Երբ երեխան վատ է վարք դրսևորում, ծնողի առաջին ցանկությունը հաճախ այդ վարքը հնարավորինս արագ դադարեցնելն է։ Մենք բարկանում ենք, նախատում կամ պատժում՝ հույս ունենալով, որ երեխան կհասկանա իր սխալը և հաջորդ անգամ այլ կերպ կվարվի։
Բայց դրական կարգապահությունն առաջարկում է վատ վարքին այլ կերպ նայել։ Շատ դեպքերում դրա հետևում կարելի է տեսնել երեխայի չարտահայտված ուղերձը.
«Ես պարզապես ուզում եմ ինձ լավ զգալ, բայց չգիտեմ՝ ինչպես դրան հասնել»։
Ռուդոլֆ Դրեյկուրսը վատ վարք դրսևորող երեխային անվանում էր հուսալքված երեխա։ Նա կարող է չզգալ սեփական կարևորությունը կամ պարզապես չիմանալ՝ ինչպես կառուցողական ձևով հասնել ուշադրության, պատկանելության և նշանակալիության զգացմանը։
Հենց այդ պատճառով Դրեյկուրսը երեխաներին օգնելու կարևորագույն միջոցներից մեկը համարում էր ոգևորումը. «Ոգևորումը երեխաներին անհրաժեշտ է այնպես, ինչպես ջուրը՝ բույսերին»։
Ի՞նչ է նշանակում երեխային ոգևորել
Ոգևորելը պարզապես երեխային հաճելի խոսքեր ասելը կամ նրան հանգստացնելը չէ։ Դրա նպատակը երեխային օգնելն է աստիճանաբար իր մասին մտածել.
«Ես կարող եմ»։
«Ես կարող եմ օգտակար լինել»։
«Ես կարող եմ սովորել կառավարել իմ վարքը»։
Երբեմն դրա համար երկար խոսակցություն պետք չէ։
Հեղինակը պատմում է իր երկու տարեկան որդու մասին, որն անընդհատ նվնվում էր։ Մայրն արդեն այնքան էր հոգնել, որ պատրաստ էր շատ կտրուկ արձագանքել։ Բայց փոխարենը նստեց երեխայի դիմաց, գրկեց նրան և ասաց, որ շատ է սիրում։
Տղան դադարեց նվնվալ։ Փոխվեց նաև մոր վիճակը. երբ նա դադարեց պայքարել երեխայի վարքի դեմ և փորձեց տեսնել դրա հետևում եղած կարիքը, սեփական զայրույթն էլ նվազեց։
Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր վատ վարք կարելի է լուծել գրկախառնությամբ։ Բայց երբեմն կարևոր է հարցնել ոչ միայն. «Ինչպե՞ս դադարեցնեմ այս վարքը», այլ նաև. «Ի՞նչ է կատարվում երեխայի հետ, և ինչի՞ կարիք ունի նա հիմա»։
Ճիշտ պահը երբեմն ավելի կարևոր է, քան ճիշտ խոսքերը
Կոնֆլիկտի ամենաթեժ պահին երեխային ոգևորելը հեշտ չէ։ Երբ երեխան գոռում է, կոպտում կամ համառում է, մեծահասակն էլ կարող է կորցնել ինքնատիրապետումը։
Այդ պահին ոչ երեխան է պատրաստ լսելու, ոչ էլ մեծահասակն է կարողանում հանգիստ մտածել։ Հետևաբար սա երեխային դաս տալու կամ երկար բացատրություններ անելու լավագույն պահը չէ։
Փոխարենը կարելի է ասել. «Կարծում եմ՝ երկուսս էլ հիմա չափազանց վրդովված ենք։ Եկ այս հարցին վերադառնանք, երբ հանգստանանք»։
Սա խնդրից խուսափել չէ։ Ընդհակառակը՝ դուք ընտրում եք այն պահը, երբ հնարավոր կլինի իսկապես լուծել այն։
Եթե երեխան մերժում է ձեր աջակցությունը, դա նույնպես չի նշանակում, որ մոտեցումը չի աշխատում։ Հնարավոր է՝ նա դեռ այնքան բարկացած է, որ պարզապես պատրաստ չէ ընդունելու այն։
Երբ պատժի փոխարեն երեխային օգնում ենք կառավարել իրեն
Հինգերորդ դասարանի աշակերտ Աշոտը հաճախ կորցնում էր ինքնատիրապետումը և ագրեսիվ վերաբերվում դասընկերներին ու ուսուցչին։
Պարոն Արամը փորձել էր տարբեր պատիժներ։ Աշոտին ուղարկում էին տնօրենի մոտ, դասերից հետո ստիպում հարյուրավոր անգամ գրել՝ «Ես վերահսկելու եմ իմ վարքը», դուրս էին ուղարկում դասարանից։
Բայց պատիժները չէին օգնում։ Երբեմն տղան նույնիսկ ավելի բարկացած էր վերադառնում։ Մի օր ուսուցիչը որոշեց այլ կերպ մոտենալ խնդրին։ Նա Աշոտին խնդրեց դասերից հետո մնալ և ասաց, որ ցանկանում է նրա հետ միասին լուծում գտնել։
Ուսուցիչն ընդունեց նաև սեփական սխալը՝ խոստովանելով, որ պատիժներով փորձել է ստիպել նրան փոխվել։ Այնուհետև խնդրեց Աշոտի օգնությունը։ Տղան անմիջապես չսկսեց համագործակցել։ Նա դեռ բարկացած էր։ Ուսուցիչը չճնշեց նրան, այլ փորձեց օգնել հասկանալ՝ ինչ է տեղի ունենում իր հետ զայրույթի պահին։
Ժամանակի ընթացքում Աշոտը նկատեց, որ զայրանալիս սեղմում է ատամներն ու բռունցքները։ Նրանք պայմանավորվեցին, որ այդ նշանները զգալուն պես տղան կարող է ինքնուրույն մի քանի րոպեով դուրս գալ դասարանից, հանգստանալ և վերադառնալ։
Այսպիսով ուսուցիչը նրան փոխանցեց կարևոր ուղերձ. «Ես վստահում եմ, որ դու կարող ես սովորել կառավարել քեզ»։
Աշոտը կատարյալ աշակերտ չդարձավ։ Երբեմն նա շարունակում էր կորցնել ինքնատիրապետումը։ Բայց նախկինում դա տեղի էր ունենում օրական մի քանի անգամ, իսկ ժամանակի ընթացքում պոռթկումները դարձան շատ ավելի հազվադեպ։
Նկատեք առաջընթացը, ոչ թե պահանջեք կատարելություն
Երեխային ոգևորելու կարևոր պայմաններից մեկն այն է, որ մենք նկատենք ոչ միայն վերջնական արդյունքը, այլև նրա ջանքերն ու առաջընթացը։
Եթե երեխան նախկինում ամեն օր կորցնում էր ինքնատիրապետումը, իսկ հիմա դա տեղի է ունենում շաբաթը մեկ անգամ, նա արդեն առաջընթաց ունի։
Եթե նախկինում անմիջապես գոռում էր, իսկ հիմա կարողանում է կանգ առնել և մի փոքր մտածել, դա նույնպես փոփոխություն է։
Կարելի է ասել. «Այս անգամ կարողացար ավելի շուտ կանգ առնել»։
«Նկատեցի, որ շատ բարկացած էիր, բայց փորձեցիր քեզ հանգստացնել»։
Երբ երեխան տեսնում է սեփական առաջընթացը, նրա մոտ ավելի մեծ ցանկություն է առաջանում շարունակելու փորձել։
Ոգևորումը չի նշանակում թույլ տալ վատ վարքը
Երեխայի վարքի հետևում հուսալքություն տեսնելը չի նշանակում թույլ տալ նրան վիրավորել մարդկանց, վնասել իրերը կամ խախտել անհրաժեշտ սահմանները։
Կարելի է միաժամանակ փոխանցել երկու ուղերձ. «Այս վարքն ընդունելի չէ» և «Ես հավատում եմ, որ դու կարող ես սովորել այլ կերպ վարվել»։
Տարբերությունն այն է, որ մենք չենք փորձում երեխային վատ զգալ տալ, որպեսզի նա լավ վարվի։
Մենք օգնում ենք նրան հասկանալ սեփական վարքը, սովորել կառավարել այն և աստիճանաբար ավելի պատասխանատու դառնալ։
Հետևաբար վատ վարքի պահին երբեմն արժե սովորական հարցը՝ «Ինչպե՞ս դադարեցնեմ սա» փոխարինել մեկ այլ հարցով. «Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս դուրս գալ այս վիճակից և սովորել հաջորդ անգամ այլ կերպ վարվել»։ Հենց այստեղից է սկսվում իրական ոգևորումը։