ ավելի շատ համակրանք արտահայտվի: Թող զգացվի, որ դուք լի եք տիեզերական սիրով: Երբ դուք պարսիկի կամ այլազգի մեկ ուրիշ մարդու եք հանդիպում, խոսեք նրա հետ ընկերոջ նման: Եթե ձեզ թվա, թե նա միայնակ է, ձգտեք օգնել նրան, պատրաստակամությամբ առաջարկեք նրան ձեր ծառայությունը: Եթե նա տխուր է՝ մխիթարեք նրան, եթե աղքատ է՝ օգնեք նրան, եթե կեղեքված է՝ պաշտպանեք նրան: Այդպես վարվելով, դուք ոչ միայն խոսքերով, նաև գործերով ու ճշմարտությամբ կցուցադրեք, որ բոլոր մարդկանց համարում եք ձեր եղբայրները:

Ի՞նչ օգուտ համաձայնվելուց, որ համընդհանուր բարեկամությունը լավ է և ի՞նչ օգուտ մարդկային ցեղի համերաշխության՝ որպես բարձր իդեալի մասին խոսելուց: Քանի դեռ նման մտքերը գործի չեն վերածվել, դրանք անօգուտ են:

Չարիքը երկրի վրա շարունակում է գոյություն ունենալ այն պատճառով, որ մարդիկ միայն խոսում են իրենց իդեալների մասին՝ չձգտելով գործնականում իրականացնել դրանք: Եթե խոսքերը փոխարինենք գործերով, ապա շատ շուտով աշխարհի ամբողջ թշվառությունը կվերածվի բարեկեցության:

Մարդն, ով բարի գործ է անում և չի խոսում այդ մասին, կատարելության ուղու վրա է գտնվում: Մարդն, ով մի փոքր բարություն է արել և խոսքերով չափազանցրել է դա, քիչ արժեք ունի:

Եթե ես ձեզ սիրում եմ, կարիք չկա, որ անընդհատ կրկնեմ, դուք կզգաք դա առանց խոսքերի: Մյուս կողմից, եթե ես ձեզ չեմ սիրում, դուք դա կհասկանաք և չեք հավատա, և հազարավոր բառեր էլ ինձ չեն օգնի հավաստիացնելու ձեզ իմ սերը:

Մարդիկ, օգտագործելով գեղեցիկ բառեր, մեծ աղմուկ են բարձրացնում բարի գործերի շուրջը, որովհետև ուզում են ավելի վեհ ու լավը թվալ իրենց շրջապատի մարդկանցից և հռչակ ձեռք բերել: Նրանք, ովքեր ամենաշատն են բարիք գործում, այդ մասին ամենաքիչն են խոսում:

Աստծո զավակները, հնազանդվելով Նրա օրենքներին, չեն պարծենում իրենց արածով:

Հուսով եմ դուք կխուսափեք բռնությունից ու կեղեքումից և անդադար կաշխատեք մինչև բոլոր երկրներում հաղթանակի արդարությունը, որ դուք ձեր սրտերը մաքուր կպահեք և ձեռքերը չեք աղտոտի անպարկեշտ արարքներով:

Սա է պահանջվում ձեզնից Աստծուն մոտենալու համար, սա եմ ես ակնկալում ձեզնից:

-2-

Ճշմարիտ մտքի ուժն ու նշանակությունը կախված է այն գործի կոչելուց


Հոկտեմբերի 18

Մարդու էությունը նրա միտքն է, ոչ թե նյութական մարմինը: Մտավոր և կենդանական ուժերը գործընկերներ են: Չնայած մարդը պատկանում է կենդանական աշխարհին, նա օժտված է մտածելու կարողությամբ, որով գերազանցում է մյուս բոլոր արարածներին:

Եթե մարդու միտքը մշտապես ձգտում է հոգևոր իրերի, նա սուրբ է դառնում: Եթե ընդհակառակը, նրա մտքերը չեն ճախրում, այլ ուղղված են ցած և նա իրեն համարում է տիեզերքի կենտրոնը, ապա նա դառնում է ավելի ու ավելի նյութական, հասնելով մի վիճակի, որը շատ քիչ է տարբերվում կենդանականից:

Մտքերը կարելի է բաժանել երկու մասի.

1. Զուտ մտքի ոլորտին պատկանող մտքեր
2. Գործողության մեջ արտահայտվող մտքեր

Որոշ տղամարդիկ և կանայք հպարտանում են իրենց վեհ մտքերով, սակայն, եթե այդ մտքերը երբեք չեն հասնում կիրառման մակարդակին, դրանք անպտուղ են մնում. մտքի զորությունը կախված է այն գործի կոչելուց: Առաջընթացի և զարգացման այս աշխարհում փիլիսոփայի մտքերն, այնուամենայնիվ, կարող են իրենց արտահայտումը գտնել այլ մարդկանց գործերի մեջ, նույնիսկ եթե ինքն ի վիճակի և պատրաստ չէ իրականացնելու իր վեհ իդեալները սեփական կյանքում: Այս խմբին են պատկանում փիլիսոփաների մեծամասնությունը, նրանց ուսմունքներն ավելի վեհ են կանգնած իրենց գործերից: Հենց դա էլ հանդիսանում է հասարակ փիլիսոփաների տարբերությունը այն փիլիսոփաներից, ովքեր Հոգևոր Ուսուցիչներ են: Հոգևոր ուսուցիչը նա է, ով առաջինն է հետևում Իր ուսմունքին, Նա գործունեության աշխարհ է բերում իր հոգևոր գաղափարներն ու իդեալները: Նրա Աստվածային մտքերը կյանքի են կոչվում աշխարհում: Նա անբաժան է իր մտածելակերպից: Եվ եթե մի փիլիսոփա մի կողմից փառաբանում է արդարության կարևորությունը և վեհությունը, իսկ մյուս կողմից՝ պաշտպանում ագահ միապետին նրա դաժան և բռնի արարքների մեջ, մենք անմիջապես հասկանում ենք, որ նա պատկանում է առաջին խմբին, այսինքն ունի երկնային մտքեր, բայց չի կիրառում երկնայինին համապատասխան առաքինությունները:

Նման վիճակն անհնարին է Հոգևոր Փիլիսոփաների համար, քանի որ նրանց վսեմ և վեհանձն մտքերն արտահայտվում են գործերի մեջ:

-3-

Աստված է մեծագույն և կարեկցող Բժիշկը և միայն Նա է ընձեռում ճշմարիտ բուժում

19 հոկտեմբերի

Ողջ ճշմարիտ բուժումը գալիս է Աստծուց: Հիվանդությունների ծագման երկու պատճառ կա՝ նյութական և հոգևոր: Եթե հիվանդությունը մարմնական է, բուժման համար պահանջվում են նյութական միջոցներ, իսկ եթե հոգևոր է՝ հոգևոր միջոցներ:

Լրիվ ապաքինում տեղի չի ունենա, եթե բուժման ընթացքում մենք չստանանք աստվածային օրհնություն, քանի որ դեղերը լոկ արտաքնապես տեսանելի միջոցներ են, որոնք մեզ օգնում են հասնել հոգեկան կազդուրման: Մինչև հոգին չապաքինվի, մարմնի բուժումն արժեք չի ունենա: Ամեն ինչ Աստծո ձեռքում է, և առանց Նրա մենք չենք կարող վերականգնել մեր առողջությունը:

Մեծ թվով մարդկանց մահվան պատճառը եղել են այն հիվանդությունները, որոնք հատուկ ուսումնասիրվել են նրանց կողմից: Օրգանիզմի մարսողական համակարգը ուսումնասիրած Արիստոտելը մահացել է ստամոքսային հիվանդությունից: Սրտի մասնագետ Ավիցեննան մահացել է սրտային հիվանդությունից: Աստված մեծագույն կարեկից Բժիշկն է, միակն, ով ունի ճշմարիտ բուժման ուժ:

Բոլոր արարածները կախված են Աստծուց, ինչքան էլ նրանց մեծ թվա իրենց գիտելիքների ուժն ու անկախությունը:

Տեսեք աշխարհի հզորագույն արքաներին, որոնք օժտված են երկրային հնարավոր ամբողջ իշխանությամբ: Երբ մահը նրանց դուռը թակի, նրանք կենթարկվեն նրան, ինչպես և հասարակ գյուղացիները: Տեսեք իրենց թվացյալ ուժով հանդերձ ինչքան անօգնական են կենդանիները: Կենդանիներից ամենամեծին՝ փղին, անհանգստացնում է հասարակ ճանճը, իսկ առյուծը չի կարողանում ազատվել որդից: Նույնիսկ արարածներից բարձրագույնը՝ մարդը, շատ բաների կարիք ունի իր կյանքի համար: Դա առաջին հերթին օդն է, եթե մարդ մի քանի րոպեով զրկվի օդից, նա կմահանա: Նման ձևով նա կախում ունի ջրից, սնունդից, հագուստից, ջերմությունից և շատ ու շատ այլ բաներից: Նա ամեն կողմից շրջապատված է վտանգներով ու դժվարություններով, որոնց դեմ իր ֆիզիկական մարմինն անզոր է: Շրջապատող աշխարհը դիտարկելիս՝ մարդը տեսնում է, որ բոլոր արարածները ենթակա են Բնության օրենքներին և կախված են նրանցից: Իր հոգևոր ուժի շնորհիվ, միայն մարդը կարողացավ ազատագրվել և վեր կանգնել նյութական աշխարհից՝ ծառայեցնելով այն իրեն:

Առանց Աստծո օգնության մարդը նման է մահկանացու գազանի, սակայն Աստված նրան շնորհել է այնպիսի մի հրաշագործ զորություն, որի օգնությամբ նա միշտ կարող է դիմել երկնքին և այլևայլ պարգևների հետ միասին Նրա աստվածային Ողորմածությունից ստանալ հիվանդություններից բուժում:

Բայց ավաղ, մարդը երախտապարտ չէ ի վերուստ տրված բարիքների համար, նա անփութորեն քնում է՝ արհամարհելով Աստծո կողմից իր հանդեպ ցուցաբերած ողորմածությունը, երես է թեքում լույսից՝ շարունակելով իր ճանապարհով շարժվել խավարում:

Ես անկեղծորեն աղոթում եմ, որպեսզի դուք չլինեք այդպիսին և որպեսզի ձեր հայացքները հաստատակամորեն ուղղեք դեպի լույսը՝ նմանվելով ջահերի, որոնք վառվում են կյանքի մութ անկյուններում:

-4-

Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների միջև դաշինքի անհրաժեշտությունը


Ուրբաթ, հոկտեմբերի 20

Աբդուլ-Բահան ասաց.

Անցյալում, ինչպես և ներկայում, Ճշմարտության Հոգևոր Արևը միշտ շողշողացել է Արևելքի հորիզոնից:

Արևելքում հայտնվեց Աբրահամը: Արևելքում հառնեց Մովսեսը մարդկանց առաջնորդելու և ուսուցանելու համար: Արևելյան հորիզոնում ծագեց Տեր Հիսուս Քրիստոսը: Մուհամմեդն ուղարկված էր արևելյան ժողովրդի մոտ: Բաբը հայտնվեց Պարսկաստանի արևելյան մասում: Բահաուլլան ապրել ու սովորեցրել է Արևելքում: Բոլոր մեծագույն Հոգևոր Ուսուցիչները հայտնվել են արևելյան աշխարհում: Այնուհանդերձ, չնայած Քրիստոսի Արևը ծագել է Արևելքում, սակայն նրա շողերը տեսանելի էին Արևմուտքում, որտեղ Նրա հռչակի փայլն ավելի հստակ երևաց: Նրա Ուսմունքի աստվածային լույսն ավելի մեծ ուժով փայլատակեց Արևմուտքում: Այնտեղ այն ավելի արագ առաջընթաց ապրեց, քան այն երկրում, որտեղ ծագել էր:

Այս օրերին Արևելքը նյութական զարգացման պահանջ ունի, մինչդեռ Արևմուտքը հոգևոր գաղափարի է կարոտ: Լավ կլիներ, եթե Արևմուտքն իր հայացքը դարձներ դեպի Արևելք՝ պայծառանալով նրա հոգևոր լույսով՝ փոխարենը նրան տալով իր գիտական նվաճումները: Պետք է տեղի ունենա շնորհների նման փոխանակում:

Արևելքը և Արևմուտքը պետք է միավորվեն՝ կիսելով իրենց կարիքները: Նման դաշինքը կբերի իրական քաղաքակրթության, որտեղ հոգևորը կարտահայտվի և կիրականա նյութական աշխարհում: Այդ փոխանակումը կբերի աշխարհի մեծագույն ներդաշնակության, բոլոր մարդիկ կմիավորվեն և կհասնեն կատարելության, ամուր կկապվեն միմյանց, և այս աշխարհը կդառնա Աստծո հատկանիշներն արտացոլող փայլուն հայելի:

Մենք բոլորս՝ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդներս, պետք է օր ու գիշեր, ամբողջ սրտով ու հոգով ձգտենք այդ բարձր իդեալին՝ ամբողջ աշխարհի ժողովուրդների ամուր միության կերտմանը: Հետո բոլոր սրտերը կվերածնվեն, բոլոր աչքերը կբացվեն, մեզ կտրվի ամենասքանչելի իշխանությունը, և կապահովվի մարդկության երջանկությունը:

Մենք պետք է աղոթենք, որ Աստծո Ողորմածությամբ Պարսկաստանը կարողանա ստանալ Արևմուտքի նյութական ու գիտական քաղաքակրթությունը՝ փոխարենը Աստծո Կամոք տալով իր հոգևոր լույսը: Միավորվելով նվիրյալ ու եռանդուն գործունեությամբ՝ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդները հաջողությամբ կհասնեն այդ նպատակին, քանի որ Սուրբ Հոգու զորությունն օժանդակելու է նրանց:

Բահաուլլայի Ուսմունքի սկզբունքները պետք է հանգամանորեն, մեկ առ մեկ ուսումնասիրել, մինչև որ միտքն ու սիրտը գիտակցեն և ըմբռնեն դրանք. այսպիսով դուք կդառնաք լույսի հաստատակամ հետևորդներ, Աստծո իսկապես հոգևոր, երկնային զինվորներ՝ ունակ ընդունելու և տարածելու ճշմարիտ քաղաքակրթությունը Պարսկաստանում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում:

Դա էլ հենց կլինի ճշմարիտ դրախտը, երբ ամբողջ մարդկությունը կհավաքվի միասնության վրանի ներքո՝ Փառքի Արքայության մեջ:

-5-
Աստված ամեն ինչ ըմբռնում է, ինքն Անըմբռնելի է


Ուրբաթ երեկո, հոկտեմբերի 20

Աբդուլ-Բահան ասաց.

Փարիզում ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են քաղաքականության, առևտրի, կրթության, արվեստի, գիտության և այլ բնագավառներին վերաբերող հարցեր:

Այս ամենը լավ է, սակայն այս ժողովը հանդիպել է, որ իր հայացքն ուղղի Աստծուն, սովորի, թե ինչպես կարելի է լավագույնս աշխատել հանուն մարդկության բարօրության, հասկանա, թե ինչպես կարելի է վերացնել նախապաշարմունքները և մարդկանց սրտերում աճեցնել սիրո և համընդհանուր եղբայրության ծիլերը:

Աստված հավանություն է տալիս մեր ժողովի շարժառիթին և օրհնում է մեզ:

Հին կտակարանում մենք կարդում ենք, որ Աստված ասաց. <<Արասցուք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան>>:1 Ավետարանում Քրիստոսն ասել է. <<Ես ի Հայր և Հայր յիս է>>:2 Ղուրանում Աստված ասում է. <<Մարդն իմ գաղտնիքն է, Ես նրա>>: Բահաուլլան գրել է, որ Աստված ասել է. <<Քո սիրտն իմ տունն է, մաքրիր այն մինչև Իմ գալուստը: Քո ոգին Իմ հայտնության վայրն է, պատրաստիր այն Իմ հայտնության համար>>: Այս բոլոր նվիրական խոսքերը մեզ ասում են, որ մարդն արարվել է Աստծո պատկերի և նմանության համաձայն, այնուհանդերձ Աստծո Էությունը անհասանելի է մարդկային մտքի համար, քանի որ սահմանափակ բանականությամբ անհնար է անսահման Առեղծվածի բացահայտումը: Աստված ներառում է ամեն ինչ, Նա չի կարող ներառվել: Ներառողը գերազանցում է ներառվողին: Ամբողջն ավելին է, քան նրա մասերը:

Այն ինչ ընկալվում է մարդու կողմից, չի կարող նրա ըմբռնման սահմաններից դուրս լինել, ուստի մարդկային սիրտն անընդունակ է ըմբռնելու Աստծո Մեծության բնույթը: Մեր երևակայությունն ընդունակ է պատկերացնել միայն այն, ինչ ի վիճակի է ստեղծելու:

Արարման աշխարհի տարբեր տիրույթներում ընկալողունակությունը տարբեր է: Հանքանյութերի, բույսերի և կենդանիների ոլորտներից յուրաքանչյուրն անկարող է ըմբռնել զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվող արարածներին: Հանքանյութը չի կարող ընկալել, թե ինչ ուժերի շնորհիվ է բույսն աճում: Ծառը չի հասկանա, թե ինչպես են կենդանիները շարժվում, ինչպես և չի ընկալի, թե ինչ է նշանակում տեսողություն, լսողություն, հոտառություն ունենալ: Այս ամենը պատկանում է ֆիզիկական արարմանը:

Մարդը նույնպես դրանց մի մասն է, սակայն ստորին թագավորությանը պատկանող և ոչ մեկը չի կարող հասկանալ, ինչ է կատարվում մարդու ուղեղում: Կենդանին չի կարող ընկալել մարդկային էակի մտավոր ունակությունը, նա հասու է լոկ այն տեղեկություններին, որոնք ստացվում են զգայարանների օգնությամբ, սակայն նա չի կարող որևէ բան պատկերացնել վերացականորեն: Կենդանին չի կարող հասկանալ, որ երկիրը կլոր է ու պտտվում է արեգակի շուրջը կամ թե ինչպես է կառուցված էլեկտրական հեռագրի հարմարանքը: Այս ամենը հնարավոր է միայն մարդու համար: Մարդը արարչագործության բարձրագույն արգասիքն է, բոլոր արարածներից Աստծուն ամենամոտ կանգնածը:

Բոլոր վերին արքայություններն անհասանելի են ստորինների համար, այսպիսով ինչպե՞ս կարող է մարդը՝ արարվածը, ըմբռնել տիեզերքի ամենազոր Արարչին:

Այն ամենը, ինչ մենք պատկերացնում ենք, դա չէ Աստծո Էությունը, քանի որ Նա Անճանաչելի է, Անքննելի և մեծապես գերազանցում է մարդու գիտակցական մակարդակը:

Բոլոր գոյություն ունեցող արարածները կախման մեջ են աստվածային Ողորմածությունից: Մեր գոյությամբ մենք պարտական ենք Աստծո Ողորմածությանը: Ինչպես արևի լույսն է լուսավորում ամբողջ աշխարհը, այնպես էլ Աստծո անսահման Ողորմածությունն է տարածվում բոլոր արարածների վրա: Ինչպես արևն է հասունացնում պտուղները և կյանք ու ջերմություն է շնորհում կենդանի արարածներին, այնպես էլ Ճշմարտության Արևն է լուսավորում բոլոր հոգիները՝ լցնելով դրանք աստվածային սիրո և ըմբռնման լույսով:

Մարդու առավելությունը մնացած արարված աշխարհից տեսանելի է նաև նրանում, որ նա ունի հոգի, որում բնակվում է աստվածային ոգին. ցածր բնույթի էակների հոգին զարգացման ավելի ցածր աստիճանին է գտնվում:

Այսպիսով կասկածից վեր է, որ մարդը բոլոր արարածներից ամենամոտն է Աստծո էությանը, ուստի նա մեզ ավելի շատ աստվածային Ողորմածություն է շնորհում:

Հանքանյութերի աշխարհը ունի գոյատևելու կարողություն: Բույսերին հատուկ է գոյություն ունենալու և աճելու ունակությունը: Կենդանիներն իրենց գոյության պահպանման և աճի ունակությունից զատ կարող են ազատ տեղաշարժվել և ունեն զգայարաններ: Մարդկանց թագավորությունում մենք գտնում ենք ստորին աշխարհի հատկանիշներից բացի նաև այլ հնարավորություններ: Մարդը բոլոր նախորդ արարածների հանրագումարն է, քանի որ նա ընդգրկում է այդ բոլորը:

Մարդուն տրված է հատուկ շնորհք՝ հոգևոր ունակություններ, որոնց միջոցով նա կարող է ընկալել աստվածային լույսի մեծ մասը: Կատարյալ մարդուն կարելի է համեմատել հղկած հայելու հետ, որն արտացոլում է ճշմարտության Արևը՝ բացահայտելով Աստծո հատկանիշները:

Տեր Հիսուսն ասում էր. <<Ով տեսել է ինձ, նա տեսել է նաև Հորը>>, այսինքն՝ Աստված հայտնել է իրեն մարդու մեջ: Արևը չի թողնում իր տեղը երկնակամարում ու չի թաքնվում հայելու մեջ, քանի որ ծագումը և մայրամուտը, գալն ու գնալը չի պատկանում Անսահմանին, այլ հատուկ է միայն սահմանափակ արարածներին: Աստծո Հայտնություններում, ինչպես կատարելապես հղկված հայելում, աստվածայինը անդրադարձվում է մարդու համար ընկալելի ձևով:

Դա այնքան պարզ է, որ ամեն ոք կարող է հասկանալ, իսկ այն ինչ ունակ ենք հասկանալ, ստիպված ենք ընդունել:

Մեր Հայրը մեզ պատասխանատվության չի կանչի այն դոգմաներից հրաժարվելու համար, որոնց չենք կարող հավատալ և հասկանալ, քանի որ Նա անսահման արդար է Իր զավակների հանդեպ: Այս օրինակը, ի դեպ, այնքան տրամաբանական է, որ հեշտությամբ կարող է ընկալվել ցանկացած մեկի կողմից, ով պատրաստ է դիտարկել այն:

Թող ձեզանից յուրաքանչյուրը դառնա շողացող ջահ, որի կրակը Աստծո հանդեպ ձեր սերն է: Թող ձեր սրտերն այրվեն միասնության փայլով: Թող ձեր աչքերը լուսավորվեն Ճշմարտության Արևի ճառագայթներով:

Փարիզը գեղեցիկ քաղաք է, այսօր աշխարհում, թերևս, դժվար է գտնել ավելի քաղաքակիրթ և իր նյութական զարգացման մեջ կատարյալ քաղաք: Սակայն վաղուց արդեն այն չի լուսավորվում հոգևոր լույսով. նրա հոգևոր զարգացումը շատ է ետ մնացել նյութական քաղաքակրթությունից: Վերերկրային ուժ է հարկավոր արթնացնելու այն հոգևոր ճշմարտության համար և նրա նիրհող հոգու մեջ կյանքի շունչ ներարկելու: Դուք պիտի միավորվեք և Գերագույն Զորության օգնությամբ արթնացնեք և վերակենդանացնեք մարդկային հոգիները:

Եթե խոսքը թեթև հիվանդության մասին է, ապա այն բուժելու համար բավարար է նաև թույլ դեղը, սակայն եթե թեթև հիվանդությունը հանգեցնում է սարսափելի տանջանքների, աստվածային Ապաքինողը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի: Որոշ ծառեր ծաղկում և բերք են տալիս կլիմայական սառը պայմաններում, այլ ծառեր իրենց պտուղների լիարժեք հասունացման համար պահանջում են արևի շատ տաք ճառագայթներ: Փարիզն էլ հենց այդպիսի մի ծառ է, որն իր հոգևոր զարգացման համար Աստծո Երկնային Զորության հսկա, հրավառ Արեգակի կարիք ունի:

Ես խնդրում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ առանձին-առանձին հետևել Սուրբ Ուսմունքների ճշմարտության լույսին, և Աստված կզորացնի ձեզ Իր Սուրբ Ոգու օգնությամբ, այնպես, որ դուք կկարողանաք հաղթահարել ցանկացած դժվարություն և կվերացնեք մարդկանց միջև անհամաձայնություն ու ատելություն առաջացնող նախապաշարմունքները: Թող ձեր սրտերը աստվածային վեհ սիրով լցվեն, և թող դա բոլորի համար զգալի լինի, քանի որ ամեն մարդ Աստծո ծառան է, և բոլորին է տրված մասնակից լինելու աստվածային Ողորմածությանը:

Հատկապես մեծ սեր ու համբերատարություն ցուցաբերեք նյութապաշտ ու հետադիմական մտածելակերպ ունեցողների հանդեպ՝ ձեր բարության փայլով գրավելով նրանց սրտերը ընդհանուր շփման համար: Եթե դուք նվիրված եք ձեր մեծ գործին, և անշեղորեն հետևում եք Ճշմարտության Սուրբ Արևին, այս հրաշալի քաղաքի վրա համընդհանուր եղբայրության մի օրհնյալ օր կծագի:

-6-
Պատերազմների խղճուկ պատճառները և խաղաղության ձգտելու յուրաքանչյուրի պարտքը


Հոկտեմբերի 21

Աբդուլ-Բահան ասաց.

Հուսով եմ, բոլորդ երջանիկ և առողջ եք: Ես երջանիկ չեմ, ես շատ տխուր եմ: Բենղազի մոտակայքում տեղի ունեցող մարտերի մասին տեղեկությունները վշտացնում են իմ սիրտը: Ես զարմանում եմ աշխարհում դեռևս գոյություն ունեցող մարդկային դաժանության վրա: Ինչպե՞ս կարող են մարդիկ առավոտից գիշեր կռվել, սպանել միմյանց և թափել իրենց եղբայրների արյունը: Եվ ինչու՞: Որպեսզի մի կտոր հող գրավեն: Նույնիսկ կենդանիներն են հարձակվում ու կռվի բռնվում միայն այն ժամանակ, երբ ունեն շտապ ու ավելի խելամիտ պատճառներ: Որքան սարսափելի է, որ մարդիկ՝ վերին թագավորությանը պատկանող էակները, իջնում են իրենց նմաններին կոտորելու և դժբախտացնելու աստիճանի, և այդ ամենը հանուն մի հողակտորի:

Արարածներից բարձրագույնը պայքարում է, որ տիրանա նյութի ցածրագույն ձևին՝ հողին: Հողը միայն մի ժողովրդին չի պատկանում, այլ բոլորինն է: Հողը մարդու տունը չէ, այլ նրա գերեզմանը: Մարդիկ կռվում են իրենց գերեզմանի համար, որտեղ քայքայվում են մարդկային մարմինները:

Որքան էլ նվաճողը հզոր լինի, ինչքան երկրներ էլ նա ստրկացրած լինի, այդ բոլոր ամայացրած հողերից նա իր համար ոչինչ չի կարող ձեռք բերել բացի մի չնչին հողակտորից՝ իր գերեզմանից: Եթե որևէ երկրի պահանջվում է ընդարձակել իր տարածքը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու կամ էլ քաղաքակրթության տարածման համար, (դաժան սովորությունները փոխարինելու արդարացի օրենքներով), ամենայն հավանականությամբ տարածքի անհրաժեշտ ընդլայնման համար գոյություն ունեն խաղաղ ճանապարհներ:

Սակայն պատերազմները տեղի են ունենում, որ բավարարեն մարդկային սնափառությունը: Հանուն քչերի երկրային շահերի մեծ աղետներ են թափվում անթիվ օջախների վրա՝ կոտրելով հարյուրավոր տղամարդկանց և կանանց սրտերը:

Ինչքան այրիներ են ողբում իրենց ամուսինների մահը, ինչքան պատմություններ ենք լսում բիրտ դաժանության մասին: Ինչքան որբացած երեխաներ են կանչում իրենց մահացած հայրերին: Ինչքան մայրեր են հեկեկում իրենց սպանված որդիների համար:

Չկա ավելի սարսափելի և աղեկտուր բան, քան մարդկային դաժանության պոռթկումը: Ձեզանից յուրաքանչյուրին և բոլորին ես պարտավորեցնում եմ կենտրոնացնել ձեր սրտի մտքերը միայն սիրո և միասնության վրա: Եթե ձեր սրտում ծնվում է պատերազմի մասին միտքը, հակադրեք այն խաղաղության մասին ավելի ուժեղ մտքով: Ատելության մասին միտքը պետք է հաղթահարվի սիրո ավելի զորեղ մտքով: Պատերազմի մասին մտքերը կործանում են ներդաշնակությունը, բարեկեցությունը, հանգստությունն ու գոհունակությունը:

Սիրո մասին մտքերը ծնում են խաղաղություն, բարեկամություն, ընկերություն և երջանկություն: Երբ աշխարհի զինվորներն իրենց սրերը հանում են պատյանից սպանելու համար, Աստծո զինվորները բռնում են միմյանց ձեռքերը: Թող այսպիսով, Աստծո Ողորմածությամբ, մաքուր սրտի և անկեղծ հոգու օգնությամբ վերջ տրվի մարդկային գազանությանը: Թող ձեզ չթվա, որ երկրի վրա խաղաղությունն անհասանելի իդեալ է: Աստծո Բարեհաճության համար անհնարին ոչինչ չկա:

Եթե դուք ամբողջ սրտով եք ցանկանում ամրապնդել երկրի վրա բոլոր ժողովուրդների միջև բարեկամությունը, ապա ձեր դրական ու հոգևոր համոզմունքները կտարածվեն, կդառնան մյուսների ցանկությունը, կդառնան ավելի ու ավելի ուժեղ, քանի դեռ չեն հասել բոլոր մարդկանց մտքերին:

Մի հիասթափվեք: Համառորեն աշխատեք: Անկեղծությունը և սերը կհաղթահարեն ատելությունը: Անհնարին թվացող ինչքան դեպքեր են կատարվում մեր օրերում: Մշտապես հառեք ձեր հայացքը Աշխարհի Լույսին: Բոլորին սիրով վերաբերվեք: <<Սերը Սուրբ Հոգու շունչն է մարդու սրտում>>: Քաջալերվեք: Աստված երբեք չի լքում իր զավակներին, ովքեր ձգտում, աշխատում և աղոթում են: Թող ձեր սրտերը լցվեն այս պատերազմող աշխարհի վրա ներդաշնակության և հանգստության հաստատման անսպառ ցանկությամբ: Թող հաջողությամբ պսակվեն ձեր ջանքերը ու համաշխարհային եղբայրության հետ միասին գա Աստծո Արքայությունը, խաղաղությունն ու բարի կամքը:

Այսօր այս դահլիճում հավաքվել են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ ֆրանսիացիներ, ամերիկացիներ, անգլիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, եղբայրներ ու քույրեր՝ բարեկամությամբ և ներդաշնակությամբ միմյանց հետ կապված: Թող այս հանդիպումը լինի նրա նախանշանը, ինչը հիրավի շուտով տեղի կունենա աշխարհում, երբ Աստծո յուրաքանչյուր զավակ կհասկանա, որ բոլորս նույն ծառի տերևներն ենք, նույն ազգի ծաղիկները, նույն օվկիանոսի կաթիլները և որդիներն ու դստրերը նույն Հոր, ում անունն է սեր:

-7-
Ճշմարտության արևը


Հոկտեմբերի 22

Աբդուլ-Բահան ասաց.

Այսօր հրաշալի օր է, արևը լուսավորում է երկիրը՝ լույս և ջերմություն ընծայելով բոլոր արարածներին: Ճշմարտության Արևն էլ է շողում՝ ջերմացնելով և լուսավորելով մարդկային հոգիները: Արևը կենսական ուժ է նվիրում բոլոր երկրային արարածներին. առանց նրա ջերմության անհնարին է դրանց աճն ու զարգացումը: Նմանապես ճշմարտության Արևի ճառագայթները մարդկային հոգիների բարեբեր հողի վրա ընկնելով հարստացնում, զարգացնում և դժվար րոպեներին աջակցում են նրանց: Այն, ինչ արևը մարդկային մարմնին է տալիս, Ճշմարտության Արևը շնորհում է հոգուն:

Մարդը կարող է հասնել նյութական բարեկեցության բարձր աստիճանի, սակայն առանց ճշմարտության լույսի, նրա հոգին կհյուծվի և կխամրի: Մի ուրիշը, չլինելով նյութապես ապահովված, կարող է զբաղեցնել սոցիալական սանդուղքի ստորին աստիճանները, սակայն ստանալով Ճշմարտության Արևի ջերմությունը, նրա հոգին վեհանում է և հոգևոր ըմբռնումը լուսավորվում է:

Քրիստոնեության ծագման ժամանակաշրջանի մի հույն փիլիսոփա, ով չնայած քրիստոնեություն չէր դավանում, սակայն համամիտ էր այդ ուսմունքի հետ, գրել է. <<Ես համոզված եմ, որ կրոնը ճշմարիտ քաղաքակրթության իսկական հիմքն է>>: Հիրավի, քաղաքակրթությունը չի ունենա ամուր հիմքեր, եթե չհղկվի ազգի բարոյական նկարագիրը, ինչպես նաև նրա միտքն ու տաղանդները:

Քանի որ կրոնը բարոյական հատկանիշներ է դաստիարակում, ուստի նա է հենց այն ճշմարիտ փիլիսոփայությունը, որի հիման վրա կարելի է ստեղծել միակ հարատև քաղաքակրթությունը: Դրա վառ օրինակն է վաղ քրիստոնեության հետևորդների բարձր բարոյականությունը: Այդ փիլիսոփայի կարծիքը ճշմարիտ է, քանի որ այդ շրջանում քրիստոնեական քաղաքակրթությունը եղել է լավագույնն ու լուսավորվածն աշխարհում: Քրիստոնեական ուսմունքը լուսավորվել է Ճշմարտության Աստվածային Արևով և այսպիսով, նրա հետևորդները սովորել էին սիրել բոլոր մարդկանց եղբոր նման ու ահ չունենալ ոչ մի բանից, նույնիսկ մահվանից: Սիրել մերձավորին իր անձի պես, մոռանալ սեփական եսասիրական շահերը՝ ձգտելով մարդկության մեծագույն բարօրությանը: Քրիստոսի կրոնի մեծագույն նպատակն է եղել բոլոր մարդկանց սրտերն ուղղորդել դեպի Աստծո լուսաշող ճշմարտությունը:

Եթե Տեր Հիսուսի հետևորդներն աներկբայորեն հավատարիմ մնային այդ սկզբունքներին, ապա կվերանար և քրիստոնեական առաքելության նորոգման ու նրա ժողովրդի արթնացման անհրաժեշտությունը, քանի որ ներկայումս էլ աշխարհում կիշխեր մեծագույն ու հրաշալի քաղաքակրթություն, և երկրի վրա կհաստատվեր Երկնային Արքայությունը:

Իսկ ինչ տեղի ունեցավ իրականում: Մարդիկ երես թեքեցին իրենց Ուսուցչի աստվածափայլ պատվիրաններից, և ձմեռվա սառնությունը համակեց նրանց սրտերը: Ինչպես արևի ճառագայթներն են կյանք տալիս մարդկային մարմնին, այնպես էլ առանց Ճշմարտության Արևի փայլի չեն կարող զարգանալ երկնային առաքինությունները:

Աստված իր զավակներին առանց աջակցման չի թողնում և երբ ձմեռվա խավարը համակում է նրանց, Նա կրկին ուղարկում է Իր Դեսպանորդներին՝ Մարգարեներին, որպեսզի նրանք թարմացնեն օրհնյալ գարունը: Ճշմարտության Արևը նորից է ծագում աշխարհի հորիզոնում՝ լուսավորելով նիրհողների աչքերը, արթնացնելով նրանց փառապանծ օրվա նոր արշալույսով: Այնժամ նորից ծաղկում է մարդկության տոհմածառը և հանուն ազգերի ապաքինման առաքինության պտուղներ է բերում: Ելնելով նրանից, որ մարդը խուլ է եղել ճշմարտության ձայնի հանդեպ, փակել է իր աչքերը Սուրբ Լույսի առջև, արհամարհել է Աստծո օրենքները, պատերազմի և խուճապի, տագնապի ու կարիքի խավարը խղճալի վիճակի են հասցրել աշխարհը: Ես աղոթում եմ, որպեսզի դուք ջանք չխնայեք և Աստծո յուրաքանչյուր զավակին ուղղորդեք դեպի ճշմարտության Արևի փայլը, թող նրա փառքի ճառագայթների ներքո ցրվի ամենաանթափանց խավարը, և թող ձմեռվա դաժան սառնամանիքները մեղմանան նրա շողերի ողորմած ջերմությունից:

-8-
Ճշմարտության լույսն արդ շողում է Արևելքի և Արևմուտքի վրա

Երկուշաբթի, հոկտեմբերի 23, 1911թ Եթե մարդը երբևէ որևիցե վայրում ըմբոշխնել է կյանքի հաճույքը, ապա նա վերադառնում է նույն տեղը նորից այդ զգացմունքը վերապրելու: Եթե մեկը ոսկու հանք է գտնում, նա վերադառնում է այդ հանքից ավելի շատ ոսկի հանելու: Նման ձևերով են ի հայտ գալիս Աստծո կողմից մարդուն տրված ներքին ուժերը և բնազդները, ինչպես նաև մարդու մեջ պարփակված կենսական ուժերը: Արևմուտքը մշտապես իր հոգևոր լույսը Արևելքից է ստացել: Երկնային արքայության մեղեդին առաջին անգամ Արևեքում է հնչել, մինչդեռ Արևմուտքում այն ունկնդրողների համար նրա հնչողությունն ավելի հզոր է եղել: Տեր Հիսուս Քրիստոսը պայծառ Աստղի նման փայլատակեց Արևելքի երկնակամարում, սակայն նրա ուսմունքի լույսն ավելի վառ շողաց Արևմուտքում, որտեղ նրա ազդեցությունն ավելի խոր արմատներ գցեց, և նրա Գործն ավելի լայն տարածում ստացավ, քան Նրան ծնած երկրում: Քրիստոսի մեղեդու հնչյուններն արձագանքեցին արևմտյան աշխարհի բոլոր երկրներում՝ թափանցելով մարդկանց սրտերը: Արևմուտքի ժողովուրդներն ավելի հաստատակամ են, և նրանց կառույցների հիմքերը ժայռերի են նման: Նրանց սկզբունքները կայուն են, և նրանք հեշտությամբ չեն զիջում դրանք: Արևմուտքը կարելի է համեմատել ուժեղ և բնության քմահաճույքների նկատմամբ կայուն բույսի հետ, եթե անձրևը մեղմորեն ոռոգում է այն, իսկ արևը՝ ջերմացնում, ապա այն ժամանակին ծաղկում է և լավ բերք տալիս: Արդեն երկար ժամանակ է անցել այն օրից, երբ Հիսուս Քրիստոսի կողմից անդրադարձված ճշմարտության արեգակն իր ճառագայթներն է սփռել Արևմուտքի վրա, քանի որ Աստծո կերպարը շղարշվել է մարդկանց մեղքերով և մոռացկոտությամբ: Այժմ, փառք Աստծո, Սուրբ Հոգին նորից դիմում է աշխարհին: Սիրո, իմաստության և զորության համաստեղությունը նորից ծագել է աստվածային հորիզոնում՝ ուրախություն պատճառելով բոլոր նրանց, ովքեր հառել են իրենց հայացքը աստվածային լույսին: Բահաուլլան պատռեց մարդկային հոգիները ճնշող նախապաշարումների և սնահավատության շղարշը: Եկեք Աստծուն աղոթենք, որպեսզի սուրբ հոգու շունչը մարդկանց հույս տա, ոգևորի ու արթնացնի աստվածային կամքը կատարելու ցանկությունը: Թող մաքրվեն մեր հոգիներն ու սրտերը, և թող բոլորն ուրախանան իրենց վերածնունդով: Այնժամ աստվածային սիրո ճաճանչներում մարդկությունը նոր կերպարանք կստանա, և կառկայծի նոր արարչագործության արշալույսը: Եվ Ամենաողորմածի գթասրտությունը անձրևի նման կողողի ամբողջ մարդկությանը և նրան նոր կյանքի կկոչի: Իմ անկեղծ ցանկությունն է, որպեսզի դուք բոլորդ ձգտեք դեպի այդ փառավոր նպատակը և աշխատանք տանեք այդ նպատակին հասնելու համար, լինեք նոր հոգևոր քաղաքակրթության հավատարիմ և սիրով լեցուն կերտողները, դառնաք Աստծո ընտրյալները՝ պատրաստակամությամբ և ուրախությամբ կատարելով նրա գերագույն պատվիրանները: Հաջողությունը հիրավի մոտ է, Աստվածայնության Դրոշը բարձրացվել է, Աստծո Առաքինության Արևի ճառագայթները ծագել են հորիզոնում՝ համայն մարդկության աչքերի առջև: