Մայրեր, հայրեր, երեխաներ

Սիրելի՛ մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ,
Ձեր երեխաները նման են նուրբ ծաղիկների՝ ահռելի այգում։ Նրանց անհրաժեշտ է առավոտյան հովիկ և գարնանային արև, ոչ թե սաստիկ շոգ ու ուժեղ փոթորիկ։ Չի կարելի վիրավորել ու ատել սեփական երեխաներին, նեղացնել նրանց, չի կարելի ուժ կիրառել, նվաստացնել ընկերների ներկայությամբ, չափազանցնել նրանց սխալները։ Երեխաներին վերաբերվեք մեծագույն բարությամբ ու սիրով, և այդ ժամանակ նրանց հարգանքը ձեր նկատմամբ հոգու խորքից կբխի և նրանք կիրականացնեն Աստծո կողմից նախասահմանված իրենց պարտականությունը։

Ալի-Ակբար Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից վերցված այս հատվածը կարող է դիտարկվել որպես հեղինակի հրավեր ընթերցողին՝ ծանոթանալու մանկավարժության լայն շրջանակի մասին վերջինիս պատկերացումներին։ Գիրքն առաջին հերթին նախատեսված է ծնողների համար, ովքեր հետաքրքրվում են հանրաճանաչ մանկավարժական գրականությամբ և ովքեր մտահոգված են սեփական երեխաների դաստիարակությամբ։ Բայց այն կարող է հետաքրքիր լինել նաև պրոֆեսիոնալ մանկավարժների համար, ովքեր ուղորդվում են աշխատանքային ավանդական մեթոդներով, ինչպես նաև մասնագետների համար, ովքեր զբաղվում են Միջին Արևելքի խնդիրներով։

Ալի-Ակբար Ֆուրուտանը իր կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանն ու կրթությանը։ 1930 թ-ին 2-րդ Մոսկվայի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետն ավարտելուց հետո նա սկսեց ակտիվորեն զբաղվել իր հայրենիքում դպրոցական և մանկավարժական կրթության զարգացման քարոզչական և կազմակերպչական գործունեությամբ։ Նա գրել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի հոդվածներ, գրքեր, ակնարկներ։ Նա աշխատել է Թեհրանի միջնակարգ դպրոցում որպես վարիչ, որպես տնօրեն, հիմնել է աղջիկների և տղաների համար դպրոց՝ իրանական գավառական մի քաղաքում, ելույթ է ունեցել ռադիոյում, կազմակերպել է սեմինարներ և կոնֆերանսներ՝ ուսուցիչների և ծնողների համար։

Ֆուրութանը շրջագայել է գրեթե ողջ աշխարհով մեկ։ Նրա գիրքը լույս է տեսել 1980թ-ին՝ անգլերեն լեզվով, վերաթողարկվել է մի քանի անգամ, թարգմանվել է ճապոներեն, թուրքերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներով։
Ֆուրութանը բահայի է, ուստի գրքի մեջ հաճախակի հղումներն Աստծո, խոնարհության և հնազանդության գաղափարներին, պատահական չեն, քանզի նրա կարծիքով հենց աստվածավախությունն է մարդկանց դրդում հստակորեն կանգնել բարության ճանապարհին և խուսափել չարից։

<<Յուրաքանչյուր գովասանքի արժանի խոսքը ծնվում է հոգևորությունից, և այս մեծագույն նվերի պակասությունը երեխայի մեջ՝ կարող է նրան դրդել դեպի չարի ճանապարհը և հեռացնել բարության ուղուց>>։ Աստծո գաղափարը հեղինակի համար ուղղակի հարգանքի տուրք չէ ավանդույթներին և կամ թե Արևելքում կրթության հիմնախնդիրների սպեցիֆիկ մոտեցմանը, այլ նաև մանկավարժությամբ զբաղվելու սեփական գագաթնային իմաստն է։

Բահայի կրոնի պատմությունը սկսվում է 1844թ-ին, երբ Բաբը ՝ <<Դարպասներ>> (1819-1850) իրեն հայտարարեց Աստծո դեսպանորդ և վեհագույն աստվածային Հայտնիչի նախակարապետ։ Նա ապրում էր Պարսկաստանում, որտեղ և բանտարկվեց, բանտ նետվեց և 1850թ-ին մահապատժի ենթարկվեց։ Նրա հետևորդները ենթարկվեցին խիստ հետապնդման, հազարավորները սպանվեցին որպես <<հերետիկոսներ>>։

Բահայի հավատը ծնվել է Բաբի հետևորդների շրջանում և կապված է Միրզա Հուսեյն Ալի Նուրիի (1817-1892) գործունեության, կյանքի և գաղափարների հետ, ով հետագայում կոչվեց Բահաուլլա՝ <<Աստծո Փառք>>։ Հայտնի տոհմի զավակ (Նրա հայրը վիզիր էր՝ ֆինանսների նախարար), Բաբի հետևորդ, ով Օսմանյան կայսրության համար բուռն ժամանակներում, Իրանում բաբիստական շարժման խիստ ճնշումից հետո փնտրում էր խաղաղ ճանապարհներ՝ դեպի համաշխարհային զարգացում մահմեդական Արևելքի մուտքի համար, ով փորձում էր ավանդական իսլամական արժեքները միավորել հումանիզմի գաղափարների հետ։ Նա դարձավ իր հետևորդների համար հավատի խորհրդանիշ, սուրբ նահատակ։ Զրկված հայրենիքից, արտաքսված երկրի սահմաններից դուրս, նա քառասուն տարի շարունակ արտաքսված մնաց և մահացավ՝ հետապնդվելով իր գաղափարների համար, Աքքայի բանտում՝ Սուրբ Հողի վրա։ Բահաուլլան կոչ արեց մարդկությանը փոխել իրենց ապրելակերպը, իսկ իրենց ժամանակների հոգևոր և աշխարհիկ ղեկավարներին նա առաջարկեց համոզվել իր Հայտնության ճշմարտության մեջ․ միավորվել, զինաթափվել և խաղաղություն հաստատել ողջ աշխարհում։ Որոշ առումներով Բահաուլլան առաջ է անցել Մահաթմա Գանդիի գաղափարներից՝ համաշխարհային կրոնների միավորման դրույթների ժամանակակից որոնումներ, տարբեր ժողովուրդներին միավորող նոր դավանանքի ստեղծում։ Նրա ավագ որդին՝ Աբդուլ-Բահան (1844-1921), ում նա նշանակեց իր Ուսմունքի լիազորված մեկնաբան, ազատ արձակվեց 1908 թ-ին՝ հիսունհինգ տարի արտաքսումից հետո։ Ամերիկայում և Եվրոպայում իր երկար ճանապարհորդությունների ժամանակ նա քարոզում էր Բահաուլլայի ուսմունքը։ Իր կտակում Աբդուլ-Բահան նշանակեց իր թոռանը՝ Շողի Էֆֆենդիին Բահայի հավատի պահապան։ Շողի Էֆֆենդին ղեկավարեց Բահայի համայնքը մինչև իր մահը՝ մինչև 1957 թ-ը։

Ո՞րն է Բահայի գաղափարախոսության էությունը։ Դեռևս մեր հարյուրամյակի 20-ական թվականներին բահայիների աղոթատներ կային մեր երկրի տարբեր քաղաքներում։ Աշխաբաթի աղոթատան տախտակներին ամրացված էին այսA ուսմունքի հիմնական դրույթները՝ այսպես կոչված 12 պատվիրանները.

1․ Հարկավոր է ինքնուրույն փնտրել ճշմարտությունը՝ խուսափելով կույր ընդօրինակումից:
2․ Գոյություն ունի միայն մեկ Աստված, բոլոր կրոնների հիմնադիրը մեկն է, նրանց միչև տարբերությունները ընդօրինակման և սնապաշտության արդյունք են:
3․ Կրոնն անհրաժեշտ է որպես միավորող հիմք, եթե այն դառնում է անմիաբանության պատճառ, ապա ավելի լավ է այն ընդհանրապես չլինի:
4․ Կրոնը պետք է զուգակցվի գիտությամբ և բանականությամբ և ճշմարտության տեղ չընդունվի։ Հակառակ դեպքում այն սնահավատություն է:
5․ Բոլոր մարդիկ եղբայրներ են և հավասար են միմյանց մեջ։ Բոլորն ունեն նույն իրավունքները։
6․ Բոլոր տեսակի նախապաշարմունքները՝ ռասսաների դեմ, սոցիալական ծագման, հավատի ու ազգության, սնահավատություն են, որոնք ավիրում են մարդկության հիմքերը։ Դրանք պետք է վերացվեն։
7․ Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, բայց տարբեր գործառույթներ։
8․ Կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինի համընդհանուր և պարտադիր։
9․ Համաշխարհային տնտեսական հարցը պետք է լուծվի։
10․ Աշխարհին անհրաժեշտ է միասնական լեզու և միասնական գիր, որպեսզի բոլորը կարողանան բացատրվել միմյանց հետ։
11․ Անհրաժեշտ է համընդհանուր խաղաղություն և ներդաշնակություն հաստատել Երկրի վրա։
12․ Ժողովուրդների միջև տարաձայնությունները շտկելու համար պետք է ստեղծել Համաշխարհային Տրիբունալ՝ ընտրության հնարավորությամբ։

Այս 12 դրույթները իրենցից ներկայացնում են բահայիների յուրօրինակ ծրագիր՝ նրանց սոցիալական և հասարակական կյանքի հիմնական ուղենիշները։ Ներկայումս կարելի է տարբեր ձևերով վերաբերվել այս ծրագրին, տեսնել դրանց միամտությունը կամ անհնարինությունը՝ անգամ մեր ժամանակներում։ Բայց հարկավոր է հիշել, որ նրանք ձևակերպված են եղել անցած դարի կեսերին, Օսմանյան կայսրության քաղաքական խիստ պայմաններում, անհանդուրժողականության պայմաններում այլ դավանանքների նկատմամբ, որոնք իշխում էին այն օրերին ոչ միայն մահմեդական երկրներում։

Բահայի սկզբունքները, բահայի ուսմունքները գրավել են բազում մտավորականների, փիլիսոփաների, գրողների ուշադրությունը։ Հետևաբար պատահական չի առաջացել նամակագրական կապ մեկ այլ հայտնի հումանիստի ու աստվածափնտրիչի՝ Լ․Ն Տոլստոյի և Բահաուլլայի ուսմունքի հետևորդների միջև, ով այս հասարակ դրույթների մեջ տեսնում էր բավական հետաքրքիր փիլիսոփայություն, որը մեծապես առաջ էր ընկել իր ժամանակներից։

Չդիմադրելու գաղափարը

<<Ձեր թշնամիների դեմ պայքարելու միակ զենքը պետք է լինի ձեր լեզուն ու ձեր գաղափարները>>։
<<Մարդու երջանկությունը նրա մարմնի մեջ չէ, այլ հոգու։ Եթե մարդու հոգին լի է ուրախությամբ, նա երջանիկ է անգամ բանտում։ Եթե նրա սիրտը տառապում է, նա չի կարող երջանիկ լինել անգամ դրախտում։ Վառած ճրագը միանման է այրվում և՛ սենյակում, և գետնահարկում>>։ Այս բառերը Բահաուլլան գրել է աքսորված ժամանակ, կալանավորված լինելով։

Մարդկային կյանքի իմաստի և տառապանքների մասին

<<Աստված օրհնել է իր սիրեցյալներին դժվարություններով ու տառապանքներով, որպեսզի նրանց միջոցով իրենք կարողանան հասնել աստվածային իմաստությանը։ Նա կտրել է նրանց աշխարհից՝ թույլ չտալով նրանց գտնել ոչ՛ աշխարհիկ երջանկություն, ոչ՛ հանգստություն, որ նրանք փնտրեն այն ոգու տիրույթում։ Տառապանքներն այդ նա տվել է որպես փորձություն, որոնք կհաստատեն հավատարիմին և անհավատարիմին կմերժեն>>։

Ուսմունքի միջազգային բնույթի մասին

Ամենաբարձր աստիճանը կայանում է այս վեհագույն խոսքերը հասկանալու մեջ․ բոլոր կենդանի էակները միևնույն ծառի պտուղներ են, միևնույն ճյուղի տերևներ, միևնույն ծովի կաթիլներ։ Աշխարհը մեկն է և բոլորի հայրենիքն է։

Հոլիզմ կամ Երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչի միասնության մասին

Անկասկած, յուրաքանչյուր գոյություն միասնական է, և գոյություն ունեցող յուրաքանչյուր արարած նշանակում և սահմանում է այն ամենը, ինչ գոյություն ունի՝ որպես ամբողջություն, կամ այլ կերպ ասած՝ ամեն ինչ ամեն ինչում։ Այս միտքն իր համար կարող է նկարագրություն գտնել, եթե պատկերացնենք, որ գոյություն ունեցող ամեն ինչ ձևավորված է որոշակի թվով անհատականություններից, առանձին տարրերից, և որ այս բոլոր անհատական էությունները իրենց մշտական շարժման մեջ անցնում են բոլոր առանձին արարածների զարգացման բոլոր վիճակներով ու փուլերով։ Ինչ վերաբերվում է մարդուն, պարզվում է, որ բոլոր տարերրի յուրաքանչյուր առանձին օղակ, որն ընդհանուր առմամբ ձևավորում է մարդուն, պետք է հաջորդաբար և որոշակի հերթականությամբ ոտք դներ ինչպես անկենդան բնության աշխարհ, այնպես էլ բույսերի ու կենդանիների, այսպիսով տարբեր և բազմաթիվ վիճակներում մնալով մշտական, անխափան և հաջորդաբար և անցնելով այս ճանապարհով մի ձևից մյուսը, մի աշխարհից մյուսը, շարժվելով այսպես ասած բոլոր ուղղություններով սկզբից մինչև վերջ, բոլոր անվերջանալի վիճակներով ու ձևերով, և բոլոր այդ իր վիճակներում ձեռք բերելով յուրաքանչյուրին համապատասխան գնալով ավելի ու ավելի գերազանցություն, լիարժեքություն և կատարելություն։ Այստեղից անհերքելի է դառնում, որ այս բարդ և երկար գործընթացի մեջ ձեռք է բերվում ամբողջի միասնությունը, ողջ գոյության միասնությունը և որ արարածների բնությունը նույնն է։ Հետևաբար, հասկանալի պետք է լինի, որ մարդկային մասնավոր աշխարհում միասնությունը միասնության մեջ է։ Մի խոսքով, գոյության սկիզբն ու վերջը միասնության մեջ է։
Աբդուլ-Բահա
Կոսմոպոլիտիզմի գաղափարը

<<Հայրենիքը երկրագունդն է>>։ 1․

Բահայի միջազգային համայնքը ներկայումս աշխատում է բազմաթիվ ոլորտներում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ում՝ կրթության հարցերով, գիտության և մշակույթի (ՅՈՒՆԵՍԿՕ) և երեխաների շտապ օգնության հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ)։ Այն ունի մի քանի հարյուր հազար հետևորդ, բաղկացած է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ու ռասսաների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի ու խավերի ներկայացուցիչներից։

Գրեթե ողջ աշխարհով մեկ գոյություն ունեն այդ ուսմունքի կենտրոնները, որոնցից գլխավորները գտնվում են ԱՄՆ-ում և Գերմանիայում։

1․ Տե՛ս Ի․ Դարով, Բահայիզմ։ Լ․ Պրիբոյ, 1930

Ալի Ակբար Ֆուրուտանը, քարոզելով Բահայի հավատի ուսմունքները, անընդհատ ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ձեռք բերի գիտելիքներ ու մասնագիտություն։ <<Աշխատանքը, որը կատարվում է ծառայության ոգով, երկրպագությունը է>>,- պնդում է նա իր << Հայրեր, մայրեր, երեխաներ>> գրքում։ Հեղինակն անձամբ հավակնություններ չունի մանկավարժության ոլորտում բացահայտումներ կատարելու։ Նա համարում է, որ ծնողների խստությունը երեխաների նկատմամբ՝ լավ վարքագիծ պահանջելու, հնազանդության, մաքրասիրության, ռեժիմի և իրենց պարտականությունների կատարման իմաստով, (եթե այն, իհարկե, հիմնված է բարության և սիրո վրա, այլ ոչ թե կոպտության և անհանդուրժողականության), նրան անկասկած օգուտ կբերի։ Նման պայմաններում նա կմեծանա առողջ, մյուս մարդկանց հանդեպ ուշադիր և կկարողանա իր ներդրումն ունենալ աշխարհի երջանկության ու կարգուկանոնի գործում։

Հեղինակի գաղափարները խելամտության սահմաններից դուրս չեն, տեքստի մեջ շատ են հղումները տարատեսակ փաստերին, որոնք ստացվել են երեխաների զարգացման և տարբեր դպրոցներում նրանց դաստիարակման գիտական հետազոտությունների հիմնա վրա, շարադրանքը հաճախ ընդհատվում է Բահաուլլայի հայտնություններով ու Սաադիի տաղերով։ Գլխավորը՝ գրքում բազմաթիվ խորհուրդներ <<լավագույն>> բաղադրատոմսեր կան ծնողների համար, իրենց զավակների դաստիարակման ոչ հեշտ գործի համար։ Նա հույս ունի, որ իր մտքերն այն մասին, թե <<ինչ է պետք>> և <<ինչ պետք չէ>> անել ծնողներին և մանկավարժներին, նրանց համար օգտակար կլինեն։

Իր գրված ձևի համաձայն այս գիրքը հիշեցնում է քարոզ, այն կարելի է կարդալ ցանկացած վայրից։ Այն իրենից ներկայացնում է ուրույն մանկավարժական տեղեկատու, որի մեջ նայելով կարելի է գտնել ցանկացած հարցի պատասխան, որը կարող է առաջանալ երեխաների դաստիարակության գործի ժամանակ։

Գիրքը բաղկացած է տասը գլուխներից, յուրաքանչյուր գլուխ մի քանի ենթագլուխներից, որոնք պատասխանում են կոնկրետ հարցերի։ Առաջին յոթ գլուխներն իրենցից ներկայացնում են խորհուրդների ու ընդհանուր պատկերացումների հավաքածու՝ վեց մանկավարժական խորհուրդներ՝ հարգել երեխաներին, դաստիարակության մեթոդները, պրակտիկ խորհուրդներ, երեխաները և ազատությունը, երեխաների զարգացման բարենպաստ պայմանները։ Վերջին երեք գլուխները կարող են դիտարկվել որպես ուսումնական գործընթացի կառուցվածք՝ կրոնական կրթություն, ինտելեկտի զարգացում, բարոյական դաստիարակություն։ Այս երեք գլուխներն ասես ընդգրկում են կրթության գլխավոր ասպեկտները՝ հոգևորություն, ինտելեկտ, բարոյականություն։ Այս բաժանումը, ենթադրաբար, իր մեջ ներառում է դաստիարակության գաղափարը՝ որպես մարդու և Աստծո, ինքն իր (կամ իր մտավոր գործառույթների) և այլոց հետ հարաբերությունների զարգացում։ Ֆուրութանի համար մանկավարժությունը աստվածահաճո գործ է (հիշենք բահայիների ութերորդ պատվիրանը), այդ իսկ պատճառով երեխաների վաղաժամ և ճիշտ դաստիարակությունը ավելի արագ կբերի նրանց Աստծո գաղափարին։

Երջանկությունից զուրկ կլինի նա,
Ում մանուկ օրերին լավ չեն կրթել,
Կանաչ շիվը հեշտ է ճկել,
Չորացած ճյուղը միայն կրակը կարող է ուղղել։
Սաադի (էջ 18)

Երեխայի դաստիարակությունը առաջին հերթին սահմանափակումներն են նրա համար, որոնք դրվում են և՛ մեծերի, և՛ երեխաների վրա, արգելքների սահմանումը։ Այդ իսկ պատճառով նա առաջին հերթին խոսում է այն մասին, թե ինչ չի կարելի անել, և միայն հետո, և ոչ միշտ՝ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ։

<<Ընտանեկան գործերի ղեկավարման մեջ հարկավոր է հասնել հավասարակշռության և տանը հաստատել հավասարություն և արդարություն։ Այդ ժամանակ երեխաները երեխաները կհասկանան կարգապահության և կարգուկանոնի, պատասխանատվության և մարդու իրավունքների պաշտպանության իրական իմաստը: Առանց դրա՝ հիմքը, որը դրվում է երեխաների կրթության համար, չի կարող ծառայել որպես Աստվածային Հայտնիչների՝ Իրական Ուսուցիչների ճանաչման հենարան>>։

Ըստ Ֆուրութանի, երեխաների կրթության մեջ կարևորը նրա ինտելեկտուալ ոլորտի զարգացումն ու հնազանդության դաստիարակությունը։ Միայն այդ ժամանակ նա կարող է դիմել Աստծուն և ճանաչել այն իրականությունը, որոնք արդեն ձևակերպված են մարդկության Ուսուցիչների կողմից։ Իրականությունն արդեն հայտնի է։ Երեխային անհրաժեշտ է միայն պատրաստ լինել ընդունելու և հասկանալու համար։ Կարևորը այդ ճշմարտությունների իմացությունն է, կամավոր, գիտակցական հրաժարումը սեփական փնտրտուքներից և հնարավոր սխալներից։ Այդ իսկ պատճառով դաստիարակության ամենակարևոր մեթոդները ծնողների և ուսուցչի անձնական օրինակներն են, նրանց միջև համաձայնությունն ու միասնությունը, երեխայի պաշտպանությունը գայթակղություններից ու ապականությունից, փողոցից, <<սխալ>> գրքերից, <<մեծերի>> կյանքից և շատ այլ բաներից։

Այս առումով ակնհայտ է, որ Ֆուրութանի գիրքը իր ընթերցողին կգտնի առաջին հերթին ժամանակակից հասարակության առավել նահապետական կողմնորոշությամբ կառույցներում և շերտերում։ Նման շերտերը կարող են լինել ավանդական հարաբերություններ ունեցող ընտանիքները, ավանդական մանկավարժության վերարտադրման վրա կենտրոնացած ուսուցիչները և մտավորականության մի մասը՝ «նախնիների կողմից կտակված» նահապետական ​​արժեքների գիտակցված պահպանողները։ Շատերի համար այս աշխատությունը կարող է հանդիսանալ որպես յուրօրինակ մշակութային մոդել, որն իր տեղը կզբաղեցնի մանկավարժության թանգարանում։

***

Կարդացողի ձեռքն ընկած գրեթե յուրաքանչյուր գիրք հայտնվում է ոչ պատահական։ Նույնը կարելի է ասել Ա․ Ֆուրութանի <<Հայրեր, մայրեր, երեխաներ>> գրքի մասին։ Այս գրքի հրատարակումը օրինաչափ է հենց այս պահին։

Հանրային կրթության ներկայիս վիճակն այնպիսին է, որ կազմակերպման գոյություն ունեցող ձևերը, բովանդակությունը, ուղեցույցերն ու հեռանկարները, անգամ դպրոցական պրակտիկան դադարել են հարմար լինել ոչ միայն պոտենցիալ պատվիրատուներին և սպառողներին, այլ նաև ուսուցիչներին։ Մեր կրթական համակարգի ճգնաժամը դարձել է ընդհանրական։ Վերջին ժամանակներում դա արտահայտվում է արդեն նրանում, որ այն ուսուցիչները, ովքեր մինչև վերջերս համարվում էին դպրոցի վերակազմավորման և բարեփոխման հիմքը, սկսում են լքել այն։ Գնում են նրանք, ովքեր առավել պրոֆեսիոնալ պատրաստված են, ովքեր կարող են <<գիտելիք փոխանցել>>, գնում են, որովհետև այլևս իմաստ չեն տեսնում իրենց ուժերը, իրենց էներգիան կիրառելու հնարավորությունները։ Գնում են, որովհետև այլևս իմաստ չեն տեսնում բուն <<գիտելիքի փոխանցման>> մեջ, որովհետև չեն կարողանում պատասխանել <<Իսկ ինչու՞ է անհրաժեշտ փոխանցել այդ գիտելիքները>> հարցին։

Դպրոցը՝ որպես կրթության միջոց, այս կամ այլ կերպ վերարտադրում է հանրային գիտակցության և ինքնագիտակցության տեսակները։ Զանգվածային դպրոցը վերարտադրում է հանրային գիտակցության գերիշխող, զանգվածային տեսակը։ Աշխարհի, սեփական անձի՝ <<սովետական մարդու>> մասին պատկերացումները ներկայումս մեծաքանակ գրականության մեջ դիտարկվում են ծայրահեղ պարզեցված, գռեհիկ-նյութապաշտական։ Գիտակցության այս տեսակի բնորոշ գծերն են համարվում ուտոպիականությունը, առասպելների և իրականության չտարբերումը, անորոշության մերժումը, հնարավոր փոփոխությունների նկատմամբ վախը, որոշումների կայացման մեջ ինքնավարության բացակայությունը, պատասխանատվության թերի զգացում, ճանաչողական պարզությունը, աշխարհի, սեփական անձի, ուրիշների ընկալման մեջ միակողմանիությունը։ <<Սոցիալիստական աշխարհի>> արժեքների սրբադասումը՝ հին, պաշտոնական գաղափարախոսության պահպանմամբ, հանգեցնում է հակառակ ուղղությամբ նետվելուն և սոցիալիստական արժեքների հակառակը քարոզելուն։ Գաղափարախոսական սխեմաներից հրաժարումը ուղեկցվում է աշխատելու անհնարինության զգացման առաջացմամբ և սոցիալական նոր կարգի պահանջներով, ինչը հաճախ կարելի է լսել գործող ուսուցիչներից։ Սակայն ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը առայժմ չեն կարող ձևավորել ուսուցիչների համար ընդունելի նոր կարգեր ձևավորել, և այդ իսկ պատճառով ժամանակակից դպրոցի գյության սոցիալական իմաստը աղավաղվում է։

Սովետական դպրոցի ճգնաժամը շատ առումներով արտահայտում է սովետական հասարակության ճգնաժամը, բայց միևնույն ժամանակ հանդիսանում է կրթության ճգնաժամի արտացոլումը, որը զգալի է ողջ աշխարհում։ Սա ավելի ընդհանրական գործընթաց է՝ վերաիմաստավորելու հենց կրթության գաղափարի վերջնական գոյաբանական և մարդաբանական հիմքերը: Սակայն ուսուցիչների կողմից այն ընկալվում է որպես սեփական պրոֆեսիոնալիզմի ճգնաժամ և իսկապես ստիպում է նրանց դիմել իրենց աշխատանքի առավելագույն իմաստներին։ Այս առումով պատահական չէ բավական հաճախ դիմելը Աստծո գաղափարին, որպես սեփական գործունեության արժեքից դուրս, որպես կրթության հզոր ավանդույթին դիմում։

<<Հայրեր, մայրեր, երեխաներ>> գրքի հեղինակի առջև նման հարց կանգնած չէ։ Ա․ Ֆուրութանը գիտի, թե ինչի համար է զբաղվում մանկավարժությամբ։ Հենց սրանում է, ըստ մեզ կայանում այս գիրքը թարգմանելու կարևորությունը։ Եվ ընթերցողներն իրենք պետք է որոշեն մանկավարժության նկատմամբ նման մոտեցման ընդունելիության աստիճանը, որը կրթական պրակտիկայում գտնվում է կրոնական ավանդույթի շրջանակներում։

Կ․Գ․ Միտրոֆանով, մանկավարժական գիտությունների թեկնածու։

Մայրեր, հայրեր, երեխաներ

Գործնական խորհուրդներ ծնողներին

Գիրքը գրվել է հոգեբանության և մանկավարժության գիտական տվյալների, ինչպես նաև երեխաների և ծնողների հետ հեղինակի գործնական շփման հիման վրա։ Հիմնվելով տարբեր ժողովուրդների մշակութային արժեքների վրա՝ Ֆուրութանը տալիս է խորհուրդներ ծնողներին և մանկավարժներին, որոնք վերաբերվում են երեխաների դաստիարակության տարբեր կողմերին։ Գրքում խոսվում է ծնողների միջև համաձայնության անհրաժեշտության մասին, երեխաների նկատմամբ հարգանքի, երեխաների վարքի որոշ ընդհանուր խնդիրների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրթական պրոցեսի կառուցվածքին՝ ինքնուրույնությանը, ինտելեկտի զարգացմանը, բարոյական դաստիարակությանը։

1

Մանկավարժական վեց խորհուրդներ

Ընտանիքը, լինելով մարդկանց միասնության ձև, պետք է ուսուցանվի բոլոր առաքինություններով և դաստիարակվի սրբության կանոններին համապատասխան։

Անգլիացի փիլիսոփա Հերբերտ Սփենսերը ընտանիքը ներկայացրել է որպես կազմակերպված հասարակության առաջնային միավոր։ Ճիշտ այնպես, ինչպես օրենքներն անհրաժեշտ են քաղաքակրթության առաջընթացի և մշակույթի հետագա զարգացման համար, այնպես էլ ընտանիքի ներսում բնական կլիներ դասակարգել նրա գործառույթներն ու կառուցվածքը։ Ընտանեկան գործերի տնօրինման հարցում հարկավոր է հասնել հավասարակշռության, և տանը հաստատել հավասարություն և արդարություն։ Այդ ժամանակ երեխաները կհասկանան կարգուկանոնի և կարգապահության, պատասխանատվության և մարդու իրավունքների պաշտպանության իրական իմաստը։ Առանց դրա, երեխաների կրթության հիմքը չի կարող ծառայել ի բարօրություն հասարակությանը, ինչպես նշվում է համաշխարհային կրոններում։

Անցյալում այս հիմնավոր նպատակը մեծ ազդեցություն է ունեցել երեխաների կրթության և դաստիարակության գործում, և անկասկած, այն կունենա նաև ապագայում՝ նրանց սրտերում մարդասիրության և մշակույթի սերմեր ցանելով։ Գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացրել ընտանիքի՝ որպես փոքր սոցիալական համայնքի մասին։ Արդյունքում, փորձագետները եկել են այն ընդհանուր կարծիքին, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխաների նկատմամբ ծնողների դիրքորոշումը, և մենք դրա հետ կապված մի քանի հարցեր կդիտարկենք։

Փորձեք համաձայնության գալ


Դուք ստեղծված եք, որ սեր ցուցաբերեք միմյանց նկատմամբ, այլ ոչ թե քմահաճություն ու չարություն:

Յուրաքանչյուր ընտանիքում հայրն ու մայրը և՛ օրենսդիր մարմինն են, և՛ գործադիրը, և՛ դատավորները։ Այդպիսի փոքր և <<սահմանափակ>> կառավարության ներսում, ինչպիսին հանդիսանում է ընտանիքը, այս երեք գործառույթները կենտրոնացած են ծնողների ձեռքում, ովքեր երեխաների համար սահմանում են տարատեսակ կանոններ, ստիպում են կատարել որոշ գործողություններ՝ միևնույն ժամանակ ետ են պահում մյուսների կատարումից։

1. Ծնողները երեխաների դաստիարակության հարցում պետք է հասնեն կատարյալ համաձայնության բոլոր՝ ինչպես կարևոր, այնպես էլ ոչ այնքան նշանակալից հարցերում։ Նրանք նաև պետք է անկեղծ լինեն, պարբերաբար քննարկեն միմյանց հետ բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են երեխաների դաստիարակությանը նրանց ֆիզիկական և հոգևոր զարգացման խթանման համար։ Քննարկելով երեխայի պահվածքն ու մանրամասն դիտարկելով նրա տված պատասխանները՝ ծնողները պետք է ճշմարիտ կրթության ոգուն համապատասխան հաստատեն կանոններ ու կարգեր, որոնք անհրաժեշտ կլինի պահպանել ընտանիքում։ Եթե ծնողներն իրենք ի վիճակի չեն եզրակացություններ կատարել քննարկման արդյունքներից, ապա նրանք կարող են դիմել հոգեբանական և մանկավարժական ոլորտի հեղինակավոր մասնագետների օգնությանը։ Խելամիտ, սիրող մայրն ու հայրը երբեք իրենց երեխաների ներկայությամբ ցույց չեն տալիս կարծիքների տարբերությունները, ցույց չեն տալիս իրենց միջև եղած տարաձայնությունները կրթության և կենցաղային հարցերի շուրջ, քանի որ երեխաները ամենավաղ տարիքից պետք է առաջնորդվեն գործողությունների միասնական ծրագրով։

Եթե մայրն ու հայրը չեն կարողանում գալ ընդհանուր եզրահանգման, եթե նրանք վիճաբանում են, հակաճառում միմյանց կամ տարբեր տեսակետներ հայտնում երեխաների ներկայությամբ, ապա երեխաները ամենավաղ տարիքից դաստիարակվելու են աններդաշնակության և հոգևոր անհամապատասխանության մթնոլորտում։ Միասնության ոգին կլքի այդ ընտանիքը և երջանկության դռները կփակվեն այդ տան առջև։

2․ Եթե ծնողները թշնամաբար են վերաբերվում միմյանց, անվերջ վիճում են, միջամտում են մեկը մյուսի գործողություններին, միշտ մեղավոր են փնտրում, եթե հայրը հրամաններ է արձակում՝ ի հեճուկս մոր, իսկ մայրը դեմ է գնում հոր սահմանած կանոններին, ապա նման ներընտանեկան իրավիճակը շփոթեցնում է երեխաներին, նրանց դժվար դրության մեջ է դնում։ Նրանք չգիտեն, թե ում կողմն անցնեն, այդ իսկ պատճառով ծնողների ցուցումներից ոչ մի օգուտ չի լինի, և երեխաները կմեծանան կամակոր, անսկզբունքային, թեթևամիտ։

Հայրը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ իր տասներեքամյա աղջիկը պատրաստվում է հյուր գնալ իր ընկերոջը, մայրը, սակայն, համարում է, որ պետք չէ, որ աղջիկը գնա այնտեղ։ Ծնողները նախապես չեն քննարկել այս խնդիրը, չեն կիսվել միմյանց հետ իրենց կասկածներով այս հարցի շուրջ, չեն եկել համաձայնության։

Աղջիկը հարցնում է հորից՝ կարող է արդյոք հյուր գնալ։
-Այո, իհարկե, գնա թանկագինս,- պատասխանում է հայրը, ու գնում։ Սակայն երբ աղջիկը պատրաստվում է դուրս գալ տնից, մայրը թույլ չի տալիս՝ համարելով, որ հոր որոշումը <<ճիշտ>> չի եղել։ <<Չհամարձակվես անգամ քայլ անել տնից>>- ասում է նա աղջկան։ Աղջիկը հավատացնում է մորը, որ հայրը իրեն թույլ է տվել գնալ։ Մայրը նյարդայնացած նետում է․ <<Քո հայրը սխալ է վարվել>>։

Ի վերջո աղջիկը զիջում է մորը։ Բայց երեկոյան, երբ հայրը վերադառնում է տուն, աղջիկը նրան վիրավորված պատմում է ամեն ինչ՝ այդկերպ հող նախապատրաստելով ծնողական վեճի համար։ Սաստիկ զայրացած այն բանից, որ իր խոսքերը <<ոչ մի նշանակություն չունեն>>, ամուսինը սկսում է հարաբերություններ պարզել կնոջ հետ, իսկ քանի որ այստեղ դիպչում են իր ինքնագնահատականին, կինը չի կարողանում լռել և ասում է ամուսնուն այն, ինչ նրա մասին մտածում է։ Արդյունքում՝ թյուրիմացությունը վերածվում է կռվի։

Ստեղծված իրավիճակն, ինչ խոսք, չի նպաստում ընտանեկան համերաշխ մթնոլորտին։ Հասկանալի է, որ այսպիսի ընտանիքում երեխայի բնավորությունը կփչանա, քանի որ հայրը նվաստացնում է մորը, հաճախ բարկանում է նրա վրա, իջեցնում է նրա նշանակությունը երեխաների աչքերում։ Ընտանեկան վեճերը, ծնողների՝ լիակատար համաձայնության հասնելու անկարողությունը հանգեցնում են ցավալի հետևանքների։

1․ Մեծանալու հետ մեկտեղ երեխաները դառնում են առավել հանդուգն և կոպիտ, ցուցաբերում են լիակատար անհարգալից վերաբերմունք մոր պահանջների նկատմամբ։ Դրանով իսկ նրանք դավաճանում են իրենց հոգևոր սկզբունքներին և խայտառակվում ծանոթների մոտ։

2․ Մայրը սկսում է վրեժ լուծել՝ մեղադրելով հորը անմտության մեջ՝ կաթիլ-կաթիլ երեխաների հոգին լցնելով թշնամանքով իրենց հոր նկատմամբ։ Նա խարխլում է հոր հեղինակությունը, զրկում նրան երեխաների կողմից հարգանքից, բայց ամենավատն այն է, որ կինը ներշնչում է նրանց վախենալ հորից՝ նրան որպես բռնակալ ներկայացնելով։ Օրինակ, մայրը երեխային վերցնում է իր հետ և նրա համար գնում կոշիկներ՝ այն գումարով, որը նախատեսված էր հոր համար։ Անելով դա՝ նա երեխային ասում է, որ հանկարծ հոր մոտ պատահաբար չասի, որովհետև նա կբարկանա և շատ դժգոհ կլինի։ Լիովին ակնհայտ է, թե ինչ վերաբերմունք կձևավորվի երեխայի մոտ՝ հոր նկատմամբ։

Եթե ծնողները միշտ և ամեն հարցում հակասում են միմյանց, ապա դա բացասաբար է ազդում երեխայի բարոյական զարգացման վրա, զրկում է նրան ամենալավ և ամենաքաղցր պտուղից՝ մոր և հոր սիրուց։ Մտքերի և հայացքների միասնությունը երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, առանց դրա խաղաղությունն ու համաձայնությունն անհնար է։ Շատ հաճախ ծնողները երեխային տալիս են անհեթեթ հարցեր՝ նրանից սպասելով բավական կոնկրետ պատասխան։ Օրինակ, հայրը մոր ներկայությամբ երեխային հարցնում է, թե ում է նա ավելի շատ սիրում։ Իհարկե, նա հույս ունի, որ երեխան այդ հարցում կնախընտրի իրեն։ Երեխան տարակուսում է՝ փորձելով ճիշտ պատասխանը գտնել։ Որոշ ժամանակ նա լռում է, մտածում է, որ եթե հոր անունը տա, դրանով ցավ կպատճառի մորը, իսկ եթե մոր անունը տա՝ կվիրավորի հորը։ Վերջիվերջո, նա խոհեմությամբ պատասխանում է, որ երկուսին էլ հավասար է սիրում։ Ցավալի է, որ նման պատասխանը չի բավարարում շատ ծնողների և նրանք պնդում են, որ նա ընտրի նրանցից մեկին։ Այդ պահը համարվում է երեխայի մոտ երկերեսության դրսևորման սկիզբը, քանի որ նա գտնվում է ճնշման տակ (և հնարավոր է՝ լինելով հակառակ կարծիքին), նախապատվությունը տալիս է նրան, ումից ակնկալում է ամենամեծ նյութական օգուտը։ Եվ չնայած երեխան կարող է հոգու խորքում չափազանց սիրել մորը, նա այնուամենայնիվ, կընտրի հորը։ Ավելի ուշ, հոր բացակայության ժամանակ, մայրը կհիշեցնի նրան իր պատասխանը և անազնիվ կանվանի։ Երեխան անկեղծորեն կպատասխանի․ <<Մամ, իհարկե ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Բայց ես այդպես պատասխանեցի, որովհետև հայրս խոստացել էր նոր խաղալիք գնել ինձ համար։ Հակառակ դեպքում նա ինձ համար երբեք դա չէր գնի>>։ Իհարկե, դաստիարակության նման մեթոդը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների ինչպես բարոյական, այնպես էլ դաստիարակչական տեսանկյունից։ Եթե յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հրաման կամ հրահանգ հայրն ու մայրը նախապես քննարկում են՝ ցուցադրելով գործողությունների լիարժեք միասնություն և անկեղծություն հարաբերությունների մեջ, ապա ընտանիքում իշխում են սերն ու կապվածությունը, ընտանեկան կլիման տարբերվում է իր սիրառատությամբ։ Բայց երբ ծնողների միջև համաձայնությունը փլուզվում է, խավարը ներխուժում է տուն։ Նրանում տիրում են մշտական լարվածությունը, թշնամանքն ու սառն անտարբերությունը։ Բոլորն իրար համար օտար են դառնում։ Կինն ամուսնուց թաքցնում է իր մտքերն ու գործողությունները, միևնույն ժամանակ նա լռում է իր մտադրությունների և գործերի մասին։ Նա արհամարհում է նրան, միևնույն ժամանակ վերջինս չի գնահատում նրան որպես իր երեխաների մայր, նրանց ներկայությամբ ստորացնում է նրան։ Յուրաքանչյուրն այդ ժամանակ մտածում է իր առավելությունների մասին և փորձում է ինքն ասել վերջին խոսքը։

Հետևաբար ակներև է, որ յուրաքանչյուր ընտանեկան հարցում ծնողների միջև համաձայնության ժամանակ կարելի է խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, մեղմացնել կամ հաղթահարել հակասությունները, սովորել ընտանիքը ղեկավարել հանգիստ, հիմնվելով առողջ կրթական սկզբունքների վրա։

Սիրո և կապվածության ոգին տարածվում է երեխաների վրա, միասնության շողը նրանց սրտերում լույս է ծնում, ներդաշնակ ընտանեկան մթնոլորտը շրջապատում է նրանց՝ հրաշալի վարդագույն այգու նման։ Երեխաները ծնողներին վերաբերվում են հարգանքով, նրանց միջև տարաձայնություններ չեն զգացվում, իսկ մեծանալով՝ նրանք կարող են դառնալ մարդկությանն անկեղծ ծառայողներ;

Մանկության տարիներն ու սովորության ուժը

Շատ դժվար է սովորեցնել մարդուն և ուղղել նրա սխալները դեռահասությունից հետո։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը, անգամ եթե փորձերը բերեն որոշակի փոփոխությունների, վերջիվերջո դա բացարձակ անօգուտ կլինի։ Նա կարող է, ամենայն հավանականությամբ, այսօր ինչ-որ բան փոխել իր պահվածքի մեջ, բայց շատ արագ ամեն ինչ կմոռանա և կվերադառնա իրեն սովոր գործելաոճին։ Հետևաբար, անհատականության համար ամուր հիմք դնելը անհրաժեշտ է վաղ մանկությունից։ Քանի դեռ ճյուղը կանաչ է ու դալար, այն հեշտ է ուղղել։

Մարդու մոտ մանկության շրջանը շատ երկար է։ Մանկական հոգեբանների մի մասը կարծում են, որ երեխան հասունության փուլին հասնում է քսան տարեկանում, մյուսները համարում են, որ տասնչորսում։

Երեխան, ի տարբերություն կենդանու ձագին, աշխարհ է գալիս լիովին անօգնական և թույլ։ Նա ունի մեծերի մշտական խնամքի կարիքը և երկար ժամանակ անընդհատ կախվածության մեջ է նրանցից։ Մանկության երկար շրջանի մեջ կա մեծագույն իմաստություն, և յուրաքանչյուր մանկավարժ պետք է իմանա դա։ Եթե ծնողները, գիտելիքի պակասի պատճառով, պատշաճ ուշադրություն չեն դարձնում մանկության թանկարժեք տարիներին, ապա նրանք կարող են դառնություն ու հիասթափություն առաջացնել երեխաների քնքուշ սրտերում։ Այդպիսի ծնողները նման են վատնող մարդկանց, ովքեր մսխում են իրենց ունեցվածքը և ի վերջո ստիպված են ողորմություն խնդրել ուրիշներից։ Մանկության տարիներն ամենակարևորն են մարդու կյանքում։ Այդ ժամանակ ծնողների, ուսուցիչների, դաստիարակների առաջնորդության ներքո տեղի է ունենում երեխաների ֆիզիկական, հոգևոր և ինտելեկտուալ հնարավորությունների առաջացումն ու զարգացումը։ Նրանք ստանում են կրթություն, ձեռք են բերում գովասանքի արժանի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են համարձակ նայելու համար կյանքին, որը բոլորովին էլ հեշտ չէ և հաճախակի է լինում դառն ու անարդար։ Աստիճանաբար, երեխաները նախապատրաստվում են հետագա հասուն կյանքին, սովորում են հաղթահարել դժվարությունները, ինչպես նաև համեմատում են իրենց ցանկությունները հասարակության պահանջների հետ։ Բացի այդ, նրանք պետք է ունենան բավականաչափ ռեսուրսներ՝ մինչև 25 տարեկանը ֆիզիկական հատկությունների և մինչև 35 տարեկանը՝ հոգևոր հնարավորությունների ամբողջական զարգացման համար։

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները հեշտ են սովորում հասունության տարիքին հասնելուց առաջ, բայց հասունանալու հետ մեկտեղ նրանց դաստիարակելը գնալով բարդանում է։ Այդ իսկ պատճառով ծնողներին ու ուսուցիչներին հարկավոր է շեշտը դնել հենց վաղ տարիների վրա։ Նրանք չպետք է բաց թողնեն այդ անգնահատելի հնարավորությունը, գիտակցելով, որ ամեն ժամը, ո՛չ, ամեն րոպեն ծառայում է որոշակի նպատակի, և որ մանկության տարիների հանդեպ անտարբերությունը ապագայում կարող է հանգեցնել վնասների։

Երբ նավաստին որոշում է կտրել-անցնել վտանգավոր ջրային տարածությունը, նա ժամանակն իզուր չի վատնում և մանրակրկիտ զինում է իր նավը։ Որպեսզի բարեհաջող հասնի նշանակված կետին և թույլ չտա նավին վնասվել սարսափելի փոթորկի ժամանակ, հարկավոր է նախազգուշական միջոցներ կիրառել։ Այդպես էլ ծնողները, կառավարելով իրենց թանկագին երեխաների ճակատագրի նավը ապագա կյանքի ծովում, պետք է զինեն նավն ամեն անհրաժեշտ բաներով՝ երկար և վտանգավոր նավարկման համար և կատարեն որոշակի պահանջներ, որպեսզի հասնեն փրկարար ափին։

Որոշ ծնողներ անփույթ են, անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում մանկության տարիներին, համարելով, որ երեխան կզարգանա իր անհրաժեշտություններին ու հակումներին համապատասխան։ Ըստ իրենց՝ ժամանակի ընթացքում, երբ նա մեծանա, ինքնաբերաբար ձեռք կբերի հասկացողություն, կյանքի անհրաժեշտ տեսլական, և ինքն իրեն կհասկանա, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է պահել իրեն հասարակության մեջ։Այդ ծնողները նման են այգեգործի, ովքեր սածիլը չեն խնամում, չեն կտրում ավելորդ ճյուղերը, չեն փխրեցնում հողը՝ հույս ունենալով, որ ծառն ինքն իրեն կաճի ուղիղ և գեղեցիկ։ Բանաստեղծ Սաադին ասել է․

Երջանկության չի հասնի նա,
Ում մանուկ օրերին լավ չեն կրթել,
Կանաչ շիվը հեշտ է ճկել,
Չորացած ճյուղը միայն կրակը կարող է ուղղել։

Որպեսզի մանկությունը բերի այն մեծագույն օգուտը, որը և պետք է բերի, անհրաժեշտ է մշտապես հոգ տանել երեխաների դաստիարակության մասին և՛ տանը, և՛ դպրոցում՝ չվատնելով անգամ մեկ րոպե։ Որոշ մանկական հոգեբաններ կարծում են, որ անգամ երեխաների ժամանցն ու հանգիստը պետք է պլանավորել՝ համապատասխան գիտական խորհուրդների։ Ուսուցիչը պետք է առավելագույն կերպով օգտագործի այն բնական ճանաչողական հետաքրքրությունը, որը երեխաները բնազդաբար ցույց են տալիս խաղի ժամանակ։ Խաղի ընթացքում զարգանում են երեխայի ֆիզիկական և հոգևոր կարողությունները, այդ ժամանակն իզուր չի կորչում, և նրա կյանքը անպտուղ չի լինի։

Կարևոր փաստը, որը հաճախ անուշադրության է մատնվում ծնողների ու ուսուցիչների կողմից, համարվում է սովորության ուժը։ Եթե մենք հիմա ուշադիր նայենք, կհայտնաբերենք, որ <<սովորությունը երկրորդ բնույթն է>> արտահայտությունը չափազանց դիպուկ է արտացոլում իրականությունը։ Այն, ինչին մարդը սովոր է, ազդում է նրա պահվածքի, անհատականության ձևավորման վրա և երբեմն անհարմարություն է պատճառում ինչպես անձամբ իրեն, այնպես էլ շրջապատին։

Ինչու՞ մարդը, ով տարիներ շարունակ օգտագործել է գրպանի ժամացույցը, ձեռքն իջեցնում է գրպանը, երբ ցանկանում է ժամն իմանալ, չնայած շատ լավ գիտի, որ ժամը կապված է ձեռքին։ Նա այդ շարժումն անում է մեքենայաբար, սովորության ուժի դրդմամբ։

Մեկ այլ օրինակ։ Դուք պետք է նամակ գրեք, թանաքամանը դրված է ձեզնից աջ։ Մի քանի տող գրելուց հետո դուք թանաքամանը տեղափոխեցիք ձախ ու շարունակեցիք գրել։ Երբ ձեզ անհրաժեշտ լինի նորից թաթախել փետուրը, դուք մեքենայաբար շարժում կանեք դեպի աջ կողմը։ Սխալ շարժումները կարող են մի քանի անգամ կրկնվել, մինչ ձեր սովորությունը կփոխվի։

Եվ եթե հետևյալ պարզ դեպքում սովորության փոփոխության համար անհրաժեշտ է մի քանի րոպե, ապա մանկության երկար ընթացքը ամենապիտանին է օգտակար սովորությունների և լավ վարքագծի ձեռք բերման համար, որոնք անհրաժեշտ կլինեն ողջ կյանքում։ Անգլիացի հանրահայտ փիլիսոփա Ջոն Լոկկի կարծիքով, երեխայի <<ներքին գրատախտակի վրա>> ուսուցիչը, կրթությունը որպես գործիք օգտագործելով, կարող է գրել այն ամենը, ինչ ցանկանա, անկախ բնավորության ժառանգական հատկանիշներից։ Դա կարելի է ձևակերպել այսպես․ <<Մանկության տարիներին ստացած գիտելիքը նման է քարի վրա դաջածին>>։

Անկասկած, երեխաները իսկապես երջանիկ են, երբ զգում են հոգատարություն և ուշադրություն նրանց կողմից, ում վստահված է իրենց դաստիարակությունը։ Երբ իրենց սովորեցնում են գովասանքի արժանի պահվածք և նախազգուշացնում են վատ արարքներ չկատարել, երբ նրանք ստանում են գիտելիք, կատարելագործվում են, և խնամված այգու ծառերի նման ուրախություն են բերում, բերք են տալիս՝ դառնում են հասարակությանը պիտանի անդամներ։

Ծնողների խոսքերն ու գործերը երեխայի համար օրինակ են


Բահա՛ուլլան գրել է․ Ով, մարդի՛կ, ուշադիր եղեք, որպեսզի չհայտնվեք նրանց մեջ, ովքեր միայն լավ խորհուրդներ են տալիս, բայց իրենք չեն հետևում դրանց։

Միանգամայն բնական է, որ ծնողները խորը հետաքրքրություն են ցուցաբերում իրենց երեխաների դաստիարակության և ուսման նկատմամբ։ Դուք ցանկանում եք, որպեսզի նրանք մեծանան արդար, վեհանձն, հավասարակշիռ և արժանի լինեն հարիր տեղ գրավելու հասարակության մեջ, որպես քաղաքակիրթ և առաջադեմ մտածողությամբ մարդիկ։

Դուք իհարկե չեք սովորեցնում երեխաներին ստել, ինտրիգներ անել, չարախոսել։ Դուք հույս եք ունենում, որ նրանք հարգանք կցուցաբերեն մեծերի նկատմամբ, կհետևեն այն բարոյական սկզբունքներին, որոնց շնորհիվ հնարավոր են դարձել մարդկության ձեռքբերումները, կարտահայտեն այն հոգևոր վեհ հատկանիշները, որոնք այդքան անհրաժեշտ են մարդուն հասարակության մեջ։ Ծնողները պետք է հասկանան: Իրենց հույսերը կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ բարի նպատակները փոխարինվեն կոնկրետ գործերով։ Այլ կերպ ասած, դուք ինքներդ պետք է տիրապետեք անհրաժեշտ հատկանիշների ու կատարելությունների, որ ձեր երեխաները հաջողության հասնեն։ Գիտնականները միանշանակ համաձայնում են այս կարծիքի հետ: Ծնողների խոսքերն ու գործերը մեծ ազդեցություն են ունենում երեխաների վրա: Հենց ծնողներն են ձևավորում բարոյականությունը, վարքագիծը, կյանքի արժեքները, իրենց երեխաների անհատականությունը, իսկ մոր առաքինություններն ու դաստիարակչական մոտեցումը առավել ուժգին են ազդում վերջինիս վրա։ Ինչ էլ որ ծնողներն ասեն, ինչ էլ որ անեն, այդ ամենը մտնելու է երեխայի վարքագծի նկարագրության մեջ՝ նրա Ես-ի նկարագրի։

Շատ մանկական հոգեբաններ կարծում են, որ գրեթե յուրաքանչյուր գործողություն երեխաները յուրացնում են նմանակման ու հետազոտման շնորհիվ։ Այդ իսկ պատճառով մենք երեխայի մեջ, ինչպես հայելու, կարող ենք տեսնել հոր, մոր և նրա հետ շփվող շատերի պահվածքն ու շարժուձևը։ Ծնողների յուրաքանչյուր արարք, նրանց ասած յուրաքանչյուր խոսք նշանակություն է ունենալու երեխաների դաստիարակության և կրթության ընթացքում։ Եթե ծնողներն անկեղծորեն և լրջորեն ցանկանում են, որ իրենց երեխաները մեծանան ճշմարտախոս, չզբաղվեն ինտրիգներով, հավատան աղոթքի ուժին և հենվեն բարոյական սկզբունքների վրա, չաղտոտեն իրենց լեզուն, ապա նրանք իրենց տանը պետք է հրաժարվեն ստից և բամբասանքից, պետք է հետևեն վեհ արժեքներին, այդ ժամանակ երեխաները, ունենալով իրենց աչքերի առջև ծնողների օրինակը, իրենց մտերիմների միջավայրում կգտնեն հոգևորություն, բարեպաշտություն և կապվածություն։

Սակայն եթե դուք ասում եք երեխային, որ սուտ խոսելը վատ է, որ ստախոսն իրեն նվաստացնում է ուրիշների աչքերում, և ինչպես գրել է հայտնի պոետը՝ <<Սուտը մարդուն դարձնում է անարժան, սուտը բերում է նրան խայտառակություն>>, իսկ ինքներդ երեխայի ներկայությամբ սուտ եք խոսում, ապա նա կհասկանա ձեր խոսքերի կեղծավորությունը, և բոլոր խորհուրդներն ու ուղղորդումները անմիջապես կմոռացվեն, <<կչքվեն>>՝ առավոտվա մշուշի նման, որն ահնետանում է արևի առաջին ճառագայթներից։

Օրինակ, հայրը սովորեցնում է երեխային, որ սուտն արատ է, խաբել չի կարելի, պետք է միշտ և բոլորի հետ ճշմարտացի լինել և այլն, իսկ այդ պահին ինչ-որ մեկը տալիս է դռան զանգը, և հայրն ուղարկում է տղային՝ եկվորին ասելու, որ ինքը տանը չէ։ Արդյոք հոր խորհուրդները երեխայի բարոյական վարքագծի վրա դրական ազդեցություն կունենան։

Ինչ էլ որ ասեն ծնողներն իրենց երեխաներին և ինչ էլ որ սովորեցնեն անել, նրանք առաջին հերթին պետք է առօրյա կյանքում շարժվեն նույն բարոյական սկզբունքներով։ Հակառակ դեպքում խորհուրդները, որոնք չեն հիմնվում սեփական օրինակի վրա, կբերեն ոչ այլ ինչի, քան ժամանակի զուր ծախսմանը։

Շատ ծնողներ սխալմամբ կարծում են, որ փոքր երեխաները <<դեռ շատ բան չեն հասկանում>>։ Ընդհակառակը, երեխաների մոտ նմանակման ձգտելու ցանկությանը միանում է հետաքրքրասիրության զգացումը, որն այնքան ուժեղ է, որ մշտապես պահպանում է նրանց մեջ ամեն ինչ իմանալու ու ամեն բան տեսնելու ցանկությունը։ Նրանք բառիս բուն իմաստով կլանում են ծնողների ամեն բառը, փորձում են նմանակել նրանց պարզ գործողությունները և առաջին հերթին՝ ընդօրինակել մեծահասակների վարքագծի ընդհանուր միտումները։

Ոչինչ չի կարող վրիպել այդ զգայուն, ակտիվ, ուշադիր և հետաքրքրասեր արարածի աչքերից, որին չի կարելի մեղադրել խելքի և կարողությունների պակասի մեջ։ Նա ունի իր սեփական տեսակետը, նա մեկնաբանում և դատում է իր հասկացողությանն ու ընկալմանը համապատասխան այն ամենը, ինչ շուրջը լսում և տեսնում է։

Այն պահից սկսած, երբ մենք ջուրը դնում ենք կրակին, այն դանդաղ տաքանում է, իր մեջ է <<ձգում>> տաքությունն այնքան ժամանակ, մինչև հասնի եռման կետին։ Որպեսզի ջուրը վերջապես եփի, անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Նույնը տեղի է ունենում երեխաների հետ, ովքեր վաղ տարիքից իրենց մեջ են հավաքում այն ամենն, ինչ տեսնում ու լսում են շուրջը, և ահա, հասունանում է այն պահը, երբ ողջ հավաքվածը սկսում է արտահայտվել ու պտուղներ է տալիս։

Հայրերն ու մայրերը կարող են վստահ լինել․ երեխաները, եթե անգամ չեն արտահայտում իրենց մտքերը, զգացմունքները, կարծիքը, ուշադիր հետևում են յուրաքանչյուր խոսքին ու գործին՝ հասկանալով ամեն ինչ իրենց աշխարհզգացողությանը համաձայն։ Հաճախ այնպես է պատահում, որ մայրն ու հայրը, մտածելով, որ երեխան քնած է ու ոչինչ չի լսում, իրենց ապահով են զգում և միմյանց հետ խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասին չէին խոսի երեխայի ներկայությամբ։ Դրա հետ մեկտեղ, նրանք, իհարկե, համարում են, որ հարկավոր է փոխադարձաբար ամրապնդել ծնողական հեղինակությունը, չի կարելի երեխայի մոտ բացահայտել դաստիարակության հետ կապված տարբեր տեսակետները, հետևաբար վիճել կամ պայմանավորվել պետք է նրա բացակայության ժամանակ։ Իսկ առավոտյան, երբ երեխան սկսում է կրկնել այն, ինչի մասին իրենք խոսում էին, մայրը հասկանում է , որ նա միայն ձևացրել է, որ քնած է։

Ինքնատիրապետում


Մարդու դաստիարակությունը պետք է այնքան բարձր լինի, որ նրան ավելի հեշտ լինի մտածել իրեն թրով կամ նիզակով խփելու մասին, քան տեղի տա բարկությանը կամ բամբասի ուրիշներից։ Էմոցիոնալ անհավասարակշռված, բռնկուն, դյուրագրգիռ մարդը սովորաբար ի վիճակի չէ կառավարել իր մտքերը, խոսքերը, և իր անհավասարակշիռ բնավորության պատճառով չի կարող օգտվել Սաադիի խորհրդից․

Մտածիր խոսքդ ասելուց առաջ,
Պատը շինելիս հիմնաքար է պետք,
Ով անկշիռ խոսքեր է ասում,
Բառերը նրա ճիշտ չեն ընկալվում։

Երբ ներքին խառնաշփոթը հանդարտվի, և մարդը կրկին դառնա հավաք և հանգիստ, նա խորապես կզղջա ասածների համար, բայց, իհարկե, <<ետին մտքով բոլորն էլ խելացի են>>։ Դաստիարակության և ուսուցման տեսանկյունից նման վշտալի իրավիճակը երեխաների համար ունի տխուր հետևանքներ։ Հաճախ է պատահում, որ մի քանի կոպիտ, վիրավորական խոսքերը, որոնք դուրս են թռչում հոր կամ մոր շուրթերից, բերում են ահռելի կորուստների և բացասաբար են ազդում երեխայի անհատականության աճի վրա։

Պատկերացրեք իրավիճակ, որտեղ մոր և հոր միջև սիրո և կապվածության զգացողությունը փոխարինվում է սառնությամբ։ Ինչ որ պատճառով կինը վիրավորված է ամուսնուց, նրա հոգում աճում է դժգոհությունն ու բարկությունը։ Նա այլևս ի վիճակի չէ զսպել իրեն, պայքարել իր զգացմունքների դեմ և վերջիվերջո ազատություն է տալիս իրեն համակած բարկությանը։ Այդ պահին ներկա գտնվող երեխաները դառնում են ընտանեկան կոնֆլիկտի ականատեսը։ Երբ մայրը հանգստանա, նա կզղջա իր դյուրաբորբոքության համար և կփորձի բացատրել երեխաներին, որ սխալ է եղել, քանի որ կորցրել է ինքնատիրապետումն ու հաշիվ չի տվել իր արարքների համար։ Բայց նրա փորձն իզուր կլինի, քանի որ խոսքերն արդեն որոշակի ռեակցիա են առաջացրել և մահացու թույնն արդեն սկսել է գործել։ Երեխաների սրտում ցանված անվստահության ու անպատասխանատվության սերմերը կմեծանան և պտուղներն այնքան դառը կլինեն, որ դժվար է պատկերացնել կամ նկարագրել։

Պահեք երեխաներին տված խոստումը


Վստահությունը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի հանգստության ու հաստատունության։ Վստահության միջոցով ձեռք են բերվում կայունություն ու համոզվածություն յուրաքանչյուր գործում։

Այնպիսի դրական հատկանիշներն, ինչպիսիք են խոսքին հավատարիմ մնալը և տված խոստման անսասանությունը, դրվում են մանկության հասակում։ Եթե հասարակության անդամները հավատարիմ են խոստումներին և հարգում են համաձայնությունները, ապա վստահության դարպասները լայնորեն կբացվեն նրանց համար։

Մեզ լավ հայտնի է, տհաճությունների ինչպիսի աղբյուր կարող են լինել մարդիկ, ովքեր չեն կարողանում պահել տված խոստումը, խախտում են հասարակության կանոնավոր ընթացքը։ Դուք մեկ զույգ կոշիկ եք պատվիրում կոշկակարին, ով նշում է օր ու ժամ, թե երբ պատրաստ կլինի կոշիկը։ Ցավոք, հաճախ լինում է այնպես, որ նշված ժամին աշխատանքը կատարված չի լինում և անցնում է որոշակի ժամանակ ևս, մինչ պատվերը պատրաստ է լինում։ Դերձակները, մոդելավորողները, ժամագործները, օպտիկայի մասնագետները, վաճառականները, մի խոսքով, հասարակության բոլոր շերտերը տառապում են հիվանդությամբ, որի անվանումը <<պարտադիր չէ>> է։

Եթե հասարակությունը ցանկանա ազատվել այդ արատից, ապա այն պետք է բուժումը սկսի երեխաներից։ Հարկավոր է որ սեփական խոստումը պահելու կարողությունը լինի նրանց համար բնական հատկանիշ, և նրանք սովոր չլինեն խախտել խոստումները։ Ցավոք, հայրերի և մայրերի մեծամասնությունը այսքան կարևոր հատկանիշի զարգացմանը պատշաճ ուշադրություն չեն դարձնում և իրենց պահվածքով երեխաներին անպատասխանատու են դաստիարակում։

Մայրը խոստանում է երեխային, որ եթե նա մնա տանն ու լաց չլինի, նա խաղալիք կամ կոնֆետ կգնի նրա համար։ Երբ մայրը խոստում է տալիս երեխային՝ հասկանալով, որ դժվար թե կարողանա այն իրականացնել, նա հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հանգստացնել երեխային տվյալ պահին։ Նրա կարծիքով <<փրկարար ստի>> մեջ վատ բան չկա․ այդ հնարքն անհրաժեշտ է նրա համար, որ երեխան դադարի լաց լինել։ <<Միամիտ>> երեխան, իհարկե, գիտի, որ մայրը նախկինում էլ չի պահել իր խոստումը, բայց լավը հուսալով մնում է տանը։ Նա սրբում է արցունքներն ու փորձում է իրեն լավ պահել՝ անհամբեր սպասելով նվերին։ Վերջապես, սպասողական շրջանը, մահվան պես, մոտենում է իր ավարտին, նա լսում է զբոսանքից վերադարձող մոր ոտնաձայները, ուրախությամբ վազում է դեպի նա՝ հայացքով փնտրելով, թե արդյոք նա իր համար ինչ որ բան է բերել։ Մայրն իհարկե զարմացած է, որ երեխան հիշում է իր խոստման մասին, որն ինքն այդքան հեշտությամբ տվել էր և անհոգաբար խոստովանում է, որ չի պահել խոսքը․ <<Օհ, ես ընդհանրապես մոռացել էի։ Մտա հարևանների տուն և մենք խոսքով ընկանք։ Հաջորդ անգամ ես քեզ համար ամեն ինչ կառնեմ, խոստանում եմ>>։

Չկատարած խոստման արձագանքները տարբեր են․ երեխաների մի մասը լաց է լինում,մյուսները մորը մեղադրում են նրանում, որ նա ամեն ինչ հիշել է, ուղղակի չի ցանկացել գումար ծախսել և այլն։ Բայց արդյունքը վերջիվերջո նույնն է։ Քանի որ ծնողները խախտում են խոստումները բավական հաճախ, երեխաները գալիս են հետևյալ ենթադրության․ <<Բոլորովին պարտադիր չէ պահել տրված խոստումները, շատ հայրեր ու մայրեր չեն անում այն, ինչ ասում են, նշանակում է՝ դա այնքան էլ վատ չէ>>։

Ծնողներն ու ուսուցիչները պետք է հստակ հասկանան, որ խոստումը պահելու անկարողությունը որոշակի նեգատիվ ազդեցություն կունենա երեխայի դաստիարակության վրա։ Հարկավոր է անել ամեն հնարավոր բան՝ դրանից խուսափելու համար։ Կամ ընդհանրապես պետք չէ խոստումներ տալ, կամ, եթե արդեն տվել եք, դրանք պետք է իրականացնեք ճշգրտությամբ և առանց բացառությունների։ Երեխային ինչ-որ բան խոստանալուց առաջ մտածեք այն մասին, թե կարող եք արդյոք դա կատարել։ Մի կիրառեք խոստումները երեխաներին խաբելու համար, քանզի երեխաների սրտում ցանված այս դատապարտելի սովորության սերմերը մոտ ժամանակում կբողբոջեն, պտուղներ կտան և նրանց սուր փշերը շատ խնդիրների պատճառ կդառնան։

Մի՛ ստեք երեխաներին


Ճշմարտախոսությունը բոլոր առաքինությունների հիմքն է։ Առանց ճշմարտախոսությաբ հոգևոր զարգացումն ու հաջողությունն անհնար է Աստծո բոլոր աշխարհներում։ Մարդկային հոգու բոլոր աստվածային հատկանիշները կարող են իրացվել, եթե մարդը կարողանա տիրապետել այդ միակ հատկանիշին։

<<Ես այնքան եմ հոգնել>>, <<Երեխաները կործանել են իմ կյանքի լավագույն տարիները>>, <<Նրանք թույլ չեն տալիս ինձ անգամ հանգստանալ>>,- հաճախ բողոքում են մայրերը՝ իրենց չարաճճի, քմահաճ երեխաներից։

Որպեսզի ազատվեն նրանց <<կամակորություններից>> և ստանան ժամանակավոր հանգիստ, ծնողները դիմում են տարատեսակ խորամանկությունների, հնարքների, որոնք հակասում են աստվածային կամքին և մանկավարժական տեսություններին։ Նրանք <<կառչում են>> այդ հնարքներից այլընտրանքի բացակայության և ճիշտ մեթոդների չիմացության պատճառով։ Ծնողներին հարկավոր է գիտակցել վտանգը, որն իր մեջ պարունակում է սուտը և ուշադրությամբ վերաբերվել իրենց երեխայի մեջ ճշմարտացիություն, անկեղծություն, ազնվություն դաստիարակելու հնարավորություններին։

Մայրն ուզում է գնալ կինո, սակայն երեխային ասում է, որ պատրաստվում է գնալ բժշկի, քանի որ իրեն վատ է զգում։ Երեխան տեսնելով մոր փայլուն, առույգ ժեստերը, սկսում է կասկածել նրա ասածների ճշմարիտության վրա։

Նա անհամբերությամբ սպասում է նրա վերադարձին, ու նկատում, որ նա վերադարձել է բավական ուշ, ձեռքին դեղեր չկան։ Այս ամենը հաստատում են նրա խոսքերը, սակայն նա հոգատարությամբ, չարտահայտելով իր կասկածները, հարցնում է․ <<մամ, դու գնացի՞ր բժշկի>>։ Նախկին սուտը ծածկելու համար մայրը հաջորդ սուտն է հորինում և ասում է, որ նա չի կարողացել գնալ բժշկի, քանի որ փողոցում հանդիպել է ծանոթներին, որոնք նրան պատմել են այս և այն, և այլն, և նա վերադարձել է տուն։ Պատահաբար մայրը վայր է գցում կինոյի տոմսը: Սուտը բացահայտվում է։

Նմանօրինակ իրավիճակներն, անխոս, բացասաբար են ազդում երեխայի բարոյախոսության վրա, նրա հոգեկան առողջությունն ու հոգեկան կառուցվածքին վնաս պատճառող ազդեցությունը դժվար է գնահատել։ Սուտը քայքայիչ ազդեցություն է ունենում և՛ երբ մեծերին են խաբում, և՛ փոքրերին և բերում է առավել ավերիչ հետևանքների, քան ցանկացած այլ չարիք։

Ծնողները պետք է դաստիարակեն երեխաներին այնպես, որ ստի անհրաժեշտություն չլինի։ Նրանք պետք է երեխաներին ասեն ճշմարտությունն ու բարդ դրության մեջ չհայտնվեն նրանց անսպասելի հարցերի պատճառով։ Երեխաները ցավագին են տանում մեծերի կողմից վստահության բացակայությունը։ Հետևաբար ընտանիքի կյանքում չպետք է տեղ լինի ստի, խաբեության, խորամանկության համար։ Բահայի գրվածքներում ասվում է․ << Ծնողներին հարկավոր է մեղմ և համբերատար ներարկել իրենց երեխաներին բարոյական պահվածքի կանոնները, հաղորդակից դարձնել նրանց այդ սկզբունքներին, նրբանկատորեն և սիրով սովորեցնել Հիմունքները և այդժամ նրանք կդառնան <<Աստծո իրական զավակներ>>, Աստծո Թագավորության հավատարիմ և գիտակից քաղաքացիներ։ Սա այն բարձրագույն նպատակն է, որն անձամբ Բահաուլլան հստակ սահմանել է որպես յուրաքանչյուր դաստիարակության գլխավոր նպատակ>>։