Մեր ճշմարիտ հոգևոր դիրքին հասնելը և արդարության պահպանումը բարդ խնդիր է և առանց աղոթքի դրան հասնելը չափազանց դժվար կլիներ: Եթե մենք ուզում ենք աշխարհն ավելի լավը դարձնել, պետք է կարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Աղոթքը կարող է ոչ միայն փոխել դժվարությունների նկատմամբ մեր վերաբերմունքը, այլ նաև օգնել մեզ հստակ մտածել և բացահայտել խնդիրների պատճառները:
Խնդիրները լուծելու այս մեթոդը կիրառելու համար պետք է կարողանալ տարբերակել դրանց առաջացման պատճառները: Քանի դեռ չենք որոշել խնդրի պատճառները, չենք կարող գտնել դրանց լուծման ուղիները։ Օրինակ եթե մենք կռվարար երեխաներին պարզապես ասում ենք, որ դադարեցնեն բռնությունը կամ նույնիսկ սպառնում ենք պատժել, հավանաբար, դա բավարար չի լինի նման վարքն արմատախիլ անելու համար: Վարքագիծը խնդրի պատճառը չէ։ Սովորաբար իրական դժվարությունը կայանում է այն համոզմունքների և վերաբերմունքի մեջ, որոնք հանգեցրել են տվյալ վարքագծին:
Սկզբնական շրջանում մեր վարքագիծը ձևավորվում է մեր ծնողների վարքագիծը նմանակելով։ Այնուհետև այն փոփոխվում է կախված շրջապատից։ Այդ պատճառով, երբ դպրոցի տնօրենը ուրիշներին նեղացնող երեխային հորդորում է նման կերպ չվարվել և դա չի ամրապնդում անձնական օրինակով, ամենայն հավանականությամբ ոչինչ չի փոխվի և երեխան ընդամենը առավել զգույշ կդառնա ու կփորձի թաքցնել իր դաժանությունն ուսուցիչներից: Վերջիվերջո նա իր պահվածքի մեջ վատ կողմեր չի տեսնի, քանի որ նա ընդամենը հետևում էր մյուսների օրինակին: Մենք պարզապես ինքներս մեզ համար չենք սովորում խնդիրներ լուծել, այլև փորձ ենք ձևավորում նոր սերունդների համար։
Ամենազորը փորձել է և կշարունակի փորձել Իր ծառաներին, որպեսզի լույսն առանձնանա խավարից, ճշմարտությունը կեղծիքից, ճիշտը` սխալից, երջանկությունը` տառապանքից, վարդը` փշից:
Մի՛ տրտմեք և մի՛ տխրեք կատարվածի համար: Այս դժբախտությունը հասել է ձեզ, երբ դուք քայլում էիք Աստծո ճանապարհով, հետևաբար, դա պետք է ձեզ ուրախություն պատճառի։
Քանի դեռ մարդը երջանիկ է, նա կարող է մոռանալ իր Աստծուն. բայց երբ վիշտը գա, և տխրությունը համակի նրան, այդ ժամանակ նա կհիշի իր Երկնային Հորը, ով ի վիճակի է փրկել նրան։
Համբերատարությունը, աղոթքը և լայն աշխարհայացքը մեծապես կօգնեն մեզ հաղթահարել դժվարությունները: Եթե միշտ հավատում ենք Աստծուն՝ անկախ լավ կամ վատ ժամանակներից, ապա ավելի լավ կկարողանանք դրսևորել այս հատկությունները:
Աղոթքը կարող է օգնել մեզ ստեղծել համագործակցություն մեր և Աստծո միջև։ Այն օգնում է մեզ հասկանալ, որ կան որոշակի բաներ, որոնք կարող է անել միայն Աստված: Դա մի փոքր նման է կանգնած մեքենան տեղից շարժելուն: Մեր գործը մեքենան առաջ մղելն է, մինչ Աստված ղեկավարում է այն: Եթե մենք քայլեր չձեռնարկենք և չաշխատենք հաղթահարել մեր խնդիրները, մենք չենք կարողանա տեսնել, թե ինչ է անում Աստված՝ մեզ օգնելու և ճիշտ ուղղորդելու համար: Պատկերավոր ասած՝ Աստված կարող է շրջել ղեկը, բայց եթե մեքենան չի շարժվում, քանի որ մենք բավականաչափ ջանք չենք թափում, մենք չենք տեսնի մեր Արարչի առաջարկած ղեկավարությունը: Աստծուն դիմելը միշտ կօգնի լուծել մեր դժվարությունները: Աղոթքը կարող է հաղթահարել մեր կյանքի կանգ առած մեքենայի իներցիան:
Աշխարհում միլիոնավոր մարդիկ օգտագործում են այս կարճ աղոթքը Աստծուց առաջնորդություն խնդրելու համար.
Ո՜վ Աստված, առաջնորդիր ինձ, պաշտպանիր ինձ, դարձրու ինձ վառ ջահ ու լուսաշող աստղ: Դու Զորավոր ես և Ուժեղ:
Երբ հանդիպում ենք դժվարության, պետք է օգնություն խնդրենք Աստծուց, աղոթքը կարող է մեր տխրությունը վերածել ուրախության։